Արձակ

Երեսունյոթ


ԵՐԵՍՈՒՆՅՈԹ

«Իմ մարմինը» շարքից

Առաջին անգամ տպագրվել է «Կայարան» հանդեսում, 2019, #2

Միքայել պապս ոսկե պենսնե էր կրում և սովորել էր Լեյպցիգում, աշխատում էր Սովետական Հայաստանի պետբանկում որպես գլխավոր տնտեսագետ 1926-ից, իսկ հետո, երբ իր ղեկավարին բռնեցին, իսկ իրեն «չբռնեցին»՝ աշխատում էր Աբովյան-Իսահակյան այսօրվա խաչմերուկում գտնվող Արմենէներգոյում, որտեղ հայրս էլ էր գալիս իր հոր մոտ աշխատանքի՝ տասներկու տարեկանում, 1937-ին, որ մի քիչ փող վաստակեն, և, իր պատմելով, մետաղալար փաթաթում կոճի վրա, տրանսֆորմատորներ սարքելով: Հետո պապս, երևի, չդիմանալով այդ վիճակին՝ երբ իրեն պիտի բռնեն ու չեն բռնում, բոլորին իր շուրջը բռնել են՝ իսկ իրեն չեն բռնում, ինքն իրեն աքսորեց Ղազախստան, թողեց-գնաց ու վերադարձավ պատերազմի վերջում, հիվանդ, որից հետո քիչ ապրեց ու մահացավ 1952-ին: Այդ տարիներին հայրս շատ էր տանջվում, ամուսնացել էր շուտ՝ տասնինը տարեկանում, և ունեցել իր առաջնեկին՝ Նորիկին, որը մահացավ պապիս հետ միաժամանակ, երկու տարեկանում («լուծ կպավ ու մահացավ»). նրանք թաղված են միմյանց կողքին, պապիս թումբը մեծ է, քար չէ, արհեստական քար է, ցեմենտի մեջ լցված խճաքար է, որ կամաց-կամաց կոտրտվում է, Նորիկի քարը՝ փոքրիկ է, իր չափ բազալտի կտոր. ժամանակին նրանց գերեզմանը ցանկապատ էլ ուներ ու տարածք, հետո ես այն կորցրի, հետո՝ արդեն վերջերս, գտա. այլևս տարածք չկա, երկու որբ թումբ է՝ մեծ ու փոքր, սեղմված ամեն կողմից այլոց գերեզմանների հարձակմամբ, ասես Թուրքիայի և Ադրբեջանի:

Միքայել պապս խարտյաշ էր, բարակ, նոսր ուղիղ մազերով, բայց ոչ ճաղատ, նիհար դեմքով, Ալեքսանդրին՝ ավագ որդուս, երևի նման, ես, թեև մազերս սև են՝ իրեն նման եմ ակնոցովս ու նիհար դեմքովս, թեև դիմագծերով գուցեև մյուս պապիս եմ նման՝ մորըս հորը, Արշավիրին: Վերջինս մեծ քիթ ուներ, իմինի պես, մեծ ակնախոռոչներ՝ խորը, կնճիռներ ճակատին: Մազերն էլի ուղիղ էին: Նա մահացավ, երբ վաթսուներեք տարեկան էր, ես հիմա տասը տարի եմ փոքր նրա մահվան տարիքից, և դեռ շուտ է ասելը, թե կգերազանցեմ: Նրա կինը՝ Անահիտ տատս, մահացավ է՛լ ավելի վաղ, երբ հիսունինը տարեկան էր: Ես այդ ժամանակ երկու տարեկան էի: Ես աղոտ հիշում եմ Անահիտ տատին՝ անկողնում. ինձ բերել էին տեսության, վերջին անգամ: Արդեն հիվանդանոցից բերել էին տուն, իմաստ չկար այնտեղ պահել: Ինձ տարան նրան տեսնելու, մտքովս չէր անցնում, որ մահանալու է,  գիտեի, որ երկար ժամանակ հիվանդ է: Մայրիկիս չէի նայում, ոչ էլ հայրիկիս կամ մորաքրոջս, երեքն էլ ներկա էին, թե մտքովս անցներ, թե նրանք ի՛նչ են անում, ի՛նչ գործի են, ի՛նչ պատմական պլան են իրականացնում այդ պահին՝ դակում են տատիկիս իմ հոգու մեջ, որ հետո սա գրեմ, - իհարկե, կնայեի, կտեսնեի, մայրս արցունքն ինչպես է զսպում, խմում հեշտությամբ, քանի որ այլ կերպ չէր կարելի: Անհագ՝ նայում էի մեծ անկողնում ծանր պառկած տատիկիս, գնացող հոգին գամում էր: Մի երկու խոսք կարողացավ ասել ինձ, չեմ հիշել ինչ, հետո ինձ դուրս տարան: «Հիվանդ է, հոգնել է, լավ չի զգում: Գնացինք»: Թաղումը նրա բաց թողեցի լրիվ, իսպառ չեմ հիշում ինչպես ինձ դա ներկայացրեցին կամ ինձնից թաքցրին: Հիշում եմ միայն որ ինչ-որ պահից այլևս չկար, դա շատ անտանելի չէր, պապիկը դեռ կար:

Բացի մի շարք այլ անգամներից՝ Արշավիր պապիկին նույնպես հիշում եմ անկողնում՝ վերջին հրաժեշտներից մեկի ժամանակ, արդեն հիվանդանոցում, երբ ինձ տարան նրան տեսության: Կերա նրա համար մեզ հետ բերած միրգը: Մանդարին շատ եմ սիրում, ջրի պես ուտում եմ, նա մեկ է չէր ուտելու, ինչի՞ էինք բերել: Ծե՞ս: Լիքը կճպեցի կերա: Նա նայում էր այդ հայացքով. մի կողմից ուրախ, որ կյանքը տևում է, ահա, թոռը կա, ագահորեն մանդարին է ուտում, մյուս կողմից՝ անտարբեր, այլևս կյանքին միջամտելու ոչ հավես ուներ, ոչ ուժ, լրջով ռեակցիա տալու, երրորդ կողմից՝ վախեցած, սպասողական. «Դուք ինձ չեք հասկանա, ես այլ ճամփի վրա եմ արդեն, շատ այլ է այդ ճամփան, մութ է առջևս, վախենում եմ, ճիշտն ասած: Սովոր չեմ այս ճամփով գնալ, գիտեի, որ այն կա, բայց չգիտեի, որ ինձ հատկացվածը հենց այսպիսին է լինելու»:

Հիշում եմ նրան մինչ այդ իրենց՝ տատուպապիս Խանջյանի բնակարանում, գործից հետո հոգնած, բազկաթոռում նստած: Լիաննան՝ մորաքրոջս աղջիկը, թայակիցս, ինձ հետ պահկվոցի է խաղում, ես փնտրում եմ, թե որտեղ է: Արշավիր պապս նստած էր իր խոր բազկաթոռում, գրեթե պառկած, ակնոցն աչքին, ոտքը՝ ոտքին, թերթը ձեռքին (թերթ կարդալը՝ տարիքով տղամարդկանց անհասկանալի ծես): Ինքն այդ ժամանակ արդեն գիտեր, որ հիվանդ է, մենք չգիտեինք, թաքցնում էր: Գլխով, կզակով, աչքերով ինձ լուռ ցույց տվեց սեղանի տակը, ուր Լիաննան էր կուչ եկած: Ուրախ էի, որ հասկացա պապիս հուշումը: Ոչ միանգամից: Ինչու՞ էր պապս ինձ հուշում, Լիաննային մատնում: Լիաննան չի իմանում, որ ինձ հուշել են: Ինձ Լիաննայից ավելի շա՞տ էր սիրում: Թե՞ որ շուխուռից որքան կարելի է արագ խուսափի: Լիաննային հայտնաբերելս այնպիսի աղմուկ առաջացրեց երկուսիս միջից էլ, որ շուխուռը երբեք չվերացավ: Այդ պայթյուն-աղմուկի ահազանգը, որ պապիս փշաքաղեցրեց, սեղանի՝ ճռռացնելով մի կողմ քաշելը, որ տակը լռված Լիաննային կարողանանք դուրս կորզել – ականջներումս մնացին մեկընդմիշտ: Կյանքի պայթյունավտանգ ու նայիվ կծիկը՝ պապիս հոգնած կիսամրափն անզորորեն քանդել հավակնող: Իսկ գուցե՝ հենց այդ արագ պայթյունն էր տենչում, հույսով, որ կվերակենդանացնի:

Քաղցկեղից երկուսն էլ գնացին՝ Արշավիր պապս ու Անահիտ տատս: Տարօրինակ բան է կյանքը, նույնիսկ եթե ամենադաժանը չէ, մարդ ծնվում մի քիչ ապրում է՝ հետո սկսվում է քաղտնտեսական ճգնաժամը, երբ ընտանիք ես կազմում, երեխա ունենում, ու՝ լիքը գործ ու դժվարություն, զուգահեռ՝ տատերի ու պապերի մահվան, հետո՝ ծնողների մահվան պրոցես, հետո՝ քո ծերացման, և այդպես մեծ մասամբ ոչ մի հանգիստ պահ չունես: Պապիս թաղմանը կամ երևի յոթ օրին Ամալյան՝ տատիս քույրը, մեր նոր բնակարանում էր, այն արդեն ստացել էինք, Տեր-Գաբրիելյան փողոցում, դեռ կիսադատարկ էր, անկահույք, չորրորդ հարկում: Մարդիկ գնացին գերեզման, ինձ թողեցին Ամալյա տատի հետ, որը խոհանոցում աման էր լվանում և այլ պատրաստություն տեսնում: Ես չորս տարեկան եմ: Գրեթե գիտեի, ինչ է եղել, բայց չէի ուզում պարզորոշ գիտակցած լինել: Ոչ մեկին չէի հարցրել, ոչ մեկն ինձ ուղղակիորեն չէր ասել: Պարզապես մի շաբաթ թե կիրակի օր, ինչպես երբեմն պատահում էր, լիքը մարդ լցվեց մեր բնակարան, սուրճ խմեցին, հետո բոլորը միասին վեր կացան գնացին առանց ինձ: Ամալյա տատից, որից չէի քաշվում, հարցրեցի խաղիս արանքում, խոհանոց մտնելով, իբր չգիտեմ. «Իսկ այդ ու՞ր գնացին բոլորը»: «Գերեզման»: «Ինչու՞»: «Արշավիր պապդ է մահացել»: Այդ ուղղակի խոսքն ինձ լռեցրեց: Ես գիտեի, բայց մինչև չէր ասված՝ կարևոր չէր: Ականջովս ընկել էր, բայց չէի մտածել: Պապիկից վաղուց լուր չկար, դե մեռել է՝ մեռել է, մի օր ետ կգա՝ ինձ կտանեն իրեն տեսնելու, այդպես էի զգում մինչ այդ: Հիմա դուրըս եկավ, որ պատասխանն ուղղակի էր: Սպառիչ: Աներեսպաշտ: Սուտի արանք չկար իրականության և դրա ձևակերպման միջև: Այժմ վերջապես տխրեցի. սիրելի պապիկին այլևս չեմ տեսնի: Մինչ այժմ էլ հաճախ չէի տեսնում, հիմիկվանից՝ այլևս երբեք: Ամալյա տատի խոսքն ամեն ինչ բացատրեց: Զուրկ էր փախուստային վայրիվերումից, որ, ինձ թվում էր, մայրս էր արտահայտում, չուզելով ուղիղ ասել ինձ, ի՛նչ է պատահել: Գուցե դա իրոք այդպես էր, իսկ գուցե ինձնից էր գալիս, ի՛նքս չէի համարձակվում հարցնել ուղիղ կերպով, վանում էի գիտելիքը: Շուռ եկա և գնացի լուռ, մտախոհ խաղալու: Ինչ-որ մի շատ սխալ բան էր կատարվում, բայց անուժ էի («դեռևս») դրա դեմն առնել: «Որ մեծանամ՝ ձևը կհայտնաբերեմ ու կսաղացնեմ պապուս»: Գոնե մի պահ:

Հայրս 37 թվին տասներկու տարեկան էր, պատերազմին 16 էր, 18-ը լրացավ՝ իրեն բանակ տարան բայց բաց թողեցին, քանի որ որովայնի խոց ուներ, ուղարկվեց հոսպիտալ: Հոսպիտալն Ակադեմիայի՝ Լեզվի ինստիտուտի շենքն էր, որը վերջերս  քանդեցին, որ Կաթողիկոսի կացարան ու Սուրբ Աննան սարքեն: Համալսարանի նախկին ռեկտոր, սպանված Հակոբ Իոաննիսյանն[1] ու իր եղբայրը՝ աքսորված Աշոտ Հովհաննիսյանը[2], հայրիկիս քեռիներն էին: Հակոբի այրին պատերազմի տարիներին այդ հոսպիտալում բուժքույր էր աշխատում: Սկզբում հայրս գալիս էր այնտեղ վիրավորներին խնամելու, քեռակնոջն օգնելու, հետո՝ ինքն էր պառկած: Խավիծով իբր կիսատ-պռատ բուժվեց, այդ օրից խավիծ շատ էր սիրում, փրկություն համարում, փորձում էր ինձ էլ խավիծ սիրեցնել, ես խորշում էի, խրտնում, հեռու փախչում պատերազմական փրկություն խավիծից: Հայրս հիվանդանոցից դուրս գրվեց և 18 տարեկանում ամուսնացավ, հետո իր հայրը վերադարձավ ու հիվանդ դուրս եկավ և մահացավ, գրեթե միաժամանակ հայրիկիս նորածին որդին (Նորիկը) հիվանդացավ և մահացավ, հետո հայրս ևս երկու երեխա ծնեց առաջին կնոջ հետ՝ իմ քույրերին, Անահիտին և Մառային, հետո բաժանվեց ու մի քիչ հետո սիրահարվեց իմ մորը: Ամուսնացավ կրկին, երբ իր աղջիկները տասնյոթ և տասնչորս տարեկան էին: Իր հետ կապված կարևոր պատմություններից են, ինչպես ինքը 1942 թ. գնաց Մոսկվա ՎԳԻԿ ընդունվեց՝ դերասանական բաժանմունք, սակայն ուտելիք չուներ, շալվարը ծախեց ու քոռուփոշման, գնացքի կտուրի վրա, վարտիքով վերադարձավ Երևան: Ընդունվեց թատերական այստեղ: Էն ժամանակ նույնիսկ կտուրի տեղն էր փողով, շալվարը ծախել էր՝ որ կտուրի տոմս առնի գա: Եթե ոչ անդրավարտիք՝ ուրեմն գոնե վարտիք՝ ուներ, կարող էր վրայինը ծախել: 1917 թ. հեղափոխության մասին Արշավիր պապս բանաստեղծություն էր գրել. «Մարդիկ, մարդիկ, առանց վարտիք՝ դուրս են եկել պայքարի»: Քսանհինգ տարվա մեջ ժողովրդի գոնե մի մասը գոնե վարտիք կուտակե՞լ էր, չնայած սպանդերին ու պատերազմին:

Հայրս ջութակահար էր, երաժշտական դպրոցում ջութակ էր սովորել. տատս դստերը՝ որ ավագն էր, դաշնամուր սովորելու էր ուղարկել, ուրեմն որդին՝ կրտսերը, ջութակ պիտի սովորեր: Հայրս ջութակ չէր սիրում նվագել, իմ՝ իրեն ճանաչած ընթացքում ոչ մի անգամ ձեռք չի տվել ջութակին, երկար տարիներ այն դրված էր տանը մի որևէ տեղ, փայտյա պատյանի մեջ, հիմա չգիտեմ դեռ կա թե մեկնումեկին տվել ենք: Ընդհակառակը. հայրս սիրում էր դաշնամուր նվագել, տաղանդավոր դաշնակահար էր, ինչպես և հորաքույրս, ինչպես և հորաքրոջս տղան, ինչպես և հայրիկիս առաջին կինը, ինչպես և նրանց շրջապատը: Մինչև գրեթե կյանքի վերջին ամիսը, արդեն հիշողությունը կորցրած, հայրս երբեմն համաձայնում էր  նստել դաշնամուրի առջև, համոզում էինք, երբ նստում էր՝ սկսում էր շատ էլ լավ նվագել, թեև կամաց-կամաց պրիմիտիվանում էր իր նվագը: Թուլանում էին ձեռքերը, ծանր էր դառնում նույնիսկ կարճ մեղեդի նվագելը: Ալցհայմերը երաժշտական հիշողությունը չի վերացնում: Դա արդեն գիտական փաստ[3] է: Նա ուներ բացարձակ լսողություն:

Մայրս ինձ ունեցավ ու իր մոր, հետո՝ իր հոր հիվանդությունները սկսվեցին, շունչ քաշելու պահ չունեցավ, աշխատել էր պետք, ոտքերը ծանրացան ու էլ դարձի չեկան, էլ երբեք լրիվ առողջ չեղան: Հիմա երբ ասում եմ որ ես էլ վարիկոզ ունեմ՝ աղջկերքը կես-կատակ կես-ծաղրանք ասում են. «Երկու երեխա ես ունեցել, չէ՞»: Փոքր ժամանակից ես նկատում էի, որ մամաները հաճախ, հատկապես մեր աշխարհամասում, ունեն հաստ ոտքեր, հաստ կոճեր, ուռած: Չգիտեի, դա ինչից է, միայն հետո, հիմա, մոտ ժամանակներս սկսեցի գիտակցել, որ իմ մայրիկի ոտքերն էլ այդ պատճառով են ուռած. ծննդաբերության: Ամեն մեկի դեպքը տարբեր է, կին կա՝ շատ է ծննդաբերում ու չեն ուռում, կամ՝ դա անում է ու ուռում են, և բոլոր մնացյալ տարբերակները, մամաս միայն ինձ էր ունեցել և արդեն հերիք էր, գումարած՝ իր ծնողների հիվանդությունն ու դանդաղաարագ հանգչելը, ծխելը, կյանքը: Փոքրուց (իմ փոքրուց) նրա ոտքի վրա, սրնքամսի մեջտեղը, կողքից, կար մանիշակագույն լաքա, որ գնալով մեծանում էր. այն նման էր քարտեզի վրայի մի կապույտ երկրի, մի հսկա ամեոբայի, հիդրայի: Նեղոսի դելտային: «Դելտա» բառատառը Նեղոսից իմացա: Դելտան մայրիկիս արյան երակն էր՝ դուրս պրծած: Ապրելու մեր վճար դելտան սատանային: Կամաց-կամաց այն մեծացավ ու տարածվեց: Երբեմն, թե ուշադիր նայեիր, այն տրոփում էր: Դելտան իմ մոր տարբերանշանն էր: Մորըս ոտքը հիշում եմ փոքրուց, իսկ առաջին անգամ նրա տարիքը՝ երբ նա երեսունյոթ տարեկան էր: Այդ պահից հիշում եմ, որ երբ ինձ հարցնում էին, մայրս քանի տարեկան է՝ հպարտորեն ասում էի. «Երեսունյոթ»: Ես տասներկու տարեկան էի: Մինչ այդ նա եղել էր երեսունչորս, հինգ, վեց, երեք, երկու – ես արդեն կայի, սակայն նրան այդ տարիքներում աղոտ եմ հիշում, լուսանկարները հաշիվ չեն,  հետագա իր յուրաքանչյուր տարին լավ հիշում եմ: Երեսունյոթից հետո արդեն հաշվում էի: Այսինչ տարին՝ ա՛յս լավ բանը եղավ, այսինչ տարին՝ իրեն գործից քշեցին: Մեծանում է, ավաղ, բայց դեռ ջահել է, ոչինչ, մտածում էի, զուգահեռաբար մեծանալով: Մի՞թե նրանք երբևէ նույնպես մեռնելու են: Չի կարող պատահել: Բա ես ի՞նչ եմ անելու: Բայց կարելի է դրա մասին չմտածել, դեռ շատ ժամանակ կա: Ամենն իր հերթին: Ժամանակը գա՝ ապրումներ կունենամ այդ առիթով:

Երեսունյոթ թիվը հատուկ նշանակություն ուներ մեր ընտանիքի համար: Հայրս հաճախ էր ասում. «Երեսունյոթ թիվ»: Այդ թվին էր իր ծնողների շրջապատի, հարևանների, ազգականության սպանդը, ջարդը տեղի ունեցել: Մորաքրոջս ասելով՝ հայրս շատ էր սիրում այդ թիվը, դրա համար էլ այդ թվին ծնված մայրիկիս էր սիրահարվել: Սիմվոլիկ թիվ էր՝ ստալինյան բռնություններն արագ նշելու համար, թեև շատերը, թեկուզ նույն Սոլժենիցինը, ապստամբում էին այդպես նշելու դեմ, ասելով, որ այդ թվին միայն էլիտային էին ոչնչացնում, և նրանք, որոնք այդ թվով են սահմանափակվում ստալինիզմը բնութագրելիս՝ կեղծարար են ու «լակիրովշչիկ», և որ այդ ժամանակ ոչնչացվող էլիտան հենց նրանք էին՝ ով մինչ այդ բոլորին ոչնչացնում էին: Երեսունյոթ թիվը նաև կարևոր էր, որովհետև Պուշկինն էր մահացել այդ տարիքում, ու ես, հենց որ հասկացա, որ արձակագիր եմ՝ ինձ չափում էի այդ բոլոր հայտնի ստեղծագործողների մահացման տարեթվի համեմատ, կամ՝ որոշ հերոսների: Տասնութս լրացավ՝ մտածում էի. «Ես Դուրյան չհասցրեցի դառնալ, բայց մինչև Պուշկին չդառնալս դեռ շատ ժամանակ կա», քսանս՝ «դ’Արտանյան», քսանմեկս՝ «Մեծարենց», քսանյոթս՝ «Լերմոնտով», երեսուներեքս՝ «Քրիստոս», երեսունյոթս՝ «Պուշկին», հետո՝ Վիսոցկի, Չարենց, և այլն: Հիմա շուտով չկայացած Թումանյանը հոգումս կմեռնի: Եվ այդ թվին էր ծնվել մայրս: Գուցեև ինչ-որ ճշմարտություն կա մորաքրոջս այդ դիտարկման մեջ: Այդ թիվն իր սիմվոլիկ շուքն էր գցել մեր ընտանիքի վրա: Այդ թիվը տեսնելիս ես միշտ ինչ-որ բան եմ զգում: Մայրս երեսունյոթ տարեկան էր և արդեն ուներ տրոփող դելտա սարդը, իր սարդոստայնով, մանիշակագույն թանաքի գեղեցիկ, նուրբ լաքան սրնքամսին:

Երբ իրենց տան շքամուտքին ծածկաթվով կողպեք էին դնում, հայրս պահանջեց, որ ծածկաթիվը լինի «37», որ ինքը հեշտ հիշի: Գաղտնիք չեմ բացում, անցած-գնացած բան է, հիմա վաղուց ծածկաթվի փոխարեն տնախոս է:

Երեսունյոթ թիվը հայրիկիս հուշերում լավն ու վատն էր՝ միասին: Փարթամ աշուն, վախեցած մարդիկ, փողոցով քայլելիս՝ ծանոթները միմյանց չեն բարևում, աչքները ներքև կախած՝ անցնում են զգուշությամբ, գաղտագողի, որ իրար չտեսնեն-չտեսնելու տան, ով գիտի, ում ազգականին են տարել այս գիշեր, ում են տանելու, ով սաղ ով սալամաթ, էսօր կամ-վաղը չկամ, հետը խոսեմ՝ աչքով կտամ, բախտիս քար կգցեմ: Պուշկինի դպրոցի հանդիսավոր բացումը, Կոջոյանն աշխատում է «Սասունցի Դավթի» նկարազարդումների վրա: Էպոսի հավաքական տարբերակը, սակայն, ավելի ուշ հրապարակվեց կարծեմ՝ 1939-ին, սակայն հայրիկիս համար այդ ամենը 37 էր. որ Չարենցին, Բակունցին և այլ հեղինակներին ոչնչացնում են՝ իսկ ոչ-հեղինակային, ժողովրդական-էպոսական արվեստը՝ գովերգում, որպես իրապես սոցիալիստական:

Այդ պատմությունների մեջ ես փորձում էի իմ հիմքը գտնել, սովետական վաթսունականներին ծնված տղա էի, յոթանասնականների անժամանակության (безвременье) տիպական ներկայացուցիչ, աստծուն չէի հավատում, հայկական հարցին՝ նույնպես, սովետին՝ նույնպես, գողականությանը՝ նույնպես, ցեխավիզմին՝ նույնպես, արևմուտքի հիպնոսին գամված չէի, թեև կապույտ ջինս սիրում էի. որոշեցի, որ իմ կրոնն արվեստն ու ստեղծագործությունն է: Երեսունյոթ թիվը հորըս հակակրոնն էր, արվեստը՝ իմ ու իր կրոնը, Պուշկինն ու մայրս նույնպես խաչմերում էին մեր մոտեցումները, առավել ևս, որ Պուշկինի խաչմերուկում էինք բնակվում:

Կրտսերս ծնվեց ապրիլի 24-ին: Ավագս՝ հայրիկիս ծննդյան օրը, և նրա անունն է կրում, կրտսերս՝ ապրիլի 24-ին, չնայած մեր ընտանիքն օսմանյան գլխավոր եղեռն ուղղակիորեն չի ապրել. և կրում է մայրիկիս հոր անունը: Հետո իմացա, որ այլ հայրեր, որոնց երեխաներն այդ օրն են ծնվում, խնդրում են ծննդականում այլ օր գրանցել: Իմ մտքովն էլ դա չանցավ այն ժամանակ: Տարօրինակ էր, որ նա ծնվեց հենց այդ օրը, բայց նաև՝ սիմվոլիկ. համարենք, իմ ընտանիքով հայոց վերածնունդն էի ազդարարում, ողբից հրաժարվելը, հերիք է ֆիքսված լինել այդ օրվա սգի ու ցեղասպանության վրա, քիթը քաշել, մենք մահվան մասին չենք, այլ՝ ծննդյան, կենսուրախության, կյանքի, առաջադիմության: Երեսունյոթ թիվն ավելի եմ «չսիրում», քան ցեղասպանությունը: Վերջինիս մեղավորը, ի վերջո, ինքներս չէինք, իսկ առաջին դեպքում՝ ինքներս էինք մեր գլխին այդ զուլումն անում. դավաճանության, գործ տալու, մատնագրերի, սադրանքի ողջ սարդոստայնը՝ մորըս սրունքամսի մանիշակագույն դաջվածքաքարտեզը, մեր սեփական հասարակության, մեր ազգի հոգու հատկանիշն էր կարծես: Անմեղ զոհ չէինք երեսունյոթին: Հուսով եմ, դաս քաղեցինք, գործ տալու այդ մոլուցքը, մերձավորի հանդեպ այդ դաժանությունն այլևս չեն կրկնվի: Համարենք՝ ցեղասպանության և համաշխարհային պատերազմի ախտն էր մեջներս սողոսկել. մարդ որ ենթարկվում է կտտանքների՝ ինքն էլ է երբեմն կտտող դառնում: Ինքնակտտող: Մինչև բուժվի: Համարենք անցած:

Նույնն էլ գուցե մորըս ծննդյան տարեթիվն էր հայրիկիս համար՝ վերածննդի խորհրդանիշ: Նա ինձ պատմում էր այդ տարիների մասին դեռ առանց ջախջախելու իմ մեջ ողջ վերաբերմունքը դեպ սովետական կարգեր, պարզապես որպես կյանքի մաս, վատ մաս: Հետո կարդացի Սոլժենիցին և հասկացա, ինչ կարգերում ենք ապրում, մեկընդմիշտ: Ծնողներս ինձ չէին պարտադրում ո՛չ ներսը լինել այդ կարգերի, - թեև բոլորս էլ ներսն էինք, հայրս նույնիսկ կուսակցության անդամ էր դարձել, – ո՛չ՝ դուրսը, այլ՝ դիտող, ինքնուրույն կողմնորոշվող, որպեսզի ճիշտ գտնեմ իմ ձևը հարմարվելու: Ջալոյանը հետո Բախտինի տերմինով դա բնութագրեց՝ вненаходимость: Անժամանակության մեջ՝ աններկայություն: Հավերժության մե՞ջ ներկայություն: Մերոնք այնքան էլ դիսիդենտ չէին. իմանալով և հասկանալով ողջը, սակայն համարում էին, որ գաղափարն ինքը վատը չէ, և մանավանդ Սովետական Հայաստանի համար, քանի որ վերջինս, ահա, գոյություն ունի ու ինչ-որ իմաստներով նույնիսկ զարգանում է: Ահա, տաք ջուրն էլ սկսեցին մատակարարել: Մինչև Սովետի փլվելը, էշի՝ մեռնելը: Բայց, իհարկե, այլախոհ, դիսիդենտ՝ էին, եթե ոչ այն իմաստով, որ ակտիվորեն պայքարում էին կարգի դեմ՝ ապա այն իմաստով, որ ոչ մի իլյուզիա՝ պատրանք չունեին իրենց շրջապատող իրականության հանդեպ և փորձում էին իրենց փոքրիկ իրավասության շրջանակներում մի լավ բան արած լինել, չնայած ամեն ինչին: Համապարփակի դեմ հերոսաբար ու մի քիչ էլ ինքնահավան կերպով պայքարում էին այլախոհները, բանտ գնում, գնդակահարվում: Մերոնց կրեդոն էր ոչ թե աշխարհի դրվածքի դեմ ապստամբելով պայքարել՝ այլ համեստորեն կառուցել, պայքարել՝ միայն եթե շատ կոնկրետ կառուցելն է խանգարվում: Սովետն այնքան խորն էր շրջապատում մեր կյանքը, որ այն, թե որքա՛ն անբնական կարգ է դա՝ մեր մտքո՛վն էլ արդեն չէր անցնում վաղուց, իսկ այն, որ դա դաժան ու անմարդկային կարգ է եղել մինչ վերջերս ու հիմա էլ կարող է ամեն պահի դառնալ այդպիսին ու հիմա էլ մի նորմալ բան չէ՝ իհարկե գիտեինք ստույգ: Մեր մտքովն էլ չէր անցնում, որ այն կարող է վերանար: «Մեր մտքովը չէր անցնու՞մ»: Նայած՝ ում: Երբ ինձ՝ խակիս, 19 տարեկանում առաջարկեցին կոմունիստական կուսակցություն ընդունվել՝ մայրս առարկեց: Հայրս ասաց. «Ի՞նչ ես տղայի որոշումների մեջ խառնվում»: Երեսունյոթ թվին ծնված մայրս ասաց. «Բա որ մերոնք մի օր հետ գան»: «Բա որ մերոնք հետ գան»: Հայրս հուսահատ ծիծաղեց: Այն ժամանակ դա պարզապես խոսքի ձև էր: Հետո, շատ հետո դա կարելի էր որպես աննկունություն, որպես կանխազգացում, կանխագուշակում, իմաստություն մեկնաբանել: Մայրս չուներ քաղաքական հստակ հայացքներ: Բնածին անարխիստ էր: Նրա ծնողներն ու նախնիները քաղաքական ակտիվ դեմք չէին եղել: Բայց նա գիտեր, որ այս կարգը «մերոնցը» չէ: Գիտեր, որ կան «մերոնք»: Ու կարող է «ետ գան»: Ու ետ կգան: Ու ետ եկան: Ես, օրինակ՝ մտքովս էլ չէր անցնում:

Մայրս երբեմն մեջ էր բերում հիսունականների ու վաթսունականների ֆոլկլորը, մի օր իր մի դասախոսի մասին ասաց «խուլ սրիկա», հարցրի դա ինչ է, ասաց իր ժամանակ այդպես էին անվանում նիհար, խլեզանման, մազերը լպրծած մուգ ակնոցավոր մեծ քթավորներին: Իսկույն հասկացա, որ ես էլ խուլ սրիկայի տեսք ունեմ, ու որքան էլ նա ինձ հանգստացնում էր, ետ համոզելով, որ ոչ, ես նման չեմ խուլ սրիկայի՝ դժվար էի համոզվում: Մի օր էլ ասաց, որ իր ժամանակ առաջին իմպորտը, որ հասավ Հայաստան, չեխական էր, ու որ ամեն լավ իր սկսեց կոչվել չեխական, նույնիսկ եթե չեխական չէր, օրինակ՝ լավ կոշիկին ասում էին «չեխական կոշիկ», և նաև լավ աղջիկների մասին էին ասում «չեխական աղջիկ»: Ես կուզեի, որ չեխական աղջիկն ընկերություն աներ իմ պես խուլ սրիկայի հետ, իսկ ես ու նա ունենայինք չեխական կոշիկ, բայց դա չէր լինելու մինչև շատ-շատ հետո: Ո՛չ այն ժամանակ էր լինելու, երբ այդքա՜ն պետք էր:

Փոխարենն ունեցա չեխական ակնոց: Ինը տարեկան էի, երբ մայրիկիս ու հայրիկիս հրավիրեցին Չեխոսլովակիա, և իրենք ինձ տարան հետները: Առաջին այցս էր այլ երկիր: Պրահայում բժշկական ստուգման տարան ինձ ու առաջին անգամ ակնոց դուրս գրեցին. պարզվեց, աչքերս տարբեր չափով են կարճատես: Նաև աստիգմատիզմ ունեի, որն այդպես էլ չհասկացա, ինչ է, բացի նրանից՝ որ ստիգմա բառի հետ է կապված, կարծես մարդ խոցերից զուրկ է: Որքան հասկանում եմ, դա բյուրեղիկի մակերևույթի անհարթություններն են, ուրեմն ավելի ճիշտ կլիներ, որ դա կոչվեր բյուրեղիկի ստիգմատի՞զմ: Ինչևէ: Չեխական բյուրեղապակուց ցեխավիկները լուսամփոփ էին ճարում, ես՝ ակնոց ունեցա: Հետո արդեն, մեկ տարուց կամ ավելի, Հայաստանում գնացի բժշկի, պարզվեց, որ շատ է աճել կարճատեսությունս, դուրս գրեցին ակնոց, որն արդեն այստեղ էր արվում, հայրս ասում էր՝ հեռուստացույցի էկրանի ապակուց, թանկ էր, երկար էր արվում ու ծանր էր: Անհնար էր դարձել բասկետբոլ կամ ֆուտբոլ խաղալ ակնոցով, արմունկով կտային քթիս կջարդեին, այն ամենը, ինչ պահանջում էր և՛ հստակ տեսողություն ու արագ ռեակցիա, և՛ արագ շարժում ու ընդհարում այլ մարմինների՝ դարձել էր խաղից դուրս: Իսկ կրակում էի, օրինակ, անթերի, և կամ՝ խաղում բիլիարդ: Այն ժամանակ դե ոսպնյակներ դեռ չկային: Լինեին էլ՝ չէի դնի, աչքս օտար բան չէի կոխի: Ծանր ակնոց էր, ինքը՝ հաստ պլաստմասից, ապակին՝ հաստ ապակուց (հետո թեթև պլաստմասից սկսեցին սարքել, այն ժամանակ այդպիսի տեխնոլոգիա չկար): Ինձ չէր խանգարում ակնոցը, ուզում էի չեխական աղջկերքի կողմից սիրվել, ընդունելի լինել՝ դրանով, ինչպես որ կամ, ոչ թե դրանից պրծնելով, որ քողարկվեմ: Նաև չուզեցի վիրահատություն, համարելով, որ մարմնի մեջ կարելի է սողոսկել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Որոշ կանայք հետագայում ասում էին, որ առանց ակնոց դեմքս վայրի արտահայտություն ունի: Ակնոց կրում էի առավոտից մինչ գիշերը քնելը, շատ չէի հոգնում: Նախնիներիս մեջ ակնոց կրողը Միքայել պապս էր՝ պենսնեով: Հորաքրոջս որդին՝ ինձնից լավ մեծ, ասաց, որ ինքը «միշտ երազել է ակնոց կրել»: Առաջին ակնոցը բժշկին ստիպել է, որ զրո դիօպտրիայով դուրս գրի: Գիժ էր, ինչ էր: Գուցե մխիթարելու համար էր ասում, քանի որ ակնոց կրելը հասակակիցներիս շրջանում առնվազն նշանակում էր մեկընդմիշտ կոչվել «դոձիկ»: Ակնոցը նաև դժվարացրեց կռիվ անելը, որովհետև այն անսպասելի է թեժանում, և ասել «մի րոպե սպասիր որ ակնոցս հանեմ-պահեմ ու նոր կռիվ սկսեմ անել»՝ չի լինի: Ջղայնացած՝ ես մի երկու անգամ ակնոցս պարզապես շպրտեցի, կռվի մեջ մտնելիս, որ աչքիս մեջ չջարդվի, որ չափսոսեմ, որպես նշան՝ որ կատաղած եմ ու «բեսպրեդելշչիկ», որ ետդարձ չկա, շատ լավ պատկերացնելով, թե ինչ անհարմարություն եմ ստեղծում հայրիկիս և ինձ համար, որովհետև մյուսը պատվիրել ու ստանալը տևելու էր շաբաթներ, էլ չասած որ թանկ էր, և այդ ողջ ժամանակ կիսահաշմ վիճակում էի մնալու. բայց ի՛նչ արած. պատիվն ավելի թանկ է: Ում դեմ որ շպրտում էի՝ նա էլ էր հասկանում, որ իր բանը բուրդ է: Պուշկինյան մենամարտերին ձեռնոց էին շպրտում, ես՝ ակնոց: Կռվում էինք հիմնականում ֆիզկուլտ դահլիճի կողքի տղաների հանդերձարանում, այդ սպորտային ներքնակների դարավոր փոշու և տղուկային քթից թարմ արյան խառը հոտը մինչև հիմա ռունգներումս է, ֆիզկուլտի նորից գնալը երազումս երբեմն տեսնում եմ որպես մղձավանջ: Շպրտում էի և հարձակվում վիրավորողի վրա, ինչը շատ չէր օգնում, որ ես ինքս ինձ հարգեի, քանի որ ոտնձգությունները դեպ ինձ ավելի հաճախ էին, քան ակնոց ջարդելով հարձակվել հանդգնելս, սակայն օգնում էր, ըստ երևույթին, որ ես որոշակի, չասված հարգանք վայելեմ, դա ավելի շատ հիմա է պարզվում: Տղաները գիտեին. թե կատաղեցի՝ չափ ու սահմանս կորցնում եմ, «բեսպրեդելը» գալիս է բոլորին խժռելու, նաև որովհետև առանց ակնոց լավ չէի կողմնորոշվում ու կարող էի լրջորեն վնասել որևէ մեկին, ինչն էլ եղել է մի երկու անգամ:

Այդ կռիվներից զզվելով ապրեցի մինչև բարձր դասարան, երբ իրադրությունը կամաց-կամաց փոխվեց, ի վերջո տղաներն էլ մեծացան, մի քիչ ավելի հաշվենկատ դարձան, սակայն՝ շա՜տ մի քիչ, միկրոսկոպիկ չափով, միշտ պատրաստ՝ էլի դառնալ գիշատիչ, բայց նաև՝ ինչ-որ կերպ ամեն մեկի հարգանքն էլ հաստատվեց դասարանում, և դրա պատճառը նաև «արտաքին թշնամին» էր. պետք էր հորջորջել արտաքին թշնամի՝ որ դասարանը զգա հարձակում ու դառնա միասնական, արտաքին թշնամին այլ դասարաններն էին դարձել, այլ դպրոցներից, այլ թաղերի տղաներ, դա ստիպեց, որ ինձ էլ հանդուրժեն ու ինձ համար էլ գործ փորձեն գտնել մարտի դաշտում, ինչպես երբ ինտելիգենտը դառնում է սանիտար և ոչ թե զինվոր, կամ թեթև վիրավորին ուղարկում են ջուր բերելու ու ճաշ եփելու, այլ ոչ առաջին գիծ: Ճիշտ ինչպես պատրիոտիզմի կոչերն են՝ «մոռացեք ձեր միջի կռիվները, միավորվիր, օ պառակտված ազգ, հայրենիքն է վտանգի տակ, թե չէ կկորցնես քո փառքը», - այդպես էլ ինձ հանգիստ թողեցին: Բայց «համախմբվիր»՝ «իմ» հրամանատարությամբ ուրիշներին ծեծելու համար, ո՛չ թե ինքդ քեզ ու ուրիշներին չծեծելու:»

Աչքերս փչացրեցի՞: Երևի առանց այն էլ հակված էի կարճատեսության, գումարած՝ շատ-շատ էի կարդում ու գրում, չէ որ դաս անել էր պետք, իսկ ես աշխատում էի լավ սովորել, թեև գերազանցիկ էի միայն առաջին դասարանում, իսկ երկրորդից մինչ վեցերորդը՝ ոչ, երեքներ էլ էի ունենում քարորդներում, իսկ յոթերորդի վերջում հանկարծ կրկին սկսեցի գերազանցիկ դառնալ: Երկրորդից վեցերորդն իմ Միջնադարն էր, հետո՝ իբր Վերածնունդը: Աշխատում էի դասերս հիմնականում անել, որքան հնարավոր էր, որքան կհասցնեի, գումարած՝ կարդում էի շատ շատ: Զարմանալի չէ, որ կուզիկ էի ու կարճատես: Խուլ սրիկա էի մեծանում: Գիշերները կարդում էի անկողնում, բարձը կես ծալած, գիրքս՝ բարձի տակ, տորշերի՝ ձողաջահի թույլ լույսի տակ, որ եթե ծնողներս ներս գան՝ սուտ քուն դնեմ, բարձն իջեցնելով գրքի վրա, իբր պարզապես մոռացել եմ տորշերն անջատել, իսկ ընդհանուր առմամբ՝ ես աշխարհի ամենաանմեղ գառնուկն եմ: Բարձի տակ էի պահում նաև այլ իրեր, ինչ ասես, գլուխս խաղալիքներիս վրա քնում: Խանութ գնալուց հետո մանրը հայրիկին չվերադարձնելով՝ կուտակել ու կենտրոնական մեր սիրելի ունիվերմագից՝ նախկին «Օսոբտորգից», հետագայի «Մանկական աշխարհից», որ հիմա տարիներ շարունակ չի աշխատում, դատարկ, թեև վերանորոգված, կանգնած է սառած, ծալովի դանակ էի առել, թաքուն, մերոնց ցույց չէի տվել, թե չէ, կարծում էի, ձեռիցս կառնեին: Որ ավելի առնական ինձ զգամ: Այնքան էի հավանում՝ որ բարձիս տակ էի պահում, շեղբը՝ բաց: Գրքի կողքը դրած էր: Հայրս մտավ, բարձի կեսը ինձ թվում էր թե կայծակնային արագությամբ ետ դրի, պառկեցի, աչքերս փակեցի, հայրը եկավ կողքս նստեց: «Քնա՞ծ ես»: «Հը՜մ, համարյա», իբր քնկոտ՝ խաբեցի ես: «Բա, Գևորգ ջան։ Իսկ դու ասում ես...Ես մի ընկեր ունեի՝ Վագռամով Ռաֆիկը... Քո տարիքին էինք՝ վեցերորդ-յոթերորդ դասարան. շատ ճարտար ձեռքեր ուներ։ Ու ինչ ասես որ չէր սարքում.փայտից, մետաղից...Նկարում էր...Է, մեզնից ո՞վ չէր նկարում, բայց ինքը շա՛տ լավ էր նկարում։ Մի օր մի հատ դանակ սարքեց։ Ի՛նքը, գիտե՞ս, ծայրից ծայր՝ ի՛նքը։ Կոթին էլ գեղեցիկ նախշեր փորագրեց, շեղբն էլ փայլեցրեց, սրեց...Հոյակապ դանակ էր, ելուստիկը սեղմում էր՝ շեղբը դուրս էր թռչում։ Իսկը որսորդական դանակ»։ Ես այդպիսի զսպանակավոր դանակ էի երազում ունենալ, բայց «Օսոբտորգում» չկար: Ինքս պիտի սարքեմ, ուրեմն: Ականջներս սրեցի: «Խեղճ Ռաֆիկն այդ դանակն այնքան էր սիրում, որ բարձի տակ էր դնում ու իր դանակի հետ քնում էր։ Մի օր,չգիտես դիտմամբ թե պատահմամբ, դանակը չէր ծալել, դրել էր բարձի տակ... Քնած տեղը բարձը շարժվեց՝ դանակը բարձը կտրեց-անցավ ու դուրս նայեց. հետո ինքը ա՛յ այսպես նորից շարժվեց՝ ու հագնվեց դանակի վրա... Էդպես մեռավ, խեղճ տղան... Այնպես որ զգույշ եղիր, բալաս։ Դանակը խաղալիք չէ։ Քնելուց առաջ փակիր՝ նոր քնիր»։ Տեսնես հորինել էր, թե ոչ, տեսնես հորինել էր, թե ոչ, տեսնես հորինել էր, թե ոչ: «Մի՛ անհանգստացիր, ինձ դա չի սպառնում»: Տորշերի լույսը հանգցրեց, դուրս գնաց: Դանակը հանեցի, շեղբը փակեցի, համենայն դեպս՝ դանակը դրեցի մահճակալի տակ: Ոչ թե վախենալով, որ քնած տեղս մեջս կխրվի. շա՜տ հաստ էր բարձը: Բայց՝ քանի որ փաստորեն հայտնաբերվել էր, վառվել էր քրեական արարքս՝ մանրը չվերադարձնելով դանակ թաքուն առնելս: Բարձի տակի գրքի վրա գլուխս հարմար դարսեցի: Գիրքը գլուխս ծակեց երազում:

Դասերը բոլորն անել իհարկե հնարավոր չէր, այնքան էին հանձնարարում, և եթե օր էր լինում, երբ պատահաբար քիչ էին հանձնարարել, ու ես լրիվ պատրաստ էի լինում հաջորդ օրվան, կամ շատ էին հանձնարարել, բայց ես մի վեց-յոթ ժամ նստում ու ամեն ինչ անում էի՝ ապա հաջորդ օրը կրկին լիքը դաս կար անելու. գրաֆիկին ռեալով համապատասխանելու, պլանը կատարելու, գլուխ չպահելու հնար չկար: Գլուխ պահելը հեշտ էր, համարյա միշտ գիտեիր, ուսուցիչը երբ է հարցնելու: Միջնադարս ավարտվեց ծեծը հաղթահարելով և դասերը սովորել հասցնելու հույսը մի կողմ թողնելով, ռեալիստ դառնալով, և երբ ստրատեգիորեն սկսեցի վարվել՝ իսկույն դարձա գերազանցիկ: Այդպես ես սովորեցի Սովետի գլխավոր արժեքներից մեկը, այն, ինչ Սոլժենիցինն անվանում էր «տուֆտա», որը նույն արմատից է, ինչ՝ տուֆը, Օդեսայի դերձակների պատմությունն է, «տաֆտան» հաստ ու փափուկ կտորն է, որ փռում էին «Զինգեր» կարի մեքենայի ասեղի տակ, որ եթե կարելու շոր չկա՝ անիվը պտտելուց ասեղը մեքենայի չոր մակերևույթին չհագնի-կոտրվի: «Տուֆտա կարել» նշանակում էր կարի մեքենայի անիվը պարապ ու անիմաստ պտտեցնել: 1917 թ. հեղափոխությունից հետո իրենք առաջիններից էին, ում տարան աքսոր, Սոլովկի կղզի, ու իրենք սովորեցին և սովորեցրին, որ գուլագում միակ ձևը տակից դուրս գալու՝ տուֆտա կարելն է, տուֆտայություն անելը: Բլատնոյ և զեկային մշակույթի լեզուն խորապես ազդվել է Օդեսայի խոսվածքի և հրեաների իդիշ լեզվի կողմից, մինչև հեղափոխությունն այդ կողմերում ստեղծագործ գողականություն կար, ստեղծագործություն և գողականություն, իրար վրա ազդում էին (տե՛ս Բաբելի արձակը), հետո այդ լեզուն սփռվեց Սովետով մեկ: Ու ստեղծագործությունն այլ իմաստ ստացավ: Տուֆտայի հոմանիշներից են դասական «Պոտյոմկինի խրճիթը», «ֆառշը» («ֆալշ» իմաստով), «ֆընդըխը», «խալտուրան», հիմա նաև՝ «ֆեյքը». որ եթե առաջադրանք են տալիս՝ չեն տալիս անելու համար, այլ՝ գլխառադ անելու, ձև թափելու, իբր՝ արիր, անհետևանք տակից դուրս գալու, մնացածներին՝ վնաս: Ֆեյքը նույնիսկ ավելի ուժեղ բան է. ֆեյքն այն է, երբ մնացածներին վնասն է հենց առաջադրանքը նախօրոք. դիվերսիան և սաբոտաժը: Դե, զարգանում ենք: Զեկի ուժով Բելամոռկանալ փորել՝ էնպես, որ ծանծաղ լինի, միջով նավ չանցնի, դրսից հո չի երևում պղտոր ջրի խորությունը, վերտուխայները պարգևը կստանան՝ զեկին էլ է օգուտ. կյանք ու ուժ կխնայի, կբարիանան՝ չեն ծեծի: Շենք կառուցել՝ բետոնը գողանալ, դրսից նայես՝ կանգուն է, մի հատ ճոճես՝ փլվի: Դպրոցական համակարգն էլ մեր բետոնն էր գողանում: Մեր ժամանակը: Մեզ հասկացնում՝ որ այս աշխարհը տուֆտայի վրա է հիմնված: Ձև թափիր, թե սովորում ես, մեկ է չես հասցնելու ամենը յուրացնել: Դու ձև թափիր, թե սովորում ես, ուսուցիչը՝ թե սովորեցնում է: Ես տառապում էի ասվածի ու իրականության, նորմատիվի ու ռեալի այդ անհամապատասխանությունից, իսկ մյուս մարդկանց գերագույն մեծամասնությունը տարիներ շարունակ սովորել էր ու սովոր է մինչ այսօր էլ դրան, մտքներովն էլ չէր ու չի անցնում հարցականացնել. որ դասը հանձնարարում են տակից դուրս գալու, ոչ թե սովորելու համար, այդ իսկ պատճառով էլ հենց այդպես էլ ապրում էինք ու ենք՝ անգրագետ, քանի որ պարզապես հնարավոր չէ բոլոր դասերն իրոք անել: Եթե բոլորը դա գիտեն ու բան չեն անում այդ առիթով՝ ուրեմն դրա համա՛ր չի ուսումնական համակարգը նախատեսված, այլ՝ մարդկանց բթացնելու, իրենց կյանքը ծախսելու,  նախաձեռնողականությունից նրանց զրկելու, որ չթպրտան: Ցեմենտ գողացողը եթե չէր մտածում, որ երկրաշարժ կարող է լինել՝ տուֆտա էր անում: Եթե իր տունը պինդ էր սարքել, որովհետև գիտեր՝ ուրեմն տուֆտա չէր անում, ֆեյք էր անում: Եթե սեփական շահից բացի, սեփական քթից դենը նաև հանրային վնասը կանխատեսել կարող էր (իսկ դա դժվար չէր. իր տունը պինդ էր սարքել, ուրեմն՝ վտանգը գիտակցում էր)՝ ուրեմն ծպտյալ դիվերսանտ էր, իր ժողովրդի բարօրության դեմ գիտակցորեն աշխատող:

 Դա նույնն էր, ինչ կոմունիզմի գաղափարախոսությունը, որն օֆիցիալ միֆն էր, կյանքը՝ լրիվ այլ, և նրանց հարաբերությունը կա՛մ տուֆտա էր ստացվում, կա՛մ՝ ֆեյք, նայած գաղափարախոսը նայիվ ապուշ էր թե նաև խորամանկ: Չէի պատկերացնում, որ աշխարհում կան տեղեր, որտեղ օֆիցիալի ու իրականության միջև այդ անդունդը, այդ «մկրատը» չկա, և որտեղ, ասենք, դաս հանձնարարելիս հաշվի են առնում, թե էլ քանի՛ դաս է հանձնարարված արդեն ուրիշների կողմից, ու որքա՛ն ժամանակ կպահանջի այդ ամենը լրջով անելը: Ամերիկայում, արդեն երեսուն տարեկան, դոկտորական առարկաներ ուսանելիս, ես է՛լ ավելի շատ էի չարչարվում տնային հանձնարարություններն անելու վրա, քան սովետական դպրոցում տասնհինգ տարի դրանից առաջ, սակայն՝ զարմանալիորեն հասցնում էի. որովհետև այնտեղ հաշվված էր, թե մարդ որքա՛նը կարող է հասցնել ի՛նչ ժամանակում, և սովորեցնելն ու սովորելը, ապրելն ու գործ անելը սուտ ու տուֆտա ծես չէր, ինչպես պատահի, միայն թե առաջ գնանք առանց համոզվելու, որ ստացվել է: Որ հետո քամին փչի՝ փլվի:

 Սովորելու փոխարեն դասարանը լամբրոզոյական էքսպերիմենտներով էր տարված: Քթի մազի երկարությունը, թրաշն արդեն եկել է, թե ոչ, այլ մազածածկույթը, քթի ձևը, արդյոք ռունգներդ կարող ես շարժել թե ոչ, արդյոք ականջներդ կարող ես առանձին շարժել, թե ոչ, ականջումդ մազ կա թե ոչ, արդյոք կարող ես կոկորդով կտտոց արձակել, ծամածռությունների տարատեսակները, ճակատիդ մեծությունը, մատ ճտտացնել, ձեռքերիդ մատներն այնպես ճկել, որ ափին հակառակ կողմից դիպչեն, աղջիկների կրծքաչափսն ու կոնքաչափսը, ոտքերի ծռությունը, մազոտությունը, - ամենը քննարկման կարևոր առարկա էր դասարանի առօրյա կենցաղում: Միմյանց գանգ էինք կարկինով չափում, թեև բոլորս գիտեինք նախապես, որ արիացի ենք, թե Հիտլերը մեզ գրավեր՝ իբր չէր սպանելու: Պարապ վախտի հուսալիք: Բայց ով գիտի, մեկ էլ տեսար մեջներիցս մեկնումեկն արիացի դուրս չեկավ: Կարելի կլիներ դրան վառել:

Հանկարծ լուր տարածվեց, որ դա այդպես չի ստուգվում. որ նրանք, ովքեր իսկական հայ են՝ նրանց ականջի բլթակը լավ առանձին է գլխից-վզից, իսկ նրանք, ով հայ չեն՝ կպած: Իմն իհարկե կպած էր: «Պառաժ է», ասում էի ճարահատյալ: Դա որոշ քննարկումների առիթ դարձավ, սակայն ռասայական տեսությունը կոտր ընկավ իմ դեպքում, քանի որ ի վերջո պարզ էր, որ հիմնականում գենետիկորեն հայ էի: Ես չէի թաքցնում, ընդհակառակը, հպարտանում էի, որ հայրս ազգությամբ ռուս տատ է ունեցել, ես կարծում էի նրա ազգանունն է եղել Նատալյա Գոնչառովա, այդպես էր հայրս ասել, ու երբ մորըս հարցրի, արդյո՞ք նա Պուշկինի կնոջն ազգական է եղել, մայրս համեստաբար ու խոհեմաբար ասաց. «Գուցեև՝ ոչ, քանի որ դա կարող էր տարածված անուն-ազգանուն լինել»: Հանգցրեց իմ սնապարծության կայծը: «Բացի այդ», ասաց նա, «պարտադիր չէ, որ նա լիներ արիստոկրատներից, քանի որ բոլոր ճորտերը՝ կրեպոստնոյները, ազատվելիս ստանում էին իրենց նախկին տերերի ազգանունը»: Սակայն, մխիթարեցի ինքս ինձ, գուցեև Նատալյան հեռու ազգական էր ռուսական այդ արիստոկրատական այդ մեծ տոհմի որևէ մասի, և պարտադիր չէ, որ տաղանդը փոխանցվի ուղղակիորեն, այն կարող է նաև փոխանցվել անուղղակի արյունակցական կապերով և նույնիսկ պարզապես շփումից, ընդհանուր անունից կամ հանճարի ճորտը լինելուց)): Այնքան էլ պարզ չէր, ինչպես կարող էր Պուշկինի տաղանդը փոխանցվել իր կնոջ միջոցով վերջինիս տոհմի ճորտերին, որոնցից էլ՝ ինձ, բայց քավ լիցի: Մերոնք այնքան բարոյամիտ էին, որ բոլոր լուրերը և ողջ մոդայիկ գիտությունը, որ նվիրված էր Նատալյա Գոնչառովային փնովելուն՝ քանի որ նա Պուշկինին բավականաչափ չէր սիրել և կամ նույնիսկ «դավաճանել» էր, նրանք հերքում էին ու անտեսում, և այնպես էին դրել իմ մեջ սրբազան զգացումը դեպ ամենը, ինչ կապված էր Պուշկինի և ընդհանրապես մեծությունների հետ՝ որ ես այդպես էլ լայաղ չարեցի անձամբ ծանոթանալ այդ գործերին և հասկանալ, թե Նատալյային ի վերջո ինչու՛մն էին մեղադրում և թե ի՛նչ կա, ի վերջո, այդ բոլոր ասեկոսների տակ թաքնված: Մայրս ասում էր. «Նատալյան եղել է շատ անփորձ, երիտասարդ, շատ սիրել է Պուշկինին և շատ զբաղված է եղել ծննդաբերությամբ ու երեխաներին պահելով, և ուրեմն հակառակ բոլոր լուրերը սուտ են»: «Ինչպե՞ս կարելի էր Պուշկինին չսիրել», ասում էր մայրս, և դրա դեմ առարկություն գտնելն անհնար էր:

Լենինգրադցի քանդակագործ Լևոն Լազարև[4] հորեղբորիցս իմացա, որ այդ տատիկի ազգանունը եղել է Գոռչակովա, ոչ թե Գոնչառովա: Ինչպիսի՛ կոնֆուզ! Հիասթափություն! Գոնչառովան ավելի շահեկան էր՝ իր կապով կա՛մ Պուշկինի, կա՛մ գոնե «Օբլոմովի» հեղինակի հետ: Իսկ Գոռչակովան, թեկուզև հայտնի դիվանագետ մինիստրի մոտիկ ազգական դուրս գար, ինձ շատ ավելի անհետաքրքիր ժառանգականություն էր թվում, թեև, կարելի է ասել, դիվանագետ էլ եմ, ու նաև՝ Գրիբոյեդովն է եղել և՛ այն, և՛ այն, Կորտասարը, Լեոնտյևը (որին չեմ սիրում) և շատ ուրիշ գրողներ: Հայրս, ուրեմն, երևի, խառնել էր: Նա առանձնապես չէր սիրում իր այդ տատին: Ասում էր. «Դպրոցից գալիս էի սոված՝ իսկ նա ասում էր. «Սպասիր բոլորը կգան՝ միասին կճաշենք»: Բա էդպես կարելի՞ է, բա դա անելու՞ բան է երեխու հանդեպ»:

Հորըս պապը՝ Հմայակ Աբիսողոմովիչը, Միքայելի հայրը, իր այդ հարսնացուին դուրս էր որսացել Կասպից ծովից, երբ վերջինս խեղդվելիս էր եղել: Հանել էր ափ, կենդանացրել, բերանն օդ ներարկելով իր շուրթերից, կյանքը փրկել, սիրահարվել, ամուսնացել: Որբ աղջիկ էր, ասում էր մայրս: Ապուպապացուս և ատուտատացուս: Ուռկանով էր ջրահարս տատացուիս բռնել: Տեսնես ինչպես էր ջրահարսը Կասպից ծով ընկել և խեղդվել սկսել: Հաստատ՝ ճորտերի տոհմից պիտի եղած լիներ, փախել էր ճորտությունից: Կազաչկա էր:

Իսկ Միքայել ապագա պապս Լյուբով՝ Սիրանույշ ապագա տատիս սիրահարվել էր ձիարշավի ժամանակ. տատըս ձի հեծած արշավելիս էր եղել, հանկարծ նրա դարչնագույն հովատակը գժվել ու դադարել էր ենթարկվել և քշել-տարել էր Ալեքսանդր Գյոդակյան աղագործի դստերը՝ գազե շալի մանիշակագույն ժապավենները ետևից փողփողացնելով, ասես դելտա, երկու ոտքը՝ հովատակի մի կողմը գցած՝ կանացի թամբը հեծած: Միքայել պապս թռել էր իր սպիտակ զամբիկի վրա, հասել տատիս, նրա դարչնագույն հովատակին զսպել, ստիպել արգելակել, տատիս գրկել, զամբիկից իջեցրել, փրկել ու հետագայում տատս դարձրել: Լյուբով՝ Սիրանույշ տատս ուշագնաց չէր եղել՝ պինդ տատացու էր: Դա եղել էր Դերբենտում, որտեղ տատիս ընտանիքն էր ապրում: Այնտեղ էին տեղափոխվել Շուշուց: Ալեքսանդր Գյոդակյանը վաղուց ուներ աղի և ձկնորսաբուծական գործարանները Դերբենտում, և երբ Շուշում խժդժոց էր սկսվել կրկին՝ արագ ու հեշտ էին նրանք տեղափոխվել: Բայց դա իրենց չփրկեց: Քանի որ հորըս մայրիկի կողմի ազգանունը Գյոդակյան էր, պարզ է, որ հորըս այդ կողմի ազգականությունը շատ կոլոտ էր՝ ղարաբաղցի էին, քոթուկ բառից էր այդ ազգանունը, նախնու մականունը Գյոդակ էր: Երկու եղբայր էին, մեկը թիկնեղ ու բարձրահասակ, մյուսը՝ կոլոտ: Կոլոտին ասում էին Գյոդակ Իոաննիսյան, որ տարբերեն խոշոր Իոաննիսյան եղբորից: Այդպես ծնվեց այդ ազգանունը: Տոհմի մեր մասը դարձավ Գյոդակյան, իսկ այն բարձրահասակ մասի վերջին վերապրած ծնունդն էր ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը, որ սերունդ չունեցավ: Դե ոչնչացված Հակոբի մասին խոսք էլ չկա: Մինչ այժմ էլ, երբ Գյոդակյան կողմի ազգականները հավաքվում են, հանկարծ հայտնաբերում եմ, որ կարծես բարձր սյուն լինեմ նրանց մեջ: Իհարկե քիչ են մնացել այդպիսի ազգականներ: Թեև բոյըս այդքան էլ բարձր չէ, 178 կամ 177, նայած տրամադրությանս: Անհամբեր սպասում էի, որ բոյ քաշեմ: Լավ էի ինձ զգում, երբ մայրիկից, հետո՝ հայրիկից ավելի բոյով դարձա: Մի երկու սանտիմ ընդամենը: Դա 15 տարեկանից հետո էր, կամաց-կամաց, ու երևի 18-ում աճս դադարեց: Գյոդակ չդարձա, բայց դե բարձրահասակ էլ չես անվանի: Ֆիզկուլտի կամ բանակի շարքում բոյովների մեջ վերջինն էի, եթե լավատես լինենք:

Գյոդակյանների առանձնատունը եկեղեցու դիմացն էր, վիթխարի եկեղեցին Դերբենտի կենտրոնում է: Կառուցված է 1860-ականներին, ասում են, թե Գաբրիել Սունդուկյանի գծագրով: Ով կմտածեր, որ Սունդուկյանը նաև ճարտարապետությամբ է զբաղվել: Առանձնատան ներսում, տատս պատմում էր, մի պատին Արարատն էր նկարած, մյուսին՝ Խրիմյան հայրիկը: Քսանականներին մաս-մաս ցվրվան, ի վերջո ով սաղ մնաց՝ հանգրվանեցին Ռուսաստան կամ նորաստեղծ Հայաստան, հետո՝ Սիբիր կամ անհայտ գերեզման: Երբ ես 2000 թվին Դերբենտում էի, փորձեցի գտնել այդ տունը, սակայն չկարողացա. քաղաքում շատ քայլելը վտանգավոր էր. հայ չէր մնացել: Ինձ լավ էին ընդունում, բայց մի տեսակ՝ զարմացած, ասես բայղուշի: Վերջին հայերին դուրս էին արել 1988-ին: Այն, որ տեղահանությունն այնտեղ էլ է հասել, մեր մտքով, իհարկե, չէր անցնում 1988-ին: Եկեղեցու պատերին կային գնդացրային կրակահերթերի հետքեր: 1970-ականներին հայրս մի քանի անգամ գնաց Դերբենտ և համոզեց, որ եկեղեցին դարձնեն գոնե էթնոգրաֆիկ թանգարան: Մինչ այդ այն գոմ էր: Հայրս պատմում էր, որ այն ժամանակ նա գտավ իրենց պապենական տունը, որում ինքը երբևէ չէր եղել: Արարատն ու Խրիմյան հայրիկը սվաղի տակ էին, դարձել էին պալիմպսեստ, թափված ծեփի տակից կաթողիկոսի փեշի ծայրն ու Արաքսի մի պտղունց ծիկրակում էին: Տանտերը շատ հյուրասեր էր և առաջարկում էր գալ ու այնտեղ մնալ ամառները, քանի որ տունն իր ընտանիքի համար շատ մեծ էր, մեծ մասը՝ անբնակ: Դերբենտում այժմ լարվածություն կա, դա լարվածություն է ադրբեջանցիների և լեզգինների միջև: Մինչ այդ դա լարվածություն էր հայերի և ադրբեջանցիների միջև: Սակայն այդ լարվածությունն այլևս վաղուց այնտեղ չկա: Եվ էլ երբևէ վայ թե չի լինի: Այժմ այնտեղ այլ լարվածություն է: Երբ հայերին քշեցին՝ նրանց դեմ սարերից իջած ադրբեջանցիները ետ չգնացին. բնակեցրին հայերից մնացած հողն ու տունը՝ քաղաքի կենտրոնում, ամրոցի շուրջ: Դրանից առաջացավ նոր լարվածություն: Եկեղեցու ներսի այդ թանգարանում ես եղա 2000-ին: Այն դատարկ էր, մթոտ ու խոնավ, «տեղացիների» էթնոգրաֆիկ թանգարան էր, հայության հետք չկար: Գոնե Կարսի եկեղեցու պես մզկիթ չէր:

Կապը պարսկաստանաբնակ մեր ազգականների հետ՝ մայրիկիս կողմի, իմ պարմանի ժամանակ թույլ էր: Մայրիկիս մայրիկի հայրն ու մայրն ունեցան տասը երեխա, մնացել էր ութ աղջիկ ու մեկ տղա: Մայրիկիս պապը երևանցի էր, սակայն, լինելով բողոքական քարոզիչ, տարիներով Պարսկաստանում էր լինում և այնտեղ էլ տուն ուներ: Հեղափոխությունից հետո ութից հինգը՝ եղբայրն ու չորսը քույր, ծնողների հետ գնացին Պարսկաստանում ապրելու: Երեք քույրերը բնակվում էին Հայաստանում, որը սովետականացավ, սակայն Պարսկաստան ներսուդուրս անելը դեռևս ազատ էր:

1933-ին հարց դրվեց, որ մարդիկ պիտի որոշեն. կա՛մ գնում են Պարսկաստան և այնտեղ ստանում անձնագիր ու դառնում պարսկահպատակ, կա՛մ մնում այստեղ ու անձնագիր ստանում և այլևս չեն կարողանա գնալ-գալ ազատորեն, սահմանը փակվում է, կդառնան սովետական քաղաքացի: Այստեղի երեքից մի քույրն արդեն ամուսնացած էր, մնաց, երկուսը՝ գնացին, հետո ետ եկան, տատս՝ Անահիտը, որովհետև պապս իրեն համոզեց: Յոթը տարի համոզում էր ամուսնանալ, տատս հրաժարվում էր, հետո նամակներով մի կերպ համաձայնեց, Արշավիր պապս նամակներ էր գրում ամենուր, Մոլոտովին, անընդհատ, վերջը տատուս թույլ տվեցին, որ նա ետ գա: 1936-ին: Ահա թե ինչ հերոս էր Արշավիր պապս: Հերոսությունն այն չէր, որ յոթը տարի սիրահարված է եղել, քսանյոթ անգամ առաջարկություն արել ու մերժում ստացել: Հերոսությունն այն էր, որ ի վերջո՝ համոզել է: Ես, ասենք, տանուլ եմ տվել, միայն պարտություններ կրել նման դեպքերում: Նահանջել մեկընդմիշտ: Դե, անկամ եմ, դունչս՝ փոքր: Գուցե Պարսկաստան գնալն էլ էր ինչ-որ ձևի դաս դարձել տատիս: Ոնց էլ լիներ՝ տատս համոզվել էր ու գալիս էր:

Պապս բրիգադիր էր՝ բրիգադային մեթոդով սովորելիս իրեն բրիգադիր էին դրել գյուղատնտեսական-անասնաբուծական ինստիտուտում, այսինքն ինքն էր իր բրիգադի համար բոլոր քննությունները հանձնում, այդ պատճառով ինքը լավ սովորեց: Այն ժամանակ դեռ իրոք բան էին սովորեցնում ուրեմն, թեև՝ բրիգադային մեթոդով. երևի՝ քանի որ դեռ 1937-ը չէր եղել և բոլոր սովորեցնողներին չէին հնձել: Իր բրիգադը՝ ոչ, լավ չէր սովորում, իհարկե, թեև բրիգադից մեկը հետո ակադեմիկոս դարձավ: Իսկ պապս ավարտելուց հետո գնաց Ախտա՝ Հրազդան, դպրոցում դաս տալու, ու տատս էլ էր այդ դպրոցում դաս տալիս, թեև բարձրագույն ուսուցում չուներ: Այդպես ծանոթացան, սիրահարվեց ու հետապնդում էր մինչև հաղթական ավարտ: Երևի սիրահարվեց, որովհետև երկուսն էլ, հուսով եմ, տուֆտա չէին դաս տալիս:

Ապագա տատս գալիս էր գնացքով, տու՜, չուքու-չուքու: Ժամանակի մեքենայի գնացքն ընթանում էր դեպ պալիմպսեստ Արաքս: Հակառակ կողմից: Սահմանին փնչացնելով կանգ առավ: Ռուս սահմանապահները տատիս հարցրին. «Դուք այդքան կոկիկ բառիշնյա, ինչու՞ դուք գալ մեր կոպիտ ՍՍՌՄ»: «Ամուսնանալու»: «Դուք այդքան կոկիկ բառիշնյա, այդ ո՞վ լինել ձեր փեսացուն, որ համոզել ձեզ ետ գալ ու կարողացել իրավունք ձեռք բերել ձեզ ետ բերել հաջողացնել, իրար խառնել Մոլոտով, Կրուպսկայա, Պլեխանով, բան, այդ ի՞նչ փահլևան չլսված ձեր փեսացու: Դուք գոնե նրա լուսանկար ունենա՞լ»: Ապագա տատս հետը մի նկար ուներ՝ կասավառոտկայով լոշտակ Արշավիրը, ականջի բլթակը՝ գլխից հեռու՜-հեռու, սիրունատես չէր, դոշին կպցրել էր տատուս լուսանկարն ու այդպես նկարվել, ուղարկել տատուս՝ նամակի մեջ: Հանեց ցույց տվեց: «Հա-հա-հա. մի՞թե սրա համար արժե ձեր փափուկ Պարսկաստան թողնել, ետ գալ մեր կոպիտ բանվորական ՍՍՌՄ»:

Լավն էին ուզում տատիս, որ չգա, գլուխն ազատի, բայց սխալվում էին. արժեր, էգոիստաբար եմ ասում, թե չէ ես չէի լինի ու այս կյանքի անցողիկ ու դառը բերկրանքը, թեկուզ ժամանակավոր, չէի ճաշակի:

Սահմանապահները խրխնջացին: Ստալինը ժպտաց բեղի տակ: Մոլոտովը ծոծրակը քորեց: Նրա կնոջը՝ Ժեմչուժինային, Ստալինը դեռ չէր բռնադատել: Արշավիր պապս, լեզուն խնամքով հանած, քիմիական մատիտը թանաքոտելով՝ շնորհակալական նամակը գրեց Մոլոտովին: Անահիտ տատս անցավ Արաքսը՝ ԽՍՀՄ սահմանը: Դեպ ներս: Շուտով սկսվեց 1937-ը: Ժամանակի մեքենան տեղ հասավ: Հայրիկիս հարազատներին ու բարեկամներին հնձեցին: Մայրս ծնվեց:

2017-2019 (հուլիսի վեցի տարբերակ)

 

[1]Այստեղ 18.19-ից տե՛ս Հակոբի մասին կարճ պատմություն. https://youtu.be/mJ2kY9GZfY4

[2]Աշոտի մասին հայրիկիս պատմածներից. http://www.aravot.am/2014/06/18/472246/

[3] https://bigthink.com/news/ever-get-the-tingles-from-listening-to-good-music-that-part-of-your-brain-will-never-get-lost-to-alzheimers

[4]https://www.gtergab.com/files/uploads/English%20book/LevonLazarevArmRep12-15-2007.pdf

https://get.google.com/albumarchive/100173203759025223880/album/AF1QipNmXzd57dqqxiYVg4erPpwhUiFC4c3At2PsJph9

 


23:30 Հոկտեմբեր 06, 2019