Մեդիա

Ազգը պետությունից շատ ավելի մասշտաբային գտնվեց


Բնագիրը տե՛ս այստեղ

 

 

 

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

– Պարոն ՏերԳաբրիելյանայն ինչ տեղի ունեցավ 

մինչև ապրիլի 24-ը՝ մի շարք երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը,Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը և Հռոմի պապի պատարագը,

կօգնե՞ն արդյոք մեզ՝ որպես դրկից ժողովուրդների, իրար հետհարաբերվելթե՞ ընդհակառակը՝ կհեռացնեն:

– Թուրքիայի կառավարության վրա սա ճնշում է, և դա լավ է, ոչ թե մեր՝ հայկական շահից ելնելով եմ ասում, այլ համամարդկային պատկերացումներից, ցանկացած կառավարության վրա ճնշումը՝ որպեսզի ինքն ավելի արդար լինի, լավ է: Թուրքիայի կառավարությունը ստիպված պիտի է՛լ ավելի հաշվի նստի միջազգային կարծիքի հետ, եթե այդ կարծիքը նրա համար կարևոր է, ստիպված պիտի չգնա հակադեմոկրատական քայլերի: Դա էլ նշանակում է, որ Թուրքիայում է՛լ ավելի կարող է ծաղկել ազատ խոսքն ու միտքը: Իսկ վերջինս նպաստում է հայերի հետ երկխոսությանը, անցյալի ճանաչմանը, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը:

Ես կուզեի այդպես դրական գնահատել իրադրությունը: Իհարկե, եթե Թուրքիան Ռուսաստան լիներ՝ կարելի էր նաև հակառակը սպասել, որ միջազգային ճնշումից կմեկուսանա ու է՛լ ավելի կկարծրանա: Բայց տա Աստված, որ դա չկատարվի, թեև շատերն են ասում, որ պարոն Էրդողանը որոշ իմաստներով նման է պարոն Պուտինին: Հետո մի հնարավոր մխիթարիչ հանգամանք էլ կա, անցյալ տարի Ռուսաստանը, կարծես թե, տարածաշրջանում քաոս ու խառնաշփոթ ստեղծելն արդեն իրագործել է: Հիմա, գուցե բոլոր խաղացողներն ավելի խաղաղ, ավելի կայուն իրադրություն ցանկանան: Բայց, իհարկե, հիմա՝ առավել, քան առաջ, վոլյունտարիստական, ոչ ռացիոնալ, անկառավարելի քաղաքականության շանս կա, ինչը եթե հաղթանակի Թուրքիայում կամ այլ տեղ, «բանը բուրդ» է:

Համենայնդեպս, հայությունը շատ բաներ արեց ու ստացավ այս մի քանի շաբաթվա ընթացքում: Եվս մեկ անգամ պարզ դարձավ՝ համաշխարհային հայությունը շատ ավելի մեծ է և ուժեղ, կարող, ազդեցիկ, որոշ հարցերում՝ ավելի, քան այսօրվա պետությունը: Նաև,որ հայերին գնահատում են, հարգում, վստահում:

Այսպիսի մեծ իրադարձություններ, այսպիսի ազգային միավորում՝ մի կողմից, և գնահատում՝ մյուս կողմից, հայությունը դեռ պատմականորեն չէր ապրել: 1988-ին ազգային միավորում կար, բայց ոչ՝ համաշխարհային մասշտաբով, իսկ եթե կար էլ՝ շատերը չգիտեին դրա մասին, որովհետև ինտերնետ չկար: Եվ շատ ավելի անփորձ էինք ու անմիջական պատուհասի դեմ էինք ելել: Քրիստոնեության 1700-ամյակի տոնը շատ ավելի համեստ դուրս եկավ: Ցեղասպանության ճանաչումների շարքը մի շարք պետությունների ու կառույցների կողմից երբեք այսքան համերգային չէր եղել։ Այդ գործը, որին տարիներ շարունակ լծված է հայության մի կարևոր մասը, եկավ իր որոշակի որակական արդյունքին: Այս անգամ իրոք մեծ եղավ և՛ միավորումը, և՛ աշխարհի արձագանքը:

Դա, իհարկե, նաև շնորհիվ մի շարք հանգամանքների։ Սփյուռքը մի քիչ ավելի է ընտելացել նրան, որ կա Հայաստան, և կամաց-կամաց սովորում է, թե Հայաստանն ինչի մասին է: Հայաստանն էլ ծանոթանում է Սփյուռքին: Բացի այդ՝ ինտերնետն ուժգնացնում է բոլոր իրադարձությունները: Հետո՝ Արևմուտքը, հատկապես Եվրոպան, բարկացավ Թուրքիայի՝ արձանագրությունները վավերացնելուց փախչելուց: Շատ կարևոր բաներ տեղի ունեցան՝ և՛ Հռոմի պապի ասածը, և՛ Ավստրիայի ու Գերմանիայի՝ լրիվ կամ կիսատ ճանաչումները:

Եթե Գերմանիան լրիվ ճանաչի՝ սա շատ բան կնշանակի: Չէ՞ որ Գերմանիան իր մեղքն էլ է ճանաչում դրանով: Սա նշանակում է շատ ուժեղ ճնշում ու ազդեցություն Թուրքիայի վրա: Բացի ամեն ինչից՝ Գերմանիայում ավելի շատ թուրք կա, քան Հայաստանում՝ բնակչություն, որոնց նշանակալի մասը կողմ է ճանաչմանը: Որովհետև նրանք ոչ միայն տնտեսական միգրանտներ են, այլև քաղաքական: Կրթված մարդիկ են:

Գերմանիայի գործոնը շատ ուժեղ կազդի նաև ԱՄՆ-ի վրա: Այստեղ կա նաև հստակ անվտանգության մեսիջ, այն ուղղված է բոլոր խաղացողներին՝ և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին, և՛ նույնիսկ Ռուսաստանին: Այն հնարավոր չէ անտեսել: Հայությունն աշխարհի ռադարի վրա է, եթե այստեղ մի բան այնպես չեղավ, իսկույն կիմացվի:

Մյուս կարևոր հանգամանքը, որ հայության մի ստվար մասը, այս մասշտաբից տպավորված, ստիպված սկսեց մտորել՝ իսկ ի՛նչ բան է Ցեղասպանությունը: Իսկ ի՛նչ անել նրա առթիվ: Իսկ մեզ հետ ի՛նչ է եղել իրականում: Սգալուց բացի,այս պատմությունն ի՛նչ է նշանակում մեզնից յուրաքանչյուրի անձնական կյանքում, ու մեր բոլորի միասնական կյանքում: Պետք է ասեմ, որ սակավաթիվ, բայց ավելացող քանակով թուրքերը, որոնք ճանաչում են Ցեղասպանությունը, միշտ շատ խորն են այն հասկանում, և այդ հարցն իրենց տալիս են շատ լրջորեն: Հայերից այդպիսի հարց իրենց տալիս էին, իմ կարծիքով, քչերը:

Հիմնականում պարզունակ էին մոտենում հարցին. «Հիշիր և պահանջիր»: Ինչի՛ համար, ումի՛ց, ի՛նչ, իսկ դու ի՛նչ ես տալիս աշխարհին՝ այս ամենը շատ պարզեցված էին մեկնաբանվում: Հիմա մի քիչ ավելի պիտի մտածեն: Այս կրեդիտը, որ աշխարհից ստացել ենք, պիտի արդարացնենք: Այսինքն՝ ավելի խորքային քննարկումների տեղ է բացվում Թուրքիայի և հայության գիտակից հատվածների միջև: Այնպես որ, ես կարծում եմ, որ շփումները կահագնանան:

Ամենագլխավորը, որ ես զգում եմ, դա այն անջրպետն է, որ գոյություն ունի մի կողմից՝ մեր պետական համակարգի մակարդակի և մյուս կողմից՝ ազգի կարողության միջև, որ այդքան ակնառու դրսևորվեց այս օրերին: Բավական հնոտի ու անմակարդակ դիսկուրսի ու հակասական պատկերի, որ հաճախ առաջ է քաշում պետական մակարդակը, և այն խորաթափանց, բարդ, մտածող տեքստի, որ ազգն է արտահայտում, և որը մենք լսում ենք ինչպես SOAD-ի» համերգին, այնպես էլ այն մեծաքանակ ծրագրերի շնորհիվ, որոնք մարդկանց ձայնն են լսելի դարձնում այս օրերին, Հայաստանի մեդիաների ազատ մասի ու աշխարհի այն մեդիաների շնորհիվ, որոնք նորանոր մակարդակի փաստեր ու մեկնաբանություններ են ներկայացնում հայության մասին:

Հակասության մասին՝ աղջնակը բռնում է մեծապատիվ հյուրի ձեռքն ու ուղեկցում նրան ղեկավարին բարևելու: Հյուրը տաք վերարկուով է, աղջնակը՝ թեթև համազգեստով: Ցուրտ ու անձրև է: Բայց աղջնակը չի սրթսրթում, քանի որ նա իր ազգի հավատարիմ զինվորիկուհին է, նա սովորում է լինել դիսցիպլինար, ինչպես հարիր է ազգի դստերը, և ապագա հայ ընտանիքի մայրիկին՝ զինվորներ ծնող: Մեծամեծին ուղեկցելու պատվից նա հպարտ է, հպարտ է նրա ընտանիքը՝ հեռուստացույցին կառչած:

Մենք այստեղ ի՞նչ ենք տեսնում՝ երեխայի իրավունքի խախտո՞ւմ, թե՞ ազգային միասնություն: Լիբերալի համար այդ պատկերը սարսափելի տհաճ է, բայց ես չեմ բացառում, որ շատ արևմտյան հյուրերի համար լավ էլ հասկանալի էր, քանի որ նրանց մեջ էլ կան կրոններ ու ավանդույթներ, որոնք ռազմականացված ադաթը, մանկուց դիսցիպլինան ընդունում են անփույթ ժողովրդավարական թվացյալ անկազմակերպության կողքին, ինչպես այս ծեսը՝ SOAD-ի համերգի կողքին: Միայն թե այնտեղ, եթե որևէ ծնող դա չհավանեց՝ կարող է դատի տալ պետությանը կամ դպրոցին՝ երեխային մրսեցնելու համար: Նույնիսկ հանուն ազգային արժեքների: Օրինակ՝ ռիսկի դնելու համար հենց նրա ապագա մայրությունը: Իսկ այստե՞ղ:

Բայց որպեսզի չթվա, թե ամեն առիթով նոմենկլատուրային քննադատում եմ՝ ավելացնեմ, որ իհարկե՝ ճիշտ է Ցեղասպանություններին հավաքական մոտեցումը, ոչ թե միայն մեր նկատմամբ ուրիշի արածն ընդգծելը, այլ աշխարհում դրա ցանկացած դրսևորման դեմ դուրս գալը, ինչն այս անգամ պետական արարողությունների շատ հստակ գիծն էր: Թեև դա ավելի շատ խոսքով է արվում դեռևս, քան գործով: Եթե դա իրոք գիտակցվում է՝ Հայաստանում պիտի փոփոխություններ արվեն, բռնության ոճն ու մշակույթը պիտի խորապես փոխվեն:

Սա մի անջրպետ է, որը զգում է յուրաքանչյուր հայաստանցի և ոչ միայն: Անջրպետ պետության կամ նոմենկլատուրայի և ազգի միջև: Հատկապես երիտասարդները հաճախ չեն կարողանում մի կողմ դնել այն, որ պետության անունից գործողների նկատմամբ չկա վստահություն, և ուրեմն նրանց կազմակերպածն ու արածը՝ նույնիսկ լավը, անընդունելի է, ինչ-որ բան դրանում այն չէ, դրան չի կարելի հենվել, հավատալ:

Այս օրերը նաև բացատրում են այն, ինչ մինչ այդ էլ գիտեինք, որ պետությանը պետք է նորացում, ռադիկալ նորացում: Նաև ցույց են տալիս, որ ազգն իր գոյատևման բնազդով, իր հազարամյակների փորձով, իր հավաքականության մեջ երբեմն շատ ավելի կարող ու իմաստուն է, քան այն կառույցը, որը սովորաբար պիտի լինի ազգի առաջնորդ՝ պետական համակարգը:

Թվում է, թե հեշտ է ազգային հարցի շուրջ համախմբվելը, մանավանդ՝ պահանջատիրության: Չէ՞ որ դու դրանից ոչինչ չես կորցնում և ընդհակառակը՝ ձեռք ես բերում հեշտ համախմբվելու կամ հաջողությամբ ու գեղեցկորեն ինքնախաբվելու հնարավորություն: Այդպիսի պարզ նպատակի շուրջ՝ «(ուրիշից) հիշիր և պահանջիր», հեշտ է ապահովել համախմբում, մոռացնել փորձելով, գոնե ժամանակավորապես, քո կողմից խոստացվածն ու չարածը, քո կողմից արած անարդարությունը և այլն: Հանուն դրա կարելի է և մանուկների հոգիները պղտորել վաղաժամ ատելությամբ ուրիշի նկատմամբ, երբ նրանք դեռ չունեն իմունիտետ պետական քարոզչության հանդեպ:

Բայց արի ու տես, թվում էր՝ դա լինելու է հոյակապ «դիվերսիա»՝ շեղում լուծում պահանջող, աշխատանք, քրտինք, ջանք, նվիրում պահանջող հարցերից, բայց գալիս է մի Սերժ Թանկյան կամ Շառլ Ազնավուր, կամ Հռոմի պապ, կամ նույնիսկ Քիմ Քարդաշյան, կամ, ասենք, Գերմանիա ու պահանջում փոխվել, ու ասում է, որ իրենք ամեն ինչ հասկանում են ու տեսնում, իրենց չես խաբի, իրենցից չես թաքցնի այն պարզ հանգամանքը, որ ազգը լավն է, հոյակապ ազգ է, բայց «թագավորն ախր մերկ է»:

Ազգայինը թեև իրեն դրսևորեց առավելագույնս, և թեև որոշ հայ պաշտոնյաներ՝ Հայաստանում կամ դրսում, ջանք չխնայեցին հասնելու նրան, ինչին հնարավոր էր, ու երբեմն նույնիսկ գրեթե անհնարինին, բայց այդ վստահության բացակայության պայմաններում պետությունը չի կարողանում ու չի կարողանալու լրիվ օգտագործել ազգի կողմից ձեռք բերված բոլոր հնարավորությունները, թափը կարող է մարել:

Նաև կարևոր է այստեղ Ռուսաստանի գործոնը: Իհարկե, նրան իր վերջին տարիների պահվածքից հետո չի կարելի լրիվ վստահել, բայց այստեղ, ինձ թվում է, տեղի ունեցավ մի հետաքրքիր պարադոքս: Պուտինին պետք էր Հայաստան գալը, որովհետև, ասենք, իրեն այս օրերին քիչ են հրավիրում այս ու այն տեղ, և որովհետև առիթ էր՝ Օլանդին հանդիպելու, տարածաշրջանում իր դիրքը վերահաստատելու, տեղական հայության հետ քիչ մը մթագնած հարաբերությունները շտկելու ու նաև առևտրի, որ մերն էլ գնա մայիսի 9-ին այնտեղ, թե չէ՝ այնտեղ էլ մարդ չի ուզում գնա, ինչպես Գալիպոլի: Բայց նաև՝ Ռուսաստանը, գուցե մի քիչ հոգնել է խաբուսիկ ու նենգափոխող լինելուց կամ համարվելուց: Ուկրաինայի հարցում նա դեռ ուժ չի գտնում դիսկուրսը լրիվ փոխելու: Իսկ Հայոց ցեղասպանության հարցը՝ մաքուր, զուտ հարց է, և խիղճը տանջողի պես՝ Ռուսաստանը միանում է այդ հարցին ավելի մեծ թափով, քան սպասելի էր, որ գոնե մի հարցում լինի ճշմարտության հետ: Ու գուցե դա նրան մի քիչ մաքրի:

Ես սկզբում զարմանում էի, ինչու է Շառլը գնում Ռուսաստան այս օրերին: Հետո հասկացա՝ լավ է անում, նա Ռուսաստանին փորձում է մեղքերի հորձանուտից դուրս հանել, գոնե մի քիչ: Պոզների հետ հարցազրույցն ունիկալ էր նրանով, որ այդպիսի մեծության մարդ դեռ կարծես չէր խոսել երբևէ Պոզների հետ: Հիմա, որքան հասկացա, Պոզները մեկ այլ հայի հետ է հարցազրույց անելու: Հետաքրքիր կլինի՞ դիտել ու համեմատել:

Մեր պարտքն է՝ Ռուսաստանին օգնել դուրս գալ այդ հորձանուտից, որի մեջ այն ընկղմվում է: Դա է եղբայրական ժողովրդի պարտքը՝ դժվար կացության մեջ ընկած իր եղբոր նկատմամբ: Թող բոլորը նրանից երես դարձնեն՝ մենք պարտավոր ենք օգնել: Բայց մենք դա չենք կատարում, ավելի հաճախ տոն ենք տալիս, դամ ենք պահում, մասնակցում ենք: Դժվար պարտք է, բայց դա էլ չպիտի մոռանանք:

Բայց Ռուսաստանն էլ այդ ողջ իր մասնակցությունը մեր ցավին ու մեր ազգային հարցին իրականացրեց իր սովորական ձևով՝ վերևից ներքև, արգելելով ներքևից վեր ինքնաբուխ արտահայտումները, խոսքի մեջ մանր խորամանկություն փորձելով անել և այլն: Դժվար եղբայր է: Ռուսական մի ասացվածք կա՝ բառացի չեմ հիշում, բայց իմաստն այն է, որ ամեն ընտանիքում էլ կարող է մի անհամապատասխան անձ լինել:

Եվ տեսեք, չնայած Հայաստանի՝ Ռուսաստանին աջակցելը, կամ մասամբ աջակցելը Ղրիմի հարցում, Ուկրաինայում այդքան լայնորեն նշվեց Ցեղասպանության տարեդարձը: Այնտեղ կա խոշոր և կարող համայնք և Արսեն Ավակով: Դա է հայության ուժը: Երբեմն թվում է, թե իրոք ճիշտ են կոնսպիրոլոգները՝ որոնք համարում են, որ հայերն են աշխարհը կառավարում: Կին և տղամարդ: Դրա կառավարմանը շատ ակտիվորեն մասնակցում: Այս օրերին իմացանք նաև Շվեդիայի և Նոր Զելանդիայի պետություններում հայ կանանց կարևոր դերի մասին: Մարդիկ Ցեղասպանությունից մազապուրծ սփռվել են, որ իրենց սերունդները դառնան գիտնական ու արվեստագետ, շոումարդ ու բիզնեսմարդ, ու նաև՝ իրենց նոր հայրենիքների կառավարիչ: Այնտեղ այդքան ակնառու հաջողակ, իսկ Հայաստանում՝ այսպիսի տխուր վիճակ:

Երբեմն իրոք զարմանում եմ՝ մի կողմից Մարգարիտա Սիմոնյանը, Կուրղինյաններն ու Միհրանյանները, և նույնիսկ Լավրովը, իսկ մյուս կողմից՝ Արսեն Ավակովը: Իսկ «ռազմաճակատի» գիծն անցնում է նաև Արմյանսկ կոչված բնակավայրի միջով: Նրանք կարող էին միգուցե միմյանց հետ բանակցել ու հարցի լուծմանն օգնել: Բայց նրանք դա չեն անում: Դեռևս:

Չգիտեմ, իրոք հայերն այդքան մեծ դեր ունեն աշխարհի կառավարման մեջ թե ոչ, բայց հաստատ Հայաստանը դեռ չունի: Իհարկե, այդպիսի թափ, պոտենցիալ ու հարգանք ունեցող ազգի հետ Թուրքիան կշարունակի ցանկանալ երկխոսել: Տարբեր մակարդակներով: Բայց՝ ազգի հետ:

Ի՞նչ պետք է անել ապրիլի 25-ից սկսածՊետք է ոգևորվել նրանով,ինչ տեղի ունեցա՞վԱրդյոք մենք պարզել ենք մերառաջնահերթություններն այս առումով:

-Ոգևորվել պետք է: Վերն ասածիս ավելացնեմ ևս հետևյալ հանգամանքները: Ազգը պետությունից շատ ավելի մասշտաբային գտնվեց: Բայց ազգը, նույնիսկ համաշխարհային, առանց պետության հետ ցանցային համակարգային կապի՝ կարծես ողնուղեղն առանց գլխուղեղի: Երբ հարցը սպառնալիքին, անվտանգությանն է վերաբերում կամ խրախճանքին՝ ազգը կարող է պետությունից անկախ ու մասշտաբային հանդես գալ: Սպոնտան: Ազգն ունի գոյատևելու ռազմավարություն, որի մի մասն է ճանաչման համար պայքարելու տևական մարտավարությունը: Բայց այն չունի համակարգային այլ, բազմազան ծրագրեր իրագործելու ռազմավարություն: Դրա համար այն պիտի շատ լրջորեն ու պինդ ցանցայնացված լինի՝ եթե պետություն չունի, կամ, եթե ունի՝ պետությունը պիտի օգնի նրան ցանցայնանալ, առաջնորդի այդ պրոցեսը: Ազգի ու պետականացված ազգի տարբերությունը համաշխարհային հասարակական շարժման ու կազմակերպություն ունեցող շարժման միջև է:

Ազգն իր ամբողջության մեջ բնազդի մակարդակով է գործում, և ինչքան էլ բնազդն իմաստուն լինի ու անվրեպ՝ մարդը հենց նրանով է տարբեր, որ բնազդից բացի նաև գիտակցաբար է գործում: Եթե գլխուղեղը չի աշխատում՝ վաղը ևեթ կարող են այսօրվա պտուղները մոռացվել: Իսկ գլխուղեղը կուզի աշխատել, բայց վստահության կրեդիտ չունի և աշխատանքի իր մեթոդները նորացված, մոդեռն չեն: Ուրեմն գլխուղեղը պիտի նորանա:

Մյուս հանգամանքը: Շատերը զարմանում են ու զարմանում էին, որ այսքան տարիներ հայությունը հիշում է սա: Հարյուր տարի առաջվա դեպքերը, մարդ էլ գրեթե չի մնացել որ դրանք իրականում վերապրել է, դա զուտ ընտանեկան պատմություններ են, թեկուզև ողբերգական, ի՞նչ իմաստ ունի դրանցից կառչել: Լավ, եթե նույնիսկ մինչև հիմա, մինչև հարյուրամյակը հիշել եք, գոնե սրանից հետո կամաց-կամաց մոռացեք:

Բայց արի ու տես, որ ժամանակի էությունը փոխվել է:

Երբ սկսվեց Ղարաբաղյան հակամարտությունը, նույնն էր ասվում, որ Կովկասում տեղի է ունենում վերադարձ դեպի այն պատերազմները որոնք տասնիններորդ դարի վերջին էին հարիր, քանի որ այդ խնդիրները, որ բերեցին հակամարտության՝ ուժով ճնշված էին քսաներորդ դարի մեծ մասում՝ խորհրդային համակարգի կողմից: Եվ դա ասվում էր տխրությամբ, այսինքն՝ մենք հետ ենք մնում աշխարհից, այն քսանմեկերորդ դար է գնում, իսկ մենք տասնիններորդ դարի հարցեր ենք փորձում դեռ լուծել:

Հետո տեսանք, որ ոչ միայն մենք, այլ նաև Հարավսլավիան, և այլն, իսկ այժմ արդեն՝ նաև Ուկրաինան ու Ռուսաստանը կարծես վերադառնան տասնիններորդ դարի չլուծված հարցերին, փորձելով ջնջել քսաներորդ դարի փորձը: Եթե այդ փորձն ընդունում էլ են՝ ինչպես Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի Մեծ Հայրենական տեսակը, ապա միայն դրա այն մասը, որը հին միֆի մեջ տեղավորվում է, իսկ այն մասը, որի պատճառն էլի հեղափոխությունից հետո չլուծված հարցերն էին՝ ասենք Ուկրաինայի ազգային-ազատագրական շարժումը, չեն ընդունում:

Այսինքն տարածաշրջանում կա դեպի անցյալը գնալու միտում: Բայց այն ունի երեք էություն: Մեկն օբյեկտիվ է՝ կան ժամանակին չլուծված հարցեր՝ ԽՍՀՄ-ի ընթացքում սառեցված: ԽՍՀՄ-ի դերն աշխարհի պատմությունը սառեցնելու, իր ավելի բնական հունից դուրս գցելու կարողությամբ, դեռևս չի վերլուծվել:

Մյուսը պահպանողականների ու հետադեմների ուղղությունն է, որոնք ուրախ կլինեին, որ ոչ մի նոր հարց էլ չլիներ՝ միայն հներով զբաղվեինք: Այդ կոչերն ուժգնանում են գաղափարական, ծրագրային սնանկության ժամանակ, երբ չկա այլ գաղափար՝ հինը, ասենք կրոնը կամ ազգային ցավը, ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում, քան, եթե լիներ այլ առաջնորդող գաղափար: Իսկ նոր գաղափար էլ չկա՝ որովհետև ոմանց շահավետ է, որ դրանք չլինեն, դրանք տարբեր ձևերով արգելվում են, տրորվում, ջախջախվում, այսինքն այս վիճակը ձեռնտու է որոշ իշխողների:

Իսկ երրորդը՝ տեխնոլոգիաների միջոցով ժամանակը փոքրացնելու, սեղմելու ուղղությունն է:

Այս երրորդը բացատրեմ: Սկայպով իրար հետ շփվելը, իսկ մինչ այդ հեռախոսով, թույլ է տալիս տարածությունն ինչ-որ իմաստով փոքրացնել, և աշխարհը տարածականորեն փոքրանում է: Իրարից հեռու եք՝ բայց իրար մոտ եք, քանի որ անմիջականորեն իրար հետ շփվում եք, աշխարհի որ ծայրում էլ լինեք:

Նույն կերպ՝ ինտերնետը նաև ժամանակն է սեղմում: Քանի որ այնտեղ է հավաքվում ողջ ինֆորմացիան անցյալի մասին: Արդեն կա պրոցես՝ մեռյալ, անհետացած կենդանիների, բույսերի, էթնոսների, լեզուների վիրտուալ կերպարներն ինտերնետ լցնել, ինչպես դինոզավրերով լցվեց կինոն և երեխաների առօրյան: Շուտով աշխարհում չի մնա որևէ փաստաթուղթ կամ պատկեր՝ երբևէ եղած կամ ստեղծված, որը դեռ ինտերնետում չէ:

Բնականաբար, երբ անցյալը կենտրոնանում է որևէ տեղ, այն դառնում է շատ ավելի հասանելի: Նրա մեջ եղած ծակերը վերականգնելի են՝ ինչպես մոռացված, մտքիցդ թռած բառը բանաստեղծական տողում, որի մնացած բառերը հիշում ես: Այժմ մենք կարող ենք 1915-ի ու Ցեղասպանության մասին շատ ավելի բան իմանալ, քան նախկինում, արագ ու հեշտորեն՝ մասսայաբար: Այդ մասին ինչ կա-չկա շուտով կթարգմանվի այնքան լեզվով, որքան ցանկացող կա՝ այդ մասին իմանալ: Անցյալը, որ թվում է մեր պապերի հետ անհետանում էր ժամանակի վիհի մշուշում, ետ է գալիս ու դառնում մեր կոմպյուտերի մեջ նստած: Դրան գումարած՝ աշխարհի ցանկացած ծայրում գտնվող հայերը կարող են միմյանց հետ կապվել: Տեղն ու ժամանակը սեղմվում են, իրենց նշանակությունը կորցնում: Եվ դա համաշխարհային պրոցես է:

Այնպես որ, մոռացվելու փոխարեն, Ցեղասպանության փաստն ավելի ու ավելի է հիշվելու: Բոլոր գալիք ապրիլի 24-ները նշվելու են երևի անվերջորեն, քանի դեռ կա մարդկությունը, և տարբեր մասշտաբի խմբերի կողմից:

Բայց նշվելու են այլ կերպ: Սա առաջին ապրիլի 24-ն էր, որ ողբից անցավ թեև լրջմիտ ու ծանրակշիռ, բայց մտորման ու երբեմն նույնիսկ՝ մեր ինքնահաստատման ուրախությանը: Լացը դարձավ ամրության ծիծաղ, սգի հետ միասին պարն ու հաղթանակի խրախճանքը հանդես եկան աննախադեպ թափով: Աշխարհի տասնյակ կետերում եղած երթերը միասին երևացին և ոչ թե լացի, այլ կենսախնդության արտահայտություն էին:

Եվ միաժամանակ՝ սա ավելի քիչ ագրեսիվ ապրիլի 24 էր, քան նախորդները՝ դրոշ այրելու և այլ նման քայլերի տեսակարար կշիռն այս անգամ նսեմացավ, գրեթե կորավ: Նաև, քանի որ պաշտոնական Թուրքիան ակնառու զիջում էր, իսկ հասարակական Թուրքիան ներողություն խնդրում՝ հայության դիսկուրսն սովորականի պես ագրեսիվ չէր, մեծահոգի էր քիչ մը:

Այս կառնավալայնությունը շատ կարևոր է: Այժմ, սրբացնելով մեր զոհերին, մենք պիտի անհարիր համարենք նրանց սգալը: Սգալ կարող ենք մեր ընտանիքների կոնկրետ զոհերին: Մենք նրանց պետք է հիշենք: Իսկ սրբերի հետ վարվենք այնպես, ինչպես սրբի հետ են վարվում՝ երկրպագենք: Ես սա ասում եմ, մասնագետ չլինելով եկեղեցական ծեսերի մեջ, զուտ իմ տրամաբանությունից ելնելով: Եվ իհարկե գիտեմ, որ շատերը, քանի որ եկեղեցին էլ կրեդիտի պակաս ունի բնակչությունից, այլ կերպ են վերաբերում այդ արարողությանը: Բայց ես համարում եմ, որ դա ճիշտ էր: Հետաքրքիր քայլ էր: Մենք մազոխիստ չենք: Մենք հաղթանակած ազգ ենք: Ցեղասպանությունը ոճիր էր և Եղեռն, բայց դա պարտություն չէր, դա պատերազմում ուրիշի հաղթանակ չէր: Դա միայն մեկ մարտ էր, որ մեր ազգը տանուլ տվեց ու գրեթե կործանվեց: Իսկ եթե ոչ պատերազմը, ապա մրցույթը շարունակվում է: Մեր կարիքներն ու նպատակները շարունակում են ակտուալ մնալ: Ուղղակի լավ կլիներ, որ այդ կարիքներն ու նպատակներն ավելի լավ աշխատող գլխուղեղ առաջնորդեր, այլ ոչ միայն մեր ազգի՝ աներկբայելիորեն հանճարեղ ողնուղեղը: Ահա սրբացնելը կարծես թե գլխուղեղի արարք էր, ժողովրդին սգի մթնոլորտից դուրս բերելու նպատակով SOAD-ին Հանրապետության հրապարակ հրավիրելն էլ: Այդ մի արարքով ավելի կապ հաստատվեց ժողովրդի ու գլխուղեղի միջև, քան բազում ճառերով:

Մեր կարիքներն ու նպատակները պիտի դեռ լավ ձևակերպվեն: Մենք պիտի հասկանանք, թե ազգովին ինչի՛ ենք ձգտում, և դա իհարկե Թուրքիայից կամ ուրիշներից պրիմիտիվ փոխհատուցումը չէ (դա տեխնիկական հարց է, բանակցելու բան), այլ աշխարհին օգնելը, որ այն ավելի բարվոք դառնա: Աշխարհը մեզանից դա է ակնկալում՝ իրեն օգնել: Մեր իմաստությամբ, մեր ցավով, մեր տաղանդով՝ օգնել այն շենացնել: Դա պարտք է:

Պետք է հասկանալ, որ մարդն աշխարհում ապրում է ոչ թե սեփական կարողությունը դիզելու համար,այլ՝ աշխարհին օգուտ տալու: Նույնն էլ ազգը՝ մենք պիտի ոչ թե մեր ազգի ապրուստը մեծացնել ցանկանանք ազգային եսասիրությունից ելնելով, քաղքենիության վերածելով մեր ազգի նպատակը: Մենք պիտի ազգին բարօրություն ցանկանանք ու այն ավելացնելու համար աշխատենք զուտ նրա համար, որ ազգովի կարողանանք աշխարհին ավելի լավ օգնել: Ինչպես որ մեր սփյուռքն արդեն անում է հաճախ:

Հայթուրքական հարաբերությունների ի՞նչ հեռանկար եք տեսնում:

-Ապրիլի 25-ից սկսած նոր շանս կա պետական մակարդակով բանակցություններ սկսելու։ Ճիշտ է, Թուրքիայում ընտրություններ են սպասվում, այնպես որ խոսքս հենց հաջորդ օրվա մասին չէ, բայց շանսը կա, Թուրքիայի կառավարությունից է կախված, և միջազգային հանրությունը դա է սպասում: Իսկ հասարակությունները կշարունակեն միմյանց հետ աշխատել, և 2016-ի ապրիլի 24-ը ցույց կտա ինչ-որ բան, այդ օրերը յուրահատուկ տարեկան հաշվետվության օր են դառնում հասկանալու՝ թե հասարակությունները, ազգերն ինչ մակարդակի երկխոսության են հասել, նույնիսկ եթե կառավարություններն այդպես էլ դեռ լեզու չգտան:

Ապագան գուշակել մեթոդաբանորեն հնարավոր չէ, ես գուշակողներից չեմ, որ ասեմ ինչը կստացվի, ինչը չի ստացվի: Լավագույնն այստեղ պրոյեկտային մոտեցումն է, մարդն ակտիվ, գործող սուբյեկտ է, նա ունի ազատ կամք բավական նշանակալի տիրույթում, այնպես որ ամենը մեր մարդկային կամքերից է կախված:

Ճիշտ ինչպես Թուրքիան պրոտոկոլներից հետո չբացեց սահմանը՝ ինչ-որ այլ պատճառներ բռնելով… ճիշտ ինչպես Հռոմի պապն ասաց իր խոսքը, և Ավստրիան… ճիշտ ինչպես Գերմանիան կիսատ ասաց… իսկ Ամերիկան՝ նույնպես կիսատ, բայց այլ կերպ… Նույն կերպ՝ մարդիկ, հայերն ու թուրքերը, Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիները, պետական գործիչները պիտի որոշեն իրենց անելիքները, պրոյեկտները պատկերացնեն ու սկսեն իրագործել: Մեզնից յուրաքանչյուրն իր դերն ունի: Կուզեն(ք)՝ կորոշեն(ք) պրոյեկտ, որը տանում է դեպի խաղաղություն ու բարօրություն տարածաշրջանում, չուզեն(ք)՝ չեն(ք) որոշի: Եթե որոշեն(ք) ու լավ անեն(ք)՝ հաստատ կստացվի: Պրոյեկտները ստացվելու ունակություն ունեն: Այնպես որ այս հարցի պատասխանը ոչ թե Աստծուց, այլ զուտ մեզանից՝ մարդկանց կամքից է կախված:

Վերջին տարիներին հայթուրքական մի շարք նախագծերիրականացվեցինԱյսօր դրանք գրեթե չկանկամ հատուկենտ ենմնացելԸնդհանրապես դրանք որքանո՞վ են նպաստել հայթուրքական հարաբերությունների ամրացմանը քաղաքացիականհարթությունում:

-Այսօր էլ բավական խոշոր թափով Հայաստան-Թուրքիա երկխոսական նախագծեր են իրագործվում: Այդ նախագծերի գերագույն մեծամասնությունը դրական դեր է կատարել ու կատարում և՛ երկխոսության զարգացման համար՝ ոչ կառավարական մակարդակով, և՛ այս օրերի փայլն ու խորքն ապահովելու հարցում: Հայաստանի կառավարությունն էլ է նշում ու ճանաչում քաղաքացիական հասարակության դերը նրանում, որ Թուրքիայում դիսկուրսը կամաց-կամաց փոխվում է: Տեսեք «Ջումհուրիեթ» թերթի՝ նրանց փաստորեն գլխավոր պաշտոնական թերթերից մեկի ապրիլի 24-ի առաջին էջը: Այսպիսի բան հնարավոր չէր պատկերացնել տարիներ առաջ: Համենայն դեպս նրանց գլխավոր սյունյակագիր վերլուծաբաններից մեկին անձամբ եմ ճանաչում, նա եկավ այստեղ, այստեղ էր ապրիլի 24-ին, և որերորդ անգամ էր գալիս, և նա մեծ դեր է կատարել դրանում: Եթե տարիներ առաջ նա չընդգրկվեր հայ-թուրքական ժուռնալիստական երկխոսության մեջ, այդ փոփոխությունը գուցե չկատարվեր: Իմ ծանոթն իհարկե միակ պատճառը չէ, պատճառը փոխվող մթնոլորտն էլ է, որին օգնում ենք փոխվել:

Հիմա մենքըստ Ձեզինչպե՞ս պետք է հաշտվենքՄի մասն ասում է,որ պետք է ստանանք այնինչ մերն է

մյուս մասն էլ նշում ենորկարևոր է ճանաչումը ոչ թե հողային պահանջատիրությանայլՀայաստանի 

անվտանգության երաշխիքների առումով:

-Լինենք ուժեղ, որոշենք ապրիլի 25-ից մեր անելիքները, սկսենք անել, չմոռանանք, վերլուծենք հաջողություններն ու պահպանենք, ավելացնենք դրանք, աշխատացնենք գլխուղեղը, չկանգնեցնենք այն կազմակերպվածությունը, դրա լավ մասերը, որ մինչ ապրիլի 25-ը օգնեցին մեզ հասնել նրան, ինչին հասանք, նորացնենք պետությունը, դարձնելով այն ավելի ազատ, ուժեղ, բարվոք, շարունակենք կառուցել ցանցապետությունը՝ համայն հայությանն ընդգրկելով գլխուղեղի գործունեության մեջ, կուլ չգնանք և ոչ մեկին… Մի խոսքով, Սերժ Թանկյանն այդ ամենը շատ լավ ու կարճ ձևակերպեց Հանրապետության հրապարակում իր համերգի ժամանակ: Այդ դեպքում բանակցելն ավելի դյուրին կլինի: Պատրաստ լինենք տարածաշրջանում հնարավոր շատ վտանգավոր շրջադարձերի: Այնպես որ անվտանգությունն ու ուժեղ լինելը, գլխուղեղն՝ ամենակարևորն են: Ողնուղեղն ունենք, դա ապացուցեցինք ևս մեկ անգամ, ինչպես արցախյան մարտերում՝ այնպես էլ հիմա: Պետք լինի՝ էլի կապացուցենք: Մնաց մնացածը:


00:23 Հուլիս 04, 2015