Բլոգ

«Իշխական» ոճի առանձնահատկություններից


Լեզվի կոմիտեի հորդորակի առիթով. https://www.aravot.am/2019/04/03/1033509/

(օգտագործում եմ Լեզվի կոմիտեի հորդորակի որոշ օրինակներ)

 

Պատկերացնենք լեզվական ոճերի մի տիրույթ, որի մի բևեռի շուրջ կուտակված են «ծանր» ոճերը՝ օֆիցիալ-պաշտոնականից մինչև անիմաստ բյուրոկրատական «վոլյապյուկը», իսկ դեպ մյուս բևեռ են ձգտում այլ ոճերը՝ նեյտրալից դեպ ազատ, խոսակցական, հումորային, ոչ օֆիցիալ, ինտիմ, հեգնական, ծաղրական, գռեհիկ, «ցածր» և այլն: Սովորաբար կարելի է նկատել, որ օֆիցիալ ոճը, որպես կանոն, մյուսների համեմատ ձգտում է երկարաբանությունների:

Այդ երկարաբանությունների պատճառը, իմ վարկածով, ինչպես նաև համաձայն որոշ հետազոտությունների (Միխայիլ Բախտինը որպես դասական դեպք), այն է, որ օֆիցիալ ոճի նպատակներից է հանդիսավորություն, ծիսականություն հաղորդել խոսքին, որպեսզի այն հնչի ավելի նշանակալի (հաճախ՝ ավելի, քան իր «իրական» ասելիքն է), և դրա նպատակը, իր հերթին, իշխանության՝ իշխի ազդակի հաղորդումն է[1]:

Երկարաբանությունը մի քանի ենթանպատակ է հետապնդում.

ա. Այն հայտնում է, որ «պիտի լսես». «երկար ձևերով եմ խոսելու, սակայն, քանի որ ես իշխի անունից եմ խոսում՝ ճար չունես. պիտի համբերատար լսես, ինչ էլ ասեմ: Ժամանակդ վատնելու եմ (իշխելու եմ ժամանակիդ ու ուշադրությանդ վրա)՝ իրավունք ունեմ, քանի որ իշխ եմ (կամ իշխ եմ արտահայտում, կամ իշխի անունից եմ խոսում)»:

բ. Երկարաբանությունը շեղում է մարդու ուշադրությունը և թույլ չի տալիս խոսողի խոսքը կտրել՝ առարկելու համար նախորդ ասվածի վերաբերյալ: Այդպիսով, այն, եթե լեզվաբանական ֆրեյդիզմի կամ սոցիոլոգիզմի լեզվով ասեմ՝ քչացնում է հեղինակությանը մարտահրավեր նետելու, նրա դեմ ապստամբելու հավանականությունը. ուզում ես առարկել նախորդ ասվածին՝ սակայն դիմացինդ միտքը դեռ չի վերջացրել, և մինչ վերջացնի՝ արդեն ուշադրությունդ շաղվել է, ու առարկել, իշխի խոսքը կտրել չես հասցնում: Ո՞ր մասին առարկես:

«2014» էսսեում[2] ես փորձել եմ ցույց տալ, որ «իշխական» դիսկուրսի անիմաստացումը (երկարաբանությունն էլ իմաստի «ջրիկացման» ձև է և, ուրեմն, թեթև անիմաստացում կամ անիմաստացման առաջին ստադիաներից), ի վերջո, ձգտում է կատարելության. որ լինի զուտ «սպիտակ» աղմուկ, որին դու («հպատակդ») ենթարկված ես ipso facto:

գ. Սոցիալապես այն ինքնակարևորություն է հաղորդում խոսողին, ասոցացնելով իրեն իշխի հետ, որը միշտ երկարաբան է, «լուրջ» (անհումոր) և անառարկելի:

դ. Բանավորի դեպքում սրան ավելանում է նաև մեկ այլ՝ էլի իշխի հետ առնչվող, սակայն՝ ոչ քաղաքական իշխի, այլ անձնական իշխի հետ առնչվող մի գործոն. քանի որ բանավորում լեզուդ մտքիդ ետևից չի հասցնում, հաճախ ընտրում ես երկարաբանությունը կարճ տարբերակի փոխարեն, որպեսզի հասցնես մտքերդ դասավորել ու հնարավորինս քերականորեն գրագետ արտահայտես միտքդ: Ինքս եմ նկատել, որ երբեմն, չսիրելով իսկ «նմանատիպ» բառը, որի փոխարեն դեպքերի 90 տոկոսում կարելի է ասել պարզապես «նման», այն օգտագործում եմ բանավոր խոսքում՝ ժամանակ շահելու ու մտքերս դասավորելու համար: Իհարկե, սա նաև թույլ է տալիս ձև թափել, իբր իշխի անունից ես խոսում կամ՝ «իշխորեն», և ուրեմն հեղինակություն ես (կամ՝ «հեղինակությանն» ասոցացված), և կրկին ավելի «համոզիչ» կամ «անխոցելի» ներկայացնել տեքստդ:

ե. Այսինքն երկարաբանությունը՝ ասոցացվելով օֆիցիալի և իշխի հետ, նաև «անսխալականության» հավակնություն է արտահայտում. եթե ասում ես մի բան, որը իշխի ոճով է հնչում՝ ավելի պաշտպանված ես քո ասելիքը զգում, կարծես թե, հնարավոր անհամաձայնության «ոտնձգություններից»:

զ. Այս տենդենցներին գումարվում է հասարակական սովորությունը. որքան ավելի է սովոր հասարակությունը հենց վերը նշված վարքային ձևանմուշին (շաբլոնին, կաղապարին), այնքան ավելի մեծ է գայթակղությունը և հեշտ է՝ հենց այդպես էլ վարվել: «Ճշմարտությունն ասելը հեշտ ու հաճելի է» միայն այն դեպքում, եթե Քրիստոս ես կամ՝ հանրությունդ այդպիսին է ու քեզ այդպես է դաստիարակել: Այլապես՝ «հեշտ ու հաճելի է» վարվել (և ուրեմն նաև խոսել, գրել) այնպես՝ ինչպես ընդունված է: Ադապտացվել, ծպտվել, «չերևալ», շարքից դուրս չթռչել, վեր չցատկել, որ իշխն ու ամբոխը գլուխդ չուտեն կամ՝ քեզ թվում է, թե կուտեն: «Ես գիտեմ, որ ես հավի կուտ չեմ, իսկ հավը գիտի՞»:

Այդպիսով, երկու տարբերակից՝ ավելի կարճ և ավելի երկար, հաճախ օֆիցիալ խոսքում ընտրվում է ավելի երկարը, և արտահայտվողին այդ առումով ավելի շահեկան է թվում ասել «Ծաղրածվությունը ներողամտորեն գովվեց մեծահոգի ղեկավարի կողմից», քան թե՝ «Մեծահոգի ղեկավարը ներողամտորեն գովեց ծաղրածվությունը»: «Ծաղրածուն չենթարկվեց մահապատժի ներողամիտ և մեծահոգի մեր իշխի կողմից, այլ դատապարտվեց ընդամենը երկու հարյուր մահակի», քան թե՝ «Իշխը ծաղրածվին մեծահոգորեն դատապարտեց երկու հարյուր մահակի»:

Իշխի հետ հարաբերություններին է նաև անմիջականորեն առնչվում կրավորականությունը, և ոչ միայն իր՝ ավելի «երկար» լինելու շնորհիվ, այլև՝ բուն իմաստի: Ներգործականությունը նշանակում է ենթակայի վճռականություն, գործ, արարք անելու կարողություն և նույնիսկ կամք[3]: Այն նաև հստակ պատասխանատվություն է ենթադրում. եթե ենթական է արել տվյալ արարքը՝ ինքն էլ պատասխանատու է դրա համար: Մինչդեռ իշխը ձգտում է իր հետ հարաբերությունը որքան կարելի է հեռվացնել և՛ իր անմիջական «օբյեկտից» (հպատակից), և՛ պատասխանատվությունից: Իշխի հին արքետիպն է՝ գործել այնպես, ասես «իմ փոխարեն, իմ անունից, իմ միջոցով գործում են պատասխանատվությունից «վեր» գտնվող, պատասխանատվության անենթակա «վերին» ուժերը»:

 

Լեզվի և սոցիալական հոգեբանության մեջ իշխի այդ արքետիպային մնացորդները պահպանվում են ավելի երկար, քան իրականության: Եթե նույնիսկ տվյալ քաղաքական իշխը հեռու է իրեն աստվածային նախախնամություն և երկրիս երեսին աստծո կուսակալ հայտարարելուց, լեզվի և սոցիալական հոգեբանության մեջ այդ տենդենցները պահպանվում են, մանավանդ որ ժողովրդավարական համակարգերը դեռևս մնում են երիտասարդ և անկայուն, հատկապես մեր տարածաշրջանում, և իշխի «աստվածացման» տենդենցները հենց քթներիս տակ են. նախկին իշխանությունը ժողովրդից իր հեռավորությամբ այդ հաղորդակցությունը և ոճը ձևավորել է ձգտել անկախության ողջ ընթացքում, թեև վախվխելով, իսկ Ռուսաստանում, ասենք, ակտիվորեն այդպիսի աշխատանքներ են տարվում (sic! կրավորական – որովհետև վախենու՞մ եմ ունայնորեն իրենց անունը տալ, թեև հայտնի է, թե ովքեր են «փիղը սենյակում», որ իբր «չեն երևում»))) արդեն մի շարք տարիներ:

Դրական իմաստով՝ մի քանի անգամ նշել եմ[4], որ անկախության շնորհիվ Հայաստանում զարգացան այն ոճերը, որոնք շատ թերզարգացած կամ ռուսիֆիկացված էին խորհրդային նախկինում (գուցե ինչ-որ չափով կային մինչ այդ, բայց ոչ այդ մասշտաբի). պառլամենտական հռետորաբանությունը, միտինգային հռետորաբանությունը, ինքնիշխան պետության օրենքի և բյուրոկրատական լեզուն և այլն. մի շարք ոճական ռեգիստրներ, որնք հատուկ են պետականություն ունեցող հասարակությանը և ազգային լեզվին և սովորաբար բացակա են պետականությունից զուրկ լեզուներում:

Այսպիսով, իշխի արտահայտումը, իշխն արտահայտելը, իշխի ինքնարտահայտումը, իշխի անունից ելույթ ունենալը, իշխը հարգելը և նման տենդենցները (իշխի արխայիկ[5] ընկալման դեպքում) ձգտում են ոչ միայն երկարաբանության, այլև՝ իշխին վերաբերող կամ պատկանող խոսքի՝ «օբյեկտից» («հպատակից») որքան կարելի է հեռացման և մեկուսացման: Դա ևս իշխի խոսքի ծիսականության և պաշտոնական խոսքի կարևոր ոճական հատկանիշներից է: Դրան գումարած՝ այդ խոսքը նաև ձգտում է «պատասխանատվությունից վեր» ոճի, և կրավորականը դրան հասնելու միջոց է: Եթե «դեպքը կատարվեց»՝ մարդը սպանվեց կամ կողոպտվեց, բերքը փչացավ, անասունը հիվանդացավ, հոտն անկում ապրեց, պատերազմը տանուլ տրվեց, «սուզանավը («այն») խորտակվեց» (Վ. Վ. Պուտին) և այլն, ապա այդ բոլոր դեպքերը կարելի է ներկայացնել որպես.

