Մեդիա

Մայրաքաղաք. քաղաքի բնակիչն ու ավանդույթները


https://youtu.be/5X29D0GrI6w

2016 թ., «Շողակաթ», Հերմինե Հակոբյանի և Աղասի Թադևոսյանի հետ

Սղագրած է միայն ԳՏԳ-ի խոսքը:

Քաղաքն իբրև բնակության վայր, իսկապես, հրապուրիչ է. հեշտ են լուծվում աշխատանք գտնելու, սննդամթերք ձեռք բերելու, կրթության, բժշկության հարցերը, կա տարբեր տեսակի տրանսպորտ և կոմունիկացիոն հարմարություններ, բազմապլան կառուցապատում՝ մեկհարկանի տներից մինչև բազմահարկ շինություններ։ Իհարկե քիչ չեն նաև թերությունները, օրինակ՝ քաղաքային բնապահպանությունն ընդհանրապես։ Ձեր կարծիքով ինչո՞վ է քաղաքը գրավում մարդկանց՝ կյանքի որակո՞վ,  հարմարավետությա՞մբ։

Կարևոր է երևի նշել, որ քաղաքը ինչպես է ընդհանրապես առաջացել։ Քաղաքը դա իշխանության կենտրոնացման տեղն է։ Այսինքն՝ դա իշխանավորի դղյակի առաջին պահն է։ Կա իշխանավորը, նա, բնականաբար, ավելի հարուստ դղյակ է կառուցում կամ ամրոց, ամրոցի ներսը սկզբում լցվում են իր մերձավորները, հետո ամրոցի պատից դուրս նույնպես սկսվում է արագ զարգացում։ Ինչու՞։ Որովհետև նա ունի հնարավորություն, փող և ուժ, որպեսզի մագնիսի պես ստեղծվի մի իրադրություն, երբ մարդիկ դրա հետ շփվեն։ Դա և՛ նրա սպասավորներն են, և՛ պալատականները, որոնք ուզում են քաղաքական կարիերա անել, և՛ առևտրականները, որոնք տեսնում են, որ հնարավորություն կա այստեղ փող ստեղծելու, և շատ կարևոր է՝ աղքատները, մուրացիկները, որոնք գյուղից գալիս են, որովհետև մտածում են այստեղ հարստությունը շատ է, մի բան իրենց էլ կհասնի։ Դա այն ավանդական պատմությունն է, որով սովորաբար քաղաքը, հատկապես մայրաքաղաքը կառուցվում է, սկսում է զարգանալ, տեղի է ունենում։ Եվ այդ առումով ես Աղասիի հետ շատ համաձայն եմ։ Ինձ թվում է, որ եթե այսպես ընդհանրացնենք, առաջին պահը իշխանության ձգողությունն է, երկրորդ պահը, երբ արդեն քաղաքը շատ է մեծանում, իրոք, ավանդական, տոհմական կապերից ազատագրվելը, ազատությունը, և այդ ավանդական, տոհմական կապերից ազատագրվելը բերում է նաև շատ հետաքրքիր, կարևոր ֆենոմենի։ Ազատությունը ինչ է ի վերջո. դու կախված չես, քո վարվեցողության կանոնների մեջ, տոհմիցդ, հարևաններից և այլն։ Քրեականացման պրոցեսն է տեղի ունենում։ Բնականաբար հանցագործությունը շատ ավելի քանակով է տեղի ունենում քաղաքում քան գյուղում, որովհետև այնտեղ բոլորը իրար ճանաչում են, և բնականաբար քաղաքը նաև դառնում է ավանտյուրիստների, արկածախնդիրների մագնիս, որպեսզի արկածախնդիրները լցվեն այնտեղ, ավելի հեշտ է այնտեղ քողարկվելը, գյուղում իսկույն աչքի ես ընկնում:

Եվ պիտի ասեմ, որ դեռ իննսուներկու թվականին սկանդինավյան պետություններից ինչ-որ մի խումբ եկավ, որոնք Հայաստանին առաջարկեցին, որ իրենք կկառուցեն Եվրոպոլիս։ Դա կապված էր նաև Ղարաբաղյան հակամարտության հետ, հայամետ ինչ-որ խումբ էր, ինչ-որ կազմակերպություն էր, որոնք ասացին, որ մենք ուզում ենք Նախիջևանի, Հայաստանի և Թուրքիայի սահմանամերձ շրջանում այդ կետում, բայց Հայստանի տարծքում կառուցել մի ժամանակակից մոդեռն քաղաք, որը կօգնի որպեսզի այդ երկխոսությունը զարգանա և որ տարածաշրջանում ստաբիլությունը աճի։ Մենք կրեատիվ խաղ կազմակերպեցինք, որ քննարկենք, թե ինչպիսին կլինի այդ քաղաքը, և խաղի գլխավոր արդյունքներից մեկն էր, ես հիմա, ճիշտն ասած, որ հիմա նայում եմ Երևանին՝ ինձ շատ հիշեցնում է, - այսինքն մենք պատկերեցինք այսօրվա Երևանը, որ ապագայում, եթե Եվրոպոլիս կառուցվեր, այսպիսին կլիներ, իհարկե, արտասահմանցիների է՛լ ավելի մեծ հոսքով։ Բայց մենք իսկույն հասկացանք, որ այնտեղ կլինի և՛ իրանցիների, պարսիկների և Իրանի այլ քաղաքացիների մուտքը, և՛ այլ արտասահմանցիների, և՛ սփյուռքի, և՛ հատկապես, շատ հետաքրքիր է, որ մենք այնտեղ նշեցինք, որ այնտեղ հսկայական ուժ են իրենցից ներկայացնելու հանցագործությունը և հատկապես կոռուպցիան, և ոստիկանությունը, որը պիտի զսպի հանրային ելույթները։ Այդպիսով մենք կանխագուշակեցինք, ինչ-որ իմաստով. այդ մարդիկ, երբ տեսան մեր արդյունքը, նրանք հրաժարվեցին Եվրոպոլիս կառուցել, գուցե չէին էլ պատրաստվում, չգիտեմ, համենայն դեպս այդ Եվրոպոլիսը իհարկե չկառուցվեց, բայց Երևանը ինչ-որ իմաստով գնաց այդ ուղով։

Մենք Երևանն ենք հիմա դիտարկում, բայց դա փոքր քաղաք է։ Մայրաքաղաքը կամ, ընդհանրապես, նույնիսկ, ոչ մայրաքաղաքը, աշխարհի շատ զարգացած երկրներում հսկայական են, և եկեք հաշվի առնենք, որ ամենամեծ քաղաքները ոչ զարգացած երկրներում են։ Կուալա-Լումպուռ կամ այդպիսի հսկայական քաղաքներ կան։ Ստամբուլը, ասենք, վաթսուն մեկ թվականին մեկ միլիոն էր, հիմա տասնհինգ միլիոնից ավել, թե չեմ հիշում արդեն քանի. տասնյակ անգամներ մեծացել է։

Ուրեմն, շատ կարևոր է ինձ համար այդ վախի զգացողության մասին ասելը, այդ անծանոթ միջավայր ընկնելը։ Քաղաքը նաև անմարդկային տարածք է շատ հաճախ։ Ես հիշում եմ Մոսկվայի խորհրդային ժամանակների իմ տպավորությունը, այսպես կոչված «ննջարանային» շրջաններից, երբ դեռ մետրո այնտեղ չէր հասել. ձմեռ է, մինուս քսան աստիճան, և ես՝ հայ ուսանողս պիտի մի կանգառ անցնեմ, ու մի կանգառի դիմաց մի շենք է, որտեղ մոտ հինգ գյուղ էր տեղավորվում, և այն մյուս կանգառի դիմաց մյուս շենքն էր, ու ես պիտի հասնեի մյուս շենքին։ Ցուրտ քամի, դատարկ տարածություն շենքերի մինչև, ոչինչ չկա, և ավտոբուս չի գալու, որովհետև սա Խորհրդային Միությունն է, գիշերվա, ասենք, ինն է, և չգիտես երբ կգա։ Ավտոմեքենա չկա՝ ոչ դու ունես, ոչ տաքսի կա, շատ քիչ են ավտոմեքենաները, և դու պիտի այդ բորանի միջով անցնես, որ հասնես մի տեղից մյուս տեղ։ Պատկերացրեք, թե ինչպես է դա ձևավորում մարդու հոգեբանությունը։ Մարդիկ շենքի մեջ են սկսում ընկերություն անել, որ շենքից դուրս չգան։ Հարևանների հետ են սկսում ընկերություն անել, միմյանց հյուր գնալ կամ շատ-շատ թաղի մեջ, բայց թաղը՝ թաղը արդեն այդ ննջարանային շրջաններին չի վերաբերվում։

