Ինսպեկցիա Մաս Գ
Մաս Գ
14. Սպիտակ թասակավոր պաղպաղակավաճառը
Վարոսը նաև երկատված էր Առնոյի արձանի առիթով:
Նկատել էր՝ որ ժողովուրդը գրեթե հավասարապես կիսված է:
Մի կեսը հավանում է, մյուսը՝ ոչ:
Տեղադրելուց հետո այդ արձանի մասին նույնքան էին վիճում, որքան ավելի ուշ, 2008-ին՝ Տեր-Պետրոսյանի:
Ընտանիքներ էին քայքայվում այդ արձանի, ինչպես նաև հետո՝ Տեր-Պետրոսյանի նկատմամբ համակրանքի-հակակրանքի պատճառով:
Այդ արձանը շատ այլ արձաններից շուտ առաջացավ, դեռ Քոչարյանի փուլում:
Շատերը գիտակ տեսքով ասում էին.
«Ես Առնոյին անձամբ եմ ճանաչել, մոտիկ ընկերս էր, ու պիտի ասեմ ձեզ որ քիթը՝ իսկական Առնոն է:
Էդ ձեռքերի շարժման մեջ էլ մի բան կա»:
Հիմա պիտի խորասուզվեինք քննարկելու՝ թե ինչ է նշանակում քանդակի միջոցով՝ պատմական անձ արտահայտել:
Վարոսը սրտնեղեց:
Ինչը՞ պիտի արտահայտեն:
Մարմի՞նը, հոգի՞ն, դեկորատիվ բնու՞յթը, ցենզու՞րան:
էդ ո՞րտեղ ես էդքան արտասովոր հանճարեղ արձան տեսել որևէ քաղաքում դրած՝ որ էստեղի արձաններից սրտնեղում ես:
Վարոսը սովորություն չուներ ժողովրդի կարծիքը մի կողմ շպրտել:
Հավանում են՝ ուրեմն պատճառ կա:
Ճաշակն իհարկե դժվար բան է:
Ճաշակին ընկեր չկա:
Գուցե իրոք այս անգամն էլ Վարոսի ճաշակն է սխալվում:
Տերյան-Թումանյան այդ անկյունում՝ Կարապի լճի կողմից, 70-ականներին սպիտակ թասակով պաղպաղակավաճառ էր կանգնում:
Սպիտակ, չորսակնանի մեծ արկղով:
Որի կափարիչը որ բացում էր՝ 10-կոպեկանոց փոքր էսկիմոներից գոլորշի էր բարձրանում:
Երեխեքին հաճախ ձրի պաղպաղակ էր հյուրասիրում:
Վարոսն ու դասընկերները դասերից հետո գալիս՝ օգտվում էին:
Առնոյի տեղը՝ թող սպիտակ թասակավորին դնեին:
Մաֆիոզ բուֆետչիկի պես:
Որին, ասում են, անմահացրել են, Թամանյանին միաձուլելով:
Բայց թասակը չկա:
15. Տգեղիկ
Մութի ու լույսի տարիներ:
Սովետի ժամանակից կիսաքանդ տարածքներն այդպես էլ մնացին երկարաքանդ:
Թփերն աճեցին:
Երևանը կանաչեց ու վայրենացավ:
Օդը մաքրվեց:
Ծիտը, շունը, կատուն, առնետը քաղաքը գրավեց:
Շենքերի համարակալած ֆասադները՝ հին «Արմենֆիլմ» կինոթատրոնի մոտ, մնացին կանգուն:
Սովետը չհասցրեց քանդել:
Առաջին արձաններից մեկը որ դրեցին՝ Կարաբալայինն էր:
Վանոն դրեց:
Հետո՝ Ենգիբարովինը:
Կրկեսի՝ այժմ նույնպես քանդած շենքի մոտ:
Դրանց շարքի վերջում էլ՝ արդեն մի քիչ կարգավորվող Երևանում՝ Առնոյինը:
Կենտրոնն այնօր քարուքանդ էր:
Սկզբում քաղաքը դատարկ էր:
Երբ քիչ լցվեց՝ մարդկանց էին տեղահան անում:
Հյուսիսային պողոտա էին սարքում:
Կենտրոնը լի էր անանցանելի վայրերով:
Օպերան ամբողջն էր կաֆե՝ հիմա մի քիչ ավելի քիչ է մնացել:
Խոտ չէր մնացել Օպերայում:
Ղարաբաղյան միտինգների ընթացքում ինչ տրորել էին՝ հողը չոր էր:
Մերկ կնոջ արձանը՝ Կարապի լճի վերևը դրած՝ առևանգել թե հանել էին:
Հետո հեղինակը վերականգնեց:
Մի հատ էլ քնար դրեց ձեռքի մեջ:
Վարոսի մանկության ժամանակ այդ քնարը չկար:
Վարոսն այդ կնոջ վրա մագլցում էր փոքր ժամանակ:
Չվարանելով, որ ախր մերկ է:
Ընդհակառակը:
Երկար մատը բռնում-խաղում էր:
Հիմա թփուտներով է շրջապատված:
Երևի որ երեխեքը վրան չմագլցեն:
Ափսոս:
Ամենաափսոսը, սակայն, ուռիներն էին լճի շուրջ:
Ուռիներն ամբոխին վատ են դիմանում:
Մեկը կարծեմ մի կերպ դիմացավ:
Մյուսի կեսը զոհվեց, քնձռոտ դառավ, ասես մարտի կատու:
Երրորդն ամբողջութամբ չորացավ ու վերջը կտրեցին:
Ոչ ոք չլացեց այդ ուռիների համար, Վարոսից բացի:
Շատ հետո մի երկուսը կարգի բերեցին:
՜՜՜՜
Քաղաքն այնօր ցանցերով էր շրջապատված:
Կարծես մազապուրծ ժողովրդի վախեցած մասն ինքն իրեն որոշել էր ցանցապատել, բանտ նստեցնել կամավոր՝ որ ուրիշ նստեցնող չլինի:
Ցանցի վրա ցանց էր, ցանցի վրա՝ ցանց:
Քանդ, աղբ, ճաղ, ցանց ու թփուտ:
Բաղաքն անանցանելի էր:
Փետրվար-մարտին քաղաքն անասելի կեղտոտ ու անշուք էր:
Գարունը փրկում էր՝ գալիս լվանում-մաքրում-կանաչեցնում:
Հետո ծառ ու ճյուղ էին կտրում:
Որ քաղաքն էլի տգեղանա:
Պատճառաբանում էին, իբր՝ ճյուղ կտրելը ծառին օգուտ էր:
Քաչալ բանակային ծառերը պարտված տեսք ունեին:
Կարծես Արցախում հաղթած ժողովուրդը տանուլ էր տվել Երևանում:
Ցանցերի, թփուտների, աղբի ֆոնին՝ այդ երեք արձանները:
Կարաբալա, Ենգիբարով, Առնո:
Տգեղության կվինտէսսե՞նցիա:
Այսինքն ոչ թե իրենք էին տգեղ:
Կարաբալան՝ Վարոսը չգիտի, գուցե իրոք տգեղ էր:
Վարոսի մայրն ասում է՝ որ ծաղիկ էր մեկնում՝ աղջիկները փախչում էին:
Չգիտես ով միֆ դարձրեց Կարաբալային:
Երևի՝ տղամարդիկ, որոնք աղջիկների այդ հոտառությունը չունեն:
Իրենց աղջիկների տեղը դնելու սովոր չեն, չգիտեն, որ ավելի լավ է ծաղիկ չլինի՝ բայց տղամարդը մաքուր լինի:
Ասենք՝ նայած աղջի՞կ:
Հիմա Վարոսն իր մոր այդ պատմածը ոչ մեկին չի ասում:
Վախենում է, որ ասեց՝ գուցե հասնեն իր հետ հաշվեհարդար տեսնեն:
Քաղաքի սակրալ միֆն ապասակրալացնելու փորձի համար:
Քաղաքում տղա կա՝ ուզում ա Կարաբալա դառնա, դու ասում ես ինքը անմաքուր է՞ր:
Իսկ Ենգիբարովը սիրուն էր:
Ի հակադրություն իր արձանի:
Իսկ Առնոյի «տգեղությունը»՝ եթե այն կար, նման էր այն «տգեղությանը»՝ որի մասին Սարոյանն է ասում:
Երբ նկարագրում է իր հանդիպումը Չարենցի հետ «Երևան» հյուրանոցում:
Ասում է առաջին պահին ինձ թվաց այդպիսի տգեղ մարդ տեսած չկայի:
Բայց հենց սկսեցինք խոսել՝ քիչ հետո ինձ թվաց թե այդպիսի գեղեցիկ մարդու կյանքումս տեսած չկայի:
Խեղճ հյուծված ու հիվանդ Չարենցի պես չէր իհարկե Առնոն:
Բայց եթե տգեղ էր՝ միայն այդ իմաստով:
Բայց երեք արձանն էլ կարծես հատուկ արված լիներ՝ որպես տգեղության գովք:
Այդպիսի պոստմոդեռն՝ ակամայից, չմտածված, ենթագիտակցական պոստմոդեռն տարր կար դրանց մեջ:
Կարծես ժողովուրդն ուզում էր ասել՝ այո, ես այսպիսին եմ:
Տգեղ, հակակրելի, սա՛ եմ ես, ա՛ռ, կե՛ր:
Կարծես ինքն իրենից զզված, ուժասպառ ժողովուրդ:
Որ տգեղությունն ու բանտն ուզում է ազգային փիլիսոփայություն դարձնել:
Կամ ենթագիտակցորեն՝ բողոքում է:
Այդ արձաններով աշխարհին ճչում:
Ես հիվանդ եմ, անառողջ, փրկե՛ք:
Կամ՝ երկուսը միասին:
Ես հիվանդ եմ, գովերգում եմ տգեղը:
Եվ պիտի հպարտորեն ընդգծեմ այդ տգեղը:
Ի՛մ տգեղը:
Բոլորդ տգեղացեք ու եկեք վարի գնանք միասին:
Կամ՝ եկեք ինձ բուժեք, որ էլ տգեղություն չսիրեմ:
Օգնության կանչ այդ արձանները:
Այն օրերին նույնիսկ, ասենք, Իսակովի կամ Բաղրամյանի արձանները որ դրվեցին՝ փրկություն էին թվում Վարոսին:
Գոնե տգեղության կվինտէսսենցիա չէին:
Նորմալ իրենց համար միջին ստատիստիկական քաղաքային լիքը-լիքը մարմնեղ հուշարձան էին:
՜՜՜՜
Բայց արձանները չէին՝ որ տգեղության արշավը բեկեցին:
Էլ ո՞վ պիտի լիներ, աղջիկներն էին:
Աղջիկները հասկացան, որ հին, սովետական ձևով չի ստացվի:
Սովետի վախտ երևի կարծում էին՝ կարիք շատ չկա սիրուն լինելու, մեկ ա կառնեն:
Իրենց համար տգեղիկ, սիրելի, թույլիկ աղջիկ էին հաճախ:
Դե եղեռնի ստրեսն էլ էր երևի գումարվել:
Հետո որ տեսան տղերքը կամ ճակատում են զոհվում կամ թողնում-գնում...
