Հրապարակված գրքեր

Շար ունակ ություն


Առաջին անգամ հրապարակվել է «Հրապարակ նկուղ» ժողովածուում

ՇԱՐ ՈՒՆԱԿ ՈՒԹՅՈՒՆ

զրույց Հրանտ Մաթևոսյանի հետ

 

«Միջնակարգ դպրոցը հարևան գյուղում էր։ Օտար ճամփեքով օրական յոթը կիլոմետր էինք քայլում ու նույնքան էլ՝ ետ։ Այդ ամայության մեջ անընդհատ հիշվում էր առաջին դասարանների մեր դպրոցական ուղին. տարրական դպրոցը հենց մեր գյուղում էր, առավոտյան պայուսակներս առնում վազում էինք զանգին, մեր վազած ճամփի երկու կողմն այգի էր ու մեր ցեղի տները։ Ամեն այգում մեր հարազատները մեզ կանգնեցնում էին, ամեն այգում ոտանավոր էինք արտասանում, մեր գլուխը շոյում էին, խնձոր էին հյուրասիրում ու նոր բաց թողնում։ Այդքան սերն ու հարազատությունը անհետ չէր կորչելու։ Իմ մեջ ինչքան որ սեր կա՝ տարրական դպրոցի այն ճանապարհին է կուտակվել»։

Հաղթելուց ավելի, իհարկե, հաղթանակին դիմանալու, հաղթության ծանրությունից չաղճատվելու զորություն է պետք, բայց չաղարտվելու, մարդ մնալու, ջախջախիչ պարտությունից հետո ատելության շեմին գերի չդառնալու, այլև սիրով տեր կանգնելու քո և՛ ատելությանը, և՛ հայրերի չմարած պարտքերին՝ գերմարդկային այս ճիգը պարտվողներից է պահանջվում։

Մշակելիս էր եղել Անդրանիկ Ծառուկյանի մասին իր հոդվածը, դիցուք հենց այդ նախադասությունն ավարտել, վերջակետը դրել ու դուրս էր եկել մի քիչ հանգստանալու, և այժմ միասին քայլում էինք։ Հրապարակի մետրոյից հասանք Վարդանի արձանին, ետ դարձանք, Անդրանիկ Ծառուկյանի կերպարից ինքը սակայն չբաժանվեց. գրող, հրապարակախոս, խմբագիր, հայ վերջին հին մտավորականներից մեկը, իր ստանձնած գործի իրապես մասնագետ... Բայց հարկավոր է անհանգստանալ. իրենից հետո ո՞վ է գալու, իր գործն ու մասնագիտական իր մակարդակն ո՞վ է շարունակելու։ Կապը՝ սերունդների միջև, Հայրենիքի ու Սփյուռքի միջև, Անդրանիկ Ծառուկյանի պես անհատներն են պահպանում, նրանք են, որ պարտադիր պահանջ են դնում մեր մշակույթն արժեքավորել որպես միասնական ամբողջություն։ Մտահոգվենք. այդպիսի անհատները սակավաթիվ են, նրանք հատուկ ուշադրության են արժանի։ Այդպիսի մարդկանց գործի արժևորումը չի կարելի ուշացնել... Հակոբ Մնձուրին մեր գրականությանն ընծայեց գեղարվեստական որակի ստույգ հատկանիշ ճշգրտությունը, մանրամասն վերակերտեց իր ու մեր կորցրած աշխարհը։

Գեղարվեստական արժեքից բացի Մնձուրու պատմվածքները նաև կիրառական նշանակություն ունեն՝ ազգագրական։ Ճշմարիտ արվեստը նաև ճշգրիտ է լինում։ Գրականությունը երբեմն ծնվում է կիրառական կոնկրետ կարիքից. Թումանյանը Ստեփան Լիսիցյանի հետ դասագիրք էր գրում, որ աշնանն իր աղջիկը դպրոց գնա և սովորելու դասագիրք ունենա։ Իր երեխաների համար մանկական խաղերն էր կազմում՝ և դա լինում էր բոլոր երեխաների համար։ Բակունցը վիկ կոչված բույսի առավելությունները պրոպագանդելու նպատակով գրում էր «Գալուստի վիկը» հոյակապ պատմվածքը։ Կիրառական նշանակությունից դուրս իրենց գործը մնայուն արժեք կդառնա թե ոչ՝ ոչ թե իրենք, այլ ժամանակն էր որոշում։ Որոշեց։ Դարձավ։ Դա գործուն, մի տեսակ՝ համեստ պատասխանատվության, պարտավորվածության եզակի դիրքորոշում է։ Հոմերոսի «Ոդիսականը» մասնագետները կարդում և Ոդիսևսի նավը միջից ճշգրտորեն դուրս են բերում. քանի կանգուն էր երկարությունը, լայնությունը, կայմերի բարձրությունը... Ժամանակակից մի պիեսում այսօրվա տրեստի կառավարիչը զրուցում է բանվորների հետ — և Լև Աննինսկին նրանց մտահոգող նույն պրոբլեմներն արտահայտված է գտնում «Աննա Կարենինա» վեպում՝ Լևինի և իր գյուղացիների զրույցի դրվագում։ Այդքան ճշգրիտ ու երկարակյաց են Տոլստոյի գրականության մեջ արտահայտված պրոբլեմները։

Ժամանակների կապի խզման պատճառով մտահոգությունը, վեցը հարյուր տարվա մշակութային լռության տակ կորսվածը գտնելու կարիքը Թումանյանի մեծությունն ավելի են ընդգծում։ Իր ցավին, հոգսին, զգացմունքին ու մտածմունքին, գործին սիրով տեր կանգնող, և որ իրենն ու ժողովրդինը անբռնազբոս կերպով ընդհանուր լինի... Առանց թումանյանների գրականությունը կորցնում է տիրակալի իր դիրքը, գիտությունների, արվեստների, մարդու զբաղմունքների տարատեսակների հսկա բազմության մեջ ինքն իրեն լավագույն դեպքում կողքից խորհուրդ տվողի կողմնակալ, երկրորդական դերն է հատկացնում։ Կոմս Տոլստոյն իր կալվածքում զբոսնում էր, տիրոջ աչքով դիտում, հետո տուն էր դառնում և իր տեսածը, իր կալվածքում պատահածը գրում էր։ Սեփականատիրոջ, վերից նայողի ու գնահատողի, քանի որ իրենն է՝ առավել ուշադիր է ու զգայուն.— աշխարհի նկատմամբ այդ դիրքը գրականությունը կորցնում է, ամեն ինչին հասու սիրո հզոր զգացմունքը, իշխողի, իշխանական վերաբերմունքն այլևս բացակայում են։ Կողքից խորհուրդ տվողի, եթե ոչ ուղղակի կողքից հաչողի դերը շատ փոքր է ու խղճուկ, այդ վիճակից գրականությունը պիտի հասցվի իր նախկին, իշխանական վիճակին։

