Կենսագրություն

Գևորգ Տեր-Գաբրիելյանը ծնվել է 1964 թ. Երևանում, սովորել է Երևանի № 19, Ն.Կ. Կրուպսկայայի անվան դպրոցում (այժմ՝ Նիկոլ Աղբալյան), հետո՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, թուրքերենի բաժնում: Մոսկվայի համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում ուսանել է որպես ասպիրանտ 1985-1988 թթ., պաշտպանել թեկնածուական թեզ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտում՝ «Երկխոսությունը թուրքական արձակում» թեմայով: Հետագայում ուսանել է նաև Կենտրոնական Եվրոպական համալսարանի Պրահայի մասնաճյուղում, ստացել մագիստրոսի կոչում Բրիտանիայի Լանկաստերի համալսարանից՝ քաղաքագիտության և սոցիալական գիտությունների բնագավառում: Ուսանել է նաև ԱՄՆ Օհայո նահանգի Բոուլինգ Գրին համալսարանում և ստացել հասարակական կառավարման մագիստրոսի աստիճան՝ միջազգային կառավարման ասպարեզում:

Վիպակների և պատմվածքների հեղինակ է: Արձակ գրել սկսել է 14 տարեկանից, հրապարակվել՝ 16-ից: «Հրապարակ նկուղ» ժողովածուում  https://www.goodreads.com/book/show/17618647 (2012) հրապարակված է իր հայերեն գրվածքների հատընտիրը, գրված 18 տարեկանից՝ 1981 թ.-ից մինչև 1992 թ.: Հեղինակն է «Հրանտ» հուշապատում-վեպի (2007, ռուսերեն, 2018, հայերեն):

«Յաթաղան սինդրոմ» պատմվածքի եռալեզու տարբերակը հրապարակվել է որպես էլեկտրոնային գիրք 2015-ին. https://www.goodreads.com/book/show/29753959

«Անաստված կինո թատրոն» ժողովածուն (2018) ընդգրկում է 2012-2017 թթ. գրված և մասամբ համացանցում հրապարակված արձակ և էսսեներ. https://web.facebook.com/anastvackinotatron/

«Կարճ բարդիների հարցը» ժողովածուն (2021) պարունակում է 2014-2018 թթ. գրված չորս գործ:

Աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես դասախոս, «Արցախ» հայրենակցական միությունում, Հատուկ ծրագրերի կոմիտեում, ՀՀ առաջին նախագահի աշխատակազմում, Գերմանիայի Գիտության և քաղաքականության ինստիտուտում (Մյունխեն), Միջազգային տագնապ (International Alert) ոչ կառավարական կազմակերպությունում՝ Լոնդոնում, Եվրասիա համագործակցություն հիմնադրամում Հայաստանում:

Բացի նշված հիմնական աշխատավայրերից, աշխատել է նաև պարբերաբար որպես առանձին կուրսերի դասախոս մի շարք համալսարաններում տարբեր երկրներում, թղթակցել մի շարք պարբերականների:

2017-ին իր խմբագրությամբ և առաջաբանով լույս տեսավ «Հանդուրժողականության արտահայտումը հայ գրականության մեջ» ժողովածուն. https://www.goodreads.com/book/show/36547219

Խմբագրել է քաղաքագիտական և հասարակական թեմաներով մի շարք այլ ժողովածուներ և աշխատություններ, գրականության ասպարեզում՝ «Время жить. Писатели Южного Кавказа о войне» (2003) ժողովածուն: Հեղինակ է բազում էսսեների հայերեն և ռուսերեն, հոդվածների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն (հասարակական-քաղաքական, գրական և գրականագիտական-մշակութաբանական թեմաներով, միջազգային հարաբերությունների վերաբերյալ և այլն), ինչպես նաև սղագրված տեսաելույթների շարքի՝ հայերեն և անգլերեն. http://am.epfarmenia.am/am/thought-leadership/videos/jam-session-video-series/

Տեսաելույթները նվիրված են Հայաստանի սոցիալական պատմությանը, միջազգային զարգացմանը, քաղաքացիական հասարակությանը, ժամանակակից մենեջմենթին, քննադատական մտածողությանը, մշակույթին, ստեղծարարությանը և կոմունիկացիայի խնդիրներին:

Գ. Տեր-Գաբրիելյանը հանդիսանում է Կրեատիվ խաղերի և Համակարգային մտագործունեության մեթոդաբանության դպրոցի ներկայացուցիչ: Մասնակցել է մոտ երեսուն կրեատիվ խաղերի, որպես խաղացող կամ, հիմնականում՝ որպես խաղավարներից մեկը: Հեղինակ է մի շարք տեքստերի՝ մտագործունեության մեթոդաբանության տարբեր հարցերի վերաբերյալ:

Տոհմը, ընտանիքը

Հայրական կողմը սերում է Շուշի և Դերբենտ քաղաքներից. Գևորգը սերունդ է սոցիալիստ և բոլշևիկյան քաղաքական գործիչների ու գիտնականների, ինչպիսիք էին Սահակ Տեր-Գարբիելյանը և Աշոտ Հովհաննիսյանը: Հայրը՝ արվեստաբան Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությունում կերպարվեստի և թանգարանների բաժնի վարիչ աշխատելու տարիներին օգնել է բացել բազում թանգարաններ Հայաստանի մի շարք վայրերում, եղել է նաև Պետական Պատկերասրահի տնօրեն: Պապը՝ Միքայել Տեր-Գաբրիելյանը, քսաներորդ դարի երեսնականներին եղել է Հայաստանի Կենտրոնական բանկի գլխավոր տնտեսագետ, տատը՝ Լյուբով Տեր-Գաբրիելյանը, յոթանասունականներին և ութսունականներին կազմակերպել և վարել է Մանկավարժական աշխատանքի վետերանների ակումբ: Մայրական կողմը սերում է Երևանից, Թիֆլիսից և Թեհրանից, այժմ ազգականների մեծ մասը բնակվում են Կանադայում և ԱՄՆ-ում: Մայրն աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես խմբագիր, օգնելով արտադրել 60-80-ականներին ստեղծված ֆիլմերի մի զգալի շարք:

Գևորգ Տեր-Գաբրիելյանն ունի երկու որդի, ավագը՝ Ալեքսանդրը, ռուսալեզու պոետ է. https://web.facebook.com/AlexTerGabrielian

Կրտսերը՝ Արշավիրը, զբաղվում է համակարգչային գիտությամբ: