Էսսե

Մեր ռազմավարությունները. ֆունդամենտալ կրեատիվություն


Մեր ռազմավարությունները. ֆունդամենտալ կրեատիվության մեթոդաբանությունը

Երբ վերցնում ես առանձին հային՝ նրանցից շատերն ավելի հաջողակ են, քան կարելի էր սպասել, նայելով նրանց սկզբնական դիրքին: Հատկապես դա երևում է, երբ դիտում ես հայերի զարգացումը Հայաստանից դուրս: Դա հայտնի փաստ է: Ընդ որում, նրանք չեն կորցնում իրենց ինքնությունն ամբողջությամբ, սակայն այն պարզեցնում են, ու նրանց լեզուն ու մտածողությունը չեն զարգանում հայերեն ու հայեցի, այլ միայն, լավագույն դեպքում, կրկնում են մի քանի հին կամ ավանդական հայկական տարրերը: Իսկ նրանց թվում է, թե հենց դա է հայեցի: Նրանք ստիպված են դրանով մխիթարվել: Իսկ նրանց զարգացումը տեղի է ունենում իրենց ընդունած լեզվամտածողական միջավայրում: Լավագույն դեպքում, հաճախ, զարգանում է երկու կղզյակացված ինքնություն՝ իրար հետ դժվար կապային հարաբերության մեջ գտնվող, չմերված:

Սակայն ինչպիսին են նրանց ռազմավարությունները՝ հաջողության հասնելու: Կարելի է պատկերացնել, որ դրանք հիմնված են հարմարվելու, ադապտացվելու վրա: Եվ ինչ է նշանակում հաջողությունը. դա նշանակում է՝ կուտակում կարողության, երկար ու առողջ կյանք համեմատաբար, հաջորդ սերնդին լավ հնարավորությունների ընձեռում՝ որ նրանք ունենան ավելի լավ սկզբնահարթակ, քան ծնողներն ունեին:

Իսկ ինչ է նշանակում հարմարվելը. նշենք դրա մի քանի մարտավարությունները. վարվել համեստորեն, ընդունելով միջավայրի կանոններն ու դուրս չցցելով սեփական ինքնությունը: Որքան ավելի է միջավայրը նախապես մոտիկ նրանց նախնական արժեքներին՝ այնքան դա ավելի հեշտ է ու անփորձանք: Որքան ավելի է հեռու՝ այնքան հարմարվելը ճիգ է պահանջում, ի վերջո, որպես գերագույն ճիգ, օրինակ դարձնելով, ասենք, բանտում հարմարվելը կամ, տեսականորեն՝ տիեզերքում հարմարվելը: Մի կողմում չափից դուրս սահմանափակ ազատություն, մյուսում՝ չափից դուրս բաց: Երկուսն էլ ստեղծում են նևրոզ և ապստամբության ցանկություն, մեկը՝ ազատվել, մյուսը՝ աշխարհ կառուցել դատարկության շուրջ, աշխարհ՝ որը նաև սահմանափակում է ազատությունը, բայց դարձնում է մարդուն լավ հարմարված:

Միաժամանակ՝ հարմարվել նշանակում է կենտրոնանալ միջավայրի տրամադրած հնարավորությունների վրա: Դա հայտնի մարտավարություն է շատ մարդկանց համար, տարբեր ազգությունների. տեսնել, թե ո՛ր ալիքն է ավելի հեշտ հասցնում բարեկեցության նպատակին, և տրվել այդ ալիքին: Հեծնել այն: Եթե կոնյակ վաճառելն այդքան էլ օգտավետ չէ, իսկ մուշտակ Չինաստանից բերելն ու վաճառելն օգտավետ է՝ անցնել մուշտակի բիզնեսի, եթե հնարավոր է: Եթե հնարավոր է, եթե կարող ես՝ դա է գլխավոր սկզբունքներից մեկը, իհարկե: Եթե երեխադ պիտի ընտրի իր մասնագիտությունն այնպես, որ դա նրան ապագայում կոնկրետ օգուտ բերի, սակայն ճշգրիտ գիտություններից այնքան էլ լավ չէ՝ կարող է, օրինակ, դառնալ դեղագործ. դա և՛ օգուտ կբերի ապագայում, և՛ տալիս է հնարավորություն՝ տարբեր ասպարեզներում հետագայում գործ անել: Կոնկրետ մասնագիտություն, ո՛չ աբստրակտ, եթե, իհարկե, նա չի ուզում աբստրակտը և եթե դու այդքան ապրուստ չունես որ նրան ապահովես՝ չնայած նա ընտրեց աբստրակտը:

