Հրապարակված գրքեր

Հրապարակ


Երկրորդ անգամ հրապարակվել է «Հրապարակ նկուղ» ժողովածուում

ՀՐԱՊԱՐԱԿ

Հրանտ Մաթևոսյանի «Տերը» ժողովածուի առիթով

 

Հոդվածի նպատակն է՝ գտնել այն տեսանկյունը, որից Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը և այն բեմականացնելու փորձերն ըմբռնելի են որպես մշակութային միևնույն երևույթի արտահայտություններ։ Իրենց սկզբունքային տարբերություններով հանդերձ՝ նրանք միաբանվում են իրենց հիմքում ընկած աշխարհայացքի և գաղափարների որոշակի աղերսներով։ Այդ իսկ պատճառով մենք ստիպված ենք անդրադառնալ Հրանտ Մաթևոսյանի աշխարհայացքին՝ քննարկելով այն մեզ հետաքրքրող տեսանկյունից։

Հեղինակի և իր ժողովրդի տաղանդն ու հարստությունը իրենց պամությունն է, մշակույթը։ Իր հերոսին՝ ժողովրդին, հեղինակը ճիշտ այնքան նշանակություն է վերապահում, որքան որ եղել են հայոց պատմիչները, Ռոսլինը, Թումանյանը։ Նեղ օրի ապրելով, կոտորվելով՝ ժողովուրդը մաքրագործված է հառնել, և նրա դժվարին ճակատագիրն է այդպիսին՝ աշխարհի առջև մաքուր լինել։ Հումանիզմի պատվիրանների դարավոր ավանդույթը (ճիշտը թույլն է, բայց թե թույլ ես՝ քեզ մեղադրիր) և ազգային ճակատագիրը եկել զուգադիպել, խաչմերվել են, ուժեղ լինելու և մեղսագործելու հնարավորություն չի եղել, և իմ թուլությունը իմ ուժն է մնացել միակ։ Իր ժողովրդի դարավոր անաղարտ բարոյականության, անինքնակամ, անխառն թուլության անունից է հեղինակը խոսում աշխարհի հետ։ Սեփական փաստական թուլությունը ուժ մեկնաբանելու փորձը, իհարկե, հակասությունը համատեղելու փորձ է։ Դա հարուստ ժառանգությունը բեռ է դարձնում, ջահը՝ խաչ, առաքելությունը՝ ճակատագիր։

Հրանտ Մաթևոսյանի հերոսները սիրով, եսացնելով, սուբյեկտավորելով և հասկանալով են վերաբերվում ամեն ինչին և բոլորին։ Իրականությունն ուզում են տեղավորել և կրել իրենց մեջ։ Ինչպես որ հեղինակը՝ իր արձակը, այդպես էլ այդ հերոսներն իրենց կյանքն են ուզում հեղինակել։

Ազգային մշակույթի շենքը պտղունց առ պտղունց կուտակող ու կերտող այդ «բեռնաձիերից» ով լեզու ունի, իր պարտքն է համարում բոլորի անունից, ցեղի, ազգի անունից ազդարարել, որ այդպիսի շռայլ հարստություն ունեցող մարդն իրավունք չունի պատասխանատու չլինել, մոռանալ, չպաշտպանել ու չպահպանել իր գանձը։ Ով ինչպես կարող է։

Խեղճ՝ բայց մեղավոր, անզոր՝ և պատասխանատու, իշխան՝ սակայն ինքնակոչ, հարազատ՝ ու ճնշող,— նրանք դիմում են մարդկանց խղճին ու հիշողությանը։ Իսկ գյուղամեջը՝ գթասիրտ, փնթի, ուրախ, թատերաբար հանդիսավոր, իրենք իրենց ու բոլորի տգեղության նկատմամբ անխղճորեն֊հարազատորեն դաժան֊անկեղծ բանաստեղծների այդ ցեղը, որակում է նրանց «ծուռ», «շաշ», «շիլ», «շաշահպարտ» — և նրանք էպոսանում են։

Տարիներ էին պետք, Հրանտ Քառյանին պիտի հաջորդեր Արմեն Մնացականյանը, սրան՝ Արայիկ Քառյանը, Աղունը, Ռոստոմը, որ քննադատները համակերպվեին, իսկ ընթերցողը որոշեր. իրենց անկախության, ազատության գիտակցումը, ինքնահաստատման իրենց ձգտումը, «բնական իրավունքը» խաղացնելը, քննադատական կեցվածքը ոչ թե հերքում են իրերի կարգը, այլ հաստատում, ոչ թե քանդարար են, այլ՝ շինարար։

Այդ շինարարության, լավատեսության իրավունքը վաստակված է ժողովրդի պատմության և զոհերի գնով։

Հրանտ Մաթևոսյանի հերոսների ազատության այդ կուտակը, զարնվելով նախախնամությանը, անհրաժեշտությանը՝ ջախջախվում է, բայց չի պարտվում ու չի պարպվում, քանի որ ուժ է առնում անսպառ գանձից. ժողովրդական պատմության, մշակույթի, հոգեբանության աղբյուրից, դարեր շարունակ երկաթյա ռեալիզմի դեմ լուռ համառությամբ վաստակած հաղթանակներից։