Ուրիշ պատճառներով, բայց նույնպիսի անմարդկային պատճառներով տպավորություն մարդու հաբիտատին ոչ հարմար ես ստացել եմ մի շարք այլ քաղաքներում աշխարհով մեկ՝ Չիկագոյում, օրինակի համար, նույն Լոս Անջելեսում, որովհետև առանց ավտոմեքենայի այդ քաղաքում անելու բան չկա, գրեթե տեղ չկա բացի այդ աստղային ասֆալտապատ ծառուղուց, որտեղ մարդիկ հավաքվում են, քանի որ գյուղամեջը չկա, մեկ էլ ծովեզերքի ինչ-որ հաճելի պահեր կան։

Վերցնենք Թբիլիսին՝ հայտնի էր և հայտնի է, մինչև այսօր հսկայական համբավ ունի, որպես շատ գեղեցիկ և մարդուն համապատասխան, և մեր քաղաքակրթությանը, մեր մշակույթին համապատասխան քաղաք Թիֆլիսը։ Բայց վերջին տարիների փոփոխություններով նրանք քաղաքի մեջտեղը դրել են մայրուղիներ, այսինքն հանել են լուսաֆորները, մենք, օրինակ, բողոքում ենք, որ Երևանում շատ կան լուսաֆորներ, ու ամեն քայլափոխին հա՛մ մեքենան է կանգնում, և՛ հետիոտնը պիտի սպասի։ Թբիլիսիում հանել են Ռուստավելիի լուսաֆորները, մեծ հսկայական տարածք, մեկը մյուսից հետո կան կեղտոտ անցումներ, գետնանցումներ, կամ վերևից ինչ-որ տեղ կամուրջներ, և ամբողջ քաղաքը դարձել է մայրուղիների և ավտոմեքենաների համար հարմար տեղ։ Ռուստավելին՝ որտեղ մարդիկ դուրս էին գալիս «իրենց ցույց տալու և ուրիշներին նայելու», հին ասացվածքի համաձայն, հիմա դա դարձել է... երիտասարդությունը շղթայիկներով, ամբոխներով քայլում էր։ Հիմա էլ են, իհարկե, քայլում, բայց մի մայթից մյուս մայթ անցնել չեն կարող, և այդ համակարգը քանդվում է։

Վերցնենք Երևանը, համալսարանը Երևանի պետական և այն ծառուղին, որը կառուցեցին։ Սկզբում այդ աղեղնաձև ծառուղին դա ադրբեջանցիների թաղն էր, այնտեղ գտվում էին ադրբեջանցիների մասնավոր տները։ Մոտավորապես, երևի յոթանասունական թվականների սկզբին որոշում ընդունվեց, որ քանդվելու է, ադրբեջանցիներին տեղափոխեցին արդեն այլ նորակառույց շենքեր։ Ստեղծեցին ծառուղին, որը կինոթատրոն Ռոսիայով վերջանում է և գնում է մինչև կասկադ։ Փաստորեն այդ ամբողջը մի ընդանրական ծառուղի է։ Եվ համալսարանը... ես այդ տարիներին, արդեն ութսունականներին էի հաճախում համալսարան, դուրս էիր գալիս, մտնում ծառուղին, ծառուղով գնում էիր, արդեն կային մեկ-երկու կաֆեներ, այդ ժամանակ դեռ շատ չէին, բայց արդեն կային, բայց ամբողջությամբ ծառ էր, օդ էր, պարտեզ էր, այգի էր, անտառ չէր, իհարկե, արդեն, բայց գոնե խիտ էր, հաճելի էր։ Հետո որոշեցին Գետառը դնել գետնի տակ և կտրեցին ծառուղին մեջտեղից, և հիմա համալսարանից դուրս եկող ուսանողը ստիպված է իճաշահուկ, գետնանցով, այդ նեղ գետնանցով դուրս գալ կրկին երես, և ամբողջ ծառուղին լի է չափից դուրս շատ սրճարաններով և, այսինքն՝ դու օտարություն ես զգում, դու տհաճություն ես զգում, անպայման տհաճություն ես զգում, որովհետև քաղաքը արհեստական միջավայր է, արհեստական միջավայրում բացի այն մարտահրավերներից, որ դու ապրում ես, որ անծանոթ միջավայր է, և այլն, և այլն, նաև դու ընկնում ես այդ իշխանության մագնիսի մեջ, և այնտեղ քեզ վրա կարող են անել շատ բաներ, շատ արարքներ, այսինքն քո հաբիտատը փոխել։

Իսկ դա ի՞նչ է նշանակում։ Ես չեմ համարում, որ սխալ է այն, որ Երևանը կերպափոխվում է, այն պիտի կերպափոխվեր, բայց ուղղակի ուզում եմ ընդգծել մի հանգամանք, որ երբ դու կապերը կտրում ես քաղաքի մեջ՝ այ ծառուղի էր, հիմա մայրուղի է մեջտեղով անցնում՝ կապը կտրվեց, հին թաղ էր՝ հին, այսպես, պատմական հուշարձաններ չհամարենք, բայց, համենայն դեպս, տներով, հին ավանդույթի տներով, և դու քանդում ես, դու ի՞նչ ես անում, դու մարդու ուղեղի ներսն ես քանդում. այսինքն քեզ ավելի հեշտ է այդ մարդուն հետո կառավարել։

Պատկերացրեք մարդու ուղեղը, որի միջև ինչ-որ կղզյակներ են մեջը ստեղծվել, և կապերը կտրվել են որոշակի օղակների մեջ։ Դա կամ շիզոֆրենիկ է դառնում կամ պարզապես դառնում է աննորմալ անձնավորություն։ Նույն ձևի էլ դա քաղաքի մեջ է տեղի ունենում։

Դրա համար, երբ դու ընկնում ես օտար քաղաք, դրա համար, ասենք, միգրանտների բախտը շատ դժվար է։ Ես ինքս միգրանտ եմ եղել, շատ տարբեր քաղաքներում եմ ապրել և ասում եմ՝ այդ օտարության զգացողությունը շատ ուժեղ է, և նույնը Երևանի հետ. կապ չունի դու Երևանցի ես, թե ոչ, բայց եթե չափից դուրս արագ է այդ փոփոխությունը կատարվում՝ դու համակարգայնացումը արժեքների, որ քո մեջ ձևավորվել է, կորցնում ես: Իսկ դա ի՞նչ է նշանակում. քեզ ավելի հեշտ է ղեկավարել, իշխել քո վրա։ Ասել՝ «այս արա, այն արա». դու չգիտես, որովհետև կապերը չկան, դու չգիտես, թե ինչպես է եղել, և չես կարող մասնակցել այդ, որ ասում եք ագենտի և ստրուկտուրայի հարաբերությունը, չես կարող իրականում մասնակցել, դու կարող ես մարմնով մասնակցել՝ որպես թնդանոթի միս, կոպիտ ասած, որպես բնական արարած, բայց խելքով, արհեստականությամբ, կոնստրուկտիվ կերպով դու չես կարող մասնակցել։

Դու մոդային հետևում ես ոչ թե մոդան թելադրելով, այլ մոդան ընդունելով, բոլորը ծիծակ կոշիկ են հագնում՝ դու էլ ես ծիծակ կոշիկ հագնում, դու սկսում ես հարմարվել, իսկ, ասենք, խայտաբղետ ինչ-որ շոր հագնելը շատ դժվար է, եթե շատ օտար չես, շատ մեծ քաղաքում, որտեղ ուղղակի ոչ մեկ ուշադրություն չի դարձնելու։

Փաստորեն, ըստ էության, խնդիրը տեմպերի կարգավորման մեջ է, ավելի ճիշտ՝ դրանց անկարգության մեջ է, որովհետև եթե տեմպերը ճիշտ կարգավորվեն, չափազանց ագրեսիվ ու սրընթաց չլինեն, կսահմանագծվի կոնկրետ փոփոխությունը ներդաշնակ է, կապված է քաղաքի հիշողության հետ, թե կոնկրետ անհատի, մեկ բնակչի հիշողության, որովհետև ձեր ասած կապերը վնասում են, հնարավոր է, մեկ բնակչին, այլ ոչ թե սերունդների միջև։

Ես ասեմ քաղաքի հիշողության վերաբերյալ. ինձ թվում է հենց Երևանը այդ տեսակետից, որովհետև շատ-շատ փոփոխված քաղաք է, շատ կարևոր դեպք է. որովհետև մենք ունենք մոտ վեց-յոթ Երևանի պատկեր: Իսկ քաղաքի հիշողությունը ինչպես է արտացոլվում՝ նա արտացոլվում է պատմությունների մեջ, հիմա նաև վիդեոպատմությունների մեջ, իսկ առաջներում միայն խոսքային պատմությունների՝ գրավոր, թե բանավոր։ Ստեղծագործության մեջ է արտացոլվում, ուրիշ ձև հիշողությունը չի մնում։

Ուրեմն սկսենք առաջին պահից՝ Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում»։ Այնտեղ ասում է՝ «маленький, пыльный городишко»։ Դա է, ուրեմն, Երևանի ձևակերպումը։ Դա տասնիններորդ դարի սկիզբն է։ Ի վերջո, նույն վիճակում մնում է մինչև քսաներորդ դարը, նույնիսկ հեղափոխությունից հետո, նույնիսկ արդեն մայրաքաղաք դառնալուց հետո, որովհետև եթե վերցնում ենք Ստեփան Զորյանի ստեղծագործությունը, որ տղան գալիս է գյուղից քաղաք և որբ, մուրացիկ և գող երեխաների հետ ընկերություն անում, իսկ հետո դառնում է տպարանում աշխատող, վերնագիրը չեմ հիշում, բայց շատ հայտնի ստեղծագործություն է, այնտեղ այդ նույն փոշին է:

Բայց, իհարկե, մենակ դրանով չէր բնորոշվում, նաև հին Երևանի կառույցների, այդ տների. բնությանը համապատասխան կառույց է, որ աղբյուրի շուրջ քառանկյուն տունը ստեղծվում է, դալանով, հիմա Երևանում գրեթե մնացել է մի երկու այդպիսի տեղ կիսաքանդ վիճակում։ Դալանով մտնում ես ներս՝ պատշգամբները, այգին, խաղողի ծածկը, որ հով լինի ներսում, ներսի սենյակներում անպայման տոթ է, որովհետև նրանք ձմեռվա համար են նախատեսված, որ տաք լինի։ Ուրեմն, դու ապրում ես պատշգամբում ամբողջ ամառային ցիկլը, և պատերը դրանց ստեղծվել էին այդ ծառի ճյուղերի հյուսվածքներից, կավածեփ հատուկ տեխնոլոգիաներ։ Դա էլ իր հաճույքը ու գեղեցկությունը ուներ։

Հետո գալիս է քսաներորդ դարը, սկսում է մեծ փոփոխությունը՝ թամանյանական կառույցի ժամանակաշրջանը։ Այդտեղ ես ուզում եմ նշել երեսունյոթ թիվը։ Շատ գեղեցիկ է նկարագրվում ՝ երեսունյոթ թիվ, ոսկե աշուն, հոյակապ աշուն, անասելի, բոլորը շշմած են գեղեցկությունից և բոլորը վախվորած են երթևեկում, քայլում փողոցներով, որովհետև ոչ ոք ոչ մեկին չի վստահում ու գիտեն, որ վաղը, մյուս օրը մյուսներին էլ են տանելու, արդեն մեկ առ մեկ մարդկանց սկսում են տանել։ Դա մեկ այլ փուլ է քաղաքի։ Մյուս փուլը գալիս է քառասունվեցից-քառասունութ թվականների հայրենադձության հետ կապված, երբ նրանց մի մասին արտաքսում են բերելուց հետո, որովհետև գիտեք, որ բերում էին, որովհետև կարծում էին, որ Ստալինը Կարսն է գրավելու, հետո նա չգրավեց, այդ մարդիկ քաղաքաբնակ լինելով տարբեր երկներից գնացին Հայաստանի գյուղեր, կամ մի մասը մնաց Երևանում, և ստեղծվեցին այդ շրջանները՝ Նոր Հաճնը և այլն, և նրանք նոր շունչ բերեցին, չնայած նրանց արտաքսեցին:

Ստալինի մահից հետո ոմանք հետ եկան, և վաթսունհինգ թիվը տեղի ունեցավ, երբ արդեն քաղաքը անցավ նոր փուլի՝ վաթսունական թվականները, մշակութային զարթոնքը, և վաթսունհինգ թիվը, երբ հրապարակը, օպերայի հրապարակը դարձավ հավաքման տեղ։

Դա էլ էր նախապատրաստվել, պատահաբար տեղի չունեցավ, որովհետև օպերայի հրապարակը արդեն Թամանյանը նախատեսում էր այդպիսի բաների համար, բայց առաջին անգամ, ինչքան ես եմ հասկանում, դա Տիգրան Պետրոսյանի շախմատի չեմպիոնի, առաջին չեմպիոնի առաջնությունն էր, որ ռադիոյով հաղորդում էին օպերայի հրապարակում, կարծեմ, վաթսուներեք թվականին, և ամբողջ ժողովուրդը հավաքվել էր։

Փաստորեն նոր փուլը Երևանի այդ պահից է սկսվում, և մենք այդ պահի մասին ենք ասում, ափսոսում ենք ոչ միայն տասնիններորդ դարի քարակերտ կառույցները, որոնք քիչ են, բայց ափսոսում ենք այդ մթնոլորտը, երբ ասում ենք, որ դա հիմա կորում է։

Պարոն Տեր-Գաբրիելյան, ովքե՞ր են այսօր ուսումնասիրում քաղաքը։ Կա՞ն քաղաքագիրներ, որոնք ուսումնասիրում են ոչ թե պատմությունը, այլ ներկան, որը դատապարտված է պատմություն դառնալու։

Անպայման։ Իհարկե պիտի լեգենդներ լինեն և պիտի ինչ-որ բաներ մնան, ոնց որ մենք այսօր... վաթսունհինգ թվի ցույցի, ապստամբության մասին ունենք միայն հիշողություններ, մեմուառներ և պատմություններ, արդեն հետխորհրդային շրջանից հետո սկսեցին դա պատմել։ Հիմա մեզ մոտ կա նաև ինտերնետը և կան հսկայական ինֆորմացիոն հոսքեր։ Այսինքն մեր լեգենդը այսօրվա լինելու է քսան տարի հետո կամ քառասուն տարի հետո, եթե նայես Սարհատ Պետրոսյանի և Նարեկ Սարգսյանի մարտը, ինչպես Հայկ և Բելի մարտը քաղաքի տարբեր տարատեսակների համար։

Այդ դիսկուրսները պարտադիր չէ, որ դառնան ավանդական իմաստով արձակ, չնայած շատ հավանական է, որ այդպես էլ ձևավորվեն, դրանք են ֆեյսբուքում, ինտերնետում, վիդեոհաղորդումներով, հեռուստահողորդումներով և այլն։ Փոխվել է կրիչը պատմությունների և լեգենդների։ Պատմությունները և լեգենդները մնում են։ Մյուս հանգամանքը՝ աշխարհով, արդեն զարգացած, մանավանդ, աշխարհում հիմա գնում է մեկ այլ տենդենց, ինչպես գիտենք, որը անվանենք «գլոկալիզացիա»: Ոչ թե գլոբալիզացիա՝ որը բերեց մեգապոլիսների ստեղծմանը, այլ գլոկալիզացիա, որը նրանում է կայանում, որ ով կարողանում է՝ քաղաքից գնում է, ով կարող է իրեն թույլ տալ, քանի որ ինտերնետը ամեն տեղ հասանելի է, ով կարող է իրեն թույլ տալ՝ գնում է քաղաքից հեռու է սկսում բնակվել, արվարձանում կամ է՛լ ավելի գեղատեսիլ գյուղում, և այնտեղից է մասնակցում աշխարհի գործընթացին։ Եթե շատ պետք է՝ ավտոմեքենայով կամ նույնիսկ ուղղաթիռով, նստում գալիս է քաղաք համերգի, օպերայի, հետո էլի հետ է գնում։ Փոխվում է այն պատճառը, ինչ պատճառով որ քաղաքը կամ մայրաքաղաքը զարգանում էր աշխարհում՝ նա տնտեսական պատճառ էր նախ և առաջ, եթե տնտեսականը չկա, իշխանությունը կարող է ինտերնետով էլ հաղորդվել կամ հեռախոսով, ուրեմն, գուցե կարիք չկա, որպեսզի մայրաքաղաքները կամ մեգապոլիսները այդքան մեծ նշանակություն ունենան։