Որ տեսան պետք ա իրանք էլ կարիերա անեն, չեն կարա մենակ տղերքի հույսին մնան...
Թափով անասելի սիրունացան:
Ու քաղաքի տեսքը փոխվեց, ինչպես ստրեսից դեռ դուրս չեկած սենյակի՝ որ սակայն պռնկեպռունկ լի է ծաղկեփնջերով:
Եվ նրանց բույրը դուրս է մղում ստրեսը:
Մի քիչ տոթ, մի քիչ խեղդող՝ բայց անհերքելիորեն սիրուն:
16. Թումանյան
Վարոսը քայլում էր Աբովյանով դեպի Թումանյան, երբ հանկարծ մի նոր արձան տեսավ՝ մերկ տղամարդու արձան:
Էս ե՞րբ հասցրին դնել:
Համեստ առնանդամով տղամարդու արձան էր:
Ֆրեյդիզմի ու գենդերայնության տեսակետից տեսնես սա ինչ է նշանակում:
Մտածել են՝ մերկ կնոջ արձան շատ կա, մի հատ էլ մերկ տղամարդ դնենք:
Չէ որ մենք տղամարդ ազգ ենք:
Կամ՝ հակառակը:
Մտածել են՝ էդ ի՞նչ խտրականություն է:
Միայն մերկ կանանց արձաններ կան:
Բա կանայք մեղք չե՞ն:
Իրե՞նք ինչին պիտի նայեն:
Մի հատ էլ մերկ տղամարդու արձան դնենք:
Մինչ այդ՝ Վարոսի իմացածով, քաղաքում միայն որոշ արձան ձիերն ունեին առնանդամներ:
Մեկ էլ կլորիկ հռոմեացին՝ Կասկադում:
Այն էլ՝ հազիվ նշմարելի:
Գուցե մտածել էին՝ մենք հռոմեացուց ինչո՞վ ենք պակաս:
Այսինքն արգենտինացուց:
Ինքն առնանդամով արձան կդնի՝ մենք չե՞նք դնի:
Տղամարդու արձանը հանգիստ էր:
Առնանդամը՝ տեղը համեստորեն պառկած:
Վարոսի դրույթը՝ որ արձանների դարաշրջանն է գալիս՝ հաստատվում էր:
Տարօրինակ էր, որ փարիսեցի ցենզորները դեռ շուխուռ չէին բարձրացրել այդ արձանի առիթով:
Մի՞ թե այնքան լավն է, որ ձայնները կտրում է:
Թե՞ դեռ չեն նկատել:
Թե՞ վլասծի հատուկ հրահանգով է դրվել՝ անձեռնմխելի է:
՜՜՜՜
Աբովյան-Թումանյան խաչմերուկում մի քիչ դես նայեց, մի քիչ՝ դեն:
Այդտեղ նախկինում Արաքս կաֆեն էր:
Գրեթե նույնքան խորհրդանշական, որքան հանճարնոցը կամ «պապլավոկը»:
Վերջերս նորից Արաքս անունով մի կաֆե էր:
Այժմ այն դարձել էր անգլիական կոշիկի խանութ:
Ջանըդ սաղ լինի, Երևան:
Վարոսն անցավ նախկին «Հեքիաթ» կաֆեի դիմացով, նախկին «Անուշ» գաստրոնոմի կողքով, նախկին հուշանվերների խանութի կողքով:
Ամեն կողմում կուրացուցիչ ու անծանոթ ցուցափեղկեր էին:
է հետո՞ ինչ:
Ի՞մ ինչ գործ:
Եթե «Անուշ» գաստրոնոմը քո մանկության մասն է, արդյո՞ք դա նշանակում է որ այն պիտի մնա հավետ:
Մնում էր հին կիսաքանդ շենքի միջի առաջվա Խնկո-ապոր գրադարանն ափսոսես:
Դու որ ուրիշ քաղաքով քայլում ես, բանի տեղ դնու՞մ ես թե որտեղ ինչ է եղել:
Տեղեկություն ունե՞ս:
Բանիդ պե՞տք է:
Այսօր մի բան կլինի, վաղը՝ մեկ այլ:
Ի՞նչ մեծ բան:
Ուրախացիր նոր ցուցափեղկերի առատությունից, լույս ու գույնից:
Հանգստացիր:
Հիսթերիկաների մեջ մի գցվիր:
Երբ, ասենք, նոր շալվար ես գնում, իսկ հինը մաշված է, բայց դեռ կարելի է հագնել՝ ի՞նչ ես անում:
Աղքատի ես տալիս, չէ՞:
Հետո հո չե՞ս ափսոսում տարիներ շարունակ:
Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ հոսում, ասել է Հերակլիտը կարծեմ ութերորդ դասարանի ֆիզիկայի դասագրքի առաջին տողերում:
Իրոք որ, ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ հոսում:
Վարոսի ուղեղում և աներձագերի դարաշրջանի Երևանում:
17. Օպերա-1
Վարոսը հասավ Կարապի լիճ ու մտածեց՝ ինչպես այն զգալ:
Ու հասկացավ՝ որ ուզում է զգալ Օպերայի բակը:
Մարդ շատ չկար:
Մի քիչ երեխա, մի քիչ երիտասարդություն, մի քիչ տարեցներ՝ նստարաններին:
Վարոսը կանգնեց Օպերայի հրապարակի մեջտեղն ու մի խորը շնչեց:
Նա այն բակ էր կոչում:
Դա իր մանկության՝ Օպերայի բակն էր:
Վարոսը զգաց, ինչպես են իր թևերը բացվում:
Ձախ արմունկն արդեն մի քանի ամիս է ցավում էր:
Վարոսը չէր հասկանում ինչից:
Ամեն օր մարզանք էր անում՝ չէր օգնում:
Հիմա թևերը բացեց ինքնաթիռի պես ու մի հատ վազեց երեխեքի պես:
Ու ցավն անցավ:
Ուրեմն նեղվածքից էր:
Ուրեմն իր, թվում է, ընդարձակ բնակարանն էր նեղվածք:
Եվ այն, որ տնից դուրս գալու միայն այսքան հստակ ճամփա կար:
Եվ՝ գառլախությանը հարմարվելու այդ անելանելիությունը:
՜՜՜՜
Օպերան, փառք աստծո, փակ չէր:
Երեխեքն ու ջահելները մի քիչ, շատ քիչ զարմացան հասուն էս տղամարդու մեն-մենակ ինքն իր հետ ինքնաթիռ-ինքնաթիռ խաղալուց:
Իսկույն մոռացան:
Տե՞նց մազալու բաներ էին տեսնում իրենք վերջերս Երևանում:
Անցնող տղերքից մեկը՝ խելոք աչքերով, հատկապես ուշադիր նայեց:
Վարոսը հասկացավ, թե ինչու:
Ինքն ախր տարիքով՝ օլիգարխի կամ գոնե նախարարի տարիքի էր:
Կամ գոնե՝ հարուստ սփյուռքահայի:
Պահվածքով էլ պակաս չէր՝ ահա, ինքն իր հետ ինքնաթիռ-ինքնաթիռ էր խաղում:
Մինչդեռ իր տիպական հայի սև համեստ թուրքական հագուստ-կապուստով ու աչքերի միջի անապահովությամբ՝ սովորական մարդու էր նման:
Տիպական միտինգացվի:
Տղան ինքն իրեն հարց տվեց. սա տեսնես ո՞վ է:
Տղան հասկացավ, որ իրեն հասկացան:
Շփոթվեց ու անցավ:
՜՜՜՜
Փոխարենը զույգ ոստիկանն իբր պատահաբար քայլերը Վարոսի կողմն ուղղեցին:
Վարոսը հանգիստ, սեփականատիրոջ տեսքով ճեմում էր Օպերայի բակով:
Չնայած այդ տեսքն էլ սադրանք էր:
Նրանք անշտապ մոտենում էին:
Ասես պատահաբար իր կողմը քայլելով:
Վարոսը նրանցից մի կաթիլ անգամ չէր վախենում:
Տե՞նց ոստիկանների հախից էր եկել Մոսկվայում խոպանի՝գաստարբայտի վախտերովը:
Էստեղի ոստիկանները դեռ շատ հացուպանիր պիտի ուտեին, որ էնտեղին հավասար դառնային գազանության ու տմարդիության իրենց կարողությամբ:
Էստեղ՝ ի՞նչ, շատ-շատ տարին մի տասը մարդ հոշոտեն-չհոշոտեն, իսկ էնտեղ՝ օրը հազարներ:
Էստեղի երեխեքից ոչ զգուշանալ էր պետք, ոչ էլ վախել էր լինում:
Բայց խոպանի տարիներից մնացած զգուշավորությունը հզոր էր:
Ոստիկան տեսնելիս՝ ճամփեն փոխել:
՜՜՜՜
Շան մի գազազած տեսակ կա:
Էսօր Երևանում հարուստ երեխեքն այդ տեսակը շատ են սիրել ու մանավանդ՝ անդնչակալ զբոսնեցնելն են գերադասում:
Գազազած բուլտերյերի հատուկ մի տեսակ կա:
Որ աչքերին նայեցիր՝ արյունակալած, բորբոքված՝ փսլինք թափելով վրադ է նետվում:
Թե բանի տեղ չես դնում, թեկուզ վրադ սևեռվի ու գռմռա՝ հանգիստ թողնում է անցնես:
Գուցե նրանից է կատաղում, որ մարդու աչքերին երկար նայել չի՞ կարողանալու:
Ռուս ու հայ ոստիկանները վերջերս այդ սկզբունքով էին առաջնորդվում:
Վարոսն առաջին անգամ որ նկատեց որ հայ ոստիկաններն էլ են այդ սկզբունքին անցել՝ ուրախացավ:
Ուրեմն պրոֆեսիոնալացել են:
Ուրեմն հաստատ գիտես, ինչպես վարվես նրանց հետ:
Բանի տեղ մի դիր՝ ու հանգիստ կողքներովը կանցնես:
Ոստիկանավարժանքի ամերիկյան որևէ հատուկ դասագրքում գրած է, որ եթե մարդը քեզ նայեց՝ ուրեմն կասկածելի է:
Ուրեմն ինչ-որ բան է թաքցնում:
Եթե քեզ արհամարհում է, չի նկատում՝ ուրեմն անմեղ է:
Այդպես օձն է մկանը կամ բանդեռլոգին հիպնոսացնում:
Էդպես օտարված պետության անանուն ու անհասցե ուժը՝ ցավ պատճառել, կյանքից զրկել, ուզում է անակոնդայի հիպնոսացնող ուժ ունենալ:
Կամ որ համարեն՝ որ ունի:
Բոլոր նրանց հանդեպ՝ ում պիտի ճզմի:
Ու թե իր հիպնոսին չես ենթարկվում՝ ուրեմն դեռ ճզմելացու չես:
՜՜՜՜
Վարոսն ուրեմն շվշվացնելով անշտապ մի կողմ քայլեց իր ամենա-անկախ, ամենածանրակշիռ, ամենաղեկավար քայլվածքով:
Հայացքը խնամքով նրանցից մի կողմ տանելով:
Իբր անկախ հայացքով իր կալվածքը «չափագրելով»:
Էլի մի անկապ բառ, որ վերջերս Երևանը կալել է:
Քանզի «կադաստրն» ու ուրիշի ունեցվածքը հափշտակելուց առաջ «չափագրելը» կարևորագույն գործերից են դառել ռուբլահիվանդ, չէ, էս դեպքում՝ դրամակատաղ էս երկրում:
Նրանք կրնկի վրա շրջվեցին ու մի ջահելի կանգնեցրին:
Ահա, մտածեց Վարոսը, ջահել թե չես ու շրջանից թե չես եկել կենտրոններում թափառում՝ Երևանում ապահով ես:
Էստեղի միլիցան քեզ հարգում է:
Փառք աստծո դեռ հեռու ենք Մոսկվաներից:
Չնայած կամաց-կամաց վայ թե էդ ուղղությամբ գնանք:
Ավտո կանգնեցնելը մի քիչ, համեմատաբար, թարգեցինք՝ մարդ կանգնեցնելով կփոխարինենք:
Շատ էլ հավես:
՜՜՜՜
Վարոսը քայլեց դեպի Թումանյանի արձանը՝ ոստիկաններից ու իրենց կանգնեցրած տղայից մի կողմ:
Ինքը հիմա պիտի մոտենար էդ ոստիկաններին ու սկանդալ աներ, հարցներ, թե էդ խեղճին ինչի են կանգնեցրել:
Կողքներովը մարդիկ էին անցնում ու բանի տեղ չդնում կամ էլ երեսպաշտորեն մտածում՝ իմ միլիցիան իր գործին է:
Գուցե ահա պոտենցիալ հանցագործ է բռնել:
Վերջերս քաղաքում բնակարանային գողերի շայկա էր առուդոված անում:
Ճիշտ է ոստիկանապետին փոխելուց հետո գամերը քաշեցին՝ բայց ով գիտի, գուցե էս տղեն էլ նրանցից մեկն է:
Վարոսն իրեն ատեց:
Հետո իրեն ասաց՝ ես երկու երեխայի տեր, պատերազմ տեսած մարդ:
Ես պիտի՞ ինքս ինձ գառլախացնեմ:
Ու հաստատուն շուռ եկավ՝ որ մոտենա էդ նագլիացած երեխեքին ամոթանք տա:
Որ էն ջահելին հանգիստ թողնեն:
Լավ չհասկացավ՝ բախտը ժպտաց, թե ծաղրեց:
Կանգնած ոստիկաններից մեկի գլխարկի տակից կյաժ մազափունջ էր ծիկրակում:
Սկզբում աչքին չհավատաց:
Մի հատ էլ նայեց՝ այո, սխալվելն անհնար էր:
Էդպիսի գալիֆե տղերքի մոտ չի լինում:
Էն կյաժ աղջիկն էր մայոր:
Էն որ հեռուստացույցով հաճախ են ցույց տալիս:
Չգիտես, Վանոյի ժամանակներից սխալմամբ մնացած միակ աղջիկ ոստիկանը՝ թե էս նոր ոստիկանապետը հասկացել է, որ հինը լավ մոռացված անցյալն է, որ «բարուց բարի չեն փնտրում»:
Ու որոշել է Վանոյի ավանդույթը վերականգնել:
Ու նոր ծտեր, ծիտիկներ, փեշիկներ է հավաքագրել:
Վարոսը կանգ առավ:
Ծիտ-փեշիկի հետ կռիվ անելու կարիք չկար:
Փեշիկից շրջանային տղային ոչ մի սպառնալիք սպասելի չէր:
Կամ ինքն իրեն էդպես արդարացրեց:
Ստալինի դարից հետո՝ դեռ դարեր շուտ էր, որ ծտեր-փեշիկներն էլ գազանանային:
Չհաշված մի բուռ դատախազուհի-դատավորուհի:
Էն էլ զուտ դրամակատաղ, ոչ իրական գազան:
Ստալինի վախտով մի երկու էդպիսի դեպք եղել էր՝ հերիք:
Պատմությունը ջնջել-տարել էր:
էդ էր պակաս:
Աչքով չտաս, մտածեց Վարոսը:
Էդ փորձանքն էլ գա մեզ կալի:
Ու իրենից զզվեց, որ միշտ վատից էլ ավելի վատը կարող է հստակ երևակայել:
Ու կարծես ապացուցված զգա իր այդ անհիմն երևակայածը:
Ինչ զզվելի խասյաթ:
Աստված հեռու պահի:
Բայց վայ թե դա էլ է սպասվում:
Բայց չէ, չի կարող պատահել:
18. Կարապի լիճ-կինո «Պիոներ»
Կարապներին վերջերս էին տարել:
Աշունը տաք դուրս եկավ:
Լճի ջուրն ուշ իջեցրին:
Մինչև վերջերս մեծ էկրան էր կպցրած լճի մեջտեղով:
Ռուսական համերգներ էին հեռարձակում:
Հիմա էկրանը հանել ու սահադաշտն էին նախապատրաստում:
Վարոսը նայեց դեպի Հյուսիսային պողոտայի լուսավոր երախը:
Մի քիչ էլ ներքև՝ արդուկ-շենքերի էն հրապարակից դեպ Տերյան՝ վերջերս համբավ հանած հոյակապ, քչաքանակ ոչ գառլախային լահմաջուանոցն էր:
Էն շենքի տակ՝ որ ուզում էին քանդել ու բնակիչները ոտքի ելան ու չթողին:
Ժամանակավորապես առկախված է ճակատագիրը:
Ամառային կինոթատրոնի պես:
Վրան էլ դեռ մի երկու «Սոս» պլակատ մնացել է:
Մութ ուժերի դեմ վերջնական հաղթանակ էս քաղաքում չկա:
Միայն ժամանակավոր:
Պայքար, պայքար անընդմեջ:
՜՜՜՜
Վարոսն ինքնաբերաբար փողոցն անցավ որ գնա էն կողմ:
«Հին Երևան» ռեստորանի մոտ կառավարական ավտոներ էին կանգնած:
Ռեստորանից արտասահմանյան հյուրեր էին դուրս գալիս:
Ոստիկանը չեստ էր տալիս:
Ակտիվորեն շաղակրատող ծերուկների մեջ Վարոսը նկատեց հեռուստատեսությունից հայտնի մի երկու աներձագ:
Երեսը շուռ տվեց:
Որ չընդհարվի՝ ճիշտ ինչպես ոստիկանի տեսնելիս՝ աչքերը մի կողմ տարավ:
Դեմն եկող մարդն ուշադիր նայեց իրեն:
Երևաց որ ինչ-որ բան է մտմտում:
Երևի Վարոսի տեսքը կասկած էր հարուցում, որ սրան արժե բարևել:
Փորձում էր հիշել, երևի:
Ծանո՞թ է Վարոսը, թե՞ ուղղակի պատճառ կա, որ մարդ իրեն տեսնելիս ուզում է բարևել:
Գուցե երևանցի՞ է, որ եկվորին ակամայից պատկառանք է ներշնչում:
Պահ պահ, չէ մի չէ:
Վարոսը գիտեր, այդ մարդն իրեն որտեղից է ճանաչում:
Մի քսան տարի առաջ՝ «Ղարաբաղ» կոմիտեի նիստերի ժամանակ, երբեմն Վարոսն էլ էր ներկա լինում գործով:
Այդ մարդուն տղերքից մեկը բերեց:
«Մատակարար է, ինչ պետք լինի՝ ասեք գետնի տակից ճարի»:
Այն օրերին իրեն Վքո էին ասում:
Իր շան անունով:
Հիմա Վքոն Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը ցտեսություն ասեց:
Նրանք էլ իրեն ասացին. «Մենք երբևէ չէինք պատկերացնում, որ Հայաստանի գլխավոր մատակարարն այսքան կիրթ անձնավորություն է:
Նույնիսկ գիտի Շառլ Ազնավուրն ով է:
Նույնիսկ Փարիզում ոչ բոլորը գիտեն Շառլ Ազնավուրն ով է:
Միայն բարձրաճաշակ ու կիրթ մարդիկ»:
Նստեցին ավտո ու գնացին:
Վքոն էլ վերջին վարանոտ հայացքը Վարոսի վրա նետեց, նստեց իր ավտոն ու գնաց:
Վարոսը նրան օգնության չհասավ:
Ոստիկանն ուզում էր Վարոսին հրել:
Բայց նկատել էր Վքո Մառլենիչի հայացքը:
Չհրեց:
Զուսպ դիմացավ:
Չնայած Վարոսն անկապ կանգնել էր մեծամեծների ամբոխում, ասես ուրվական:
Աչք էր թարթում:
Ու չնայած ոստիկանը մյուս բոլորին հրում էր ու հրահրում՝ որ արագ անցնեն:
Չխցանեն վիպերի փոխհրաժեշտը ռեստի դեմը:
Տարեց ոստիկան էր:
Դեղնակտուց չէր:
Շեֆերի հայացք կարդալ գիտեր:
Կյանքից բան էր հասկանում:
Տեսել էր 1988, 1990, 1991, 1992, 1993, 1994, 1996, 1998, 1999, 2003, 2007, 2008, 2012 և նույնիսկ, նախօրոք, 2013:
Բայց միշտ՝ փեղկի մյուս կողմից:
Վայ թե կարգին մարդ է, ուրեմն, թե այդքան բանի մեջ եղել է ու ընդամենը մինչև մայոր հասել, մտածեց Վարոսը:
Ոստիկանը նրա հայացքը կարդաց ու լուռ համաձայնեց:
Բայց Վարոսը հմուտ քողարկվող էր:
Մի պահ առաջ Վքոյի առիթով մտքով անցել էր՝ «տեռորիստ չլինեի՞ բա, մի հատ նագան բա չունենայի՞, սրա վերջը հենց էստեղ տայի»:
Դա վրիպեց մայորի ուշադրությունից:
Թե չէ այդպես հանգիստ չէր թողնի, որ Վարոսը թողնի գնա:
Վերջերս Վարոսը հաճախ էր զգում, որ նագանի կարիքից ձեռները քոր են գալիս:
«Կամաց-կամաց դառնում եմ Նաիրի Հունանյան», քամահրանքով ինքն իր հասցեին՝ մտածեց Վարոսը:
Մյուս կողմից՝ միգուցե մայորն այնքան մարդու մեջ էր կարդացել այդ զգացումը՝ որ դա արդեն վտանգ չէր, այլ կարծրատիպ:
Բոլորն էլ գիտեին որ բոլորն ուզում են բոլորին սպանել:
Մանավանդ վլասծին:
Բայց ուզելն ու անելը տարբեր բաներ են:
Գուցե մայորն ինքն էլ էր նույն բանը մտածում իր անհայտ հոգու խորքում:
Բայց իրեն զսպում էր՝ հանուն պետականության կայացման:
Ինչպես և Վարոսը:
Ափսոս, ոչ բոլորն էին զսպում:
Իսկ փարիսեցիները սուտ խրատ էին կարդում.
«Որտեղի՞ց մեր ժողովրդի մեջ այդպիսի ատելություն»:
Գուցե ուրիշների նմանատիպ զգացումներին մայորը նույնպես սովորել էր հանգիստ վերաբերվել:
Քանի դեռ իր աչքերի մեջ չեն նայել ու իր միջինը քսի տվել:
Ռեստորանից վիպերի ելքից առաջացած ժխորը նրանց հեռանալու հետ կտրուկ հանդարտվեց:
Վարոսը վերջին հայացքը ձգեց Հյուսիսային պողոտայի կողմն ու այն կողմ չգնաց:
Համադասարանցիների տների գերեզմանոցն այցելելու հավես չուներ:
Ռեստորան դարձած կինո «Պիոների» վեցանկյուն պատուհանները տեսնելու ու սիրտը ճմլելու հավես չուներ:
Աստված վիպերից հեռու:
Ամեն հանդիպում՝ ստրես էր Վարոսի համար:
Մի կողմից ուզում էր իրանց մտածելը հասկանար՝ մյուս կողմից իրանց հենց մենակ տեսնելուց արդեն ուզում էր փախներ:
Կամ կրակեր:
Էս պուճուր պետության մեջ ոնց են կարեցել վլասծի՝ մարդու մեջ ստրես առաջացնելը տենց հենց սկզբից, տենց հիմնավոր, տենց հիմնահատակ դնել, զարմանում էր Վարոսը:
Իրանք էլ երևի իրանցից գոհ են էդ հաշվով:
Երևի հատուկ շկոլա են անցնում՝ որ ըտենցը լինեն:
19. Երազը
Տարին մի երկու անգամ մի կրկնվող երազ էր տեսնում:
Իբր կինո «Պիոներ» է եկել, բայց տոմսարկղը չգիտես ինչու փակ է:
Տոմսը դիմացի մայթի խրճիթանման տներում են վաճառում՝ որտեղ իր դասընկեր Սվոն էր ապրում:
Ինքը մտել է Սվոյենց բակ ու շուրջն է նայում:
Տեսնում է թենիսի սեղանի վրա տոմսեր են շարած ու վրաները քար է դրած:
Որ քամին չտանի:
«Ինձ մի տոմս տվեք», ասում է Վարոսն անծանոթ կնոջը:
Աչքերով փնտրելով, թե երբ Սվոն տնից դուրս կգա ու կբացատրի, թե ինչ է կատարվում:
Կինն ասում է՝ «Պիտի սպասես, տոմս չկա, շուտով կինո «Պիոներից» էլի մի դաստա կբերեն՝ կտամ»:
«Բա սա ի՞նչ է», ասում է Վարոսը հանդիմանող տոնով, ցույց տալով թենիսի սեղանի վրա քարի տակ դրած տոմսերը:
«Սրանք արդեն վաճառված են», ճղճղում է կինը:
«Որ բան են ասում՝ հասկացիր, տոմս չկա, հեսա էլի կբերեն, քեզ էլ կհասնի:
Շատ ես շտապու՞մ»:
Ու Վարոսը շուրջն է նայում ու տեսնում, որ Սվոյի տնից, Սվոյի մոր փոխարեն, մի կնիկ է դուրս գալիս:
Կեղտոտ փաթաթաններով փաթաթված:
«Դու ո՞վ ես», ասում է Վարոսը:
«Ես Կարաբալայի կնիկն եմ», ասում է պառավը:
Վարոսի քիթը ճմլված մանուշակների ծաղկեփունջ է խցկում:
«Տես ինչ լավ հոտ է գալիս, առ, զեղչով կտամ»:
Ճմռթած մանուշակի թաց հոտ է գալիս ու մի ուրիշ հոտ, դժվար տանելի:
Վարոսը չի դիմանում, դուրս է փախչում էդ բակից:
Մտածում է՝ դրսում սպասեմ:
Որ տոմսի նոր կապուկ բերեն՝ նոր կգնամ կառնեմ:
Մինչև ցերեկվա երկուս աշխատող հացի խանութի, Լալայանց նրբանցքի, իրենց դասարանի Թաթոսի տան ու հրաձգարանի մոտի անմայթ մայթով բարձրանում է Թումանյան խաչմերուկ:
Խաչմերուկի անկյունում լուսանկարչատան ցուցափեղկն է ու կինո «Պիոների» մշտական աֆիշը:
Աֆիշին գրած է «Ջեկ վ ստռանե չուձես» մուլծիկի անունն ու մեկ էլ մի հատ ֆիլմի անուն:
Ու ինքը հենց էդ ֆիլմն է եկել նայելու:
Բայց այդ անունը Վարոսի երազում չկա:
Միայն հիշում է, որ նման է «Պրիզնանիե կամիսսառա պալիցիի պռակուռոռու րիսպուբլիկի» բառերին:
Թե՝ «Ինչու են ուտում վայրի խոզերը» ֆիլմի վերնագրի բառերին:
Թե նման մի բանի:
Փորձելով հասկանալ, թե ֆիլմի անունն ինչ է՝ Վարոսն աֆիշի կողքի բակն է մտնում:
Այստեղ ապրում են՝ լուսանկարիչը, Վարոսի համադասարանցի Սերժիկն ու Վարոսենց ընտանիքի ու քաղաքի կեսի դերձակ՝ հայտնի վարպետ Լևոնը:
Սերժիկը տանը չէ:
Իր մայրն ասում է.
«Տղաս գնացել է շախմատ պարապելու, ու գիտես ինքը էլ երբեք քեզ հետ շախմատ չի խաղա, որովհետև ինքը դպրոցը փոխեց՝ գնաց մաթեմատիկական թեքումով»:
Ու իրոք էդպես է:
Սերժիկն էլ երբեք չեկավ իրենց դասարան:
Կորավ-անհետացավ Սերժիկը:
Տարիներ հետո Վարոսը նրան հեռուստացույցով տեսավ:
Բողոքելիս, որ իր տունն ավիրել են:
Մորուքավոր էր դարձել:
Չնայած շախմատ խաղալուն՝ վլասծի ֆավորիտ չէր:
Այդ պարագայում իր երազի մեջ Վարոսը մտնում է դերձակ Լևոնի մոտ:
Լևոնն իր շալվարն է ձևում ու ասում է.
«Շուտ ես եկել, դեռ մի երեք օր կքաշի, մինչև ցնցոտիներդ վրիցդ հանես:
Էդ ի՞նչ վիճակի ես, էդ ի՞նչ հոտ ա վրիցդ գալի, դու հո Կարաբալան չե՞ս:
Աղջիկներին կվախացնես, այ գյադըմ, գնա լվացվիր»:
«Փորձել պե՞տք չի», անհույս ասում է Վարոսը:
Գիտի, որ դերձակ Լևոնը թույլ չի տա իր կեղտոտ հալով՝ այդ հոյակապ շալվարը փորձել:
Ու զարմանքով տեսնում է՝ որ իր մայրիկի համար շալ գործող Մադինե խանըմը՝ որ իրականում այնօր՝ Վարոսի մանկության մեջ՝ լրիվ ուրիշ տեղ էր ապրում՝ այստեղ է, Լևոնի տանը:
Ու իրեն ասում է Մադինե խանըմը.
«Վարոս ջան, լավ է եկար, մայրդ հեռու է՝ ոչինչ, ես այս շալը քեզ վրա կգցեմ-կփորձեմ:
Ոչինչ որ կեղտոտ ես, ես զզվող չեմ»:
Ու սպիտակ երկար շալ է գցում Վարոսի վրա:
Վարոսի մոր համար իր գործած հայտնի շալը՝ սպիտակ ծոպերով:
Անծայրածիր այդ շղարղը, որը հետո նրանից գնած արծաթե գոտիի հետ միասին լավ թանկ վաճառեցին ցուրտի ու մութի տարիներին:
Իսկ գոտին նրանից գնել էին՝ երբ նա գաղթում էր Մոսկվա, «Բաքվում ինձ կսպանեն, ասում էր, ինձնից ի՞նչ բաքվացու»:
Գնաց Մոսկվաներում-բաներում կորավ-պրծավ:
Ինչ ուներ-չուներ շտապ վաճառում էր:
Վարոսը չի սիրում այդ օրերը հիշել:
Դե, շալը հասկանալի է:
Վերմակն է խեղդում, քնի մեջ Վարոսը շոգած է լինում:
Կոծկեցին իրեն մակոնդոյան համընդհանուր մոռացության շղարշի տակ:
Ամնեզիայի, մանկուրտիզմի, ծովի սպիտակ սավանի:
Միակ բանը, որ չարչարում է՝ ֆիլմի անունն է:
Ոչ մի կերպ չի կարողանում տեղը բերել:
Մեկ էլ՝ ճմռթված մանուշակի թաց հոտը:
13:02 Սեպտեմբեր 06, 2014