Այդ աղբյուրը Հրանտ Մաթևոսյանի արձակում ակնառու կա։ Դա է հայ ժողովրդի լեզուն, որն իր մեջ համակենտրոնացրել է հռչակավոր և անանուն հեղինակների դարավոր հարստացումը։ Լեզուն ինքը զտված է, ուսուցիչ է, իր մեջ պարունակում է իր հանճարն ու ճաշակը, իր էպոսը։ Լեզուն պարտադրում է օգտագործման իր ուղիները։

Եվ ահա մենք նորից հասանք հակասությանը. հնարավորին չափ շատ բան հաղորդելու՝ և հնարավորին չափ անկորուստ, ամբողջապես հաղորդվելու, հաղորդակից լինելու նպատակների միջև։ Նվիրվելու՝ ընդունելի լինելու եզրերի միջև։ Հետազոտելու՝ և լուսավորելու, բարոյագրելու՝ և գեղագրելու սկզբունքների միջև։ Մի առիթով հեղինակը դա ձևակերպեց որպես «անկողմնակալ տարեգրող», «սառը պատմող», «այսօրվա լավի ու վատի վրա անկողմնակալ տիրակալ» լինելու կարիք՝ քանի որ «մեծ գրականությունը վստահում է հենց անկողմնակալ տարեգիրներին», և — անհնարինություն։ Այդպես էլ իր հերոսների պահանջն էր՝ ընդունելի, օրինակելի լինել գյուղամեջին։

«Տաշքենդ»՝ «Անձրևած ամպեր» գործում Հրանտ Մաթևոսյանն իր ասելիքին, մարդու հոգու խորքը թափանցելու, իրականությանը նոր խորությամբ մերձենալու նպատակին «զոհաբերել» է լույսը, գույնը, նկարագիրը։ Այս գործն ամենից ավելի կարիք ունի ընթերցողի բարյացակամ կողմնապահության, ապավինում է ընթերցողի պատրաստակամ հարազատությանը և, շնորհակալ, վարձահատույց է բազմապատիկ։

Մեր խնդրո առարկան՝ չորս կինովիպակ և մեկ պիես պարունակող «Տերը» ժողովածուի գործերը, ստեղծվել են նաև՝ նոր չափով հասանելի, հասկանալի, հաղորդակից լինելու ցանկությունից, «լսարանն ընդարձակելու», այլ արվեստի արտահայտչամիջոցներով ասելիքը վերաձևակերպված տեսնելու, հաղորդվելու ակնկալությամբ։

 

* * *

«Այս կանաչ կարմիր աշխարհը» ժողովածուի առաջին կինովիպակն է, Ակսել Բակունցի «Միրհավի» մոտիվներով։ Պատումն առարկայանում է մեր աչքերի առաջ, տեսանելի պատկեր֊գործողություն դառնում, ինչը նաև ժողովածուի մնացած գործերի աչքի ընկնող հատկանիշն է։

Դիտենք, թե ինչպես է հանգուցվում վիպակի հիմանական իրադարձությունը՝ Դիլանի և Սոնայի սիրո պատմությունը։ Ինչպես է հեղինակը կապն ապահովում տեքստի և ընթերցողի միջև։

Առաջին իսկ տողերից՝ բնաշխարհի տեսանելի, «զգալի» նկարագրություն։ Աշնան արև աշխարհում ծերունին հանում ու դարսում է ճյուղերին դիմհարող խչմարները։

Ծնվում է հուշի մի պատառիկ։ Կամաց֊կամաց հուշերի հոսքն ահագնանում է, շուտով ծերունին ու այգին դուրս են մղվում, մնում է անցած կյանքի՝ այս այգու չափ հստակ, անխառն գույներով գործած պատումը։ Անցյալ սիրո պատմության պարզգիծ շարադրանքը։ Հեռու, ձևակերպ, ավարտուն։ Այս գործը, թերևս, Հրանտ Մաթևոսյանի «ամենաանհրապարակախոսականներից» է։ Այստեղ Հրանտ Մաթևոսյանը մտահոգված չէր մեր հերթական խառնակ դարից նորօրյա մասունքներ կորզելու և զտելու խնդրով, չի օգտվում այժմեական, «հրատապ» լինելու և նաև դրանով ընթերցողին գամելու միջոցից։ Ապավինում է սիրո, մահվան, անարդարության, քար աշխատանքի՝ ճակատագրական հավիտյան թեմաների զորությանը։

Հուշերի չկարգավորված հոսքի բարձրակետին՝ աշնան գեղեցիկ, տխուր օրվա, մանկության գեղեցիկ, անցած օրերի հանդարտ զմայլանքը հարստանում, ընդգծվում, արժեքավորվում է այլ բևեռով. «Երեխա Սոնան ձևանում է մեռած աղջիկ և նայում կոպերի ճեղքերից։ Եվ չի ծիծաղում, իբր թե լուրջ է մեռել, ահա այսպես, չի շարժվում ու վերջ։ (...) Դիլանի ապտակը չի զգում ու վերջ՝ քիթն ու կզակը ցցել ու մեռել է։ Մեծ Սոնան պառկել է մեռած, և դա խաղ չէ. նրա վրա երգ ու լաց են մրմնջում կանացի ձայները...»։

Այս նախադասությունն է հենց, մահվան այս բոթը, անցած֊գնացածի վերադարձի տագնապը, որ տեքստի ներսում հանգուցում է տեղի ունենալիք իրադարձության եզրերը, հասցեատիրոջ ներսում հանգուցում է կարդացվելիք տեքստը և մեծ կյանքը, վերջնականապես ճշգրտում է տեքստը կարդալու իրադարձության իմաստը, սահմանում է գեղագիտության իմաստը։

Հեղինակն իր ասելիքը միջնորդավորում է իրադարձությամբ՝ որը, վերապրվելու, հանուր֊ճանաչ լինելու, ազդելու իր պարտադրանքով՝ միավորում է հեղինակի, հերոսի և, նրանց թաքուն միահամուռ համոզմունքով՝ յուրաքանչյուր բնական մարդու վերաբերմունքները։

Մոդելավորումը, ալեգորիան, առակը՝ «բասնյան», իրենց ժանրային պարտադրանքով՝ հարազատ չեն հեղինակին։ Դարավոր Անտառի և ձիավոր Անտառապահի խորհրդանիշներն այնքանով են ազդեցիկ՝ որ այլաբանություն չեն, կյանք են, ճակատագիր։ Նույն պատճառով, ինչու որ հեղինակը ստեղծագործում է՝ Ռոստոմն անտառապահ է։ Հրանտ Մաթևոսյանի քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն բացառում է այլաբանության կարիքը։ Բայց և չի խուսափում ամենատարած ընդհանրացումներից։ Մոդելավորելը ենթադրում է պարզեցնել. իրադարձությունը բարոյապես զտելը, բարոյական շեշտերը տեղաբաշխելը հավասար չէ մոդելավորելուն։ Իրադարձության շնորհիվ մերժվել է ձգտում գրի՝ պայմանական լինելը, ընդամենը նշանային համակարգ, հաղորդակցման ընդամենը միջոց լինելը։ Գրականության անզոր լինելը։

 

* * *

Եվ այսպես. այլ արվեստի արտահայտչամիջոցներով կերպավորված տեսնել ասելիքը։ Հաղորդակցվել և արձագանք ակնկալել ավելի ընդարձակ, ամենամասսայական լսարանից։ Հաղորդելու ձգտել ազգային հարստության ուրույն գիտակցումը, ունեցած ժառանգությունը։— Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերը և բեմադրած ներկայացումները ենթակա են արժևորման նաև ա՛յս տեսանկյունից։

Ֆիլմն, այո, իր գրական հիմքից շատ ավելի անկախ է, քան ներկայացումը՝ պիեսից։ Այնուամենայնիվ, եթե ռեժիսորն ընտրում է Հրանտ Մաթևոսյանի արձակը, մի հիմնական պատճառն էլ չէ՞ որ արձակի ու ֆիլմի հեղինակների քաղաքացիական դիրքորոշումների ընդհանուր լինելն է, արդարության կողմնակալ պաշտպանությունը։

Ֆիլմի պատկերային համակարգին, լույսին, գույնին, աշխարհի, մարդկանց հավաստի նյութականությանը, ֆիզիկական շարժմանը «զոհաբերվում» է արձակ խոսքի շարահյուսությունը, անշտապ, կանգառներով, կուտակումներով հարուստ երթի՝ մեծապես ընդհանրանալ ունակությունը։

«Տերը» ֆիլմի մեջ գրեթե չեն արտացոլվում Ռոստոմի մեղանչելու և քավության մոտիվը, հուշերը, բայց նրա կերպարը մնում է համոզիչ և հավաստի։ Ֆիլմում տեղ չգտածն իր հարուստ նշանակությունն արտահայտել է փորձում էկրանի վրա Ռոստոմ Մամիկոնյանի նյութական ձիավոր ներկայությամբ, նրա ընդդիմախոս Որսագողի, Քրոջ Որդու, Անճոռնու, Փոքր Մեծի, Վիթխարու հանդիսավոր, բազմանշանակ կերպարներով, նրանց անցուդարձով, կոնկրետ ծանրումեծ խոսք ու գործողությամբ։ Այդ կուտակման, համալրման հետևանքով ընդգծվում է բովանդակության վերին՝ հրապարակախոսական եզրը։ Եվ այս հատկանիշն արդեն ոչ միայն Բագրատ Հովհաննիսյանի «Տերը» կինոնկարինն է, այլև «Աշնան արևինը», Կարեն Գևորգյանի «Օգոստոսինը», Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերինը»,— անկախ նրանց ուրույն արժանիքներից ու թերություններից և նրանցից յուրաքանչյուրին՝ հասարակության տարբեր վերաբերմունքից։

Եթե համեմատենք «Աշնան արև» ֆիլմն ու ներկայացումը, որ տարբեր հեղինակ կոլեկտիվների գործեր են, առաջին հայացքից աչք է զարնում, թե ինչ չափազանց, ճաշակազանց համառությամբ են ձգտում ներկայացման մասնակիցներն արտահայտած լինել արձակի խոսքի առանձին մանրամասնը, խոսքը ձևակերտող հնչերանգներից միայն մեկը։ Բազում շնորհակալ երանգներից նրանք շեշտում են հատկապես սրամիտ, երգիծական եզրը, րոպեն մեկ հուպ տալիս «ժողովրդականության» ստեղնը և դրա միջոցով հանդիսատեսի արձագանք ակնկալում։ Ֆիլմում՝ ընդհակառակը, ձգտում կա նախ և առաջ հիմնադրել մեծ կոնտեքստը, կառուցվածքային հնարավոր չափ խոշոր զանգվածը, թեկուզ նշանակալի, բայց և այնպես՝ մանրամասն հանդիսացող տարրերի հաշվին։

«Տաշքենդ»՝ «Անձրևած ամպեր» գործում հեղինակն օգտագործում է հնարավոր չափ մեծ, տարողունակ լեզվական կառուցվածքներ։ Իսկ «Տերը» կինովիպակի մասին նա ասում է, թե «նկարագրական մասերը մի քիչ ծանծաղ են թվում կամ իսկապես ծանծաղ են, բայց ոչ մի բեմադրիչ, այն էլ գյուղի կյանքին անբավարար ծանոթ՝ ինչպիսիք են մեր գրեթե բոլոր բեմադրիչները, առանց այդ մանրամասն նկարագրությունների յոլա չէր գնա»։ Հաղորդվելու պահանջը. ահա թե ինչու է հեղինակն ավարտունացնում ու ձգտում հատկապես պարզ ու ճշգրիտ ձևակերպել կինոյի համար նախատեսված իր գիրը, «ընթերցողին ընդառաջ գնալ»։

Իսկ արդյունքում ֆիլմերը չեն էլ տարբերվում միմյանցից այն հատկանիշով, արդյո՞ք իրենց նախանյութը Հրանտ Մաթևոսյանի կինովիպակն է եղել, թե՞ բուն արձակը, որ գրվել է առանց դյուզն֊ինչ նաև կինո լինել նախատեսվելու («Օգոստոս»)։

Ֆիլմերին, փաստորեն, պետք չի գալիս, չօգտագործված է մնում կինոարձակի հենց «կինո» մասը, բայց նրանցում արտահայտվում է այն, ինչն ընդհանուր է ոչ միայն կինոյի համար գրված գործերում, այլ Հրանտ Մաթևոսյանի բոլոր ստեղծագործություններում՝ հերոսների հեղինակային վերաբերմունքը իրադարձությանն, անցողիկ այսօրվա մեջ կարևոր պատմականը որոնելը, նախազգուշացումը և հրապարակավ դիմումը։

Հենրիկ Մալյանի ֆիլմում միլիցիոների և անտառամեջցիների ընդհարման իրադարձության մեջ միլիցիոները, այո, տհաճ էր, բայց և՝ ծիծաղելի, մեղք էր՝ և սպառնալի,— մարդ էր, իրենցից էր, ներում ու ներվում էր արձակի ու ֆիլմի յուրաքանչյուր պահին։ Արձակի ու ֆիլմի հեղինակները տեսնում էին կոնֆլիկտի մասնակիցների թիկունքում կանգնած հասարակական երևույթները։ Գողություն չէր եղել։ Ոչ ոք ոչ մեկից ոչինչ չէր գողացել։ Ոչ ոք ոչ մեկին գողության համար ոչ մեղադրել էր, ոչ էլ էն։— Բայց ահա չեղած տեղից ահագնանում էր գողության փաստը։ Վախ, անապահովություն էր սողոսկում մասնակիցների հոգին. իրենց աչքի առաջ նենգափոխվում էր բարոյականությունը, արդարացվում էր իսկական հանցագործություն՝ անմեղին հանցանք վերագրելը,— և իրենք անզոր էին, սովոր չէին կարգավորել։ Ուժ, հավես, ժամանակ չունեին։ Ձևը չգիտեին։ Իրենք, ախր, իբր մեղք էլ չունեին, իրենց գործին էին, իսկ անարդարությունը թևածում էր, վստահանալով, զորավորվելով՝ արդյունքը պաշտոնապես առաջխաղալ երազող, իշխանության իր պտղունցից գլուխը կորցրած միլիցիոների հոգեբանության թաքուն ծալքերի։

Կարեն Գևորգյանի «Օգոստոս» ֆիլմում նույնպես շեշտվում է հրապարակախոսական եզրը։ Իրար են գումարվում Հրանտ Քառյանի և միլիցիոների երկխոսություն֊կոնֆլիկտը, Աղվես Գիքորին ու Ալխոյին հանկարծ միաբանելու զորեղ՝ «քաղաքի և գյուղի կոնֆլիկտը», Մոռուտի, Գետափի Աղջիկների, Եղբայրիկների փոքրիկ ինքնավարության քնարական լիցքին հակադրվող՝ քեֆի դրվագը Մեսրոպենց հին այգում, մանավանդ քեֆի դրվագը։ Մոռուտը, Գետափի Աղջիկները ֆիլմում ներկայանում են արձակին շատ հարազատ՝ տղայի վերաբերմունքը պահպանած, բնապաշտությամբ ու սիրահարությամբ արտակարգ լիցքավորված։

Քաղաքային նորահարուստի՝ Մեսրոպենց պապենական այգում իր հոր պատվին հուշարձան կանգնեցնելու առթիվ կազմակերպած քեֆը «Սկիզբը» վիպակում նույնպես դիտված էր տասներկու տարեկան տղայի ցավող, բայց և ցավակից, որ ինչ֊որ տեղ ինչ֊որ բան սխալ է հասակացող՝ բայց և ճշմարտության՝ ուրիշների առաջարկած տարբերակն ուրիշների փաստաբանելու իրավունքն էլ ընդունող, իր փոքրության պատճառով առայժմ լուռ նայելու ու լռելու դատապարտված՝ բայց և իր միջով անցկացող աշխարհն իր հաշվին մաքրագործող, սրբող դիտանկյունից։

Ֆիլմում այդ դրվագը ռեժիսորի կամքով զրկվել է տղայի դիտակետի համատարածությունից, ներումից, թողությունից։ Տղան համարյա թե աստծուց, հեղինակից՝ դարձել է համարյա թե անզորի մեկը։ Այդ է պատճառը, որ Նորահարուստի կերպարը, Նորաբժշկի կերպարը, Քաղաքացի Տղայի, Երազային Բուժքրոջ կերպարները՝ որ գրքում լուրջ էին, բայց շեշտը նրանց վրա չէր, դատապարտվում էին՝ բայց մի քիչ էլ ներվում (որովհետև գլխավորը Տղան էր, այն էր, որ Տղան այստեղ այսօր լուռ կա, և որ կան նրա Շիլ Եղիշ հայրը, մայրը, եղբայրները, Մեսրոպ քեռին...),— ֆիլմում շեշտվել են ու անողոք արտահայտում են մերկ, իրենց աններելի բացությունը ի ցույց հանած, իրենց անհնարին, անպարկեշտ բացությունը հանդիսատեսի վզին փաթաթող, հանդիսատեսին չարչարող, դաժան ու մերժելի երևույթներ։

«Գեղագիտական» աշխարհայացքի համասփյուռ կատարելության հաշվին՝ Կարեն Գևորգյանը խստացնում է հրապարակախոսական ցասումը։

 

* * *

Այսպիսով՝ Հրանտ Մաթևոսյանի արձակի հիման վրա նկարահանված ֆիլմերը դատապարտված են ինչ֊որ չափով «չարդարացնելու» հանդիսատեսի հույսերը, կողմնակալ, նախօրոք լավ տրամադրված հանդիսատես ակնկալելու։

Դրա պատճառներից են՝ բարոյախոսական հանրածանոթ և հեշտ կաղապարներ չօգտագործելով կողմնորոշելու ձգտումը, անկախ իրենց համոզիչ, սիրառատ ու դուրեկան լինել֊չլինելուց՝ հասանելու պահանջը, մարդկային մակարդակ ու վերաբերմունք հայցելու, հանգիստ չթողնելու ու հեշտ չմարսվելու՝ վառ արտահայտված հատկությունը։

Նաև՝ դա։

Բայց ախր սրանք մի քիչ էլ Հրանտ Մաթևոսյանի բուն արձակի հատկանիշներն են։ Նույն այս դժվարությունները, հասկանալի դառնալու պահանջը նորից ու նորից են շաժում հեղինակի գրիչը և, մասնավորապես, դրդում ստեղծելու կինովիպակները։

Վերջապես, չէ՞ որ սրանք նույն դժվարություններն են, որոնց հաղթահարմանն են նվիրվում բարոյական արժևորման աննկուն դիրքորոշումը ստանձնած՝ արձակի ու ֆիլմերի հերոսները։ Իրենք, այդ խաչն ու իրավունքը սեփականացնելով հանդերձ՝ անձամբ իրենց անկեղծ համարում են թերի ու մեղավոր։

Ռոստոմ Մամիկոնյանն ունի ընդամենը մեկ կողմնակից, Գնդապետի Տղան՝ քաղաքից ու հայրիկից գլուխը փախցրած ութերորդդասարանցին։ (Ինչպես որ քոչախտը հրդեհի պես միանգամից խփեց՝ ու տնով տեղով վեր կացան գաղթեցին, կոտորող չկար, բայց, էնիքը՝ փախան այստեղից, փախան քաղաք։ Բայց իրենց երազածը քաղաքը չէր, քաղաքում չէին իրենք իրենցից, իրենց ներսը կրծող որդից պրծում ունենալու։ Իրենց երազածը Տաշքենդն էր, էնիքը՝ «մուրթելը», գնա եսիմ ուր, բեր եսիմ ինչը՝ հեռու, անիրական, եդեմորեն անհաս...)։

Մարդ էլ կա, ուրեմն, որ քաղաքից է գյուղ փախչում։ Միայն թե փախչի։

Այդ տղայի համար է Ռոստոմ Մամիկոնյանի ներկայանալի տեսքը, նա է իդեալիստ անտառապահի միակ համախոհը։ Մենավոր, բայց այդ տղան՝ կա, իսկ ուրիշները թող ապրեն իրենց կյանքը։ Արայիկ՝ Հրանտ՝ Արմեն Մնացականյան֊Քառյանները կային, և այժմ էլ այդ տղան հերիք է, որովհետև աշխարհն անհատներին է հենված։

Գույները խտանում են, սյուժեն կենտրոնաձգվում, ճյուղազրկվում է, բայց մարդիկ չեն բանաձևվում. բանաձևվում են այդպիսիներին կազմած֊ձևած հասարակական երևույթները, այսօր ձևավորվող գալիքը, կյանքի պատմական ընթացքը։

Ինչը որ Խորեն Աբրահամյանի կատարմամբ Ռոստոմ Մամիկոնյանի կերպարը սկզբում դարձնում է տարակուսելի, հետո՝ չնայած նախնական տպավորությանը՝ համակրելի, և կամաց֊կամաց — հերոսական։

 

* * *

Ռոստոմը, Աղունը, Հրանտն ու Արմենը, այդ հերոսները՝ տաքարյուն, ջղագրգիռ, անզուսպ, չափազանց բարի (այսինքն ամեն ինչն էլ չափազանց),— այնքան խորամանկություն, զգուշություն, «դաստիարակություն», «օտարության զգացում» այնչափ չունեն, այնչափ «քաղաքակրթված» չեն, որ տեսնեն ու լռեն, կամ եթե ասում են՝ ասեն ու մի կողմ քաշվեն. իրենց կարծիքը բացեիբաց հայտարարելուց հետո նաև այն ընդունելի են պահանջում տեսնել։

Իր կյանքով՝ գյուղամեջն ապստամբում է նրանց դեմ։

Ահա այդ պահին՝ համագյուղացիների հետ մի կերպ յոլա գնալու անհրաժեշտությունից, ծնվում է հանրահռչակ ժողովրդական թատրոնը, ծիծաղը, խաղը, ամենակուլ հանդեսը։ Թատրոնը, այսինքն շանթարգելը, լեզուն՝ պայմանականությունը, այսինքն՝ խաչքարի սահմանյալ, անփոխելի ծավալը. ժանրի կանոնները, սյուժեն, կոմպոզիցիան, հանգույցը, կոնֆլիկտը, կուլմինացիան, լուծումը... Աբսուրդի փակուղին դեն վանող՝ անուղենիշ, չապահովագրված հավատի գիտակից միամտությունը, գեղագիտության ափեզերքը։ Բևեռային֊թշնամական լրջությունը լիցքաթափող, միմյանց նկատմամբ անդառնալի, հետագայում ափսոսելի արարքներից փրկող։

Դատի ու հարցաքննության թատրոնը՝ «Մենք ենք մեր սարերում»։ Սպիտակ ձի հեծյալ Ռոստոմ Մամիկոնյանի՝ իր խորթ հորից ու պապից ժառանգած ու փոխառած՝ բարոյականության և այդուհանդերձ ուժի, երեխաներին օրինակ ծառայող, թատրոնը։ Երեխաները, որ դպրոցի ճամփին գյուղամեջն են կապկում՝ այդ թատրոնը։ Լախտախաղը նույն վիպակ ու ֆիլմում։ Հավալան «Չեզոք գոտում»։ Աճուրդի հարցի շուրջ և խաչքարի հարցի վերաբերյալ թամաշան՝ նույն «Չեզոք գոտում»։

«Չեզոք գոտի» պիեսը բեմադրվեց հեռուստատեսությամբ, այսինքն հայկական հեռուստատեսությունը համարյա անաղճատ վերարտադրեց պիեսի հարուստ բովանդակությունը։

Անի ավերակ քաղաքի Մեծ Մայր Տաճար վանքում ճարտարապետը միջնադարյան գծագրերի վերծանմամբ է զբաղված։ Անմխիթար վիճակ է. անպետ, անտեր ազգը, միջնադարյան մի թաքուն, պետքն ու անպետքը խառը, փոշոտ, օտարված մշակույթ ունի, այն վերծանելով թե նորոգելով հույս ունի ճանաչել, ինքնորոշվել, անելիքը հասկանալ։ Ինքնահաստատման նպատակից զրկել են, ազգային նպատակի կորստյան վիճակն է, պետք է դեռ հայտնագործել, թե մենք ի՞նչ նպատակով գոյություն ունենք, եթե կանք, եթե եղածն ազգ է, հետո նոր անցնել նպատակին ձգտելու փուլին։ Ճարտարապետն իր գործը կարող է անել և այդ է անում։ Ինքը չի իր գործն առաջ տանում՝ գործն է իրեն առաջնորդում, հուշում։ Կարմիր հագած զինավառ տղաների խումբը գիշերով գալիս, Տաճարում երդվում են, երդման իրենց խոսքն ասում ու գնում են դարանն ընկնելու կոտորվելու,— ճարտարապետը գիտի, որ իր բաժինն այդպես գնալն ու խանչալի հարվածից այդպես զոհվելը չէ, բայց կարծում է երջանիկ կլիներ, եթե այդքան իմաստուն չլիներ։ Մեծապետական հանձնախումբը գալիս է ճարտարապետի աշխատանքը գնահատելու, թոշակ նշանակելու, որ իր գործը կարողանա շարունակել։ Անօգնական խեղճությունն ուժեղին իր գոյությունն է պարտադրում։