Ուրեմն, ով որ կարող է, հարուստ հասարակությունները՝ նրանք սկսում են այլ միջավայր ստեղծել։ Քաղաքի և գյուղի պրոբլեմը, որ գոյություն ուներ խորհրդային գաղափարախոսության մեջ, այսօր, ասենք, Եվրոպայում գոյություն չունի, և ես դա առաջին անգամ տեսա, երբ ինը տարեկան էի, երբ Չեխոսլովակիա գնացինք, որը սոցիալիստական երկիր էր, բայց մենք ճամփորդում էինք տեղից տեղ, և Պրահայից դուրս եկանք, և հայրս ինձ ասեց. «տե՛ս՝ չեխական գյուղ», ես նայեցի և ասացի՝ «բայց սա գյուղ չէ, սա քաղաք է»։

Հիմա Հայաստանը ընկել է ծանր իրադրության մեջ, և այդ պատճառով փոխանակ քաղաքային համակարգը զարգանա և քաղաքի ու գյուղի պրոբլեմը վերանա, այստեղ ընդհակառակը՝ մենաշնորհային քաղաք է ձևավորվել։ Մենք պիտի ուժեղ լինենք, Գյումրին և Վանաձորը և Գորիսը և Մարտունին և մեր բոլոր մյուս քաղաքները դնելով զարգացնելու և ուժգնացնելու։ Ստեփանակերտը և Շուշին:

Ես օրինակ զարմացած էի վերջին դեպքերի հետ կապված, երբ լսեցի, որ Մարտակերտին՝ որպես գյուղ, մեծ գյուղ են կոչում, ինձ թվում էր, որ դա անհերքելի էր, որ դա փոքրիկ քաղաք է, առնվազն փոքրիկ։

Եթե այդ քաղաքները չվերականգնվեն ու չզարգանան, ու եթե այդ ցանցը չստեղծվի, ապա այս երկիրը երբեք չի մտնի այն բարորակության շարքը, որում ինքը արժանի է, որպեսզի գտնվի:

Եվ եթե մենք խոսում ենք լեգենդների մասին և ֆոլկլորի և այլ բաների մասին, դրանք պիտի վերաբերվեն «հայ մարդը աշխարհում» ձևաչափին, «հայ մարդը իր հայ աշխարհում, իր հայաստանյան աշխարհում և մեծ աշխարհում», որովհետև այժմ արդեն բացարձակապես կարևոր չէ, թե դու որտեղ ես ապրում քո արժեքներին հետևելու համար։

Ամփոփենք։ Ի՞նչ բան է քաղաքի բնիկ բնակիչ, ո՞րն է ամենաբնորոշ, ամենահիմնավորող հատկությունը, որով մարդը քաղաքի բնակիչ է։ Թե՞ այնուամենայնիվ, իսկապես քաղաքը պատահականությունների հավաքատեղի է իր հաստատուն և հոսող բնակիչներով։

Ես երևի կարճ փորձեմ պատասխանել, մի քիչ կարծրատիպային։ Դա, ինչպես Լունաչարսկին ասել է՝ «այն մարդն է, որի պապը համալսարան է ավարտել, հայրը համալսարան է ավարտել և ինքը համալսարան է ավարտել»։ Մենք, համենայն դեպս, որպես Հայաստանի հետխորհրդային մտավորական խավ, դեռևս դա որպես իդեալ ենք համարում, քաղաքի կամ ոչ քաղաքի, բայց «քաղաքակրթություն» բառի հետ առնչվող, «քաղաք» հասկացության հետ առնչվող, կամ «մայրաքաղաք». այդ մարդուն, այսինքն ժառանգաբար գրագետ ուսյալ անձնավորությանը։ Դա որպես իդեալ ասեմ։

(սղագրեց Անրի Նեդոլյանը)


00:22 Հունվար 20, 2020