Առանց սեփական պետականության գոյատևել ենք, արևելահայ մեր արձակը կոնկրետ կիրառական իր նշանակությունը կատարել ու մնայուն արժեք երբեմն չի դարձել։ Իրենց տարբեր անհատական նշանակություններով հանդերձ միավորվում են՝ Շիրվանզադեն, Մուրացանը, Րաֆֆին, Նար֊Դոսը, և Մուրացանի խոսքերով ասում.— կարևոր չէ, կդառնան իրենց երկերը մնայուն գեղարվեստական արժեք, թե ոչ, միայն թե իրենք իրենց խորհրդով կարողանան մի քիչ թեթևացնել հասարակության ծանր հոգսը։ Դա գրականության մեջ հասարակական հարցերի քննարկման ռուսական ավանդույթն էր, հարազատորեն ընդունել և գործի էին անցել։ Բայց այդպես չի լինում։ Ժամանակը թույլ չտվեց, կեցությունը չէր համապատասխանում, լռության վեց հարյուր տարին նոր էր լրացել, վիհը միանգամից լցնելն անհնարին էր։ Երևի, եթե նրանք մի քիչ այլ իրավիճակում ստեղծագործեին՝ անկախանալու, վերացարկվելու հնարավորություն տվող, այլ ոչ թե ազգի ոչնչացման սպառնալիքի տակ, ապա ռուս հեղինակների պես իրենք էլ կկարողանային գեղարվեստական որակը չզոհել գաղափարական միտումնավորությանը...

Հետո պատմում էր իր հայրենի, առանձնահատուկ, ներամփոփ մշակույթի մասին. դարեր ու դարեր դիմադրել է աշխարհի վերակառուցման միտող, իրենց արժեքների արտահանումը, Դոստոևսկու խոսքով ասած, իրենց սրբազան պարտքն ու իրավունքը համարող հզոր մշակույթներին։ Փոքրիկ, ներհայաց, ինքնիշխան, իրապես դեմոկրատական. իր ուրույն գանձը փայփայող, առանձնություն տենչող մի մշակույթ.— այսքանը մերն է, մեր ստեղծածն է, մենք մեզ համար ենք ստեղծել, ուզում եք՝ եկեք, եղբայր, հյուր եղեք, մեր սփռոցից օգտվեք, դուք ձերն ունեք, մեր ունեցածն էլ սա է։

Ռուսական ցարը պետությունը հենց որ մի քիչ էլ էր ընդարձակում՝ կազակների հերթական սերունդը տեղափոխվում էր նոր ստանիցա, նոր զորակայան֊բնակատեղի, ռուսաց պետության նոր սահմանները պաշտպանելու։ Իրենց սահմանապահներն էին։ Թուրքական օրդուբադը մի կողմից, ռուսական ստանիցան մյուս կողմից։ Պատանդ ենք եղել, պատանդ. մեր պատանդ գոյությունը որևէ հարցում չենք արդարացրել՝ թուրքն իր բաժին պատանդը բռնել կոտորել է։ Այդպես։

Ազգային մեր ցավն ու դժբախտությունը մինչև չարժեքավորենք հանգամանորեն՝ նստվածքներս ծանրանալու և ազատ շնչառությանը խանգարելու է։ Թուրքիա պետության արտաքին քաղաքականությունը, հիմնականում Թուրքիա֊Գերմանիա֊Ռուսաստան հարաբերությունը, ինչպես նաև եվրոպական մյուս երկրները, և մենք։ Հանգամանալի բարոյական արժևորում է անհրաժեշտ, արվածի մեջ կիսատ բաներ, կոմպրոմիսներ չպիտի լինեն, կիսատ ճշմարտությունն անընդունելի է։

Հայ գյուղի մեջ՝ սուլթանը քրդերին գյուղատեղ էր հատկացնում։ Ապրեք, ասում էր, հարևանություն արեք։ Բայց դե իրենց նստեցնե՞լ կլիներ, իրենք քոչվոր էին, գյուղում չէին կարողանում մնալ, վերի քարանձավներում էին մնում։ Քուրդը գալիս էր մեր տան շեմին խնդրողաբար կանգնում։ Եթե աղջիկն էր հիվանդացել՝ քուրդը մեր գյուղից երկու հատ խնձոր էր խնդրում, աղջկա համար՝ խնձոր։ Եթե գալիս մի քիչ թթու֊թթվաջուր էին ուզում՝ հիվանդն ուրեմն աղջիկը չէր, քույրն էր։ Այդպես, ներքևը հայերի լիուշեն գյուղը, վերևը՝ իրենք։ Այդ հարևանությունն ինչպե՞ս կարողացան օգտագործել։ Թուրքն ասաց. «Դրանք ձեր ունեցվածքի տե՛րն են, կոտորե՛ք դրանց, ձեր ունեցվածքը ե՛տ վերցրեք»,— և իրենք իհա՛րկե եկան...

 

* * *

Խոսքը կտրել ու անկախություն տենչող փոքրիկ մշակույթի իր պատկերին չէի համաձայնել։ Ալբեր Կամյուն կասկածում էր, ասացի.— հնարավոր չէ այս քսաներորդ մասսայական դարում մոռանալ, հաշվի չառնել, որ զոհերը, ինչպես և ամեն ինչ, միլիոններով են հաշվվում, մասշտաբները փոխվել են, և ուրեմն պիտի ստիպված այդ բոլոր միլիոնների անունից խոսես... Այսինքն՝ ոչ խիղճդ է աշխարհից անկախ, ոչ մշակույթդ։ Ուրեմն արժի՞ արդյոք մտատանջվել։

Ասաց.— գրականության տերերի հետ մեր կապի խզման վտանգը վաղուց կա, աշխարհի նկատմամբ իրենց վերաբերմունքը ֆաշիզմը հիմնովին քայքայում է։ Մտահոգվենք֊չմտահոգվենք՝ էս է, անկախանալու ձգտումն է։ Այն պետք է հասկացվի, արտացոլվի, արտահայտվի, արժևորվի։ Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» զեկուցման մեջ ծայրահեղ եզրակացություններ կային, սակայն հիմնական խնդիրը որոշակի ձևակերպված էր. անկախանալու համար նախ և առաջ պետք է իրարից անջատել մեր մշակույթի մնայուն արժեքները և այն, ինչը մնայուն արժեք չդարձավ։ Պետք է տեսություն ստեղծվի։ Իր տեսության կարիքը ժողովուրդն ինքը պիտի զգա, պիտի իր ազգային գիտակցությամբ տեսության ստեղծումը հովանավորի։ Տեսության միսն ու արյունը, նրա իրավացի լինելու ապացույցը ազգի կուտակած մնայուն արժեքների որոշակի քանակը պիտի լինի։ Չափանիշները պիտի հստակ լինեն։ Դերերն ու նշանակությունները չպիտի ուռճացվեն այլոց դերերի ու նշանակությունների հաշվին։ Մանավանդ որ ժամանակն ինքը երևույթները տարրազատում և ճշտում է։ Ժամանակի ճշտումը չընդունելն անիմաստ է։

Ալբեր Կամյուի մասին ասաց.— չզորեց, միլիոն զոհերի ճնշմանը չդիմացավ, ուզեց միլիոնների անունից խոսել և ոչ մեկի մասին ստացվեց։ Անհանգստությունը, միլիոն զոհերի ճնշումն այլևս բաց չթողեցին, ծանրանում ու ծանրանում էին, իր վերջին գործերը մութ խցիկների պես են, խարխափելով դուռը գտար դուրս պրծար՝ էլի խցիկ է, մութ, խիտ, մեջը խեղդվում ես, շնչելու օդ չկա... Թեև եթե աշխարհում այդպիսի վայրեր կան, որտեղացիք աշխարհի անունից խոսել կարող են և գուցեև ստացվի՝ իհարկե դրանք Եվրոպայում են գտնվում՝ հումանիստական գաղափարների բնօրրանում։ Մեր զգացմունքային շնորհակալ վերաբերմունքի իրենց վաստակն այդպիսին է։

Բայց Թումանյանն ո՞ւմ անունից էր խոսում։ Խոսենք հենց այդ անունից։ Չի ստացվում։ Ինչո՞ւ։ Թերևս, մենք չենք զորում մոռանալ։ Անհնարին է մոռանալ, որ նրանց ու մեր միջև եղել է մի Հիտլեր։ Մարդկայնությունն արտահայտելու, կերպավորելու համար հումանիզմի գաղափարախոսությունը բոլոր հնարավորությունները ստեղծում է։ Սակայն տմարդիությունը վերլուծել, արտահայտել անչափ դժվար է, թեման անչափ դիմադրողունակ է, անհնարին է թվում բարոյական երկու բացարձակ համակարգերը՝ հումանիզմն ու տմարդիությունը, համատեղելու եզր գտնել, թեպետ մեծ գրականությունը հուշում է. պիտի որ հնարավոր լինի։ Աշխարհի ճանաչումը գրականության նպատակն է, ինչպես և, ասենք, ֆիզիկայի, քիմիայի։ Հումանիզմի սահմանները միայն մեր դիտակետի թերի լինելու պատճառով կարող են նեղ թվալ. հնարավոր և պետք է խիզախել և մարդկային դիտակետից անմարդկայինն ընդգրկել։ Թեև դժվար է բռնաբարության փաստը գեղարվեստի փաստ դարձնել, փաստի միջից խոսել, քաղքենիական ասեկոսի կամ, որ նման մի բան է և գրականություն չի՝ ոստիկանական արձանագրության մակարդակից դուրս գալ և, հստակ նպատակ ունենալով, գեղարվեստի միջոցներով կերպավորել։

... Ինքը դեռ Հիտլեր չէր՝ Դրեզդենի թանգարանի տնօրենն իր նկարները խոտանել էր.— հրամայեց, և տնօրենին հրեական ճամբարում այրեցին։ Ուրիշներն էլ՝ խուլիգանության համար համալսարանից վտարված տղերքը, իրենց վտարող ռեկտորներին ու դեկաններին ատրճանակի տակ ստիպում էին իրար հետ կենակցել։ Ախր ես ի՞նչ զորությամբ այդքան բարձրանամ, ի՞նչ բարձրությունից դրանց նայեմ, որ դրանք գան հավասարվե՜ն, այդ ռեկտորն այդ ֆաշիստի չափ դառնա, որ նրանց գրել կարողանամ։

Եվ այդպես էլ հառնում են անձեռնմխելի թեմաները։

 

* * *

Այսինքն նշանակետի մեծությունն անսահման չէ,— շարունակել էի։

Ինձ համար «Դեպի լյառը Մասիսն» ավելի արժեքավոր գործ է, քան «Պատմության քառուղիներովը», թեև վերջինիս թեման ամբողջ հայոց պատմությունն է,— հակաճառեց։

Ակնառու օրինակ էր։ Մեզ հասանելի և ենթակա սահմաններում էլ, ուրեմն, արտահայտման և ճշգրտման կարիք զգացող ահագին նյութ կար։

Չարենց ասացինք, և հիշվեց «Երկիր Նաիրին»։

 

* * *

Այդ վեպը թանկ է, ասացի, նաև որպես ազգային և մշակութային արժեքները խեղաթյուրելով ազգն արժեզրկող երեսպաշտական վերաբերմունքի ողբերգական վախճանն ազդարարող գործ։ Երեսպաշտությունն այն է, երբ խորապես հայտնի բուն իրավիճակի մասին առերես՝ ոչ մի խոսք, երբ սուտ, գլխային են և՛ հաջողությունը, և՛ քննադատության համար նախատեսված թերությունը, երբ առանձին մարդկանց՝ թվացյալ ժամանակավոր նյութական օգուտ, իսկ ժողովրդին՝ խաբկանք և բարոյական այլասերող անհատույց վնաս։

Առարկեց.

Այո, ասաց, հուշարձան է, իսկապես, քար է, տապանաքար է... Բայց մասն ավելի հեշտ է տրվում, քան ամբողջը։ Եթե ազգային մեր վեպը գրադարակից վերցրել ենք և թերթում ենք՝ պարտավոր ենք նրա նշանակությունը ճշգրիտ ձևակերպել. պարտավոր ենք ստանձնել անկողմնակալ, ուշադիր քննողի, մերձավորի սիրառատ դիրքորոշում։ Վեպն աշխատենք նույնչափ բարդ, անմիանշանակ ու խորքից քննարկել, որչափ որ հեղինակն էր այդ հարցերին վերաբերվում։ Թե չէ ամեն անգամ վեպից հանում ենք այն, ինչը այժմեական է, ու հայտարարում, որ գլխավորը դա է։ Երեսպաշտությունն է քննադատելի՝ վեպի այդ եզրն ենք ընդգծում, խեղճուկրակությունն է ցավալի՝ դա ենք օգտագործում։ Նույնիսկ հաշտարար սահմանում ձևակերպեցինք. սատիրան իբր երանգ է՝ եղանակավորում, վեպի ձևին է վերաբերում, իսկ կսկիծը, ցավը, մորմոքը՝ բովանդակությանն են պատկանում։ Որպես ապրող, կենդանի գրականություն՝ վեպը նորանոր վերաբերմունքներով է հարստանում, բայց այնպես չանենք, որ այդ վերաբերմունքները վեպի երեսին անթափանցելի փառ կապեն։ Կիսատ ճշմարտությունից գրականությունը պիտի զերծ լինի, օտարազգին մեր վեպը կարող է օրինակ բարձրացնել և իր գրականությունից ազգայնամոլական և երեսպաշտական ողջ խոտանը դուրս մաքրել, իրենց մտադրությունն ինչպիսին էլ լինի՝ ժամանակը մաքրելու է, մենք էլ մեր վեպը գնահատելիս աշխատենք կիսատ ձևակերպումներից խուսափել. գեղարվեստական արժեքի մեկնաբանությունը հեղինակի թե մեր գաղափարական ընթացիկ ու անցողիկ միտումնավորությանը չպիտի խառնենք, որ կիսատ, օդեղեն ճշմարտությունը չդառնա իրական մի սուտ։

Տոլստոյի դիմաց՝ Չեխովը, Թումանյանի դիմաց՝ Չարենցը. նրանք կեղտի ու արյան միջով ժողովրդին հավասար քայլում էին և ոչ թե բարձրից, ոչ թե վերից՝ կողքից, հավասարի պես էին իրենց ժողովրդի ցավի մեջ ընդգրկվում։ Ես իրենց շատ եմ սիրում, իմ խառնվածքը, բնավորությունը իրենց են համապատասխան, բայց այդ կոմսն էլ ինձ ապշեցնում է, որ իր կոմսությամբ հանդերձ՝ այդպե՛ս հաղորդվել գիտեր... Ներս է ընկնում տուն՝ արցունքակալած, գժված.— Իսկ դուք գիտե՞ք թե խեղճ մուժիկն ինչպես է մեռնում։ Միայնակ, լքյալ, կինը կողքին չէ, գուցե անտեղյակ է, կամ ուղղակի գլուխը բռնել փախել է,— մուժիկը միայնա՜կ, խե՜ղճ — մեռնում է... Իր կալվածքով շրջելիս, կոմսը հանկարծակի, խրճիթի լուսամուտից, տեսնում է...

Դուրս լինել, անկախ լինել սոցիալական երկփեղկվածությունից, կոմս լինել ու մուժիկ հասկանալ, պառնասական, համարյա աստվածային ոչ թե վերից՝ այլ ամենին իշխանաբար հասնող մոտից հաղորդվել աշխարհին ու մարդկանց, ինչը անհասանելի է դառնում, ով գիտի, Հիտլերի՞ պատճառով, թե՞ մեր՝ այսքանը լինելու ու այնքանը չլինելու՝ ճակատագրի պարզ պատճառով։

Անկախ լինելու ձգտումը և անկախանալու անհնարինությունը, ճշգրիտ ու անկողմնակալ տարեգիր լինելու և գիրը սեփական կարծիքի գուցեև անցողիկ, բայց այրող հրատապ զգացմունքով չշաղախելու անկարելիությունը, իր կարծիքով, գրողի չարչարանքի, տանջանքի պատճառներից մեկն է։

Թե ինչպես է գրել սկսել հարցից սրտնեղեց.

Արդեն այնքան եմ ասել, որ էլ չեմ ասելու։ Ինչպես բոլորը, երևի. ինչ֊որ մի պահից ձեռագիրդ սկսում ես հավանել, կանչում է...

Եվ երբ ուզում է ասել «այդ հատվածը չէր ստացվում»՝ ասում է «ձեռագիրս սկսեց փչանալ», այսինքն ձեռագրի գեղեցկությունը իր համար իր գրի ստացվելու չստացվելու ստույգ չափանիշն է։

Պատմում էր, թե որքան ցավոտ զգացում է, երբ հասկանում ես, որ արտադրածդ թերի է, ու չես զորում, ֆիզիկապես, հոգեպես (հոգնած ես, ցրված ես, զբաղված ես) չես զորում վերջնակետին հասցնել։ Իր ստեղծած պատկերն է.

Ջուրը մատանի ընկավ, հատակին պարզ երևում էր, ջուրն էլ խոր չէր թվում, ամբողջ օրը՝ մի քսան անգամ, սուզվեցի ու չկարողացա հանել։ Իսկ ինքը մատանին պարզ երևում էր ու ջուրն էլ խորը չէր։

Աչքիդ առջև է ելնում մի ավարտված դրվագ, մի պարբերություն, և տեսնում ես, որ կարող էիր «մինչև հատակը դատարկել» («дочерпать до дна»), բայց չես զորում։

Դա այս քսաներորդ դարի՞ մեղքն է՝ մշտապես հապճեպ ու ցրված լինելու, կենտրոնացած չլինելո՞ւ, ժամանակի պակասի՞, անհնազանդ խղճի՞, թե՞ կատարելության՝ միշտ անհաս լինելու։ Բայց մեզ՝ ընթերցողիս, գրողի այդ դժգոհությունը նաև ուրախություն է պատճառում։ Եթե ինքը դժգոհ է՝ ուրեմն եռանդը չի պակասում։ Եռանդ, իսկապես, կա, ինքն ասում է, թե մինչև այժմ իր ամբողջ արտադրածը դեռ մաքուր սպիտակ թուղթն է, մարդու մասին թղթի վրա դեռ ոչինչ չի գրված, նոր պիտի գրվի։