Բայց ուժեղն ու առողջն ո՞վ է։ Մեծ պետություն ու իշխանություն խորհրդանշելով հանդերձ՝ կոնկրետ մարդիկ են, հարազատության օրենքը նրանց խեղճությունն էլ է բաց պահում։ Իրենք են. հայերեն չիմացող զտարյուն խեղճուկրակ հայ կնյազ Արգուտինսկին։ Հայերեն իմացող զտարյուն ռուս մտավորական գիտնականը։ Մեջների ամենահայն ինքն էր ինելու, բայց ահա հարցը հետևյալ կերպ է լուծում. խաչքարը վանքի բակից փոխադրել պետերբուրգյան կայսերական թանգարան՝ որ պահպանվի. «Ծայրն արդեն կոտրել եք»։

Ազգասեր հայ երիտասարդ ճարտարապետը և ազգասիրությունն անիմաստ տեսնող, քանի որ ազգ չկա, հայ երիտասարդ մյուս ճարտարապետը։ Դարասկզբի հայոց վանքի վանահայրը՝ ժառանգաբար խորամանկ և ստիպված իմաստուն, հեղինակությունից զուրկ և արժանապատվությամբ լեցուն։ Վանքապատկան խոտհարքն աճուրդի է հանել, որ իր ու ճարտարապետի ապրուստը հայթայթի։ Հայ Սիմոն գյուղացին. ճարտարապետի գոյությունից հեղափոխվել, խաչքար է տաշում։ «Դու քո քարին հակված՝ մեծ կյանքը հրեն անց կացավ». ամուսնուն հանգիստ չտվող՝ իր Շողեր կինը։ Իրենց ընտանեկան անլուծելի կռիվը։ Ճարտարապետի անունով Աբել՝ Սիմոնի որդին. փրփրաթղթով ժանգոտ թուրը մաքրում է, ժանգի տակ էլի ժանգ է, ժանգի տակ՝ ժանգ։ Նորահայտ Սիմոն ճարտարապետին ծաղրող («Այ տղա, դու մեր Սիմոնը չե՞ս», «Մեր Սիմոնը խաչքար է տաշում») համագյուղացիք. ուզում են հնադարյան խաչքարը քարշ տան վանքի մռայլ բակից իրենց հոր կոնկրետ գերեզմանին դնեն։

ՎԱՆԱՀԱՅՐ. (...) Ձեզ համար մի հատուկ, հայացի ավետարան եմ գրելու, քանի որ Քրիստոսի ավետարանը ձեզ վրա չի ազդում։ Գրելու եմ, որ դուք ամենալավն եք, գրելու եմ, որ ձեզ թույլ եմ տալիս շնանալ, գողանալ, ուրանալ, քանի որ էդ ձե՛զ չի ասված՝ մի՛ շնացեք, մի՛ գողացեք, մի՛ ուրացեք, քանի որ դուք չե՛ք շնանում, չե՛ք գողանում, չե՛ք ուրանում, քանի որ ո՜ւմ հետ շնանաք, ի՜նչ գողանաք, ի՜նչն ուրանաք, և էդպես՝ ձեզ պես, էս շան ու գողի աշխարհում ապրել չի լինի։ Գրելու եմ, որ ամբողջ աշխարհի, ամբողջ֊ամբողջ աշխարհի, աստծու տակի էս մեծ երկրում խղճի անդրին դրվելու է է՛ս հողին, և խղճի ադրին ունենալու է ձե՛ր կերպարանքը։

Հավատի հարցն է. հավատի, չնայած ամեն ինչին՝ հավատի, ոչնչանալու շեմին՝ հավատի, լավատես, գործունյա, նպատակաբեր,— երբեք չհուսահատվող հավատի։ Մշակույթի ու գրականության ծննդյան պայման և տարբերակիչ հատկանիշ,— անմար հավատի։

«Անի, 1914, հուլիսի առաջին օրերից մեկ օրը». վերահաս դատաստանի ահազանգն ընդամենը ռեմարկ է։ Իր ընթերցողից հեղինակը և իր դիտողից ներկայացումը հասանել են պահանջում, քննարկվող անսպառ հարցը եղանակավորող վերջին շտրիխն էլ հերոսների անտեղյակությունն ու կանխազգալու թրթիռն է, մեր այսօրվա վերից՝ այդ հավերժության կողքին չեզոք այդ գոտու վայրկենական փլուզման, անցողիկության, բայց նաև չգիտես ինչի՛ վրա, աննյութ ի՛նչ գաղափարների֊եթերների հենված՝ հավերժ լինելու — զգացումը։

 

* * *

Մենք մեր հաշվին կկենդանացնենք թեկուզ մեռյալ թվացյալ աշխարհը, բնակեցնելով այն մեր կողմնակիցներով ու թշնամիներով, կվիճենք ու ինքներս մեզ կպատասխանենք ուրիշների փոխարեն, ուրիշները տրոհվում են, հեռանում՝ մենք մեր հոգիները կմերկացնենք նաև նրանց՝ աշխարհի բոլոր֊բոլոր վախեցածների ու պապանձվածների փոխարեն։

Ճիշտ է, մեր հավակնությունը չի ընդունվի հենց նրա՛նց կողմից (քանի որ Հիսուսը ճգնակեցությունից հյուծված էր ու չէր զորել ինքնուրույն քարշ տալ Քրիստոսի իր խաչը, և Քրիստոսը խաչվում էր նաև դրա համար. դա քարոզչի խաչվելու պատճառն ու մեղքն էր անքարոզ մնացած ու համր անցած «բեռնաձի» Սիմոնի առջև), և մենք հրապարակի վրա կմնանք մերկ ու խոցելի, որովհետև մեր քննադատը մեր մայրն է. զավակս, որդիս, թանկագինս, բայց՝ լավը չես, խեղճ ես, ծառ ես։

Մենք չենք դիմանա և մանանեխահատիկի չափ մեր տրտմությունը հրապարակ, այո, կհանենք ու նույնիսկ կհավակնենք նրանով առևտուր անել, բայց այդ «շնորհքը» ձեռքներիցս չի գա։ Եվ՝ զվարթադեմ, զվարթադեմ, շաշահպարտ... Իսկ ամպերը... Նրանք ե՞րբ չեն անձրևած, որ... Բայց նաև՝ հուռթի։

Իսկ եթե ոչ... Եթե ոչ՝ մնում է գեղագիտական բոլորակների, այլաբերման՝ «տարօրինակման», «օտարման», օքսիմորոնի նավահանգիստը։

Լեզվական ու ոճական միջոցների նպատակասլաց ընտրությամբ, իրենց գաղափարները բեմական արվեստների միջոցներով արտահայտելու, արվեստների խաչմերուկ լինելու նախատեսությամբ՝ «Տերը» ժողովածուի ստեղծագործություններն առանձնանում են Հրանտ Մաթևոսյանի մյուս գործերից։ Հասցեատիրոջ՝ ժողովրդի վերաբերմունքն ամեն գնով հայցելու՝ հրապարակախոսի, քաղաքացու, հասարակության լիիրավ անդամի ծարավը միաբանում է Հրանտ Մաթևոսյանի բոլոր գործերն ու դրանց բեմականացումները, որոնց հեղինակները, հաճախ գիտակցաբար հաշտվելով կատարելության անհաս լինելուն՝ այնուամենայնիվ հայրենաբաղձ են ջահել գաղափարների կատաղի ընդհարման մթնոլորտի։ Նրանք միահամուռ դիմում են հանդիսատեսին՝ ընդդիմախոսի, հախուռն վեճի, արժևորվելու կարոտով։

Նրանք մեր մշակութային կյանք են մեջբերում, բաղհյուսված, կենցաղը, այսօրը, առօրյան պատմականացնելու և սեփական ստեղծագործության պես հեղինակելու՝ թագավորական ավանդույթները։ Հեղինակային վերաբերմունքը՝ կյանքին։

Նաև՝ դա։

Սովետական Արվեստ,

1985թ., #10

 

>>> 

Քանի որ այն տարիների այս թերևս իմ ամենակարևոր հրապարակման պատմությունը մանրամասն նկարագրել եմ ռուսերեն վիպակումս (http://southcaucasus.com/old/index.php?page=publications&id=1533)՝ կարիք չկա վերարտադրելու։ Կարող եմ ասել միայն, որ լույս տեսավ, երբ ես արդեն Մոսկվայում ասպիրանտուրայում էի, այսինքն մինչ իմ առաջին լքելը Հայաստանը՝ 14 տարեկանից արդեն յոթը տարի ակտիվորեն գրելուս ընթացքում՝ միայն ամենավերջին պահին հաջողվեց հրապարակել կարևորագույն նյութերիցս մեկը։ Իհարկե, պատմվածք չէր, բայց գոնե պատվերով արված ժուռնալիստիկա էլ չէր։ Ինչքան էլ ոգեշնչված անեի՝ պատվերով փոքր արվածներս, ասենք, գրախոսականներս՝ ժամանակակից հեղինակների մասին, որ «Գրական թերթում» Նորայր Ադալյանն էր տպում, այդքան էլ կարևոր չէին, այս գրքում դրանք չեմ էլ զետեղում։ Սա արդեն լուրջ գործ էր։ Իսկ պատմվածք հրապարակել, այնուամենայնիվ, այդ բոլոր տարիների ընթացքում ընդհանրապես չհաջողվեց, չհաշված ամենաառաջին հրապարակումս «Գրական թերթում» 1980֊ին՝ ուր Ռուբեն Զարյանն էր բերել պատմվածքս և ստիպել, որ տպեն, երբ դեռ 16 տարեկան էի, և տպել էին՝ թեև կրճատելով գրեթե աղավաղման աստիճանի։ Նա ինձ գրական մուտք տվեց և դրանով իմ մուտքը հայ գրականություն ավարտվեց։ Այն օրից մինչև 1990 ոչ մի գրական գործ չտպեցի, և 1993֊ից, Հայստանից երկրորդ գնալուցս մինչ այս գիրքը՝ հայերեն ոչ մի նշանակալի տեքստ չտպեցի։ Սա էլ չէի տպի, եթե 2007֊ին չվերադառնայի Հայաստան ու նկուղում լիքը ձեռագրեր ու իմ հին տպած գործերով թերթեր չհայտնաբերեի։


14:33 Մարտ 23, 2018