Տարվա ավարտը (1992)
ԳՏԳ-ի պատմվածքը, գրված 1992-ին, հրապարակված «Անկախությունում» 1992-ի հունվարին, և վերահրատարակված 2012-ին այս ժողովածուում:
Տարվա Ավարտը
«Ես ապրում եմ մեքենաբար»,- ասաց ինքզինք Զարիկյանը: «Ես աշխատում եմ մեքենաբար», մռմռում էր նա կյանքի աղմուկին համահունչ:
Զարիկյանն ամեն ինչի մասին ուներ իր կարծիքը: Աստված, ինչի մասին ասես, որ նա չուներ իր կարծիքը: Օրական գնում էր տասնյակի չափ թերթ և մանրամասն կարդում, չհամաձայնելով: Աշխատանքի տեղը սպասում էր անհամբեր ընդմիջմանը, որ ճաշի հետ հարձակվի թարմ թերթերի վրա: Դատարկ էր օրը, երբ թերթ չկար: Փոստին չէր վստահում, ինքն էր գնում: Թերթերը թանկանում էին, օր էր լինում` փողը չէր հերիքում: Սկզբունքորեն գերադասում էր տեղականները: Ի՞նչ էր փնտրում, ի՞նչ էր կորցրել: Ոչ լուրեր: Բնավ: Լուրերն ինքն էլ գիտեր: Ինքն էլ չգիտեր ինչ… Անակնկալ կանչ, որ դու մեզ ախր պետք ես, Զարիկյան: Որ մենք քեզ պետք ենք: Ամսագրերն ուշանում էին, բացակայում: Ուզած-չուզած` խժռում էր թերթերը: Ու դեն նետում: Համարյա ոչ մի հեղինակ հոդված գրելիս հաշվի չէր առնում, որ այն կարդալու է բծախնդիր Զարիկյանը:
…Մոսկվայի թերթում ադրբեջանցի մտավորականն ասում էր, որ եղբայրական հայ ժողովուրդը պիտի վեջապես ուշքի գա, անհարմար է, չէ՞, վերջապես, որքա՞ն կարելի է սեփական արյունարբու պնակալեզներին կուտ տալ, պետք է ետ կանչել մանկուց ոճրագործի պչրատոչոր հայացքներով այդ ահաբեկիչներին ադրբեջանական սուրբ հողից և հաշտություն կնքել, չէ՞ որ աշխարհում մեր ժողովուրդների պես ուրիշ երկու եղբայրական ժողովուրդ չկա, որ այդքան նման լինի միմյանց իրենց հնադարյան պատմությամբ, մշակույթով, խոհանոցով և դե հատկապես իրենց երաժշտությամբ:
… Տեղական թերթում Գարի Կասպարովը մեղադրվում էր, որ հայրենասեր չէ` Հայաստան չեկավ երկրաշարժին, իսկ, այ, Կարպովը… Որ սկզբունքային չէ` կուսակցությունները հաճախ է փոխում: Իսկ, այ, Կարպովը... Ակնարկվում էր, որ նա գրեթե պայման է ինչ է կապել Կարպովի հետ` ոչ ոքի անել… Բայց թերթն ուշացել էր. մինչ երկու օր ուշացումով հասել էր կրպակ` Զարիկյանը երեկ հեռատեսլից իմացավ, որ Կասպարովը փայլուն հաղթանակ է տարել ու պարգևի գումարը հատկացրել նախկին բաքվեցոնց: Զարիկյանը փրփրեց. մարդն այնտեղ խաղում է, իսկ այստեղ հոդվածներ են գրում: Նա խորասույզ, անտեղյակ՝ խաղում է: Սա այստեղ` գրում:
Սատանան բան մռթմռթաց Զարիկյանի ականջին:
- Պիտ պատասխան գրեմ, - սպառնաց Զարիկյանը կողքին աշխատող Պետիկին:
- Գործ չունես:
Պետիկը շատ էր ռելսերին պառկել: Հայտնի ռելսին պառկող էր: Այնքան էր պառկել, մինչև որ քիմկոմբինատը փակել էին, մինչև որ նա թողնի գնա, իսկ հետո երբ բացել էին` Պետիկին մի որոշ ժամանակ տարել էին հիվանդանոց:
-Չէ ու չէ,- ասաց Զարիկյանը:- Պիտի:
-Մեկ է չեն տպի:
-Կտպեն: Եթե ուզեն` կտպեն: Հիմա որոշ բաներ փոխված են:
-Եթե ուզեն, միշտ էլ կտպեին: Բայց Աստված չանի պետքները գա` ու տպեն: Անունն են փոխել, թերթը հո նո՞ւյնն է:
Ոչինչ չի՞ փոխվել: Չի կարող պատահել: «Մի՛ լսիր»,- ասաց սատանան:
18:54 Հունվար 02, 2015


