Հիշարժան նախագծեր

«Ցանցապետություն» խաղ, նոյեմբեր 2015


«Մշակույթ» խումբ

Մաս մեկ

Տե՛ս երկրորդ մասն այստեղ

Խումբն ընդունեց մշակույթի և քաղաքակրթության հիմնական տարբերակիչ հատկանիշը, որպես մշակույթի դեպքում՝ ունիկալ, եզակի արժեքի ստեղծում, քաղաքակրթության դեպքում՝ այդպիսի արժեքի բազմացում, տիրաժավորում:

Խմբի հիմնական աշխատանքը կենտրոնացավ արժեքի հաղորդակցվելիության հարցի շուրջ: Պարզ է, «Մշակույթ» խմբի գլխացավանքն այդ պիտի լիներ: Տիրաժավորված արժեքի մոտ տեղի են ունենում «աննկատ» փոփոխություններ՝ այն պարզանում է, պարզունականում, հարմարվում սպառողի սպասելիքին, դառնում միանշանակ, նրա մոտ ընդգծվում են այն հատկանիշները, որոնք շուկայում, սոցիումում ընդգծված են, արդեն նախապես պարարտ հող կա՝ դրանք հեշտությամբ յուրացնելու: Մշակութային, ունիկալ արժեքի յուրացումը դժվար է: Այն պահանջում է մեծ ծախս, եռանդ, որից մասսաները խորշում են: Դրա համար ուժեղ, հաղթող մշակույթներն այնպիսի աշխարհ, մասսա, շուկա են ձևավորում՝ որ իրենց արտադրած արժեքը տիրաժավորվելով հեշտ յուրացնի, մի կողմից, և այնպես են աննկատ փոփոխում արժեքը տիրաժավորելիս՝ որ այն հեշտ յուրացվի տվյալ հանրության կողմից: Փոփոխման այդ ձևերը՝ փաթեթավորման, կոչվեցին «պրոյեկցիա»: Կան ծանր արժեքներ. դրանք այն արժեքներն են, որոնց պրոյեկցիան, հագուստը, չափից դուրս մոտ է նախնական՝ ունիկալ արժեքի, արտադրանքի  առաջնային տեսքին: Դրանք դժվար են յուրացվում, և նրանց տարածման չափը սահմանափակ է: Կան թեթև արժեքներ, որոնք այնպես են ադապտացված՝ որ հեշտ են յուրացվում, նրանց մասսայականությունը զարգանում է արագ ու անկանգ, ու նրանք համալրում են քաղաքակրթության արժեքները:

Յուրացումը կենսաբական ու սոցիալական նախադրյալներ ունի, որոնք սերտաճած են: Այսպես՝ իմանալով, որ մարդ «բու» է, կարելի է նրան ավելի հեշտ բան սովորեցնել, եթե աշխատել նրա հետ կեսօրից հետո: Կարելի է պատկերացնել, որ արագ հաղորդվող այբուբենները (լատինական, սիրիլական) ունեն հեշտ յուրացվելու՝ կենսա-սոցիալական առավելություն այլ այբուբենների համեմատ, ճիշտ ինչպես «արաբական» թվերը՝ հռոմեականի համեմատ: Ֆոլկ, ռոք, ջազ երաժշտություններն ավելի հեշտ յուրացվող ու տարածվող են, քան շատ այլ ազգային երաժշտություններ կամ դասականը: Սա ճիշտ է ոչ բոլորի համար ու ոչ բոլոր դեպքերում, սակայն ընդհանուր առմամբ այդպես է ստացվում, և այս մոտեցմանն է հիմնված ռեկլամը, փիառը և այլ միջոցներ. ընտրել հեշտ հաղորդվող կրիչ, կցել արժեքը մի կրիչի՝ որը յուրացնելու համար շատ եռանդ չի պահանջվի, կամ որը հաճույքով կյուրացնեն, կամ՝ որը ստիպված կյուրացնեն: Կարելի է ենթադրել, որ ուժեղ մշակույթները պարտադրել են իրենց արժեքները նույնիսկ այն դեպքում, երբ դրանք տվյալ մշակույթին հեշտ յուրացվող չէին թվում, զուտ բիրտ ուժի, ստիպելու, կառուցվածքային կամ ֆիզիկական բռնության միջոցով, և դրանից է առաջացել, ասենք, պիջն ինգլիշը, որն անգլերենին դիմադրելու բայց այն յուրացնելու արդյունք է:

Կենսասոցիալական առումով յուրացումը սերտորեն կապված է մի շարք հանգամանքների հետ, ինչպես օրինակ՝ մակերեսային հիշողության տարողություն, «երկրորդ մտածողության»[1] եռանդ և այլն: Պատմասոցիալական առումով՝ այն մշակութային կամ քաղաքակրթական ենթակառուցվածքներից, որոնք պատմականորեն «փորվել են» և դաստիարակությամբ ամրապնդվել ու ամրապդնվում են մարդկանց տվյալ խմբի հոգեբանությունում: Եվ կա, իհարկե, անհատական տարբերությունների հարցը:

Եթե մենք ի վերջո ուզում ենք ավելի հաղորդելի դարձնել որոշակի արժեքներ, պիտի դրանք «փաթեթավորենք» կամ պրոյեկտենք այնպես՝ որ դրանք հեշտ ընկալելի, այսինքն՝ թեթև, հաղորդելի դառնան:

Միևնույն ժամանակ՝ թեթևը զուտ անցում է, քանի որ դրանք թեթև դառնալուց հետո կարող են էլի ծանրանալ՝ դառնալով տվյալ մարդու կամ հանրության համար չափազանց կարևոր, տարողունակ, անհատականորեն ընդգծված, այսինքն՝ ունիկալ փորձ նրանց տրամադրող, ունիկալացող: Եթե լեզուն լիներ միայն իմպերիալիզմի միջոց՝ անգլերենը կամ ռուսերենը հաճույք չէին պատճառի: Հետաքրքիր է, որ քննարկվեց, թե արդյոք «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերան թեթև թե ծանր պրոյեկցիա է: Բնականաբար այն օգտագործել է թեթև պրոյեկտման միջոց՝ ռոքը, որը կարևոր մի հանրության համար, և աշխարհի մասշտաբով մեծ, այն ժամանակ հեշտ հաղորդելի ալիք, միջավայր, համակարգ էր, սակայն իր ստեղծագործական լիցքի ու նախնական արժեքի կարևորության պատճառով՝ դարձել է կրկին ծանր արժեք: Տեղի է ունեցել աստվածաշնչյան արժեքների նոր որակի նորացում:  Խումբը քննարկեց անցումների բոլոր հնարավոր տարբերակները. ծթ, թծ, թթծ, ծծթ, և նրանց հանդիպումները, անցումներն ու բախումները: Եթե տվյալ արժեքն ուղարկողի ու ստացողի տեսակետից (աշխարհում) ծանրութեթևի նույն ուղեծրին է գտնվում (ծթ=ծթ)՝ ապա հաղորդակցումը հեշտ է, սակայն սահմանափակ. հիմնականում դա տեղի է ունենում մասնագետների միջև, որոնք տիրապետում են նույն մետալեզվին, նույն արժեքային համակարգին:

Մնացած դեպքերում տեքստը տարբեր «տեսակարար կշիռ» ունի ստացողի ու հաղորդողի համար. ստացողի աշխարհում այն թեթև է, ուղարկողի աշխարհում՝ ծանր: Հաղորդողը կարծում է, որ նա մի ծանր բան ուղարկեց թեթևացնելով՝ իսկ ստացողը ստանում է մի ծանր բան՝ չթեթևացած: Կամ՝ հաղորդողը ճիշտ է որոշել իր ծանր արժեքի թեթևացման ուղին՝ և ստացողը ստանում է մի թեթև բան՝ որը ծանրանում է իր համար:

Այդպիսով մեկ և նույն տեքստը կարող է հաղորդվել շատ տարբեր ձևերով՝ ըստ նրա, թե որքանով հեշտ յուրացվելի է ում (որքանի) կողմից, և որքանով խոր տպավորություն կգործի կամ ազդեցություն կունենա: Այսպիսով, թեև խումբը չքննարկեց և ընդունեց «Տեքստ» խմբի ձևակերպումը «տեքստ» հասկացության՝ սակայն իրականում այն գործ ուներ հետևյալ ձևակերպման հետ. տեքստը դա արժեքն է՝ իր հաղորդակցման միջոց (ներ) ով:

Այստեղից մի շարք հարցեր են առաջանում շատ տերմինների վերաբերող. ձև և բովանդակություն, նշան և բովանդակություն, արժեք և պրոյեկցիա. այսինքն, արդյոք նախնական տեքստն օնթոլոգիական արժեք է, որը չունի նյութական ձև, կամ արդյոք կա օնթոլոգիական արժեք, որը չունի նյութական ձև, և միայն ձև ստանալուց հետո է դառնում տեսքտ: Խումբը հակված էր այն մոտեցմանը, որ ձևն ու արժեքը միասնություն են առաջին ստեղծման, մշակութային ունիկալ արտադրանքի պահին: Եվ դա է տեքստը: Հետո այդ ձևն ու արժեքը կարող են վերարտադրվել շատ այլ ձևերով (Մոնա Լիզայի նկարի վերատպությունը շապիկի վրա ոչ թե Մոնա Լիզայի, այլ նրան որպես նախատիպ վերցրած՝ Լեոնարդոյի արած նկարի վերատպությունն է), այսինքն այլևս ոչ թե ձևն է փոխվում, այլ, ինչպես Հրանտ Մաթևոսյանի հերոսուհին կասեր՝ ձևի ձևը:

Այս հարցը՝ որ ձևը (նշանի կեղևը) կարող է դառնալ բովանդակություն և այլն՝ նշանի փոխակերպումները՝ ես հետազոտել եմ հետևյալ հոդվածում[2]:

Բայց գլխավորն այն է, որ մենք տեսնում ենք, որ ձևն ազդում է արժեքի վրա. եթե նախնական դեպքում դրանք անքակտելի են, ապա տիրաժավորման դեպքում դրա հետ կապված արարողությունները (լինի դա պարզեցում թե հարմարեցում ևն) ազդում են նաև արժեքի վրա, փոխակերպելով այն[3]: Այդպիսով հատուկ հմտություն է պետք՝ նախնականն ուղարկել այնպես, որ այն անցնելով ծանրութեթևի ուղով՝ դառնա ծանր իր նախնական արժեքին մոտիկ:

Այդպիսի խնդիր, սակայն, մեծ մասամբ չի դրվում: Մշակույթների կողմից կամ դրվում է գերակայության խնդիր՝ դառնալ քաղաքակրթություն կամ դրա ճանաչելի մաս, այսինքն՝ իր ծանրը փաթաթել շատերի վզին որպես թեթև, կամ՝ մակաբերել այլ ծանր: Օրինակ՝ քրիստոնեության տարածման արդյունքում ոչ թե նախնական արժեքն է նույնությամբ վերարտադրվել (այդ մասին մենք չենք կարող անել ոչ մի հստակ դատողություն, և որքանով որ կարող ենք՝ ապա կարող ենք ասել, որ ոչ, այդպես չէ), այլ՝ կրոնի կարևորությունը, որպես սոցիումի կազմակերպման էկոնոմիկ ձև, միաստվածության, բայց նաև՝ մարդաստվածության, ասենք, դրանով և «խիղճ» հասկացությամբ՝ այլ միաստվածություններից տարբերակման և այլն: Նախնական ծանր արժեքը չափից դուրս անմիանշանակ է, դրա փոխանցման արդյունքը՝ նույնպես (բոլորը մեկնաբանում են մինչ այսօր և անվերջ), այսինքն դա նույն արժեքը չէ, և դա կարևոր էլ չէ, սակայն՝ ծանրություն է: Այսպիսով մենք տեսնում ենք, որ բարդ դեպքերում փոխանցվում է ինչ-որ մի բան նույնությամբ, սակայն՝ ոչ այն, ինչ մակերեսորեն կարող էր թվալ, որ պիտի որ փոխանցվի:

Իսլամական պետության (ԻՊ) կանչի քաշողականությունն է այսօր շատ քննարկվում: Հասկանալի փաստարկներ են բերվում՝ լյումպենացած երիտասարդություն, բռնությանը սովոր կամ կարոտ, ձրի ու էժան սեքսի կարոտ, ուժի կարոտ ևն: Սակայն անհասկանալի են մնում չափից դուրս շատ հանգամանքներ: Օրինակ՝ մարդուն այդքան էլ հատուկ չէ ձգտումը դեպի մաքուր չար: Այսինքն եթե սովորական երիտասարդ տղամարդուն, որը չի մեծացել սպանդի մեջտեղը, ասես. այս մարդու փորոտիքը թափիր, որից հետո կենակցիր այս չքնաղ կույսի հետ՝ նա նույնիսկ այդպիսի հաճելի նվերի դիմաց պիտի որ հրաժարվի դա անելուց առանց պատճառի: Համոզել, որ զոհաբերման ենթակա մարդը մեղավոր է՝ նույնպես դժվար է: Մարդս չէ որ հոգու խորքում գիտի, որ իր հետ հավանական է լինելու է այն, ինչ նա անում է կամ ուզում է անել ուրիշների հետ: Այսինքն չմոտիվացված կամ էժան մոտիվացված բռնությունը մարդու անվտանգության բնազդին դեմ է, եթե նա իհարկե ինքնասպան չէ: Ուրեմն այդ ԻՊ-ի միֆի մեջ (իր կամ իր մասին միֆի մեջ) հսկայական բացթողումներ կան, որոնք թույլ են տալիս եզրակացնել, Օքքամի ածելիից ելնելով՝ որ ԻՊ-ը մեծ իմաստով մեդիա միֆ է:

Մեզ համար, իհարկե, կարևոր հարցերից էր հայկական, հայաստանյան, հայության, հայկականության արժեքների հարցը[4]: Մեզ հաջողվել է ներշնչել մարդկության մի ստվար հատվածին վերջին հարյուր տարվա ընթացքում, որ մեր գլխին ցեղասպանություն է արվել: Դա և «սփյուռք» հասկացություններն են, որ հիմնականում տեղեկություն են տալիս աշխարհին (քաղաքակրթությանը) հայ արմատային իմաստույթի (կոռնևայա սեմեմա) վերաբերյալ: Կան, իհարկե, այլ հասկացություններ՝ արհեստավոր, վաճառական, խարդախ կամ ազնիվ, երեխա սիրող, առաջին քրիստոնյա, մշակույթի օրրան, բայց դրանք ավելի սահմանափակ են:

Սա մի քիչ պարադոքսալ վիճակ է, որովհետև հայ ազգը փաստորեն հասել է իր ուզածին. նպատակ է դրել, որ ցեղասպանությունը ճանաչվի՝ և այն նշանակալի իմաստով ճանաչվել է: Չէ որ նրա ճանաչման դեմ պայքարողներն էլ են ճանաչում, որ դրա դեմ են պայքարում:

Ցեղասպանությունը հարմար հասկացություն է թեթևացնելու համար: Այն և՛ սարսուռ է ներշնչում (կարող է սարսափի կինոյի հիմք էլ դառնալ), և՛ խղճահարություն հարուցում, և՛ պահանջատեր դարձնում, և՛ անհրաժեշության դեպքում կարող է հերոսության պատմություններ ընդգրկել, և՛ պատերազմի ու պայքարի, և՛ միավորում է համաշխարհային կարևորագույն օրակարգերի հետ (ցեղասպանություն, սփյուռք, միգրացիա, մարդու իրավունքներ, նացիզմ, հրեաներ, էթնիկ պատերազմ, չճանաչված պետություն, տեռորիզմ, իսլամ, պատմության հոգս, Մերձավոր Արևելք ևն),  և՛ ներողամտություն պարտադրում: Արդեն շատ են նկատել, որ այն դարձել է նաև պարադոքսալ կերպով՝ հայ ժողովրդի հպարտության հիմք: Այն կարող է նաև շահարկվել՝ և՛ քաղաքական նպատակներով, և՛, ասենք, կոռուպցիոն: Մի խոսքով, հոյակապ հասկացություն է՝ տարբեր կրիչներով աշխարհին հաղորդվելու:

Այսինքն եթե նպատակ ես դնում՝ դրան հասնում ես: Ուրեմն նպատակ ձևավորողները նպատակ են դրել այնպիսի՝ որը ծանր էր (մի շարք իմաստներով)՝ և սակայն հենց հայ ազգի սրտին մոտիկ՝ թեթև, այսինքն նրանք գտել են մի բառ՝ ցեղասպանություն, որը հեշտ ու հաճույքով է արձագանք գտել հենց հայերի հոգում նախ և առաջ՝ և որի արդյունքում հայերը դարձել են մեկնաբանող՝ ու դարձրել այդ բառը՝ այդ արժեքը, քաղաքակրթության սեփականություն՝ իրենց առնչվող, իրենց նկարագրող:

Ուրեմն եթե խոսքը «հայ» իմաստույթի տեղի մասին է քաղաքակրթության մեջ՝ մնում է մի հասկացություն գտնել՝ որին հայերն իրենք կհամաձայնեն, քանի որ եթե այդպես եղավ՝ նրանք համառորեն ու տքնաջան՝ կլծվեն այն տիրաժավորելու գործին, ու նշանակալի հաջողության կհասնեն: Այդ մասին ասել են այլ ազգերի ազգայնականները՝ հրեա, ռուս, և նույնիսկ հենց հայ. «փոխել ազգային ինքնության կամ նույնականացման վեկտորը»: Բայց այստեղ մտածելու հավելյալ բան կա (տե՛ս վերջին մասը):

Խումբը նաև քննարկեց հիերարխիկ ու տիրակալային համակարգերի վերսուս ոչ հիերարխիկ ցանցային համակարգերի հարաբերությունները՝ ծանր ու թեթև արժեքների համատեքստում, և չնայած քննարկումը չավարտեց՝ կարևոր հատկանիշներ նշեց, ինչպես օրինակ՝ որ պետությունն ավելի էկոնոմիկ, իսկ ցանցը՝ ավելի մեծ ռեսուրս պահանջող մասնակցային հնարավորություն է, պետությունը կարճատև էֆեկտիվ է, այսինքն՝ կարող ես ավելի հեշտորեն կռահել-կանխագուշակել թե ինչպես կվարվի, իսկ ցանցը՝ ավելի քիչ հաշվարկելի: Հաստատվեց, որ ռեսուրսը մի բան է, որը եթե շատ է պահանջվում՝ շատ էլ մակաբերվում է: Նշվեց, որ ամենաշատ ռեսուրս պահանջվում է (և ուրեմն արդյունք մակաբերվում) ծծթ-ից թթծ հասնելու համար, թեև սա (ռեսուրսի ավելացման բանաձևը՝ դեռ 1992 թվի «Տնտեսություն» խաղից) դեռ ստուգման կարիք ունի:

Խմբի արդյունքն օգտագործելի է «փիառային» ստրատեգիաներ կառուցելու համար. երբ պլանավորում ես սեփական մշակույթով աշխարհի վրա ազդել՝ սխալ է ընտրել ընդօրինակման ճանապարհը (ասենք՝ ևս մեկ ֆեյսբուք՝ հայերի կողմից ստեղծված. դա լավ կոմերցիոն ծրագիր է, բայց կապ չունի, հայերն են ստեղծել, թե ոչ: Նույն կերպ՝ հայ սպորտսմեն լինելը մեծ բան չէ, եթե միայն սպորտը հայերը չեն հայտնաբերել): Սակայն քիչ է ունենալ ունիկալ արժեք: Պիտի նաև լինեն մասնագետներ՝ որոնք մտածում են, թե ունիկալ արժեքն ինչպես հեռարձակել այնպես, որ աշխարհի հնարավորինս լայն մասսաներն ընկալեն: Եվ այն քչաքանակ դեպքերում, երբ մենք տեսնում ենք դրա օրինակները, հիմնականում այդ մասնագետները վերցնում են հեռարձակելու այն արժեքները, որոնք մեզ դնում են աշխարհի պահպանողական քարտեզին (գինի, կոնյակ, գյուղատնտեսություն, հակաթրքություն, հակաիսլամություն, վաղ քրիստոնեություն, հին վանք ևն), սակայն ոչ աշխարհի՝ զարգացման քարտեզին: Միևնույն ժամանակ՝ անհատապես շատուշատ հայեր են մասնակցում հենց աշխարհի զարգացմանը: Սակայն ոչ որպես ազգային քաղաքակրթական ծրագիր, այլ՝ այլ մշակույթների մեջ ընկղմված: Այժմ դա մի քիչ սկսել են հասկանալ, վերջերս Ռուբեն Վարդանյանի խումբը ռոլիկ էր թողարկել՝ «50 հայ, որոնք փոխեցին աշխարհը»:

Սակայն սրանք հազվագյուտ օրինակներ են: Ժողովրդի մեծամասնությունը, և նոմենկլատուրան, շատ հեռու են այս մոտեցումից. նրանք մտածում են էժան հաջողության մասին (Եվրոտեսիլի մակարդակի) ու, ինչպես պապս էր ասում, «աղքատ են, հպարտ ու քթները՝ մեծ»: Այս մշակույթի «ինքնամփոփությունը» շատ անգամ է նշվել, նաև Մաթևոսյանի կողմից: Սակայն թվայնացման, ամպայնացման, ցանցայնացման դարաշրջանը ստեղծում է նոր մարտահրավերներ, և այլևս ինքնամփոփ լինել չի հաջողվելու: Իսկ ինչ անել՝ հաջորդ խաղերի թեմաները պիտի լինեն:

Ամփոփում. հասկանալ վերջնական արդյունքը

Ընդհանուր գծերով գնահատելով հայկական մշակույթը, մենք կարող ենք նաև այլ գնահատումներ տալ, ինչպես օրինակ՝ «ադապտացվող», «սուբէթնիկ իմաստով շատ բազմազան», «ցանցայինին հակված», «պոլիգլոտ թարգմանիչ» և այլն:

Մշակույթների այս օրինակների շարքում կարևոր է հասկանալ հաղթանակող մշակույթների որոշ առանձնահատկություններ: Դրանցից մեկը՝ էկոնոմիկ լինելը, նշեցինք արդեն, այբուբենների մասին խոսելիս: Նույնը լեզվին է վերաբերում. կարճ լեզվով, կարճ բառերով մշակույթներն ավելի էկոնոմիկ են[5]: Սակայն կան մի շարք այլ, տեղայնացվող, կոնտեքստային հանգամանքներ: Օրինակ՝ կոնցեպտը մշակույթից դուրս է գալիս, թեև ինքը մշակույթն այդքան էլ դյուրին չէ (Նոկիա, Տոշիբա ևն): Վրացերենի մասին, Արսեն Խառատյանի ասելով. 19-րդ դարում նրանց գլխավոր գործիչը (Ճավճավաձե՞ն) ասել է, որ հնարավոր չէ բոլոր գոյություն ունեցող իմաստները վրացերեն արտահայտել: Նա առանձնացրել է մի քանի հարյուր բառ, ասելով, որ սրանք պիտի մնան անսասան, և ինքնությունը կպահպանվի, և քաջալերել՝ մնացած բոլոր բառերը փոխառել: Դրա համար «պերմանենտ հեղափոխությունը» վրացերեն կլինի՝ «ռևոլյուցիա պերմանենտուլի»:  Գիտենք, որ թուրքերենը լինգվա ֆռանկան էր տարածաշրջանում դեռ այն ժամանակ, երբ օսմաներեն էր: Սակայն խոսակցականում նրա թյուրքական արմատների կառուցվածքը նույնն էր՝ բաղաձայն-ձայնավոր-բաղաձայն, որը, ինչպես նաև ներդաշնակության օրենքն ու այբուբենի լատինականացումը, թույլ տվեց այդքան համատարած ռեֆորմ կատարել 1928-ից սկսած: Վերացավ թելադրության կարիքը թուրքերենում, բնականաբար խթանելով գրագիտությունը նոր այբուբենով, թեև կտրելով մեծամասնությանը գիտելիքից՝ հին այբուբենով (ինչն օգուտ էր նոր ազգ ստեղծող աթաթուրքիզմին): Նույն հարցը՝ թելադրության կարիքի վերացումը, արեց ամերիկյան անգլերենը միայն կոմպյուտերիզացիայի շնորհիվ՝ սպելլինգի ծրագիրը ստեղծելով, այն էլ՝ ոչ վերջնական ու ամբողջությամբ հաջող: Ուղղագրության հարցը path dependency-ի հոյակապ օրինակ է: Թուրքիան այդ հարցը լուծեց:

Փիջն և այլ խոսակցական ինգլիշներն ու պարզապես լեզվի տարածումը բերեցին ուղղագրության՝ էլ ավելի անիմաստացման, ասենք, կորավ տարբերությունն այնպիսի բառերի միջև, ինչպես than և then, complement և compliment: Ամերիկերենում light-ի պես ուղղագրական դեպքերը դարձան ազատորեն lite, և դա տեղի ունեցավ փոքր բիզնեսի ու ցուցանակային մեդիայի զարգացման շնորհիվ: Նույնը հայերենում՝ անկախության ու փոքր բիզնեսի ու մեդիայի զարգաման շնորհիվ՝ ուղղագրությունները սկսեցին ճոճվել, ու գրագետ ոճի գրեթե միակ հնարավոր ու բավական արհեստական տարբերակը՝ որ ուղղորդվում էր խորհրդային ակադեմիայի կողմից, դադարեց ուղեցույց լինել, լեզվի տեսչությունն էլ փողի պակասի պատճառով արագ կորցրեց նշանակությունը, եթե չկորցներ էլ՝ սխալ էր գործելու, քանի որ պահպանողական էր փորձելու լինել, ինչն անհնարին է ու հաջողության չի հասցնելու, փոխանակ՝ ընդգրկուն: Բյուրոկրատիզմը շատ զարգացավ, «ընդգրկելու» փոխարեն մտավ «ներառելը» (մի հակաինտուիտիվ ուղղագրություն), «չափանիշի» ու «ազդանշանի» փոխարեն՝ «չափորոշիչը» (մի բառ, որի ժողովրդական սեմանտիկան իսկույն կոռուպցիա է մատնանշում, քան թե մեկ այլ բան):

Սակայն ամերիկյան մշակույթի ուսումնասիրությունը հատկապես կարևոր է հասկանալու համար՝ թե ինչպես է հուժկու դառնում մշակույթն ու թափանցում աշխարհով մեկ՝ բացի բիրտ ուժի միջոցով լինելուց: Այստեղ կա մի օրինաչափություն. այդ մշակույթի ծանր արժեքները ներսում պիտի փոխվեն ժողովրդի համար՝ ներսից փոխողների կողմից, իսկ դրսի համար պիտի գնա այն, ինչը թեթև է, նախ և առաջ, որին հետևի, կցված լինի այդ ներսի փոխվածը: Սա է ամերիկյան մարտավարությունը:

Որոշ օրինակներ ես քննարկել եմ անցյալում[6]: Օրինակ՝ ներքևի ու վերևի՝ իրար խառնելը: Ավանդականում ներքևը կեղտոտ է, վերևը՝ մաքուր: Դեռ Ուոլ սթրիթի մինչ 1928-ը՝ Դրայզերի ժամանակների բիզնեսներից մենք իմացանք, որ ոտքերը սեղանին դնելն անկուլտուրական չէ (որոշ ավանդական մշակույթներում դա վիրավորանք է): Դա հետո շարունակվեց՝ դրսում բոբիկ քայլելու, ներսում կոշիկ չհանելու (որը չափազանց արգելված է կովկասյան շատ ու շատ ավանդական մշակույթներում՝ գորգի հետ կապված) մոտեցմամբ: Եթե մրսած ես՝ սառույց ուտելու: Երեխայի ոտքերը չբարուրելու՝ այլ որ միշտ լինեն բոբիկ ու սառը: Այդ բոլոր փոփոխություններն իհարկե կապված էին բժշկական ու հոգեբանական խորհրդատվութան հետ, գիտության զարգացման: Սեքսի ազատությունը բերեց ոչ ավանդական կամ ավանդական բայց թաքուն սեքսը՝ ազատ քննարկման ասպարեզ: Որոշվեց, որ կինն է տղամարդուն հետապնդում սեքսի համար, այլ ոչ թե հակառակը, կինն է որոշում, ում հետ սեքսով զբաղվի: Հայհոյական բառերն ամբողջությամբ ընգկրվեցին գրավոր տեքստի մեջ: Արխայիկ տաբուները՝ ժամանակին ստեղծված պաշտպանական նպատակով, կորցնելով իրենց ֆունկցիան՝ սկսեցին խարխլվել: Նշենք, որ այդ ամենը կատարվեց ավելի շուտ՝ քան, ասենք, սևամորթներին թույլ տալը՝ որ նույն ռեստորանները մտնեն, ինչ սպիտակամորթները: Էլիտարը խախտվեց. «բարձր» և «ցածր» մշակույթ հասկացությունները վերացան, փոխարինվելով «ժողովրդական մշակույթ» հասկացությամբ: Նույնիսկ միշտ «ես լավ եմ» պատասխանելն «ինչպես ես» հարցին այդպիսի փոփոխություն էր, նաև՝ ապագային ֆիքսվելն ու անցյալն ապագային ու ներկային ստորադասելը, որն օրինակ արտահայտվում է նրանում՝ որ ժամանակագրությունն այնտեղ (ասենք, սիվիի մեջ) սկսվում է ամենավերջին իրադարձությունից և գնում թարս հաջորդականությամբ՝ վերջից դեպի սկիզբ: Ցանկացած անհաջողությունը դրականորեն վերագնահատելը... Որպես մասսայական մշակույթ՝ այդ բոլոր դրույթները զարգացան ԱՄՆ-ում 20-րդ դարի ընթացքում: Սրանք շատ ավելի տպավորիչ են իրենց ամբողջության մեջ, քան առանձին վերցված դեպքերը, ինչպես ասենք բազմասեռականների ամուսնության իրավունքը, որոնք սակայն նույն արմատից են սերում:

Նույն արմատից է գալիս նաև ԱՄՆ տնտեսության հաջողության շատ կարևոր գրավական՝ հեռավոր վստահության արժեքը: Հեռավոր վստահություն ու նոսր մշակույթ՝ այդպես են անվանում այդ արժեքը գիտնականները (չկապելով այն, իհարկե, նրա հետ՝ որ նոսր է այն մշակույթը՝ որն ավելի քաղաքակրթված է, որի շատ արժեքներ են ներթափանցել քաղաքակրթություն (և «տուփիկները» դատարկվել են)): Հեռավոր վստահություն է՝ երբ մարդուն գործի ես վերցնում առանց նրա լուսանկարն իսկ տեսնելու, միայն սիվիի հիման վրա: Կամ՝ կրեդիտ ես տալիս առանց ստուգելու, կվերադարձնի, թե ոչ: Որովհետև հաշվարկված է ստատիստիկորեն, որ կրեդիտ ստացողների միայն տասնվեց-տասնութ տոկոսն է չվճարելու, ուրեմն այդքանի համար ապահովագրվիր և առանց ստուգելու կրեդիտներ բաժանիր: Նոսր մշակույթ է՝ երբ ազգական այնքան քիչ ունես հասարակության հետ համեմատած կամ այնքան սփռված են, քանի որ տարածությունը մեծ է՝ որ մտքովդ էլ չի անցնում մարդու աշխատանքի վերցնելիս՝ ազգականիդ փորձել վարձել օգնելու համար: Տեսնում ենք, որ ԱՄՆ նոսր մշակույթի մեջ կան խիտ մշակույթների դրածոներ՝ էթնիկ փոքրամասնությունները, օրինակ: Սա լավ է դիտարկել Ֆուկույաման իր «Վստահություն» գործում (իմ կարծիքով՝ իր ամենահաջող գործը):  Սրան սերտորեն առնչվում է անանձնական օրենքի արժեքը:

Ինչպես տեսնում ենք, այստեղ գործում էր մի սկզբունք՝ վարվիր «հակաինտուիտիվ» կերպով[7]: Եթե այնքան էլ լավ չես զգում ու ուզում ես չխաբել՝ «ինչպես ես» հարցին ճիշտ պատասխան կտաս, սակայն այստեղ այդպես չէ. չնայած ավանդական վասպ մշակույթին՝ չխաբելն ավելի քիչ կարևոր է, քան ծեսով հաջողակի իմպուլս տալը, որ եթե քեզ չօգնի՝ գոնե դիմացինիդ չի ստիպի ավելորդ մտածել քո մասին, ուրեմն նրան կօգնի շարունակել լինել հաջողակ: Նաև նույնն է, ինչ աուտոտրենինգը՝ «ես հաջողակ եմ, ես ժպտում եմ»: Հակաինտուիտիվ է կեղտից չխուսափելը (ավելի ճիշտ՝ կեղտը որպես հասկացություն վերացնելը, կամ՝ նրա կապը ֆիքսված ավանդական դիրքի հետ), սառչելուց սառն օգտագործելը և այլն: Եթե դու գիտես, որ սա քո կլիենտն է, ու նա առանց պատճառի (քեզ թվում է) քո սերվիսը մերժում է՝ ավանդական մշակույթում (և նորմալ մարդկային բնազդի դեպքում) դու դիվոտում ես: Նոր մշակույթում դու գիտես, որ «there is plenty of fish in the sea», և հաջողությունը զուտ ստատիստիկա է, ու, առանց կլիենտի (կամ սիրուդ) «դավաճանությունից» դիվոտելու, սրտապնդվում ու գնում ես փնտրելու այլ կլիենտներ: Քո քաղաքում աշխատանք չես գտնում՝ գնում ես մեծ աշխարհ, ու մայրդ քո ետևից չի ողբում, ու դա վտարանդիություն, գաղթ չէ: Ծնողներիդ ծերանալուց հետո չես պահում: Նույնիսկ ծնող-ուստր/դուստր կոնֆլիկտը միտումնավոր կերպով հիմնադրվում է, որ արագ անկախանան, նորին ձգտեն նոր սերունդները:  Ջնջի՛ր անցյալդ և ծնողներիդ էլ հետը, բայց՝ աշխատիր կուլտուրական կերպով դա անել, եթե նրանք քեզ հատկապես չեն հոշոտել: Լինում են զասկոկներ. 80-ականներին իրենց հայրերին (կամ ուսուցիչներին, կաթոլիկ տերտերներին) պեդոֆիլիայի համար մեղադրածների մի մեծ մասը հիմա զղջում է, հասկացել է, որ դա ոչ քննադատական ընդունում էր պրոպագանդայի: Նույն կերպ՝ Շվեդիայում և Նորվեգիայում երեխաներին ծնողներից (իբր նրանց լավ չնայելու համար) զրկող ծառայություններն այժմ բարեփոխվում են, որ այլևս սխալ պատրվակով չզրկեն:

«Հակաինտուիտիվ» (counter-intuitive) հասկացությունը սովորաբար օգտագործվում է, երբ գերձայնային ոչնչացուցչի օդաչուն (կամ սառցի վրա ավտոմեքենա վարողը) պիտի սովորի, որ երբ իրեն թվում է, թե պետք է ղեկը թեքել ձախ՝ իրականում պետք է ղեկը թեքել աջ:

«Հակաինտուիտիվ» է նաև «երկրորդ մտածողությունը»:

Սակայն իրականում այս ամենն ամբողոջովին հակաինտուիտիվ չէ, իհարկե, այլ կենսասոցիալական ծագում ունի:

Այս մշակույի սկիզբը, իհարկե, նաև անգլո-սաքսոն և սկանդինավյան մշակույթների մեջ է, օրինակ՝ կոմֆորտի դեմ լինելու՝ անգլիական արիստոկրատիայի դեպքում. անհարմար մահճակալ, կոշտ ու չոր ու նեղ, տաք ու սառը ջրերի առանձնություն, լվացվել ոչ թե հոսող ջրով՝ այլ ավազանիկի մեջ հավաքած, անհամ կերակուր, ջրիկ գարեջուր և այլն: Ժուժկալություն՝ անձնական կյանքում: Բրիտանիայի թագավորական ընտանիքի շորերի ոչ շքեղ լինելու մասին անընդհատ ասվում է. այդ ամենահարուստ ընտանիքը ոչ թե միայն համեստ է, այլև նախ և առաջ՝ ժուժկալ, ըստ իրենց ավանդույթի:

Սակայն Բրիտանիայում կա նաև մի բան՝ որ երբեք չի տարածվի ու հաղթանակի (բացի իրենց որոշ նախկին գաղութ կղզիներից)՝ կղզյակայինը: Փողոցների ու ավտոմեքենաների՝ հակառակ ուղղությամբ կողմնորոշումը: Մետրոյում հյուսիսից հարավ գիծը հարավից հյուսիս ցույց տալը: Եվ այլն:

Տեսնում ենք, ինչպես ԱՄՆ-ն, կոտրելով ավանդական արժեքները, հաղթանակեց, սակայն նախ և առաջ նա այդ մոդեռն արժեքները չի արտահանում, այլ՝ դրանց հետ կապված, բայց և առանձին՝ ավելի թեթև կամ ավելի թեթև փաթեթավորված արժեքները. ջինսը, կոկա-կոլան, մակդոնալդսը, ռոքը, ջազը և այլն: Նա կարողացավ կոտրել ավանդական արժեքները շնորհիվ ապահովության զգացման, անվտանգության ավելցուկի, գիտության զարգացման, անհատական ազատության գերադրականացման, բայց նաև՝ դրանք բոլորը, դառնալով կենսասոցիալական և պատմասոցիալական առանձնահատկություն՝ պայմանավորեցին իր մշակույթն այդպիսին դառնալը, այսինքն սա, ինչպես և ցանկացած այլ պատմություն, «կենտավրոսային» պրոցես էր[8]:

Ինչպես է արժեքը յուրացվում: Մարդու ներսում կա արդեն արժեքների համակարգ՝ քիչ թե շատ քաոտիկ վիճակում, որոնց մեջ մարդ փորձում է կապեր հաստատել, «տրամաբանականացնել» դրանք: Եթե երևացող խզված կապերը շատ են՝ այդ մարդը թերզարգացած է, «վատնիկ» է: Իրականում մենք բոլորս ունենք շատ ու շատ խզված կապեր, ուղղակի չենք գիտակցում: Մտավոր գործողությունները ծառայում են այդ կապերը վերականգնելուն: Նոր արժեքը երբ մտնում է՝ կամ մնում է առանձին կախված, իսկ դա հավելյալ էներգիա է պահանջում՝ այն պահել «չմարսված» վիճակում, գիտակցորեն, հիշողության առաջին պլանում, - կամ՝ կորչում է, եթե պարտադրված չես այն պահել ու եթե համակարգորեն չի կպչում այլ արժեքների՝ արդեն ներքնացված, ինտերիորիզացված: Ես այդ մասին գրել եմ արդեն: Նոր հաղորդված արժեքի ու եղածի միջև կապ հաստատելն արվում է կա՛մ հեղինակության, կա՛մ տրամաբանության (մտածողության) միջոցով: Նոսրը սկսում է խտանալ: Հեղինակությունը կարող է լինել երկու տեսակի՝ խարիզմատիկ (այսինքն՝ չտրամաբանված, գուցեև բիրտ ու բռնի, անըմբռնելի ուժի ազդեցություն) կամ՝ գիտական, որն էլի կամ տրամաբանություն է, կամ՝ ակնառուություն (evidence, ճշգրիտ բառը չկա հայերեն): Peer pressure-ը, սոցիալական սինկրետիկ ճնշումը խարիզմատիկ ուժի օրինակ է, սիրելի կամ հարգված մարդու ասածը՝ նույնպես, գիտությունը, եթե չես ստուգում ու հավատում ես՝ նույնպես, տիրակալի ստիպելը, որից վախենում ես՝ նույնպես:

Ամերիկյան հաջողությունն ուներ նաև իր վճարը, առնվազն երկու ձևով. մեկը՝ գիտության, ստեղծագործության ու մտածելու՝ շուկայնացումը, որը, ի մասնավորի, բերեց մարդկանց ինքնությունների տարբեր մասերի՝ միմյանցից օտարման (դու ուզում ես զբաղվել մի բանով՝ շուկան պարտադրում է մեկ այլ բան) և արդյունքում պրոգրեսի՝ իր որոշ հիմնական ուղղություններից շեղման: Մյուսը՝ տեռորիզմի համատարած վտանգի ակտուալացումը: Այս երկրորդը թողնենք այլ խոսակցության (թեև էլի նույն ռեցեպտով է լուծվելու):

Այս ամենն է, կամ սրա մի շարք տարրեր, որ ֆունդամենտալիստ արխայիկ և կղերական գաղափարախոսությունները հաճախ անվանում են «սատանայական» գաղափարախոսություն: Սրա դեմ է տեռորիզմը: Սա սկսեց նաև խարխլվել վերջերս՝ տեռորիզմի գալով, որը պահանջում է մերձավոր վստահություն և խիտ, բայց սահմանափակ մշակույթ:

Առաջին վտանգի հաղթահարման հարցում՝ հաշվի առնելով նաև վերն ասվածն արժեքների յուրացման վերաբերյալ՝ հասկանալի է դառնում, թե ինչ դեր կարող է ունենալ հայությունն ու ինչ միջոցներով: Այն ունի աշխարհին տրամադրելու երկու բան՝ իր մշակույթը և, իր սահմանային ու գլոբալ դիրքից ելնելով՝ իր մեթոդաբանությունը, որը մտագործունեության մեթոդաբանությունն է ընդհանուր առմամբ: Մշակույթը ոչ թե քարացած արտադրանք է, այլ պրոցես:

Մտագործունեության մեթոդաբանության հիմնական տարրերից մեկը հետևյալն է. այն, և պարզապես հայն իր նույնիսկ ոչ այնքան գիտակցական ձևով {ինչպես նաև, իհարկե, այսօրվա մեջ դրված այլ համեմատաբար փոքր ավանդական ուրույն մշակույթներ, ինչպես օրինակ՝ կովկասյանները՝ ադիգներ և այլն (եթե հանենք նրանց անհարիր ավանդականությունը). հենց դրանով է պայմանավորված կովկասյան և տարածաշրջանային փոքր մշակույթների հետ՝ մեր կապի ռազմավարական կարևորությունը նաև}, ձգտում են ետ միավորել մարդու ինքնության ամբողջականությունը՝ առանց փորձելու սահմանափակել տարածվելու հնարավորությունները (ցանցը): Դիտարկել մարդուն ոչ թե որպես իրարից անջատ շատ առարկաներ՝ նույնականացումներ՝ այլ որպես ամբողջական օնթոլոգիական օբյեկտ-ինքնություն: Դա չի անում գրեթե ոչ ոք այսօր աշխարհում: Անցյալում ինստիտուցիոնալ փիլիսոփայությունը, գիտությունը, կրոնն ու արվեստն էին այդպիսի խնդիր դնում, այսօր՝ ավելի քիչ, եթե ընդհանրապես, թեև էլի՝ եթե լավն են: Մարդու «տարբեր ինքնությունների»՝ նույնականացումների, որպես միասնական ինքնության պրոյեկցիաների՝ միմյանցից օտարման հարցը լուծել[9]: Այդ մոտեցումն, իհարկե, փոխում է ցանկացած մասնավոր մեթոդաբանություն. և՛ հաղորդակցման, և՛ քաղտնտեսության, և՛ գիտության, և՛ քաղաքակրթակերտ: Այն հանդգնում է ոչ թե փորձել միմյանց ետ սոսնձել ու կարկտելով միմյանց ագուցել իրարից առանձնացված նույնականացումները (ես աշխատող եմ իննից վեցը և հայր՝ վեցից իննը, բայց եթե երեխաս հիվանդ է՝ կարող եմ գործից հարգելի բացակայել), այլ՝ գալ այն առաջին, սկզբունքային մակարդակին՝ այն օնթոլոգիական, սկզբնապատճառային միասնությանը՝ որից աշխարհի բոլոր ճյուղերն ավելի բնականոն կերպով ու իրար առանց հակասելու են զարգանում (ես հայր եմ որպես աշխատակից և աշխատակից եմ որպես հայր, սա մի քիչ շինծու օրինակ է ու գուցե պրակտիկայում սխալ դուրս գա, արխայիկ, հատկապես առաջինը, բայց ուզում եմ սկզբունքը բացատրել)[10]: Այսինքն հասնել նրան՝ ինչին մարքսիզմն ուզում էր, որ հասնի կոմունիզմի մարդը՝ «համակողմանիորեն զարգացած անհատականությունը», և արժեքային մակարդակով ինչը հայտարարում է այսօր (ավելի, իհարկե, դեռևս ցածր հավակնություններով) քաղաքացիական հասարակության տեսությունը: Ֆանտաստիկայի մեջ դա լավ են արտահայտել Ստրուգացկիները՝ «լյուդենի» գաղափարում, զուր չէ, որ «խաղացող մարդ» հասկացությունը նրանց մոտ ու մտագործունեության մեթոդաբանությունում ու աշխարհի մտքում առաջնային դեր է ստացել: Որպես ամբողջական և համեմատաբար անհակասականի հավակնություն արտահայտող արժեհամակարգ՝ սա նաև նման է կրոնական համակարգերին, սակայն սկզբունքորեն տարբերվում է նրանցից, քանի որ ընդգծում է այստեղ և հիմա կյանքը, ապագային ուղղվածությունն ու պրագմատիզմը, այլ ոչ թե անցյալը, ետմահուն, մոգականն ու գերբնական հրաշքը:

Ցանցը նույնականացումները բազմացնում ու տարրաբաժանում է: Դրանք նեղացնում ու միավորում է միայն հիերարխիկ ու բիրտ ուժի, բռնության իրավունքի վրա հենվող պետությունը: Տոտալիտարիզմը լավագույն միավորումն է դրանց՝ պարզունակացրած. այն ստեղծում է կարտոնից կտրած մարդ, ինչպես օրինակ՝ միայն զինվոր, միայն դահիճ, միայն մայր (թխսկան) («бабы ещё нарожают») և այլն:  Ինչպե՞ս է, այդ դեպքում, հայկականությունն ու մտագործունեության մեթոդաբանությունը դա հաղթահարում՝ եթե բիրտ ուժով հիերարխիկ ու քիչ ցանցավորված պետության օրերը հաշվված են: Շնորհիվ նաև նոր պետականության՝ հայերը հնարավորություն ունեն չգործել այն սխալները, որոնք գործել են հին պետականությունները, ինչպես քաղաքային հեռախոս չունեցող ազգերը կարիք չունեն այլևս փորելու խորշեր՝ գծեր անցկացնելու համար, քանի որ կարող են բավարարվել մոբիլային կապով:

Նոր պետության նորացումը կօգտագործվի մի կողմից, դեն շպրտելով ուղղահայաց հիերարխիան ու օգտագործելով ցանցի հորիզոնականն ու բանակցումը՝ յուրաքանչյուր հարցի շուրջ:

Պետության նկատմամբ ոչ ցինիկ վերաբերմունքը՝ անկեղծ ու ուղղակի հայրենասիրությունը, կօգտագործվի մյուս կողմից: Իսկ այն ցինիկ է աշխարհի զարգացած ու հին պետություններից շատերում:

Արխայիզմի ռացիոնալ հատիկը՝ անվտանգության անխաբ բնազդը կօգտագործվի երրորդ կողմից:

Եվ ինքնության միասնականության ձգտումը՝ չորրորդ կողմից: Ձգտումը՝ չնայած նույնականացումների գլոբալ բազմազանությանն ու իրարից հեռվանալու միտմանը՝ նրանց միջև «արանքները» մտածողությամբ, գիտությամբ, ստեղծագործությամբ լցնելով ու կապելով:

Դրանք են նախադրյալները, որ այդ նախագիծն իրագործվելու լավ շանսեր ունենա:

Հենց այդ է, իմաստային, արժեքային միասնության այդ միավորումն է այն ծանր արժեքը, որ մենք պոտենցիալ ունենք աշխարհին մատուցելու: Եվ դա «բնականորեն» երևում է հայերի գործելակերպից, նույնիսկ՝ Կիմ Քարդաշյանի: «Պոռնոաստղի» ու հայրենասերի միավորումը նախնական կրեացիայի կլասիկ դեպք է. երկու որքան կարելի է միմյանցից հեռու բան միավորել[11]:

Մնում է, որ մտագործունեության մեթոդաբանությունն ավելի հաճախ ու լայնորեն կիրառվի, որպեսզի այդ գործելակերպը դառնա ոչ թե բնազդային ու բնական դրսևորում՝ այլ մտածված ու ծրագիր:

 

Նոյեմբեր-դեկտեմբեր 2015

 

[1] Տե՛ս «Երկրորդ մտածողություն». http://gtergab.com/hy/news/methodology-2/protocol-second-thinking/115/

[2] Տե՛ս 21 և 22 հղումներն ու նրանց վերաբերող տեքստն այստեղ. http://gtergab.com/ru/news/essay/a-methodological-attempt-to-discuss-creativity/113/

[3] Ամենավերևում՝ գլոբալ մակարդակում, դատարկ արժեքների ձևերի սխեման դրա վառ արտահայտությունն է, սակայն խումբը ժամանակ չունեցավ այդ երկու սխեմաների համադրությունից նոր հետևություններ անել:

[4] Որպես սրա պարոդիա՝ տե՛ս սա. http://haqqin.az/news/58335

[5] Կարևորը, որ էկոնոմիկը միայն «մուտքը» պիտի լինի. հենց որ «սողոսկեցիր» մեծ քաղաքակրթություն քո էկոնոմիկով՝ կարող ես այնքան տեղ գրավել, որքան կարող ես, լայնանալ ու ընդարձակվել, ինչպես լատինատառն ու անգլերենը: Այսինքն սա ինչ-որ իմաստով տրյուկ է:

[6] Տե՛ս «Посредине нигде»: http://gtergab.com/ru/news/prose/in-the-middle-of-nowhere/73/

[7] Առաջին անգամ սա հասկացվել է Սևանի («Մայամիի») խաղում՝ ռուս-վրացական պատերազմի առիթով արված: Այնտեղ էլ հենց հստակորեն առաջին անգամ քննարկվել է պետություն (որպես հիերարխիկ բուրգ) և ցանց հարաբերությունը: Նաև այնտեղ լավ է բացատրվել ինքնության հարաբերությունը այդ երկու հասկացություններին, կամ այդ հարաբերության սկիզբը: Սույն մեր խաղը նրանից տարբերվում է նրանով, որ այստեղ ընդգծվել է ինքնությունների կենտրոնախույս անկանգ տարածումը ցանցերով՝ և դրանք միասին պահելու անհրաժեշտությունը: Տե՛ս այստեղ, օր երկրորդ. http://gtergab.com/ru/news/projects/armenias-tasks-in-light-of-the-russiangeorgian-war-a-creative-game-2008/118/

[8] Տե՛ս ապագան կառուցելու և ընդհանրապես պատմասոցիալականության ու կենսասոցիալականության մասին Շչեդրովիցկու հին տեքստը՝ որը ժամանակին շատ առաջատար էր. http://www.fondgp.ru/lib/journals/vm/1994/3-4/v943shg0

[9] Սա սինկրետիկ ձևով ձևակերպվել է «այլանդակ սիրուն խմբակոծիչի» կերպարում՝ Սևանի «Առաջնորդություն» խաղում (փետրվար 2009). այդ խաղը նաև ձևակերպեց էություններին հասնելու համար մեթոդաբանությանը պարտադիր դիմելու պահանջը: Տե՛ս օր երրորդ՝ մարդ-նվագախմբի համար, և օր չորրորդ՝ էություններ ստանալու մեխանիզմի, այստեղ.

http://gtergab.com/ru/news/essay/leadership-a-creative-game-february-2009-sevan/119/

[10] Այս օրինակի հիման վրա դեռ խորհել է պետք, թե ինչպես վերաձևակերպված է ամբողջանում մարդն իր տարբեր նույնականացումներով՝ դրանք վերափոխելով հանուն նոր ամբողջության:

[11] Տե՛ս այս հոդվածի վերջում կրեացիայի սխեման. http://gtergab.com/ru/news/essay/a-methodological-attempt-to-discuss-creativity/113/


18:19 Փետրվար 28, 2016