Իր անձնական հոգսը, մարդու ուշադրությունը գործից շեղող, ցրող ու կենտրոնանալ խանգարող հանգամանքները հիշատակելիս, ամռանը որդու ինստիտուտ ընդունվելու մասին ասաց. մարդ ունենար տասը որդի, մեկը հացթուխ դառնար, մեկը գառնարած, մեկը բեռնատարի վարորդ, դառնային ու մոռանային իրեն իմաց տալ։

Փոքր ազգ ենք, ուրիշի տասը որդուն մեր մեկ որդին պիտի դիմակայի, պիտի, ուրեմն, յուրաքանչյուրս և՛ հացթուխ լինի, և՛ գառնարած՝ համատեղի և տարողունակ լինի. տասը հոգու դիմաց՝ ինքը մենակ։ Տասը մասի կիսվելով՝ մեզանից շատերը ոչ այս են դառնում, ոչ այն, տասը գործից և ոչ մեկի մասնագետը չեն զորում լինել, բայց կան էլ՝ որ զորում են և տասնապատիկ իրենց բեռն անաղմուկ կրում, և այդպիսին էր իմ զրուցակիցը, ոչ միայն այն շատ կարևոր ուղղակի իմաստով, որ, ինչպես ինքն է հաստատել, եթե գրող չդառնար, իրավասու էր երկրագործ և մշակ լինել՝ ճակատագրի բերմամբ ինքը երկրագործի հանրագիտությանը տիրապետում է, այլև այն հին ու պարզ իմաստով, որ գրողական գիտությունն իր մեջ, եթե ազնիվ է, առնվազն տասը մասնագիտություն պարունակում է։

Իսահակյան է կարդում, ասաց, և ըմբոշխնում լեզվի ու ոճի այդ ճոխությունը, այդ խրախճանքն ու տոնը։ Լեզուն պարտադրում է օգտագործման իր օրենքները։ Բառն ունի իր ճակատագիրը, օգտագործման իր պատմությունը։ Իսահակյանը հնչեցնում է բառի ետևում թաքնված ճակատագիրը, բառի մեջ ամփոփված բոլոր հայտնի և անհայտ պատմությունները։ Ասում ենք «ծիրանի ծառ» — բուկներս մեզանից անկախ ուռչում է, ասում ենք «հատիկ», «հաց» — աչքներիս արցունք է իջնում. այդ է լեզվի պոեզիան։ Թեև անհնար է, մարդու ուժերից վեր է ժողովրդական մտածողությանը դիմառնելը, ժողովրդի ստեղծածը փոխելը, դա պարտություն է ի սկզբանե, բայց Վարպետն այնպես է տիրապետում ժողովրդի լեզվին, այնպես լավ գիտի լեզվի խորհուրդը, լեզվի բարոյականությունը, լեզվի ճշմարտությունը, ինքը ժողովուրդ է, այնպես է հնչեցնում ժողովրդական բառերը, որ իր ասածը, էպոսի մշակման իր տարբերակը ժողովրդի ասածի կողքին չի նսեմանում։

Իր արծարծած օբյեկտին բնորոշելուց բացի ու նախ և առաջ՝ իր խոսքն իրեն էր բնորոշում։ Խոսքով բացահայտում էր օբյեկտին չբռնանալու սեփական ուխտը, օբյեկտի թելադրած, նրա նախանշած ուղով շարժվելու՝ հետազոտողի իր դիրքորոշումը։

Վստահել հարազատ լեզվին, խոսքին, բառին։ Լեզուն ժողովրդական, ազգային հիշողությունն է։ Մարդ եթե կարողանա իր գրի մեջ իր լեզվի օրենքներին գիտակցորեն՝ տիրապետելով, մասնագետ լինելով, չբռնանալ, ենթարկվել, լեզվի խորհրդին հետևել՝ հեղինակի ես֊ը և իր լեզվի մեջ պարունակվող, դարեր շարունակ կուտակված ժողովրդական մտածողությունը միասնաբար հանդես կգան, գիրը սահմանափակությունից կխուսափի, հակասություններն օգտագործման կդրվեն ու իրենց թաքնված եզրերը կբացահայտեն, ծայրը ծայրին կգա ու բարդը չի պարզվի, գիրն ընդհանրական, ընդգրկուն կլինի. դա իր աշխատանքի եղանակն էր։

Չարենց քննարկեր, Տոլստոյ թե Կամյու՝ խոսքը գնում էր ոչ թե օբյեկտի մասին՝ վերից, այլ օբյեկտի հետ՝ հավասարից. Ժամանակի գետից մի երկու ժուժկալ դետալ մեջբերելով՝ սուզվում էր, օրինակ, չարենցյան ժամանակներ, Չարենցի հետ ետ էր դառնում ներկա, անցած էտապի պատմությունն ընդգրկում ու միասին պահանջում էին իրենց Երկիր Նաիրի վեպից այն, ինչ Չարենցը ժամանակին պահանջած կլիներ։

Եվ բնական ու մարդկային էր ստացվում, երբ իր ստեղծագործության, կամ էլ իրեն շատ սիրելի որևէ այլ գրողի ստեղծագործության մասին խոսելիս՝ արված֊հաստատված գործը մտահղացման տեսակետից էր դիտարկում, կարծես դեռ նոր պիտի արվի։ Էությանը չբռնանալու, ուրիշի բնույթին սեփական բեռը չծանրացնելու ուխտն է էլի. օբյեկտին սիրո և հավասարության բարյացակամ տեսակետից մոտենալ՝ հնարավորության չափ ի՛ր բնույթը հայտելու և սեփականը չպարտադրելու սկզբունքով։ Բայց հանկարծ, մի պահ, դիրքորոշումն ու բոլոր հղացումները մի կողմ են մղվում կոնկրետ առարկայական շատ ցավոտ ու անվերջ ներքին վեճի պատճառով։ Ինչպե՞ս է լինում։ Մարդն իր մեջ ախր կարծրացած հիշողություն չունի, հուզիչ դեպքը վերհիշում, վերհուշի մեջ ինքն իրեն մի քիչ խաբել է ուզում, մի քիչ փոփոխած լինել, ափսոսում է, որ այսպես չի եղել ու այնպես է եղել. նույն կերպ էլ՝ ամբողջ ժողովուրդն ու այդ ամբողջի մասնիկ ամբողջը։ Իսկ եթե հանկարծ ու ստացվե՞ր,— մարդկայնորեն բացականչում է,— պատահական սխալների հետևանք էր, որ չստացվեց. ստացվեր ու հիմա քսան միլիոն ժողովուրդ լինեի՞նք։ Քմծիծաղում ու առարկում եմ. Չե՛մ հավատում։— Հա՜, չես հավատում... Հուսահատ ժպտում է։ Մարդկային հատկություն է. վերհիշում ու երազում ենք, ասում ենք չապրենք ու հավիտյան քնած լինենք ու գունավոր երազներ տեսնենք — երանի՜... Իր սեփական խոսքն է՝ «պատմավեպեր» չի սիրում. մեր անցյալն արգելապատում ու պատմության մեջ փորձում են իրականության մոդելը գտնել ու տեսնել։ Իրականության մեջ ժամանակի ընթացքը դուրս փորենք ու պատմությունը տեսնենք, ասում է։ Չարենցն այդպես արեց, հաստատում եմ։ Մեռելի Ենոքի, Գեներալ Ալոշի, Մազութի Համոյի և այլոց իրականությունը վերցրեց հետազոտեց ու տեսավ, որ «Ծովից ծով Հայաստանն» անհնարին է։ Ինչո՞ւ։ Չասենք թե մեղքն ուրիշինն է, նախ և առաջ՝ մերն է. ուղղակի հնարավոր չեղավ։ Ճակատագիրը չէր նախատեսել։ Մարդունը՝ մարդուն...

Օբյեկտի նկատմամբ ազնիվ, անձնուրաց այդ ուշադրությունը, համատարած անկեղծ սիրո զորությունն էլ հենց՝ իրեն իրավունք էին տալիս ստանձնել արժևորողի իր դիրքը։ Ներկան դառնում է անցյալ, նոր ժամանակ է գալիս։ Կաթիլների այդ շղթան, որով գոյություն ունենք, չի դադարել։ Ինչքան ուզում եք պինդ պտտեք բռնակը, դուք կարծում եք առաջն առաք, էլ վերջ, էլ երբեք, բայց ծորակը խոտան է, և տասը րոպե թաքուն ծանրանալուց հետո կաթիլը զրնգոցով — կաթեց։ Հետո՝ մյուսը։ Աչքերդ բացում էիր ու շուրջդ նայում. ռազմի հին դաշտն էր։ Խոտածածկ, լքյալ ամրություններ։ Մտքովդ էլ չէր անցնում, որ այդքանից հետո, այդքան խեղդոց ու նահանջներից հետո, այդքան ասվածից հետո դեռ կարելի է կանգնել ու բան ասել, որ դեռ դիրքեր կան պայքարի։ Որտեղի՞ց իմանայիր։ Արդեն քո հայրերը աշխատում֊աշխատում ու չէին զորում մտապահել, իսկ ինքդ՝ չէիր էլ լսել այդ մասին։ Ժամանակ առ ժամանակ մեկնումեկը գալիս, Խորենացու մարտահրավերն ընդունում էր («Իսկ դո՛ւք, սերունդնե՛ր, կարո՞ղ եք»), միջնադարյան սև քղամիդի տակ թաքցրած իր համատարած սիրո ուժի շնորհիվ ժամանակավոր սահմանափակումները անտեսում (այսինքն ինքն իր մեջ աշխարհի ու մարդու հանդեպ այնքան սեր ուներ, որ իր ատելությունն այդ սիրո կողքին հանդուրժելի և անգամ ընդունելի էր անցնում — սիրերգել ո՞վ կարող է արգելել, որ...— և Թորոս Ռոսլինի ծաղկած Աստվածաշնչում զետեղվում էր նաև մոնղոլի՛ կարմիր պատկերը), իրեն էր վերադարձնում այդ մոռացվող իրավունքը՝ ԲԱՆ ասել, և, իր անձնական մկանների֊ջղերի դիմացկունությամբ ու եռանդով հաղթելով անվերջ պայքարում, դուրս էր պրծնում քննադատ֊երկրպագուների րոպեականությունից ու...

Ես ու ինքը քայլում էինք կողք կողքի՝ պտույտի էինք ելել մեր քաղաքով։ Այդ փոքր պտույտը լցվում էր պատմության պտույտի մեջ, և աշխարհի բեռը էն գլխից իր ուսերին կրող Արայիկ Քառյանը, կողքիցս քայլելով, կամաց֊կամաց, թաքուն, փոխանցիկ դրոշի պես, իմ ուսերին էր նստեցնում այդ բեռը։ Ու մտքովս անցնում էր՝ ի՞նչ լավ է, որ ուրիշների ձուլածո վաշտ֊գունդ֊բանակ֊մորեխի պարս համատարածությանն իմ մշակույթը դեռ դիմանում է, իր կաթիլ առ կաթիլ հատուկենտությամբ հանդերձ։

Մրջնանոցի պես, մեղվանոցի պես՝ ոչ ոք ոչ մեկից անկախ չէ, բոլորը բոլորից կախյալ են... Գիտաֆանտաստիկ վեպերում այդպիսի քաղաքակրթություններ են կերտում. սովորական մարդիկ են, բայց յուրաքանչյուրը՝ բջիջ, իրար հաղորդակցվելու, տեսնելու, լսելու, ասելու կարիքը չեն զգում — իրենց ներսից բոլորը յուրաքանչյուրի ու յուրաքանչյուրը բոլորի գործին հաղորդակից են... Ժողովրդական էպոսի հերոսը, պատմողը, լսողն ու հեղինակը ինքն է՝ ժողովուրդը, յուրաքանչյուրն ու բոլորը... Ինքն իր ստեղծագործության մեջ ես֊ն ու մենք֊ը հավասարազորել, միավորել, ես֊ը մենք֊ով է փոխարինել, ճիշտ ֆանտաստիկ քաղաքակրթությունների պես. տեսքից իբր սովորական մարդ է, հարց են տալիս, լռում, մտածում ու ծանրորեն արտասանում է.

— Կարծում ենք...

Հասկացիր ոչ թե կոնկրետ ես, այլ մեր ամբողջ ժողովուրդը. հասցրել է ուրեմն բոլորին հաղորդակցվել ու միահամուռ ընդունելի պատասխան են մշակել, կամ էլ համարում է, որ այդպես է։ Այդ արարածին նեղացնես՝ իր ժողովրդին հետը նեղացրած կլինես, ինքը քեզ մենամարտի հրավիրի՝ իմացիր ամբողջ մոլորակով մարդկության դեմ պատերազմ են գալիս, իր շուրթերից գովեստի խոսք լսես՝ համամոլորակային շքանշանի ես արժանացել... Բայց դա՝ դրսից. իսկ թե ներսից, իրենք իրենց մեջ, մեղանչելու համար ինչպես են հաշիվ պահանջում ու հաշիվ մաքրում՝ իրենց ներքին հաշիվների հարուցած ցավն ու տանջանքը միայն իրենց է հայտնի։

Հիմա պատկերացրեք, որ մեր մարդ արարածներից մեկը՝ անտառապահ Ռոստոմ Սարգսյանը, այդ հողի վրա գժվել է՝ շաշացել, ծռվել, էպոսացել. ինքը սովորական մարդ՝ կարծում է թե, օտար քաղաքակրթության պես, միանգամից բոլորի ներկայացուցիչը, պատասխանատուն ու իրավասուն է։ Ինքն իրեն հերոս ու հեղինակ է մեծարում, իր հերոսության պատմիչ և ունկնդիր։

— Հոպար,— կրկնեց,— դու ինչո՞ւ ես հոգնակի խոսում՝ «լսում ենք, ասում ենք, մենք», այսինքն դու, որ թոքը խանչալով խառնել են՝ Սումբաթ պապը, հին անտառապահ Տիգրան պապը, Սարգսյան մեր ազգը՝ բոլո՞րըս։

Երանության տրվեցինք, հավատացինք՝ որ մի մեծ տոհմի ժառանգ ու նահապետ ենք, երանությունը մեր դեմքը ողողեց, ասացինք.

— Էդ անպայման էդ է ու կա. բայց մենք ուրիշ հանգամանք նկատի ունենք, մատաղ. տասնութ թվի հեղեղ֊անձրև հունիսին մեր էս սարերով, գաղթական ամբողջ Հայաստանը ետևը ծփալով֊ծփալով՝ մի Անդրանիկ զորավար է անցել. անցել, Ջարխեչա վրա իջել ու ժողովուրդը ետևից արտի նման ծփալով֊օրորվելով, ինքը ժողովրդի առաջ սպիտակ ձիավոր՝ խփվել է ասում են դեպի Պարսկաստան. որ «մենք» ենք ասում՝ ուզում ենք, մատաղ, Անդրանիկ զորավար լինենք, բայց թե ոչ ետևներիցս եկող ժողովուրդ ունենք, ոչ էլ առաջներըս՝ թուրքի թշնամի։

Այսինքն օտար քաղաքակրթության, ֆանտաստիկ, պայմանական գրականության համեմատ մի հսկայական տարբերությամբ, որը նույնն է, ինչ իրական կյանքի վերսուս «գրականության» տարբերությունը. բարոյական իր աննկուն չափանիշը փոխանցելու և իր գոյությունն այդպիսով արդարացրած լինելու նպատակով անընդհատ և անվերապահ հաղորդակցության պատգամն ինքը պատրաստակամորեն իր մեջ կրում է, բայց մարդ են, օտար չեն, սովորական ժողովուրդ են. չեն ընդունում։ Պտտվում֊գալիս են ասում. դու քո թատերական հաղորդումներին վերջ տուր ու թե մարդ ես՝ արի ու մե՛ր հաղորդումներն ընդունիր, հաղորդակից էլ կդառնաս, ընդունելի էլ։

Մենք֊ն ու մեր բարոյական վերահսկիչն այդպիսով միայն ինքը չէ, մեջներն ուրեմն մի ամբողջ գյուղամեջ բազմերանգ մենք կա՝ բոլորով միասին ու յուրաքանչյուրն իր առանձին բարոյականությամբ ու մենք֊ով, դե արի ու ընդունիր ու մի մերժիր։

Ասաց.— Չարենցի պոեմում Աբովյանի միակ մխիթարանքը, ուխտին անդավաճան մնալու միակ ապավենը հարազատ բարբառն է, լեզուն. «Հո չի՞ ստում կարկաչն այս բարբառի»... Ժանրը, կանոնը, գրի օրենքները կան ու կմնան գրագիտության անփոխարինելի դպրոց, կկրթեն, կմասնագիտացնեն գրողներին։ Հիշենք միջնադարյան կանոնում սեղմված միջնադարյան անհաս վարպետներին։ Մեր գրականությունն ունի ժանրի օրենքներին ենթարկման փայլուն օրինակներ։ Ժանրը լեզվական հատկանիշ է, տվյալ լեզվի բարոյական հրամայականն է, կատեգորիկ իմպերատիվը, պարտադիր ուժը՝ ստեղծագործողին հավաքագրող։ Ճիշտ ժանրավորված գործն այն գործն է, որ ստեղծվում է միակ հնարավոր բառերով։ Այդպիսին է Աբովյանի «Վերքը» և, իհարկե, Չարենցի «Երկիր Նաիրին»։ Այդ հատկանշով՝ ժանրի ճշգրտությամբ, նրանք միավորվում են։ Այդպիսի գործերը քիչ են։ Մեր գրականությանը մեծապես հատուկ է ապաժանրայնությունը։ Գրականության տգիտությունն անհնարին է ներել։ Այն հավասարազոր է անբարոյականության, գրականության արմատը բարոյական հստակ դիրքորոշումն է, թե չկա՝ հանցանք է։

Ժողովրդական լեզվի, մտածողության առանձին նմուշներ եմ գտնում, աշխատում եմ դրանք ճիշտ օգտագործել իմ գրի մեջ — և դա ամեն անգամ իմ մեծ, հատուկ ուրախության պատճառ է. բայց ահա բացում եմ Իսահակյանի հատորը և — հարյուրներով, առատ ձեռքով էջով մեկ շաղ է տրված այն, ինչի յուրաքանչյուր հատիկը ես փնտրում ու գտնում եմ այսքան դժվարությամբ։

Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին, ծով ծամերին կարոտ եմ.
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ,
Սև աչքերով էն եղնիկին Բինգյոլի։

Դա հորինված չէ, դա ժողովրդի զավակի, մշակի մտածողություն է։

— «Երգ երգոցում» նույնպես կա նման մի տող.

