"Извечная Армения" представляет фильм "Превыше смерти"


Առաջին անգամ հրապարակվել է Արա Նեդոլյանի ֆեյսբուքյան էջում

Արտասահմանյան ֆիլմերը… ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Պարսկաստանից, Միջին Ասիայից… չեմ հասկանում, լոբալիզացիայի նշան է, ինչ է, բայց կարծես` մի հեղինակ ունենան… Համընկնում են նաև հայկականներից շատերի հետ ինչ-որ խորքային հոգեբանական դիրքորոշման մեջ, - եթե փորձենք ամփոփել մի խոսքով, “հումանիստական շտամպ” են: Այ տեսեք – ծերերը…որբ երեխաները… բազմապիսի հաշմանդամները…խոցելի սիրահարները… “փախած դեմքերը”…ազգային փոքրամասնությունները… աղավաղելով Տոլստոյի խոսքերը – “բոլոր դժբախտներն էլ նման են իրար” - այսպես է ստացվում միջազգային շտամպասեր երիտասարդ կինեմատոգրաֆիստների մոտ: Դա ստացվում է, կարծում ենք, մեր կողմից արդեն նշված նույն հեղինակային սխալ դիրքորոշման պատճառով - երբ որ պատկերվում է ոչ թե “Ես եմ”-ը, այլ ինչ-որ “Նա”-ն: Խոցելի վիճակում գտնվող, բայց կյանքի դժվարությունները պատվով հաղթահարող մարդիկ շատ հարմար են շըփ-թըփ ֆիլմ անել ցանկացողների համար: Մտածելու, որորնելու, ստեղծելու, ռիսկի դիմելու կարիք չկա, վերցրու ու պատկերիր, այսպես կոչված` “նատուրան”, հանդիսատեսը միշտ էլ սիրել է սրտաճմլիկ տեսարաններ: Բայց նման “արվեստը” արդարացիորեն կոչվում է “նատուրալիզմ”, նրանում բացակայում է աշխարհի գեղարվեստական փոխակերպման պահը:
Գլոբալ այս “հումանիզմով” ոգևորված, ես էլ հորինեցի հայկական հումանիստական մի ֆիլմ.
Եվ այսպես, “Հավերժ Հայաստան” ստուդիան ներկայացնում է
“Մահից վեր” ֆիլմը

Համեստ մի մարդ, փոստատար Լերնիկը հանկարցամահ է լինում: Բայց` քանի որ նա ընտանիքի միակ պահողն էր, և կապի բաժանմունքում էլ ողբում են, թե նրա աշխատավարձով նոր մարդ որտեղից ճարեն, - ապա թաղման առավոտ Լերնիկը իջնում է սգո սեղանից ու գնում աշխատանքի: Եվ այսպես շարունակվում է մոտ մի ամիս - բարեբախտաբար, ձմեռ է, և նա շատ շուտ չի քայքայվում, աշխատանքն էլ այնպիսին է, որ սենյակներում գտնվել չի պահանջում, շատը փողոցներում է անցնում: Առավոտները Լերնիկը ֆորմալին է խմում, երեսին գրիմ դնում, և մեքենայացված, անմարդկային շարժումներով, դեմքի դատարկ ու հնազահդ արտահայտությամբ ` գնում աշխատանքի: Փողոցներում թաղմանը հանդիպելիս` նախանձությամբ նայում է հանգուցյալին, մտածում. “Պարկած էս… պատվով, դուդուկով տանում են քեզ… Իսկ ես որ պարկեմ, հիվանդ Լուսիկիս ով պետք է նայի…” Տուն գալուց, մնում է բաց պատշգամբում, տաքությունից հեռու: Տանը անելանելիության ու վշտի “թաղումնային” մթնոլորտ է տիրում – իրար հետ անգամ չեն էլ խոսում Լերնիկն ու Լուսիկը, վերջինս միայն երբեմն քնքշությամբ թռուցիկ կպչում է իր մարդու սառը ձեռքերին… երկուսն էլ գիտեն` սա լուծում չէ, երկար չի տևի, գարունը որ գա - ինչ է լինելու…
Բայց ամեն ինչ լավ է ավարտվում – Լերնիկը գտնում է մշտական աշփատանք` նրան ընդունում են Բժշկական ինստիտուտ իբրև մշտական ուսումնական դիակ: Բարեբախտաբար, Անատոմիական թատրոնում շատ լավ կարողանում են ապահովել նրա պահպանությունը, նա անգամ կատակում է - “ահա ես էլ վերջապես թատրոնում դերասան դառա”: Ուսանողները ու դասախոսները շատ հարգում են Լերնիկին, առաջիններս “ուստա” են ասում, իսկ վերջիններս դիմում են նրան “կոլեգա”:
Վերջ


23:17 Декабрь 04, 2014