ա) իշխի կողմից չարված կամ նրա պատասխանատվությունից դուրս և ուրեմն՝ նրա աստվածային ամենակարողությունը չհարցականացնող, ինչպես նաև, եթե պետք է՝

բ) արված նրա՛նց կողմից, ում պետք է հայտնաբերել և ոչնչացնել. (թաքուն) թշնամու, «մեր վատն ուզողի», հաճախ՝ «ներքին»:

Սա նաև ասոցացվում է արխայիզմի ևս մի կարևոր հատկանշին՝ «ջայլամի երևույթին». «Չի ասվել՝ ուրեմն կարծես չկա»:

Կրավորականությունը նաև կարևոր է օֆիցիալ դիսկուրսների ամենա«իշխային» դեպքերում. «անանձնական» օրենքի: Այն, օրինակ, թույլ է տալիս Մարդու արժեքը ստորադասել օրենքի ուժին: «Խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը» արտահայտությունը նաև ունի արխայիկ արժեքային իմպլիկատուրա («ներհետևություն» - հորինեցի տերմինը), ըստ որի Մարդու ուժերից վեր է այդ զանցանքը կամ հանցանքը չկատարելը, (քանի որ) նա իր սեփական կամքի, մտքի, հոգու, ինքնության Տերը չէ: Անօրինական գործողությունը կատարվեց, պարզապես կատարվեց՝ Մարդուն ընգրկելով իր հորձանուտի մեջ, և ահա այժմ Մարդը պիտի պատասխան կրի դրա համար: Գրեթե «Ահեղ Դատաստանային» հոգեբանություն կա ներունակված՝ այս կրավորական դարձվածքում:

(Շեղում. Հետաքրքիր է, որ, չնայած Մարդն է գլխավոր արժեքն այս աշխարհում և նրա իրավունքները՝ սակայն նույն աշխարհը ձգտում է «անանձնական» օրենքի, որովհետև «անձնավորված» օրենքը վոլյունտարիզմն է: Այս մասին արժի հետո էլի մտածել):

Այդպիսով. երկարաբանություն. «հեռավորացում» (դիստանցիայի աճ). կրավորացում. ահա որոշ ոճական միջոցներ, որոնք հանդիսավոր պաշտոնական ծիսական իշխային ոճն օգտագործում է՝ պահպանելու աշխարհն այնպիսին՝ ինչպիսին այն կա արխայիկ իշխի կամ նրան ծառայող մանկլավիկների աչքում և նրանց շահավետ: Կամ նրանց, ում թվում է, թե նրանք դրանով այն պահպանում են, քանի որ աշխարհը վաղուց դրանից առաջ է անցել, և այժմ խոսքը ոչ այնքան բուն հրովարտակների և սուրհանդակների մասին է, որքան՝ դրանց ոճական արքետիպը պահպանած լինելու և հաճախ՝ (ինքնա-) ծաղրանքի նպատակով, ինչն էլ հենց օգտագործվում է երգիծական և գեղարվեստական ոճերում:

Այս խնդիրները բավական ուսումնասիրվել են ժամանակին խորհրդային այլախոհական կամ կիսադիսիդենտական հետազոտողների կողմից (նշածս Բախտինը որպես այս խնդրի հետազոտման դասական), ինչպես նաև Արևմուտքում, և հիմա էլ կարևորվում են քննադատական մտածողության կարիքի մեծացմանը զուգընթաց, սակայն ես վաղուց չեմ խորացել նոր հետազոտությունների մեջ, որ տեսնեմ, թե ինչ նոր բան է ասվել այս մասին: Ի վերջո, խոսքի այս հանդիսավորությունն ու պաշտոնականությունն առաջին անգամ արտահայտվել է քրմերի լեզվում, սրանից է ծնվել պոեզիան: Հենց Աստվածաշնչի բուն լատիներենը չհասկանալը կաթոլիկների կողմից՝ նույն պատմության մասն է, և Լյութերի հեղափոխությունը հենց դրա մասին էր. «աստված (կանոնը, օրենքը, արժեքը, ուխտը) ինձ հետ խոսում է իմ պարզ ու հասկանալի լեզվով»:

Վերջին խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ այսօր այս հարցի կապակցությամբ՝ քերականական-ոճական աղավաղումն է (ինչպես երբ կրավորականը չի պահպանվում քերականորեն, թեև պահպանվում է ոճականորեն). «Ղեկավարի կողմից... որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո…», «…ամուսիններից մեկի մահվան կամ դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով» և այլն: Կրկին, ինչպես նշել եմ «2014»-ում՝ ոճական ծայրահեղ աղավաղման և քերականական խեղաթյուրման առաջնային նպատակն է՝ Մարդուն («հպատակին») վերջնականապես մոլորեցնել: Իշխը դրանով ցույց է տալիս իր ամենազորությունը, նույնիսկ քերականական կանոնները խախտելու (քրմերից սկսած մինչև մոդեռնիստական քաղաքակրթության ամենաուժեղ տաբուներից՝ պատվիրաններին բավական մոտ կանգնած) իր իրավունքը. «ես կխախտեմ, իսկ դու, միևնույն է, ինձ պիտի ենթարկվես»: «Պետք չէ, որ դու հասկանաս, հերիք է, որ ես հասկանամ և մեկնաբանեմ ինչպես ուզեմ»:

Շատ ակնառու օրինակ է այն ոճական-քերականական խախտումը, որ օգտագործել են Ստրուգացկի եղբայրները բյուրոկրատական լեզուն, հոգեբանությունը և բուն երևույթը ծաղրելու նպատակով. «Ты не теряйте время, - сказал Фарфуркис. – Твоё дело читать, вот и читайте. И разборчиво» («Сказка о тройке»): Անգրագետ օֆիցիալ-պետական լեզուն կամ պետության ներկայացուցչի լեզվաոճական անգրագիտությունը, բացի շատ կոնկրետ պատմական հիմքեր ունենալուց դասակարգային հեղափոխության երևույթի մեջ (որը նաև, խոշոր չափով, «հների» գրագիտության և «քերականության դիկտատի» դեմ էր, ինչն էլիտիստական էություն ուներ), նաև կրկին ցուցադրում է իշխի իրավունքը՝ լինել քերականորեն անգրագետ (քանի որ իշխն է բարձրագույն գրագիտությունը) և չնայած դրան՝ «վերջնական խոսքի» հավակնություն ունենալ և պարտադրող լինել ձգտել:

Իշխի ոճերի տարբեր դրսևորումները քննարկվել են և՛ գիտականորեն, և՛ գեղարվեստականորեն: Բայց, երևի, ոչ բավարար չափով, հատկապես մեր իրականության մեջ և մշակույթում: Ես ինքս այդպիսի մի քանի փորձ եմ արել «Հրանտում»[6], օրինակ, նշելով, որ դերբայական բարդ դարձվածքների փոխարեն ստորադասական ենթակայական տարբերակներն օգտագործելը շատ ավելի հարիր է նորմալ հայերենին. «Ղեկավարի կողմից... որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո…»-ի փոխարեն՝ «Երբ ղեկավարը որոշումն ընդունել է և թույլտվությունը տվել է», և այլն:

Նաև ծայրահեղ աբսուրդիստական ծաղրանքի եմ ենթարկել ստալինիզմի, տիպական սովետական ինքնախարազանման, ինչպես նաև «Պրավդա» կամ «Կոմունիստ» թերթերի ոճը.

«Ընդունում եմ, որ իմ, ըստ էության հակասովետական, դիրքորոշմամբ է՛լ ավելի եմ նեղացրել սովետական լայն մտածողության և կյանքի ուղին, որ ընդգրկել է ողջ աշխարհը և մասնավորապես իմ փոքրիկ երկիրը, և դրանով իսկ օբյեկտիվորեն նպաստել սպիտակ-էմիգրանտների տեռորիստական գործունեության, մանրբուրժուական փտած նացիոնալիզմի, այլևայլ հերձվածողների (տառասխալը հատուկ է արված), սովետական հասարակարգի ու մեր սոցիալիստական համակեցության հիմքերը խարխլող ժողովուրդների թշնամիների, մասնավորապես թուրքական խավարապաշտության մանրբուրժուական վիշապի և դաշնակցական  հերետիկոսների ամրապնդմանը: Ցավում եմ, որ բռնել եմ խաբեության, երկերեսանիության ու ստեղծագործական ահաբեկչության ուղին, որի արդյունքում ինքս էլ հանգել եմ ստեղծագործական ու մարդկային լճացող կործանման ու այսպիսի կոլապսի եմ հասցրել սովետական մարդկանց մի ամբողջ սերնդի՝ առաջնորդությամբ  սոցիալիստական աշխատանքի քառակի հերոս Լեոնիդ Իլյիչ Լենինի: Դիմում եմ սոցիալ-կոմունիզմի կուսակցությանը և իր հավատարիմ լենինյաններին՝ ընկերներ Չեռնենկոյին ու Անդռոպովին, ինչպես նաև Հայրապետյանին, իմ հանդեպ կիրառել ամենախիստ պատիժը, և, գիտակցելով իմ հանցանքը, պատրաստ եմ աղիողորմ ու անողորմ արցունքներով քավել կուսակցության և, իհարկե, ինցեստային հակվածություններ չունեցող ու պաշտոնյաների ձախ ոտքի բութ մատին բոլորովին չնմանվող կուշտ ու շնորհակալ կոմերիտուհիներ բուծած բազմաչարչար սովետական և հայ ժողովրդի առջև ունեցած մեղքս: Մարքսիզմ-լենինիզմի առջև հանդիսավորապես երդվում եմ, որ հետագայում ևս կշարունակեմ ջուր լցնել մեր ընդհանուր թշնամու ջրաղացին՝ դրանով իսկ ամրապնդելով մանրբուրժուական նացիոնալիզմի սկզբունքները, ու քանդելով մարքսիզմ-լենինիզմի հիմքերը, ազնվորեն ու նվիրվածոյաբար ծառայելով իմ հայրենիքին, կուսակցությանը, գաղափարախոսությանը, Լենինին ու ժողովրդին, իմ համերկրացիների հոգիներից ու ծոցից ավլել-սրբելով անարխիստական փսևդոինդիվիդուալիզմի ծովից-ծով հայրենադարձ ու վնասակար մնացուկները: Ամեն»:

Սակայն իշխի (ինքնա) պարտադրվող ոճերի՝ արձակում օգտագործելն այլ մեծ թեմա է: Հուսով եմ, ի վերջո մշակույթը հետազոտողների մեր նոր սերունդները պատշաճորեն դրան կանդրադառնան:

 

[1] Օֆիցիալի և իշխի հարաբերության մասին փոքր-ինչ խոսում եմ այստեղ. http://www.epfarmenia.am/index.php/hy/video/facilitation-skills-Gevorg-Ter-Gabrielyan

 

[2] https://www.gtergab.com/hy/news/publicism/2014/87/

 

[3] Կամքը որպես ենթակայի ատրիբուտ քննարկել եմ այստեղ. https://www.gtergab.com/ru/news/methodology-2/a-methodological-attempt-to-discuss-creativity/113/

 

[4] Օրինակ՝ https://hromadske.ua/ru/posts/Yazyk_Na_Urovne_Dnk

 

[5] Արխայիզմի ու իշխի կապը հայտնի է: Արխայիկ մտածողության որոշ հատկություններ տե՛ս քննարկված այստեղ. http://epfarmenia.am/hy/video/Archaic-thinking-part2

 

[6] https://www.goodreads.com/book/show/42441099

 


13:19 Ապրիլ 06, 2019