Ինսպեկցիա Մաս Դ
Մաս Դ
20. Օպերա-2. Մարիա
Գաղթեմ, մտածեց, գաղթեմ՝ ու թքած ունենամ թե որտեղ ինչ են քանդում ու սարքում:
Ինքս քանդեմ ու սարքեմ:
Հրեն՝ Մոսկվայի «Երևան պլազայի» տեղը վայ թե էլի էդքան երազ ու առասպել ու ճակատագիր է թաղվել:
Զատո սարքողը միլիարդատեր է:
Ու թքա՞ծ ունի օտարի տանն ինչ է քանդել-սարքել:
Էս բեռլուսկոնցիներն էլ՝ էստեղ թքած ունեն:
Ի՞նչ վատ ա, որ, մտածում են:
Ի՞նչ անսիրտ, նեխած, անհոգի, ապական անձ ես դու, ա՛յ Վարոս:
Փոխանակ գոնե մի քիչ ուրախանաս որ կյանքը մի թեթև դասավորվել ա, տղերքն էլ կողքից ապրուստ են դիզում:
Դառնանք փառք տանք որ Օպերայի բակը գոնե ժամանակավորապես ազատ է:
Հրեն՝ արմունկիս ցավն էլ անցավ ազատությունից, ինքն իրեն ասաց Վարոսը:
Թե չէ էն օրերը:
՜՜՜՜
Վարոսը հիշեց ինչպես էին օկուպացրել Օպերայի բակը:
Սկզբում՝ միտինգավորներն իրենց վրաններով:
Դա ոչինչ, զուռնա էին նվագում, երգում-պարում-ուրախանում:
Ճառեր ու հայհոյանքներ ասում:
Հետո երբ նրանց գլուխները ջարդելով քշեցին՝ սկզբում զինվորները շրջապատեցին:
Իսկ հետո միանգամից էդ ֆիռման սկսեց շինարարությունը:
Անթափանց ցանկապատով շրջապատեցին:
Վարոսը գալիս, ցանկապատին մոտենում, ծակ էր փորձում գտնել-տեսնել այնտեղ ինչ է կատարվում:
Զինվոր-ոստիկան հասնում-քշում էին:
Նայել չէր կարելի:
Բեռլուսկոնյան էդ ֆիռման տակը քանդել էր:
Բեռլուսկոնիան ցեպիտ էր տվել:
Պրծում չկար:
Մի քանի տարի Վարոսի աչքը ոնց որ հանած լինեին:
Շանը որ տնից քշում են ու չեն սպանում՝ էդպես տան դեմը նստում վնգստում է:
Ոռնում:
Ուզում է հետ գա:
Էնքան է ոռնում, մինչև թխկացնեն:
Չի փախնում, հնազանդ սպասում է որ թխկացնեն:
Վարոսը գիշերները գալիս էր զգուշությամբ Օպերայի բանտախցի շուրջը պտտվում, հոտոտում:
Ներսից մետրոյի հոտ էր գալիս:
Միլիցեքը վրա էին հասնում:
Փախնում էր:
Ի տարբերություն հավատարիմ շան:
Մի օր տղայի ֆեսյբուքով (ֆեյսբուք արդեն, փառք աստծո, կար) տեսավ որ Թումանյանի ու Սպենդիարյանի արձանները դրել են բեռնատարների վրա ու տարել:
Լեղապատառ եղավ:
Գոռաց:
Կինը վազեց-մոտեցավ՝ ի՞նչ է եղել, ա՛յ տնաշեն:
Հա, ի՞նչ մեծ բան:
Էս մի հիմարության պատճառով պիտի էդքան հուզվե՞ս, գլուխն էլ քա՛րը, ինչ ուզում են անեն:
Ու ձախ ձեռքը սահուն շարժումով տարավ դեպի կոմպյուտերի էկրանին սառած՝ բեռնատարներին բազմած Թումանյանն ու Սպենդիարյանը:
Վարոսը կնոջ ու տղայի աչքի առաջ ուշքը կորցրեց:
Տարան հիվանդանոց:
Էդ օրերի քյարն էն եղավ՝ որ դրանից հետո մի տարի չծխեց:
Հետո չդիմացավ, էլի կպցրեց:
՜՜՜՜
Ընկերները տուրիստական ֆիրմա էին բացել:
Մի երկու տարի փող կուտակեց՝ գնաց Թուրքիա:
Իր պապենական գյուղը տեսնելու:
Թուրք ուղեկցողը կյանք տեսած տարեց տղամարդ էր:
Իրենք որ ֆոտո էին անում՝ աչքերը շուռ էր տալիս:
Ասաց ես տեղը գիտեմ:
Տարավ Վանա ծովից վերև, վերև, այնպիսի զառիթափով՝ որ վերջին մասը պիտի ոտքով գնային:
Ավտոբուսիկը չէր զորում:
Վարոսն ու Ժնևից ժամանած Մարիան բարձրացան զառիթափն ու դուրս եկան յայլա:
Մարիան Վարոսին ընկերացավ:
Պատմում էր ինչպես ինքնուրույն, մեն-մենակ գնացել էր Կեսարիա ու գիշերով հյուրանոցից ման գալու դուրս եկել:
Հետևից տղերք էին ընկել:
Ինքը փախնում էր, հետապնդում էին, ու մեն-մենակ էր էս թուրք աշխարհում ու կարծում էր՝ կհասնեն-կհոշոտեն:
Բայց եկան-հասան, բռնեցին ու առոք փառոք հյուրանոց հասցրին:
Դու ո՞վ ես, ասացին, ասաց հայրս քուրդ է, մայրս՝ հայ:
Հո չէ՞ր խաբելու:
Մայրը հորը հաղթել՝ Մարիային հայ էր դարձրել:
Կեսարացի թուրք թե քուրդ տղերքն ասացին մենք քեզ հայ լինելու համար չէինք հետապնդում:
Մենք հայերին հարգում ենք:
Մեր քաղաքում մի ամբողջ հայ է ապրում:
Անձամբ:
Շատ հարգարժան մարդ է:
Էդպես ջահել աղջիկ ու՞ր ես գիշերով ելել մեր քաղաք ֆռֆռում, էստեղ հազար ու մի շուն ու գել:
՜՜՜՜
Զառիթափով որ շնչակտուր ելան՝ քուրդ երեխեքը վազելով եկան շրջապատեցին:
Ուղեկցեցին գյուղամեջ:
Մյուս տուրիստները դանդաղ էին բարձրանում:
Կով ու ձի լուսանկարելով:
Ներքևում սփռված Վանա ծովի սպիտակ հանդարտ սավանով հիանալով:
Մինչ նրանք կհասնեին՝ Վարոսն ու Մարիան մագլցեցին ժայռի գագաթն ու հասան ավերակներին:
Մատուռի մի մնացորդ կար:
Մեջը քուրդ երեխեք էին խաղում:
Հին դասագրքի էջեր էին շպրտած:
Քամին ծակից ներս գալիս էջերը թերթում էր:
Օքուլ, աննեմ, բաբամ, վաթան:
Վարոսն ու Մարիան մատուռից դուրս եկան:
Ձախ կողմը՝ մինչև դեպի ծով տանող զառիվայր, ցածր, մաշված սպիտակ ավերակների հետքեր էին:
Լպստած լերկ ոսկոր:
Աջ կողմը՝ սարալանջն ի վեր, քառակուսի սպիտակ տապանաքարեր:
Երեխեքից մեկը մոտեցավ թե՝ էս ինչու՞ եք էստեղ եկել, տեսարժան վայրը ներքևն է:
Մարիան հարցրեց. իսկ էստե՞ղ ինչ է:
Էստեղ գերեզմանատուն է, ասաց քուրդ տղայիկը:
Ի՞նչ գերեզմանատուն է, ասաց Մարիան:
Մեր գյուղի գերեզմանատունն է, ասաց տղայիկը:
Իսկ դուք ո՞վ եք:
Մենք հայ ենք, ասաց Մարիան:
Տղայիկն ուշադիր նայեց:
Հա, գիտեմ, մի ժամանակ էստեղ հայեր շատ կային, ասաց:
Իսկ ա՞յս կողմն ինչ է, ասաց Մարիան ու ցույց տվեց փլատակները:
Սա փլատակներ են, ասաց տղայիկը:
Իսկ ինչու՞ այստեղ տապանաքարեր չկան, ասաց Մարիան:
Տղայիկը ժպտաց. էդ ի՞նչ ես ասում. բա փլատակներում մարդ կթաղե՞ն:
Փլատակներում մարդ թաղելը գառլախ է:
Մի բան հարցնեմ, եթե կարելի է, ասաց տղայիկը, հարցական ժպտալով:
Երևում է, մեջը եռող հարցը հուզող էր ու վաղուց էր ծնվել:
Հարցրու, ասաց Մարիան:
Մեզ մոտ ասում են՝ դուք, հայերդ, ձեր մեռելներին չեք թաղում, ճիշտ է՞:
Ո՞նց չենք թաղում: Բա ի՞նչ ենք անում:
Մերոնք ասում են՝ վառում եք: Դա ճիշտ է՞:
Ոչ, դա ի՞նչ հիմարություն է: Մենք էլ ձեզ պես թաղում ենք, ասաց Մարիան:
Բա որ թաղում եք, էստեղ էլ ապրել եք, ինչու՞ ձեզնից ոչ մի գերեզման չկա, ասաց տղայիկը:
Սա էլ մեր գերեզմանն է, հուսահատ ասաց Մարիան ու ձախ ձեռքը սահուն շարժումով դեպի փլատակները տարավ:
Չնայած փլատակներում մարդ թաղելը սխալ է:
21. Մտահորիզոնի գերեզմանը
Մի օր անթափանց ցանկապատը մի քիչ ավելի թեթև դարձավ:
Հերթապահող կարմիր բերետավորների քանակը քչացավ:
Վարոսը եկավ, ծակից նայեց ու աչքերին չհավատաց:
Օպերայի գլխին անտեննաների անտառ էր տնկած:
Պենտագոնացած Օպերա:
Հետո Թումանյանի ու Սպենդիարյանի արձանները հետ բերին:
Հետո մի օր հանկարծ տեսնի՝ Օպերայի բակի մուտքն ազատ է:
Մի երկու օր չէր ուզում ներս գնալ:
Գալիս մուտքի մոտ կանգնում, մլավում, հոտոտում ու իր ճամփեն շարունակում էր:
Խորթացել էր:
Վերջը իրեն հաղթահարեց:
Զգուշությամբ, ինչպես հիվանդը երբ հիվանդանոցից նոր է դուրս գրվում, երերալով մտավ բակ:
Մի քանի քայլ արեց:
Հրապարակը կտրել նորից էին դրել:
Այգու ափերից բաժանված էր մետաղյա մանր ճաղերով պատված փոսով:
Օդափոխիչ էր երևի:
Կարապի լճից հրապարակ մտնելու համար՝ ծառուղու ճամփեքը մինչև վերջ չէին գալիս:
Բեռլուսկոնյան-աներձագային ալյանսի քաղաքաշինության ոճն էր:
Արահետը կտրվում էր:
Պիտի ոստնեիր:
Ոտդ թե չհասներ կամ, ասենք, կին թե երեխա լինեիր ու ճաղապատ էդ շառավիղ-փոսին թե կանգնեիր՝ ճաղերը ոտիդ տակ հաճույքով զսպանակում էին:
Ճաղերի արանքը բարձրակրունկով կնոջ ոտն աքցանում էր:
Օպերայի բակ մտնելիս մի քիչ ճիգ գործադրելու կարիք, մի թեթև դժվարություն հաղթահարելու հանգամանք այդպիսով, որպես խորհրդանիշ, պահպանվել էր:
՜՜՜՜
Վարոսը գնաց դեպի Սպենդիարյանի գերեզմանը:
Կողքը մետրոյի օդանցքի պես մի մեծ օդամուղ սարք էր:
Վարոսի աչքին գերեզմանը տեղափոխել էին:
Բայց ուրիշ փաստ ինքը չուներ:
Հաստատող էլ չկար:
Ողջ քաղաքը, ողջ երկիրը մոռացել էր, որ էդտեղ Սպենդիարյանի գերեզման կա:
Ամեն ինչ հիշում էին, իսկ դա մոռացել էին:
Մակոնդոյան ամնեզիան պատել էր քաղաքին:
Ամեն ինչ, իհարկե, չէին հիշում:
Միայն որոշ բաներ:
Բայց դա էլ էր երևի շատ:
Ախ ինչու ես մանկուրտ չեմ, ախ ինչու դու մանկուրտ չես, երևի մտածում էին աներձագերը:
Որ Սպենդիարյանի աճյունն այստեղ է՝ համենայն դեպս իսպառ մոռացել էին:
Չնայած հեռուստացույցով մի անգամ ցույց տվեցին:
Մոռացել էին՝ բայց ոչ բոլորը:
Գերեզմանին թոշնած ծաղկեփունջ կար դրած:
Վարոսին չգիտես ինչ պատահեց:
Քիչ էր մնում ծաղկեփունջը վերցներ:
Պատկերացրեց որ կողքով աղջիկ անցնելուց լինի՝ փունջը նրան կմեկնի ու կվախեցնի:
Չվերցրեց:
Փոխարենը պատկերացրեց, ինչպես է Սպենդիարյանի աճյունը ներքևից, ավտոկանգառի խորքերից նայելիս՝ օդում կախված ճոճվում նրանց գլխին:
՜՜՜՜
Գարնանային մի օր մի՛ անձրև պայթեց, մի՛ անձրև:
Վարոսը Թումանյանի վրա էր:
Ավտոկանգառի ելքից ներքև նայեց՝ տեսնի Մամուռն ափերից դուրս է եկել ու կանգառը ողողել:
Ուռա՛:
Ավտոները մնացել էին մեջն ու էն նեղ միջանցքով չէին կարողանում դուրս գալ:
Ջուրը եկել նրանց խեղդել էր ու դեռ բարձրանում էր:
Վարոսը չարախնդության հաճույքից տռճինկ տվեց ու սևեռուն նայեց կողքին կանգնած միլիցուն:
Դե փորձիր արի կպիր:
Էս էլ հո ես չեմ, Մամուռն է, եղբայր, Մամուռը:
Դու վայ թե գաղափար էլ չունես, թե Մամուռն ինչ է:
Դու ինչ իմանաս, որ էստեղ գետակ էր հոսում:
Ու եթե Կարապի լիճն էդքան գեղեցիկ չլիներ:
Ու եթե Թամանյանն էդքան հանճար չլիներ:
Ու եթե Օպերան էդքան հանճարեղ չլիներ՝ ափսոս կլինեին այդ գետակն ու վերևի խաղողի այգիները:
Որտեղ ապրում էին Վարոսի հոր մանկության ընկերները:
Իսկ հետո այն նստարանն էր՝ որի շուրջ ռազբիրատներ էին իրենք անում դպրոցական վախտով:
Ու հետո աղջկա էն արձանը դրվեց:
Ու ափսոս կլիներ Սայաթ-Նովա պողոտան, որ այգիների ու սեփական տների տեղ դրվեց:
Ու Թուրքի թաղը՝ որ քանդվեց Աղեղնաձև զբոսայգին կառուցելու խաթր՝ ափսոս էր:
Որովհետև ինչքան էլ դա կապ չուներ՝ այդ թաղի քանդելը Մադինե խանըմն արդեն որպես 1988-ի սկիզբ ընկալեց ու մեկընդմիշտ նեղացավ:
Ու արդեն վաղուց նախօրօք գիտեր, որ 1988 է լինելու ու ինքը փախնելու է:
Տուն-տեղ թողած:
Թուրքի թաղը և՛ ափսոս էր, և՛ ափսոս չէր:
Քանի զբոսայգին նոր էր, թարմ ու սիրուն՝ ափսոս չէր էդքան էլ:
Կանադայից բերած թթենիներ էին տնկել՝ գլխիվայր:
Սաղարթը ներքև՝ արմատները վեր:
Էդ զբոսայգում էր՝ որ ութսունականների մեջտեղը առաջին շուրջօրյա կաֆեները հայտնվեցին:
Կարելի էր ամառվա գիշերը ժամը չորսին գնալ ու կոֆե խմել:
Ուսանող Վարոսն ընկերների հետ մեկ-մեկ գնում էր:
Գիշերը կոֆե խմել կաֆեում՝ ազատության հոտը, սովետի մոտալուտ կործանման հոտը, արմունկն ազատ շարժելու մասշտաբը դա էր:
Ու Տիգրանյանի թե Ֆրիկի արձանն էր լավը, ու լիճը, ու ժամո լինելուց հետո՝ կողքի թփուտներում համբուրվելն էր ճիշտ:
Թփուտներն այդ հետո կտրեցին «ճոռնի» էն տաճարը կառուցելու համար:
Ու Ֆիզկուլտ ինստիտուտի դեմի էն աժդահա շատրվանը տհաճ չէր թվում:
Շուրջն ամեն տեսակ անկապ կաֆե-ռեստորանի շինություն չկար դեռ տնկված:
Էն ժամանակ էլ լիքը բան կար, որ կյանք էր քերծում:
«Կռազի կուզով» «Ռոսիա» կինոթատրոնն ու «Զվարթնոց» օդակայանը, որ մինչև հիմա մարդ կա դուրը գալիս է:
Կամ «կրծած կուկուռուզը»:
Կարող էին հետաքրքիր շինություններ լինել:
Ցեմենտ-բետոնի գողացված մասն այդ կառույցներն իսկույն բերում էր մաշված կիսափլատակի տեսքի:
՜՜՜՜
Թումանյանի ու Սպենդիարյանի արձանները ետ բերին:
Ու երեխեքը հիմա ազատ ու հաճույքով էլի մագլցում էին նրանց պատվանդանների վրա:
Ինչպես հիսուն, քառասուն, երեսուն տարի առաջ:
Բայց պատվանդանի կարմիր մարմարի գույնը փոխված էր:
Խունացած, սպիտակած:
Երևի բեռլուսկոնները թանկ մարմարի տեսակը փոխարինել են էժանով:
Թանկը ծախել Պարսկաստան կամ Թոխմախում սեփական ծնողների երեքհարկանի շիրիմները կառուցապատել:
Գոնե արձանները հետ բերին:
Դե հիմա Թամանյանը հո չէր հաշվի առնելու, որ յոթանասուն տարի հետո Օպեռայի տակ փոս են փորելու՝ որ ավտոկայանատեղ դարձնեն:
Սպենդիարյանին այդտեղ թաղողները հո գուշակ չէին, որ դա հաշվի առած լինեին:
Քաղաքը պիտի զարգանա, չէ՞:
22. Մարտի երկուս
Վարոսը ձեռքերը թափահարելով քայլեց Օպերայի բակով, հրապարակով, մի արձանից մյուսը, հետո դեպի Օպերայի պատը:
Այն լուսամուտափոսը, որի մեջ փոքր ժամանակ ինքն իր առաջին երկուակնանի «առլյոնըկ» հեծանվի հետ ընկել էր՝ դեռ կար:
Վարոսը հիշեց, ինչպես էր ինքն ընկնում դրա մեջ:
Կրկնեց ընկնելու շարժումները:
Օպերայի պատը շոշափեց:
Մարդ կա՝ ասում է «ստալինյան անտիկա» է, թե ինչ:
Չեն հավանում ճարտարապետական տեսակետից:
Վարոսն աղոտ հիշում է, որ Թամանյանը դա որպես Օպերա չէր նախագծում, այլ որպես շքերթների պալատ:
Ժողովուրդը պիտի կողքում գտնվող մի մուտքից՝ մի մեծ դարպասից մտներ:
Մյուսով դուրս գար:
Կառավարությունը պիտի իհարկե բեմում նստած լիներ:
Որպես ստառլետկա:
Իսկ նոմենկլատուրան (որին ժողովրդի մոդել էին համարում երևի)՝ դահլիճում:
Հետո ինչպե՞ս Օպերա դարձավ:
Թամանյանի մահից հետո՞:
Վարոսը չէր հիշում:
Փոխարենը՝ ինքն իր հեծանվով մի քառասուն տարի առաջ ընկավ այդ լուսամուտափոսի մեջ:
Ու էդպես էլ դուրս գալ չզորեց:
Ինչպես եթե հարևանուհուդ սիրահարվես երկրորդ դասարանում:
Ու ողջ կյանքդ վարի գնա:
Եթե կարողանար բան-ման տանել իր հետ գերեզման՝ Օպերան կտանե՞ր:
Չէ, չէր տանի:
Հո ժողովովրդին չի՞ զրկելու հրաշքից:
Բա որ սա է՞լ որոշեն ծախել:
Հուսով եմ չեն որոշի:
Առնող չի լինի:
Վատ մտքերն իր մտքով երբ անցնում են՝ երբեմն կատարվում են:
՜՜՜՜
Մարտի մեկի գիշերը պողոտայում, մզկիթի դեմը կանգնած, կրակոցներից էր պատսպարվում:
Աչքն ընկավ դիմացի Փակ Շուկային:
Վիտամինները դեռ վրան էին:
Ոսկեզօծ դուռը՝ փակ:
Էդ անպատեհ պահին Վարոսի մտքով մի անկապ միտք անցավ:
Խանութների փշրվող ցուցափեղկերն ու սադրիչ խուժանի կողմից շուռ տրվող ու հրկիզվող ավտոները՝ հեչ:
Վերջն այն է լինելու, որ Փակ Շուկան անհետանա:
Թե ինչու՝ ինքն էլ չգիտեր:
Թե ինչպես՝ մտքովն էլ չէր անցնում:
Օդակայանից մեքենայով քաղաք գալիս՝ թունելից դուրս գալու ու մի վայրկյանում այլևս քաղաքի ծայրամասից ուղիղ կենտրոնում ժողովուրդը չէր հայտնվելու:
Որովհետև նշանը՝ որ ահա հասանք, Փակ Շուկան էր:
Փակ Շուկան չլինի՝ կենտրոն էլ չի լինի:
Ծաղիկն ու զամբյուղը շեմին:
Ավելները վերևը:
Միսը վերջում:
Բաստուրման նախավերջում:
Քաղցր սուջուխի շարանները սկզբում:
Միրգն աջ կողմում:
Պանիրն ու մալական աղջկա թթուն ձախ կողմում, ճամփի վրա:
Շատրվանի շուրջ՝ խաբուսիկ չեխական տեսքի, գժի թանկության ու երբեմն ոչ այնքան համեղ միրգը:
Այլևս չէր լինելու:
Սովետից ի վեր՝ այդ շուկան այլևս լիքը չէր լինում:
Սովետի վախտ էր, հայրիկի հետ գալիս էին:
Բեժ թղթի տոպրակներն առնում:
Հատը տաս կոպեկ:
Տոպրակների թուղթը տարեցտարի բարակում էր:
Վերջին տարիների տոպրակներն արդեն էլ չէին դիմանում՝ ճղվում էին:
Ինքը մի անկյունում կանգնում մսով կարկանդակ էր ուտում:
Թեև ասում էին միջի միսը միս չի:
Բայց հայրիկը հոտ էր քաշում, ինքն էլ կծում, փորձում՝ հետո իրեն տալիս:
Համով էր, թեթև ձեթի մեջ արած:
Հայրիկը գնում էր վազվզելու հրմշտոցի մեջ:
Սովետից հետո կիսադատարկվեց ու թանկացավ:
Մեկ ա հյուրերը գալիս մտնում՝ շշմած դուրս էին գալիս:
Կուշտ:
Աչքն ու բողազը լիացած:
Արտասահմանցի աղջիկները:
Սիրաշահությունից, չրից ու ալանիից ուռած:
Շատ-շատ Գումի շուկան մնա:
Վայ թե Կոմիտասինն էլ քանդեն:
Չէ որ գեղեցիկ է:
Թեև գեղեցիկ չէ:
Մերկացած կմախքը փողոց շպրտեն:
Խժռած կողակի ողնաշարի պես:
Մսխած:
Այնպես արա որ իմ մտքով անցածները չկատարվեն, շշնջաց Վարոսը:
Օպերայի բազալտն ամբողջ ափով շոշափեց:
Ինչ հիմարություն ասես կարար մտքով անցկացներ:
Չափ ու սահման չկար իր անպատկառ մտքին:
Էլ հրաբուխ՝ Սևանից ժայթքող:
Էլ կտտանքի մասնագետ հայ աղջիկ միլիցա:
Էլ Փակ Շուկայի վերացում:
Էլ մատակարար աներձագ:
Էլ Օպերայի կալանք:
Էն որ 88 թե 89-ին ռուս զինվորներն էին կալանել՝ հաշիվ չէր:
Կարճ ժամանակով էր:
Գիտեին, որ վերջը մերն է լինելու:
Վերջը մերը եղավ:
Ահա քեզ, տատիկ, և մերական վերջ:
Սրա վերջը երբևէ չի՞ լինելու:
Վերջը երբևէ մերը չի՞ լինելու:
Վերջի մերը երբևէ չի՞ լինելու:
Ցեպիտ են տվել:
Կոկորդը բռնեց:
Նայեց երկինք:
Զուտ անամպ նոյեմբերյան գիշեր էր:
Աստղ՝ ցուրտի ու մութի տարիներին ավելի կար:
23. Արիա
Օպերայի ներսից կանացի մի կարճ ռուլադ հնչեց ու հանգավ:
Վարոսը ծիծաղեց ու մի անգամ էլ քարը շոշափեց:
Ռուլադը վերադարձավ:
Ամրապնդվեց:
Հստակվեց:
Դարձավ ուժեղ:
Սարսափելի, տխուր մի արիա:
Վարոսը չէր հասկանում, բայց զգում էր, գիտեր. կինն ուզում էր իր երեխեքին սպանել:
Հետո խարույկ էր ելնելու:
Դրանից էլ հեռու:
Էդ էր պակաս:
Վարոսը գժի պես քարն էր շոյում:
Մատները վրով գորովանքով սահեցնում:
Հետո դադարեց:
Արիան հանգավ:
Երգչուհու անունն ի՞նչ է, մտածեց Վարոսը:
Լավ կլիներ՝ Մարիա լիներ:
Կսազեր:
՜՜՜՜
Էլ պրծում չկա:
Քաղաքն անընդհատ փոխվելու է:
Ե՛վ աշխարհի ժամանակն է այդպիսին:
Ե՛վ լճացման դար չէ:
Ե՛վ վլասծն ուզում է ինքն իրեն՝ իր ժամանակավոր հնարավորությունը՝ ժողովրդին սյուրպրիզ անելու, ըմբոշխնել:
Էդ լճացման ժամանակ էր, որ փոփոխությունն էնքան դանդաղ էր, որ կարելի էր չնկատել:
Կամ՝ ուրախանալ, երբ լինում էր:
Քննադատելիս՝ դիպուկ կատակ անուն դնել, ասենք «ադի-բուդի»:
Հիմա պրոեկտի դար է:
Վլասծն ամեն օր, բացի մեռելոցի օրերից՝ ժողովրդին սյուրպրիզ է մատուցելու:
Մի քանդակ:
Մի համերգ:
Մի ապօրինի առանձնատուն:
մի ծուռտիկ շուշաբանդ:
Մի քանդ:
Մի սպա՞նդ:
Ակտիվ վլասծը վտանգավոր բան է:
Չես հասցնում համակերպվել՝ էլի փոփոխություն:
Հենարան չի մնում:
Հենարանդ դառնում է բլիթ:
Ուր որ է ոտքիդ տակիցը դուրս կքաշեն:
Սպենդիարյանի աճյունի հետ միասին կգլորվես տարտարոս:
Արաբաթուրքական շուկան արագ է փոփոխվում:
Էսօր մի ապրանք՝ վաղը ուրիշ:
Էսօր էստեղ են ծախում՝ վաղը էնտեղ:
Էսօր մի կիոսկ՝ վաղը մեկէլ:
Բա մայրաքաղաքի կենտրոնը, առանցքը հաստատուն չլինի՞:
Մնայուն, դարավոր, դարեդար:
՜՜՜՜
Էս ու՞մ է ինքը ասում:
Վլասծի՞ն:
Վլասծն իր մեկուսացումը Վարոսից կատարելագործում էր:
Առանձնանում, շտապում, փախչում:
Ձև թափում թե լավ էլ հասանելի է՝ որ էլ ավելի մեկուսացած լինի:
Վարոսը չէր պատրաստվում նրա հետևից ընկած վազել:
Գիտեր որ նրա ուզածն էլ հենց դա է:
Որ իր լեգիտիմությունն ապահովի:
Իր շենքն ու քանդը լեգիտիմացնի:
Ասի տեսա՞ք ոնց է Վարոսը հետևներիցս ընկած բան բարբաջում:
Բա որ մենք վլասծը չլինեինք՝ կբարբաջե՞ր որ:
Ուրեմն մենք ենք վլասծը, չէ՞, միակ ու անկրկնելի:
Սրանք ազնիվ բուլտերյեր ոստիկան չեն, որ աչքդ փախցնես՝ թողնեն անցնես:
Աչքդ փախցնես-չփախցնես՝ ետևիցդ հասնելու են, հպատակություն պահանջեն:
Կամ էլ թող գնա:
Գոնե մի օր շունչը ետ բերելու շանս տան, նոր արձան չդնեն, ռոք համերգ չկազմակերպեն:
Վարոսն ախր, գուցեև ավաղ, դեռ չէր մեռել:
Համենայն դեպս ոչ լրիվ:
Ոչինչ, դեռ չմեռանք, մտածեց Վարոսը:
Դեռ չենք մեռել:
Չմեռանք էս էլ տեսանք:
Ես տեսել եմ սկիզբն ու գուցե տեսնեմ վերջը, մտածեց Վարոսը:
Հետո կրկին ասաց Օպերայի բազալտին շշուկով. «չթողնես որ տենց լինի»:
24. Թուք ու բլիթ
Կողքից տղերք անցան:
Օպերայի մեջ կողքի մուտքից ապաստանած էն կիսաթաքուն ակումբից էին դուրս եկել:
Տարօրինակ ձևի իրեն նայեցին:
Մի լիաթոք թքեցին բլիթի վրա:
Մի քիչ Վարոսի կողմ:
Բայց մի քիչ չէ:
Որ անորոշ լինի՝ իր վրա են թքում թե ուղղակի որովհետև թուք է կուտակվել բերնեքումը:
Կուզի իր վրա վերցնի՝ թող վերցնի:
Թե այդքան զգայուն է՝ իր գործն է:
Մենք մեր թքի տերն ենք:
Էս ինչ է անում էս ապուշը՝ լուսամուտալյուկին հենված:
՜՜՜՜
Վարոսի տասնյոթ տարին որ լրացավ՝ կիթառով ինքն ու Լևոնը գիշերվա երկուսին եկան էստեղ:
Թումանյանի պատվանդանին նստած՝ զրնգացնում էին:
Միս ու կարագ չկար ու հույս էլ չկար, որ կլինի:
Իրենք պիտի պատմությունից հավետ դեն նետված ապրեին:
Բայց լավ էր:
Տանը իր կենացը գինով էին խմել:
Բերանը լիքը թուք կար:
Թքեց:
Լևոնն ասաց գիժ ես ինչ ես:
Բա էստեղ կթքե՞ն:
Դու կուզեի՞ր որ քու տան մեջ մեկը գար թքեր:
Ով կիմանար որ կյանքն էսպես կդասավորվի:
Չնայած շատ վատ էլ չի դասավորվել:
Կանգնած է Օպերայի բակի մեջտեղ:
Կուզի էս կողմ կգնա:
Կուզի՝ էն կողմ:
Կանգնած է արհեստական հրապարակի վրա:
Մի մեծ բլիթի:
Որի տակը բեռլուսկոնյան ավտոկանգառ է:
Որի սխեման Մեդվեդևը որ եկավ՝ իրեն իսկույն բացատրեցին:
Միտինգների տեղը շինարարություն սկսել:
Մի՞թե քեզ դա չեն սովորացրել, պարոն Մեդվեդև:
Բոլոր դասագրքերում դա կա:
Ե՛վ հաճելի է, և՛ օգտաբեր:
Ե՛վ դեմոկրատիան է դրսի հյուրերին թվում տեղում:
Ե՛վ բեռլուսկոնիան է անխափան զարգանում:
Միտի՞նգ, ի՞նչ միտինգ, ուղղակի շինարարություն է:
Օպեռայում, Մայակովսկու հրապարակում, էլ ուր որ միտինգի վտանգ առաջանա:
Լուբյանկայու՞մ, իսկ ինչի՞ չէ՞ որ:
Ռեմոնտ:
Որ ոստիկան չծախսես:
Ռուս-էրմենի բհայ-բհայ:
Մենք փոքր ենք՝ բայց մենք էլ քեզ խելք սովորեցնելու բան ունենք:
՜՜՜՜
Օդում կախված, ավտոների գլխներին կախված այդ բլիթի վրա Վարոսը մի քիչ պարեց:
Սպենդիարյանի գերեզմանի կողքը:
Որի տեղը ոչ ոք չգիտեր:
Ու որի բազմաչարչար աճյունը դամոկլյան սրի պես կախված էր տակը՝ ավտոկանգառ մտնող անտեղյակ ավտոների գլխին:
Մի օր տեսնես ում գլխին էր պայթելու:
Գուցե էս անցնող-թքող տղերքից մեկի:
Աստված իրա սիրուն կնկան-էրեխուն, իրա համեստ աշխատասեր մամային, իրա հայթայթող, գող բայց արդար պապային է՛լ բեթարից ազատի:
Վարոսն ամբողջ ուժով օդ ներս քաշեց:
Տախացավ:
Ուռեց:
Հոխորտաց:
Անտառս մի՛ ապականեք, փնթփնթաց:
Մի օր խռռացնելու էր ու սատկի ուժասպառությունից:
Ստուգայց, կոնտրոլ, օտէկա:
Դեպի քաղաքի ողնաշար տանող նյարդ:
Ուղեղ չկա՝ մենակ օղողն ա մնացել:
Ուղեղը հաբռգել է:
Ուղեղը չվել ա:
Մոսկվա, Տաշքենդ, Լոս, Մոնակո, Ուսսուրիյսկ, Կալինինգրադ:
Իսկ թե ոչ՝ թքում է ոտքերիդ տակ ու կողքով անցնում:
Որբ ջան:
25. Սքեյթբոմժդ
Կլուբից նոր դուրս էկած կատարները տաք, քֆուր-քյաֆարով Օպեռայի բլիթի վրով դոշների խաչները ճոճելով անցնող տղերքն էն տեսնեն՝ մեկը վազեց էրկու արձանի մեջտեղն ու իրան բառիս բուն իմաստով գեդին զարգեց:
Չոքեց ու ճակատը գեդին խփեց՝ նամազ անելու պես:
Կեղտոտ ասֆալտը բանծիկ արած շուրթերով հնազանդ պաչեց սև սապոգի ծեր պաչելու պես ու հետո լըզեց ոնց որ կավիճ լըզելուց ըլներ:
Կռապաշտ կոտոշը:
Մնում էր մեր թքած տեղը լըզեր:
Ասֆալտը լեզուն քերծեց ու արյունոտեց:
Բերնից ջրվեժի պես արյուն հորդաց:
Չհասկցան թե էս մարդուն ինչ պատահեց:
Ասֆալտի վրա ոչ մի կավիճ չկար, կլաս արդեն վաղուց էրեխեքը չեն խաղում էս դարուքաղաքում:
Մոռացել են էլ թե ինչ ա:
Քաղաքը համեմատաբար խաղաղ էր:
Մեծամեծները քաղաքում չէին՝ որ ցերեկով հերթական տոնը կազմակերպած լինեին ու դասատու-ձիրեկտորների էրեխեքին կիսազոռով Օպեռա բերած:
Որ գունավոր կավիճներով սուտի-մուտի նկարներ նկարեն ու հետո ծելեվիզրով էդի ցույց տան:
Ասենք, որ տենց բան էղած ըլներ էլ, ինսպեկտորը մեկ ա կավիճ լըզել չէր կարենալու:
Էս ժամին իր չոքած տեղը տախտակամած էր լինելու, վրան՝ խլացուցիչ ռոք բանդ, շուրջը՝ դոփող ջահել խառնամբոխ:
Ասֆալտը, որ համբուրում էր՝ հնի համեմատ ցելկա էր:
Հին ասֆալտը չէր՝ Վարոսի սերնդից մի երեք սերունդ վերև ու ներքև՝ երեխեքի կավճե կլասերով թունդ պատված:
Տիգրան Պետրոսյանի մրցամարտին, 1965-ին ու 1988-ից սկսած հայ ժողովրդի մեծ մասի կոշիկի պադոշը տեսած:
Սարյան, Մինաս, Քոչար, Հրանտ ու հազար ու մի այլ մեծամեծի կրունկով հուպ տրված:
Բայց արդեն սրա վրով էլ ով ասես չէր անցել:
Լավ ասֆալտ էր, համեղ, հոտավետ, ժողովրդի ու երեխեքի կոշիկի ներբաններով լավ հունցված:
Չոքել, լզում, բերնով արյունախառն անհասկանալի բառեր էր մռթմռթում:
Գառլախ, վլասծ, բլիթ, քանդուքանդակ, գերեզման, տգեղիկ, մայրաքաղաք, ցավդ տանեմ, Մարիա:
Ճակատը տալիս էր բլիթին: Ասֆալտի ստրուկտուրան ճակատին էր դաջվում:
Էնքան ուժեղ էր զարնում, որ տղեքի մտքով անցավ՝ բա որ էս իտալացիների արածը չդիմանա ու փոս ընկնի, իրանք էլ սաղով միասին գլորվեն ավտոկանգառի բեհեզդեբու՞ղ:
Բայց չէ, ինքն ինչքան էլ սիրեր էդ բլիթը, էս քաղաքը՝ իրա չափը գիտեր:
Վնաս տալու չափ գլուխը գետնին չէր զարնելու:
Ինչքան էլ թքեին-թքոտեին:
Ի տարբերություն աներձագերին:
՜՜՜՜
Մթանը մեջ մի էրեխա իրա սքեյթբորդով թափով էկավ էդ մարդուն չտեսավ ու քիչ մնաց իրան խփվեր:
Վերջին պահին սքեյթբորդից մի կողմ ցատկեց ու սքեյթբորդն առանց իրա, աղմուկով առաջ սլացավ:
Թումանյանի պատվանդանին դիպավ, շուռ եկավ:
Ետևի ձախ ակը դեռ երկար խալաստոյ պտտվում էր:
Երեխան կանգնել, մատը բերանը կոխել ու բութ հայացքով անթարթ նայում էր կզած որբ ինսպեկտորին:
Գիժ ձյաձյան չվերցնի՞ հիմա էլ սքեյթբորդիս պադոշը պաչի:
Գնա, գնա, բաբո, մտածեց երեխան:
Ո՞րն է, բեբո, հիշեց երեխան:
Գնաց սքեյթբորդը վերցրեց ու ետ-ետ նայելով՝ դանդաղ հեռացավ:
Ձյաձյան վերջը վեր կացավ:
Արյունոտ բերանը ձեռով սրբեց:
Արյունոտ ձեռքը սև վերարկուին քսեց:
Ձախ արմունկն ամուր սեղմեց կողին ու կուզեկուզ, թեթև կաղալով հեռացավ:
Գիշերները քաղաքով ազատ թրև եկող ինսպեկտոր շան պես:
Գզգզված, մի քիչ ծեծված բայց դեռ առույգ:
Աղբակույտից աղբակույտ ճամփորդող:
Փողոցներն ըստ լուսաֆորի, ակուռատնի անցնող:
Վրան ավտո գալուց՝ գռմռացող, լնդերը ցույց տվող:
Կողք-կողք քայլող, ետ-ետ նայող:
Խունջիկ-մունջիկ:
Պրոֆեսիոնալ մուրացիկ էսօրվա ռեյսին չհանդիպեց, մտածեց Վարոսը:
Ոչինչ, թող գոնե ժողովուրդը մի հատ տգեղ, կեղտոտ, հոտավետ բոմժ տեսնի:
Սիրտը հովանա, կարոտն առնի:
Մի Կարաբալա, մի Վարոս, քարվան կտրելու մի գիշեր:
Սպիտակ ծով շալ:
Ճմռած մանուշակի թաց հոտ:
Կինոյի անհայտ վերնագիր:
13:16 Սեպտեմբեր 06, 2014