Այդ տեղափոխումը՝ կոնյակից մուշտակին, կարող է լինել տարբեր արագությունների. սկզբում միահյուսելով երկու բիզնեսները, հետո կամաց-կամաց մեկից դուրս գալով... Կամ՝ ավելի արագ, եթե հնարավոր է: Այսինքն կա ալիքը՝ այն ամենաքիչ ներդնումն է պահանջում և ամենաշատ օգուտն է խոստանում՝ ուրեմն գնանք այդ ուղղությամբ:

Ինչ վերաբերում է հումանիտար և «փափուկ» մասնագետներին՝ այստեղ էլ կարևոր է այն, որ աշխարհում հումանիտար մասնագետները, որպես կանոն, ստիպված են շատ ավելի ակտիվորեն ծառայել պետության գաղափարախոսությանը, քան ոչ հումանիտարները: Եթե ոչ- հումանիտարները կարող են պարզապես բիզնեսից բիզնես տեղափոխվել՝ և նույնիսկ տարբեր երկրներում՝ ապա հումանիտարները սովորաբար ստիպված են սահմանափակվել ծառայելով այն գաղափարախոսությանը՝ որի ներսում գտնվում են: Հայերի մի մասն այդպիսով դառնում է հարգված հումանիտար գեներալ՝ ասենք գիտության, քաղաքականության կամ մեդիայի ասպարեզում, բայց՝ ուրիշի համար: Իհարե, միշտ ավելի հեշտ է այդ ասպարեզներում էլ մասնագիտանալ այն հարցերում, որոնք քո հայեցիությանը հարիր են, ասենք՝ Կովկասի, Մերձավոր Արևելքի, կամ ընդհանրապես որևէ տարածաշրջանի, կարող է լինել, ասենք, Աֆրիկա, կամ ցեղասպանության տեսություն...

Այդպես, կոպտորեն ասած, նրանք բաժանվում են երկու մասի. մեկը գովերգում է տվյալ (տվյալ երկրի, տվյալ պետության կամ խմբի) գաղափարախոսությունը, մյուսը՝ ծառայում իր հյուրընկալ երկրին նրա ավելի լիբերալ ոլորտներում: Օրինակ՝ Ռուսաստանում հայ ժուռնալիստների, քաղաքագետների, պետական աշխատողների մի մեծ մասն ազգին օգնում է՝ որ նրանք բոլորը հարմավեն ավելի, քանի որ այնպես է անում՝ որ հայ ազգին լավ են վերաբերում: Նրանք դա անում են, ծառայելով տվյալ պահի գաղափարախոսությանը և հավատարիմ հայի (նույնիսկ պապից ավելի կաթոլիկի) օրինակ տրամադրելով Ռուսաստանին: Հիշենք նաև Միկոյանին՝ «գերազանցիկ», պապից ավելի կաթոլիկ, երբեմն՝ հակահայ, երբեմն՝ երբ կարծում էր, որ կարող էր իրեն թույլ տալ՝ պրոհայ: Վերջերս տեսա Երևանում կայանած, հայկական համարանիշերով մի մեքենայի մեջ կախած մի հսկայական կոլորադ՝ մի լայն փողկապի չափ. իսկույն պատկերացրեցի, որ մարդը, երևի, գնացել է այդ մեքենայով Պյատիգորսկ... Բայց տարօրինակ է, որ Վրաստանում հանել չեն տվել:

Իսկ մեկ այլ մեծ մաս՝ գտնվում էր սկզբում դիսիդենտ, իսկ հետո լիբերալ ոլորտում, որի մի մասն այժմ փակվում է, ասենք՝ ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդության, ազատ մեդիայի ասպարեզում և այլն: Սրանք տուժելու են, եթե ժամանակին չտեղափոխվեն այլ ոլորտ, եթե, իհարկե, Ռուսաստանի քաաքականությունը չփոխվի:

Իհարկե, փողի ոլորտում հայերը չեն կարող մրցել հրեաների հետ, սակայն աշխարհի մասշտաբով առաջխաղացում ենք նկատում հայերի մասնակցության մեջ՝ բանկային ոլորտում այնուամենայնիվ, բիզնեսի ոլորտն էլ դե միշտ էլ կար ու կար:

Ալիքին տրվել. ընտրել ամենաքիչ ներդրում պահանջողն ու ամենաշատ օգուտ խոստացողը: Քանի որ Արևմուտքում դա դժվար է, այնտեղ ծակեր ավելի քիչ կան, որ փոքրիկ խարդախությամբ արագ հարստանաս՝ շատերը չեն սիրում Արևմուտքը, տրտնջում են, որ երաժշտուհին պիտի ծերանոցում աշխատի օրնիբուն: Ոմանք էլ փորձում են ընտրել մանր խարդախության ճանապարհը, լավ հոտառությամբ գտնելով ծակերը, և եթե բռնվում են՝ շրջապատն ասում է՝ հայերին վարկաբեկեց:

Իսկ հաջողակների դեպքում հստակորեն գործում է «քիչ տալ՝ շատ ստանալ» նորմալ մարդկային օրենքը: Պետք չէ այդ «քիչ ներդրումը» հասկանալ պրիմիտիվ կերպով՝ որպես ծուլություն: Ընդհակառակը. այդ «քիչ ներդրումը» նշանակում է մեծ նվիրվածություն աշխատանքին, և բնորոշվում է որպես «միայն իմ ու իմ մերձավորների անձնական եռանդի նվիրում», այսինքն՝ ավելի քիչ կախվածություն այլ հնարավոր խոստումնալից ներդրումներից՝ որոնք սակայն կարող են և չարդարանալ:

Դա է հիմնական ռազմավարությունը՝ գոյատևման համար. այն նույնիսկ կարելի է անվանել «գոյատևում պլյուս»: Սակայն սա չի կարելի լրիվ իրավունքով անվանել «զարգացում», քանի որ զարգացման համար պետք է ազգովին, ազգային գիտակցված ռազմավարություն:

Այդպիսով, գոյատևելով և բարգավաճելով, աշխարհի հայությունը մի կողմից խորացնում է իր պրիմիտիվ ընկալումն իր իսկ հայության, պրիմիտիվացնելով «հայ լինել» հասկացությունը, դեմոդե, հնոտի դարձնելով այն, մյուս կողմից՝ քանի որ զարգացման ստրատեգիա չկա, իր կուտակն այդպես էլ չի տեսնում, թե ինչպես կարող է դրսևորել զարգացման համար:

Պետք չէ ասածս պրիմիտիվ հասկանալ. քանի որ աշխարհում վերելք է ապրում մշակութային խմբերի բաժանվելը՝ այդ պրիմիտիվիզմը՝ երբ հայ լինելը նշանակում է, ասենք, ունենալ և գնալ եկեղեցի, ամուսնանալ, եթե հնարավոր է, հայի հետ, հիշել մեր պատմության ու ցեղասպանության պրիմիտիվ տարբերակը, գլխավոր իրադարձությունները, սիրել ու նվիրված լինել սեփական երեխաներին, անցյալին հակված լինել, թուրքերին չսիրել առանձնապես, սիրել սեփական կյուիզինը, ասենք՝ խաշը, մուզիկան, երբեմն՝ սեփական ռաբիզը, և այլն՝ այդ պրիմիտիվիզմն այսօր՝ ճիշտ օգտագործվելու դեպքում՝ կարող է և ակտուալանալ. աշխարհը մշակութային խմբերի է բաժանվում անցյալին ու գենետիկ միֆին պատկանելության չափանիշներով, մինչդեռ հայերը վաղուց արդեն հենց այդպիսի խումբ էին, իրենք իրենց ինքնությունը նորեն կառուցելու կարիք այդ հարցում չունեն:

Ինչումն է սրա թերությունը կամ բարդությունը. անհատական մակարդակի վրա՝ սովորած լինելով հենվել միայն մերձավորներին (բայց ոչ ազգին և ոչ այնքան՝ համայնքին)՝ շատ անգամներ «վառված» լինելով «ուրիշին» վստահելու ճանապարհին՝ հայը, որը որոշում է ազգային նպատակով նեդրում կատարել վերջապես՝ միաժամանակ սարսափելի անհավատ է ու միամիտ:

Նա այնքան անհավատ է՝ որ հակված է գոնե մեկ անգամ խաբվելու հենց այն հարցում՝ որում ամենաանհավատն է, և վստահելու որևէ ստահակի: Որից հետո նա է՛լ ավելի անհավատ է դառնում և երկար ժամանակով դադարում մտածել ազգանվեր ներդրման մասին:

Ինչու է դա կատարվում: Մի քանի պատճառով: Որովհետև ադապտացումը, որին նա նվիրվել էր երկար ժամանակ, պահանջում է քիչ մտածել և շատ զգալ: Հայը, կարելի է ասել՝ կանացիորեն, օգտվելով միջավայրում ընդունված ճանապարհներից՝ հարմարվում է, որ իր գլխավոր բնազդային ֆունկցիան կատարի՝ իր ու ընտանիքի գոյատևումն ապահովի: Այստեղ նա ստիպված է մտածողության ասպարեզում ընդունել գոյություն ունեցող շաբլոնները, կարծրատիպերը, քիչ մտածել և շատ վստահել միջավայրին, զգալով նրա հնարավոր փոփոխությունները: Եվ եթե մեծ միջավայրի դեպքում, բնազդի ու գոյատևման համար դա ճիշտ ռազմավարություն է՝ ապա անհատական մոտեցման դեպքում ու համար (երբ որոշում է ազգանվեր գործարքի մեջ մտնել) դա արդեն չի աշխատում, քանի որ բնազդին հենվելը հաճախ սխալական է:

Բնազդին հենվելը լավ է, երբ մարդ պիտի մահից խուսափի, և վատ է, երբ մարդ պիտի մտածված կերպով կառուցի ինչ-որ բան:

Պրոգրեսը հիմնված է բնազդին չհենվելու վրա, բնազդի դեմ գնալու: Ձայնից արագ թռչող ոչնչացուցիչների օդաչուները սովորում են գործել բնազդին հակառակ, այլապես կկործանվեն. եթե բնազդն ասում է, որ օդաչուն ղեկը պիտի թեքի ձախ՝ նա պիտի կարողանա հենց այդ պահին անել հակառակն ու ղեկը թեքել աջ: Դրա համար էլ նրանց հիմա փորձում են փոխարինել դռոններով, որոնք կկառավարվեն հեռու սենյակում հանգիստ սուրճ խմող ճշգրիտ կանանց կողմից, որոնք, հեռու լինելով գոյատևման խնդրից՝ ավելի հեշտ կընդունեն հակաբնազդային որոշումներ, ավելի ճիշտ՝ կհենվեն իրենց բնազդին՝ վիրտուալի աշխարհում, իսկ դա այլ բնազդ է:

Ուրեմն բարերարը վստահում է ստահակին ու տակ մնում, քանի որ հենվեց ալիքին, բնազդին: Դրան գումարած՝ չզարգացնելով իր պատկերացումներն ազգայինի մասին՝ շատ աղքատիկ ազգային գաղափարախոսություն ունենալով՝ նա կրկին սխալվեց, քանի որ նույն արժեքներից էր խոսում ստահակը:

Այսինքն նա չի միացնում իր երկրորդ մտածողությունը: Չի վերլուծում այն փաստը, որ միջավայրը, որում ստահակը գործում է՝ ալիքը՝ ստահակից պահանջել է դառնալ ստահակ, որպեսզի գոյատևել, վերապրել:

Բնականաբար, նա ինքն էլ կարող է ստահակություն արած լինել իր կյանքի որևէ փուլում: Ուրեմն պիտի չխաբվեր: Բայց եթե ուզում է լավ գործ, բարերարություն անել՝ խաբվում է, քանի որ ինքն ազնվազարմացել է՝ ու կորցրել ստահակներին հոտով ճանաչելու իր բնազդը՝ այդ պահին: Կամ էլ՝ խորամանկորեն՝ այդ «քցոցին» փաստարկ բերելով՝ ուզում է խուսափել ներդրումից: Կարող է նույնիսկ հատուկ «քցողական» մանր վիճակի մեջ մտնել՝ որ հետո արդարացում ունենա ու էլ չներդնի:

Ավելին. չունենալով զարգացրած հակաբնազդային, երկրորդ մտածողությունը՝ բարերարը հակված չէ բարդ դատողություններ ունկնդրելու. նա ուզում է պարզ ու արագ ներդրում՝ հօգուտ ազգի, և ներդնում է հիմնականում հենց այն ասպարեզներում՝ որոնք էլ կազմում են իր ազգային աղքատիկ դիսկուրսը:

Օրինակ՝ եթե նա բարեգործորեն ներդնի ԱՄՆում՝ կունենա ներդրման մեծ դաշտ, ասենք՝ հետազոտական ասպարեզներից մինչև արժեքայինը, և հետազոտականում՝ նոր դեղեր ստեղծելու ասպարեզից մինչև այլ մոլորակի հանքերը հետազոտելը, և այլն:

Փոքրիկ Հայաստանում կամ (իր կարծիքով փոքրիկ) հայության համար ներդրում մտածելիս՝ նա ուզում է ներդնել հայկական «աղքատիկ» ազգային արժեքների ներկապնակի որևէ ասպարեզում՝ ասենք ցեղասպանւթյան՝ է՛լ ավելի ճանաչման համար, և կամ այնպիսի հետազոտական ասպարեզում՝ որը միաժամանակ և՛, տեսականորեն, համաշխարհային (շուկայական) նշանակություն կունենա, և՛ կարևոր է  Հայաստանի համար (ասենք՝ ռազմական տեսակետից), և՛ իրեն թվում է (կամ ստահակը համոզում է), որ հնարավոր է Հայաստանում իրագործել: Նույնիսկ եթե դա բարեգործական ներդրում է՝ բարեգործը կամ ներդնողը հակված է գնալ համաշխարհային մոդայի ետևից: Շատ ավելի հավանական է, որ ամենապրոգրեսիվ բարեգործը ներդնի ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ (այսինքն՝ այն ոլորտում, որը կարծրատիպորեն իննովացիոն է այսօր համարվում), քան մի որևէ անհայտ ասպարեզում:

Ամենազարգացածները մտածում են ներդնել վենչուրային կամ ստարտափային ոլորտում, որը կապ չունի հայեցիության հետ, որը սակայն էքստերնալիթիներ կտա՝ հայությանն օգուտ: Եթե պիտի ընտրեն կոմպյուտերային խաղի տարատեսակների մեջ՝ կընտրեն այն խաղը, որը կարող է համաշխարհային դառնալ, սակայն հայկականության հետ կապ չունի: Կամ այն՝ որը, հենվելով, ասենք, հայկական որևէ սեղծագործության վրա (օրինակ Թումանյանի հեքիաթի)՝ կունենա համաշխարհային գնողունակություն: Բայց պարզ է, որ ավելի գնողունակ է Թոքիենի հեքիաթի վրա հիմնել խաղդ, քան Թումանյանի: Այն խաղը, որ զուտ հայերի համար է նախատեսված՝ չի ընտրվի ընդհանրապես:

Այդ է պատճառը, որ, ունենալով այդքան ուղղվածություն դեպի կոմպյուտերայինը, հայությունն այդքան դանդաղ է ձեռք բերում հայեցի կոմպյուտերային ծրագրեր, հայերենի ուղղագրության ստուգիչ, հայկական բառարաններ, հայ գրի թվայնացում և այլն: Այս ամենն արվում է որպես ամենաերրորդական՝ շուկայական աշխարհ ավելի հեշտ մուտք ունեցող ծրագրերի համեմատ: Նույն կերպ էլ, ասենք, Դիլիջանի դպրոցը, որը Հայաստանին օգուտ է տալիս միայն իր էքստերնալիթիներով, այլ ոչ թե Հայաստանի համար է նախատեսված: Սա վատ ստրատեգիա չէ, աշխատող է, սակայն խուսափում է հայկականության, հայության զարգացման համար ռազմավարական ծրագիր, մոտեցում լինելուց, թեև ապահովում է դրա կոնտեքստը, մոտեցնում դրան անցնելու պատմական պահը, որն ուշացած է:

Իսկ որոնք են այդ անհայտ ասպարեզները, որոնք ներդրման կարիք ունեն: Դա՝ մեկ հարց: Եվ ինչպես խուսափել ստահակներից: Դա՝ երկրորդ հարցը:

Երկրորդ հարցն ավելի տեխնիկական է. ալիքին տրվելով դաստիարակված լինելով՝ բարեգործը գիտի, թե ինչ մեծ նշանակություն ունի իր ներդրումը: Դա ուռճացնում է իր եսը և դարձնում իրեն ավելի միամիտ: Սա՝ մեկ: Հետո՝ քիչ փողով նա ուզում է շատ բան: Սա՝ երկու: Այսինքն ներդնելուց առաջ նա պիտի ստեղծի ներդրման հստակ մեխանիզմ՝ որին վստահի, այլ ոչ թե, խնայելով «անկապ» «շրջակա» ծախսերը՝ պարզապես տա փող ու ակնկալի արդյունք ու հետո հիասթափվի: Իսկ «շրջակա» ծախսերը՝ մեխանիզմ ստեղծելը, դժվար գործ է, մանավանդ աշխատող մեխանիզմ: Եվ նրանք, որոնք ստեղծված են, նույնիսկ եթե ստահակային չեն, կարիք ունեն անընդհատ կատարելագործման:

Այսինքն լավագույն ներդնումը կլինի ոչ թե ծրագրի մեջ՝ այլ ծրագիր իրագործելու համակարգեր ստեղծելու մեջ, իսկ դա թվում է աննպատակ, ավելորդ ծախս, արդյունքից շեղող, և դրա մեջ ներդնելուց խուսափում են: Դա ավելի մեծ կասկած է հարուցում՝ քան երբ ստահակը գալիս ու ասում է՝ տուր ինձ տասը հազար և ես կսկսեմ արտադրել իմ ստեղծած պերպետուում մոբիլեն: Հենց ըստ Գեբբելսի՝ որքան քիչ փող ուզվեց որքան մեծ ստի կամ պատրանքի համար՝ այնքան հաճախ է հավանական, որ փողը տրվի:

Եվ այստեղ՝ այդ պերպետուում մոբիլեներին, կամ հայեցի պերպետուում մոբիլեներին հավատալիս («տուր ինձ տասնվեց հազար երեսուն դոլլար և ես կվերադարձնեմ մեր հողերը»), հայի միֆոլոգիզաված ինքնությունը հենց շատ մեծ դեր է կատարում: «Ես բանակը կկառուցեմ ըստ Տիգրան Մեծի բանակի՝ որը ողջ կյանքս ուսումնասիրել եմ՝ և այն կլինի անպարտելի ու մեր հողերը կվերադարձնի: Տուր ինձ հարյուր դոլլար»: «Բայց ախր Տիգրան Մեծը շատ վաղուց էր, ավելի ճիշտ չէ՞ կառուցել ավելի ժամանակակից բանակ»: «Այո. դուք ճիշտ եք. ես ճշտումներ կմտցնեմ իմ ծրագրի մեջ ու կկառուցեմ Աշոտ Երկաթի բանակ, որը մեր տեղանքին ու հնարավորություններին ավելի է համապատասխանում: Շնորհակալություն ձեր ռազմավարական խելքի համար: Ես ընդունում եմ քննադատությունը: Տվե՛ք ինձ հարյուր դոլլար»:

Մինչդեռ հենց այդ՝ ծրագիր անելու համակարգե՛րն են պետք ու կարևոր: Ճիշտ ծրագիր զտելու, այն կազմակերպելու, նրա իրագործումն ապահովելու՝ առանց գերծախսի ու ատկատի: Եթե դրանք կան՝ իրենք արդեն կարող են ներդնողներ գտնել, իսկ եթե չկան՝ առանձին ներդրումների ռիսկայնությունը շատ բարձր է:

Ինչ վերաբերում է առաջին հարցին, դա ավելի բարդ է, թեև սերտորեն կապված երկրորդ հարցի մեր պատասխանին: Նախ՝ ծրագիր իրագործող լավ համակարգերն արդեն հենց այն «բարդ» ասպարեզն են, որում իսկական հայը պիտի ներդնի (իսկ դրանք ի վերջո «ճիշտ» կազմակերպություններն են, բայց այդ մասին մեկ այլ անգամ):

Սակայն կա մի ասպարեզ, որում աշխարհը չի ներդնում կամ քիչ է ներդնում սկզբունքայնորեն. և դա ծրագրի գաղափարների մշակման ասպարեզն է:

Որտեղից են գալիս գաղափարները: Որտեղից է գալիս կրեատիվությունը՝ ստեղծագործականությունը, այն լիքցը, որը ստեղծում է գաղափար: Աշխարհն ունի դա սպասելու մի քանի ավանդական աղբյուր. պատահականությունը (տաղանդի կամ հանճարի ծնունդն ու գոյատևումը): Լավ միջավայրը (լավ դպրոց, համալսարան, ծնողներ, որոնք քաջալերում են կրեատիվին, հասարակությունը, որը նրան գոյատևելու և իր գաղափարներն իրագործելու հնարավորություններ է տալիս): Գիտակրթական առանձնահատուկ միջավայր. գիտակրթական համալիրներ, ինչպես օրինակ հատուկ համալսարաններ, որտեղ դրան հատուկ ուշադրություն է դարձվում: Հատուկ հիմնարկներ. դրանք և՛ հետազոտական հիմնարկներն են, և՛ բիզնեսի զարգացման բաժիններն ու լաբորատորիաները, և՛ այլ տիպի աշխատամիջավայրերը, ասենք օրինակ՝ ռազմական և պաշտպանական բնույթի, պետական և ոչ պետական, որոնք ստիպված են անընդհատ կրեատիվություն մակաբերել, այլապես իրենց պարտքը կատարած չեն լինի. և՛, վերջապես, որոշակի գիտակրթական, հետազոտական առարկաներ, այն, ինչ կոչվում է ֆունդամենտալ գիտություն մի կողմից, և արվեստ ու գրականություն մյուս կողմից, ներառյալ նաև դրանց այլ մոդիֆիկացիաները, նույնիսկ կիրառական, ասենք՝ փիլիսոփայությունը (անցյալ շրջաններում) և դիզայնը, որ կարծես թե այդպիսին է դառնում ներկայումս:

Սակայն մենք տեսնում ենք, որ նախ, սրանց մեծ մասի արդյունքը՝ կրեատիվ մարդ ձևավորել, արտադրել, շատ պատահականություններից է կախված, ավելի շուտ սոցիոլոգիական բնույթի է, քան ուղղորդված է հստակ նշանակետի: Երկրորդ, սրանց մեծ մասն էլի, ինչպես և ալիքին տրվելու դեպքում, նշանակետ է բռնում շուկայականությունը՝ այս կամ այն իմաստով, և շատ ավելի նեղ թիրախներ է հետապնդում, քան եթե օգտագործեր ավելի ազատ՝ պրիմիտիվ կիրառական պահանջարկից դուրս մոտեցում, ավելի շատ հիմնված, ասենք, ֆունդամենտալ կարիքի վրա:

Մենք գիտենք, որ աշխարհի մեծ մասին հիմա պետք է գաղափար, գաղափարախոսություն: Դա է ֆունդամենտալ կարիքներից մեկը: Իսկ հենց նշածս ասպարեզների մեծագույն մասը հիմա դրանից խորշում է: Արդյունքում այդ կարիքը, այդ վիհը լցվում է պրիմիտիվ և կամ սուտի կամ անընդունելի ինֆորմացիայով՝ ինչպես ասենք Իսլամական պետության գաղափարախոսությամբ:

Մենք նաև գիտենք, որ հենց իրագործվող, պետքական, իրագործելի գաղափարներն են, որոնք ամենաարժեքավորն են, ու որոնց ծնողներն ամենագնահատվածն են աշխարհում: Բայց լավագույն սովորական դեպքում դրանք սկսել են կոչվել «շուկայական», որն արդեն շեղում է:

Մենք նաև գիտենք, որ հայը կարող է րոպեում ծնել հազար գաղափար, եթե իհարկե լրիվ գետնահար չի դարձել, ավաղ, դրանց իրագործելիությունը նա չի էլ դիտարկում լրջորեն: Ամեն մարդ էլ դա կարող է, իրականում, բայց հայերը նախնականապես ունեն գաղափար ծնելու նկատմամբ հատուկ վերաբերմունք կարծես թե:

Մենք նաև գիտենք, որ սովորաբար իրագործվում է միլիոն գաղափարից մեկը, այն էլ իրագործվելիս փոփոխվում է, բայց մնացած հինգ հազարն էլ միանում են այդ գաղափարին՝ իր իրագործման ընթացքում, և պրոդուկտի, կամ արդյունքի մեջ արդեն տասնյակ հազարավոր գաղափարներ են միավորված հանդես գալիս:

Ասածիս էությունն է՝ պետք է ներդնել իրագործելի, սակայն ոչ շուկայական, ոչ թե պահանջարկին, այլ կարիքին արձագանքող, նաև՝ հայկականության՝ ոչ աքատիկ ու հետամնաց պալիտրային վերաբերող, այլ ռազմավարական կարևորություն ունեցող գաղափարների ստեղծման մեխանիզմների մեջ:

«Շուկայական» ասելիս հասկանում են «հիմա և այստեղ» պահանջարկ ունեցող, այսինքն՝ էլի քիչ ներդրումով մեծ շահույթ բերող: Մինչդեռ պետք է կարիքին, ոչ թե պահանջարկին պատասխանել, այն էլ՝ ապագան գուշակելով, ապագա կարիքը, պատմության ալիքին հենվելով, բայց ոչ թե ամենատեսանելի ու հեշտ ալիքին, ինչպես քո պրովինցիալ քաղաքում, երբ ընտրում ես մուշտակ վաճառելը, այլ այն ալիքին՝ որը գալու է, որը դեռ չկա, բայց զգում ես ջրի մակերեսի ուռչելը՝ երբ այդ ալիքը նախապատրաստվում է ծնվել:

Ուրեմն առաջին խնդիրն է՝ ներդնել ծրագրերի իրագործման մեխանիզմների մեջ: Երկրորդը՝ իրագործելի գաղափարների ստեղծման մեխանիզմի ծրագիր ստեղծել ու ծրագրի իրագործման մեխանիզմին հանձնարարել այն իրագործել:

Ինչն է կարիքի ու պահանջարկի տարբերությունը. որ թե «ի՛նչն է քո պահաջարկը»՝ պիտի հարցնես կլիենտից, հաճախորդից: Իսկ թե «ի՛նչն է քո կարիքը»՝ պիտի հարցնես (այստեղ հաճախորդը դառնում է շահառու), բայց հետո գիտականորեն, երկրորդ մտածողությամբ վերլուծես ու այն հայտնաբերես: Դա՝ մեկ: Իհարկե, լավ բիզնեսները պահանջարկ են ձևավորում: Սակայն ամենալավ բիզնեսները կարիք են ձևավորում և բավարարում: Դա՝ երկու: Հայաստանն ու հայությունը պիտի լինեն ու դառնան ամենալավ բիզնես:

Չսխալվենք նաև հայեցի ծրագրերի՝ աղքատիկ ու հետամնաց կամ սխալ ձևակերպումներից: Դրանք կարիք են արտահայտում, բայց հարցը չեն լուծում: Իհարկե, կարևոր է սիրիահայությանը փրկել: Սակայն այդպիսի՝ գոյատևման խնդիրների շուրջ հայությունը սովոր է բնազդորեն գոնե մի քիչ միավորվել ու ավելի արագ ու հեշտ է միավորվում, քան ավելի բարդ խնդիրների շուրջ՝ երկրորդ մտածողություն պահանջող: Սակայն հաճախ նաև այդպիսի գոյատևման, բնազդային խնդրի շուրջ միավորվելուց հետո՝ հայությունը նաև ժամանակ ու եռանդ ու ռեսուրս է ծախսում այդ խնդրի սիմուլյակրի վրա: Օրինակ՝ կոնկրետ օգնելու փոխարեն՝ փորձել աշխարհին բացատրել, թե այնտեղ ինչ է կատարվում: Դա էլ է կարևոր, բայց առաջնայնությունն այլ է, իսկ աշխարհին բացատրելը հաճախ սիմուլյակրի է վերածվում, եթե չափազանցվում է դրա վրա ծախսը:

1991ին, երբ ստեղծվում էր հայոց պետականությունը, ես իմ այն ժամանակվա հասկանալիքով ձևակերպեցի այս նույն մտքերը և տրամադրեցի անկախ Հայաստանի առաջին նախագահին ու նրա խորհրդականներին: Գաղափարն էր՝ ստեղծել «տեքստ-պրոդյուսերների» խումբ: Չկար ինտերնետ, բայց կար հայությունը, որն աշխարհի մասին շատ ավելի բան գիտեր, քան նորանկախ Հայաստանը: Այս գլոբալ ծրագիրն, իհարկե, չիրականացավ: Փոխարենը ստեղծվեց ամենօրյա հարցերին արձագանքելու համար նախատեսված վերլուծական կենտրոն: Սա նույն հարյուր դոլլարի հարցն է. հարյուր դոլլարով նույնիսկ Աշոտ Երկաթի բանակ չես ստեղծի, թեև գուցե պերպետուում մոբիլե ստեղծողը գոնե մեկ շաբաթ սնվի: Համեստորեն:

Բայց հարյուր դոլլարը մեր ուղեղի գինն է, ոչ թե մեր գրպանի: Իհարկե, հարցը ներդրման մասշտաբը չէր՝ այն էլ այնօր, երբ և՛ ներդրման հնար կար, և՛ էնտուզիազմ՝ դրա տասնապատիկի արդյունքը տալ: Մասշտաբ է պետք, հասկացություն ու մտածողություն, որ մենք շարժվում ենք դեպի համաշխարհային ցանցապետություն, և ուրեմն պիտի ստեղծվի ֆունդամենտալ կրեատիվության մակաբերման և իրագործման մեխանիզմ, որը և՛ համապատասխանում է հայության մասշտաբին ու կարողությանը, և՛ այնքան շուկայական բան կարտադրի, որ էլ դու սուս, քանի որ ինքը մետաշուկայական է, այսինքն՝ շուկաներ արտադրող ու կառավարող: Արեգակներ շպրտող երկինքն ի վեր և, եթե շատ պետք լինի, նաև երկնքից վար բերող արեգակներ:

Մայիս 20 2015 ժ 1035

 

 


19:05 Մարտ 14, 2018