Եվ հոտ հանդերձից քոց իբրև զհոտ կնդրկի։

Տեսնո՞ւմ ես, ասաց, այդպես է. իսկական գրականությունները միավորվում են ու դառնում են մեկ գրականություն։ Ազգություն, լեզու, պատմություն — ոչ մի բանը արգելք չէ, աշխարհի մշակույթն ամբողջական է, համընդհանուր է։

— Մշակույթները միավորող, մշակույթի համընդհանրությունը վերհանող, անգլիալեզու, բայց հայազգի գրականության մի արմատական օրինակ ունենք. Վիլյամ Սարոյանը։

... Միասին, ասաց, տեղ էինք գնում, իրեն ամեն կողմից խոսեցնում էին, բայց ինքը չէր լսում. չգիտես ինչու, ես էի գրավել ուշադրությունը։ Հարցրեց. Հրանտ, որ սկսեցիր գրել, ի՞նչ էիր զգում։ Ճնշված էի, չկարողացա պատասխանել։ Օգնության հասավ. երբ ես իմ առաջին էջը գրեցի, ասաց, ուզում էի աշխարհը շուռ տալ։

Նրա իսկական մեծությունը, թերևս, դեռ չենք զորում ընդգրկել։ Քանի՞ ամերիկյան գրող կար մինչև Մարկ Տվենը։ Սակայն ամերիկացիք ազգային առաջին գրող են համարում Մարկ Տվենին։ Իրենք ազգային ինքնագիտակցության հասան Մարկ Տվենի ստեղծագործության հետ։ Հեքլբերրի Ֆինն իրենց առաջին ամերիկացին է։ Երևի, այդպես զատվելու է Սարոյանը դարերի հեռվից։ Հեմինգուեյը, անգամ հսկա Ֆոլկները... Սարոյանը նրանցից էլ է զատվում։ Ֆոլկներն էլ երբեմն նահանջում էր։ Միջին ընթերցողի, միջակության համար դետեկտիվի տարրեր էր կպցնում իր գրին։ Այն, ինչ չհաղթահարեցին Հեմինգուեյն ու Ֆոլկները, այդ ասորի, չսանրված, հայ, եղեռնի֊կոտորածի միջից դուրս պրծած Սարոյանը, որ իր ազգային լեզուն էլ էր կորցրել՝ հաղթահարեց։ Շատ մեծ մասնագետ էր՝ գրականագետ։ Ֆոլկների ոճական կատարելության դեմ իր անփույթ, ժանրն անգամ թվում է քայքայող պատմվածքներով՝ զատվեց նրանցից։ Սարոյանը հայ գրող է։ Իր ստեղծած հայ մարդկանց կերպարը կանգնած է Կոմիտասի երգի, Քուչակի հայրենի, Գոշի խաչքարի, Հռիփսիմե եկեղեցու, Սարյանի բնանկարի, «Խոնարհ աղջկա» շարքում։ Սիրով, անտրտունջ ընդունեց ազգային և անձնական ճակատագրի բարդությունը. չնահանջեց, տեր կանգնեց։ Կարողացավ օգտագործել իր առանձնահատուկ վիճակը։ Հակասությունների անլուծելիությունն օգտագործման դրեց։ Իր գիրն արհեստականացնելու, հետաքրքրականացնելու կարիք չէր զգում. գիտեր, ինչու է գրում, ում համար։ Առանց պարզեցնելու զորում էր ընդունել բարդը։ Օբյեկտի մեջ առանց բռնի ճիգի այնքանը տեսնել՝ ինչքան կա, օբյեկտի սահմաններից արհեստականորեն աշխատել դուրս չգալ, ապավինել՝ որ անսպառ է, հերիք է. կարողանալ։ Խորհրդանիշը վերհանել, բայց խորհրդանշից էմբլեմա չձուլել. արժեզրկվում է։

 

* * *

Հետո պատմեց։

Գիշերով հնձից տուն էինք դառնում (գյուղի տղերքըս),— ճամփեզրին անծանոթ մեկը լուռ կանգնած էր, ճոճվում էր։ Մենք, ուրեմն, մի կողմից հոգնած ենք՝ որ հետաքրքրվենք, մյուս կողմից էլ դե անծանոթ մարդ է, լուռ է, չի մոտենում։ Անցնում գնում ենք։ Դա՝ մենք։ Հետո՝ մայրս իրիկնամուտին իջնում է գյուղամեջ, խանութ։ Գյուղամիջում մարդ չկա։ Բոլորը հնձի են։ Դատարկ է գյուղամեջը։ Խանութը փակ է՝ վաճառողն ինքն էլ է հնձի։ Ու չի էլ գալու, այսօր խանութն էլ չի բացելու։ Անծանոթ, օտար, ռուս է թե ով է՝ խանութի դռանը, պատշգամբում, ընկել քնել է։ Բայց դե օտար է ինչ է՝ մարդ է, մայրս չի կարող այդպես թողնել ետ դառնալ։ Բոթում է, խփում։ Արթնեցնում է։ Վեր է կացնում։ Ռուսերեն մի բառ գիտի. պաշոլ։ Պաշոլ, պաշոլ ասելով, բերում է տուն, լվացվել է ստիպում, սփռոցը սփռում, սեղանին ապուր է դնում... Չէ. ինչ ուներ֊չուներ՝ հանում շարում է իրար կողքի։ Օտար մարդ է, պիտի տեսնի, թե սրանք ինչ ունեն, նաև՝ գուցե մի բանը սրտովը չէ, թող մյուսը փորձի։ «Էս էլ մածունն ա», ասում է, ու բացատրում. «Խարոշ»։ Օտարը գուցե չգիտի, մածունն ինչ է. պիտի իմանա, որ համեղ է, խարոշ է։ Կերակրում է, տեղ է տալիս, քնեցնում, առավոտյան ուտելիքի կապոցը ձեռն է տալիս. դե, հիմա գնա։ Պաշոլ։ Ինչպես բերել էր՝ պաշոլ, այնպես էլ՝ գնա — պաշոլ...

Կոմս Տոլստոյն ինչպե՞ս է անում, ասաց. գիրը գնում է, զարգանում է հոյակապ պատկերը, ուրիշը լիներ՝ դեռ մի երեք այդքան նույն երանգի վրա կշարունակեր։ Իսկ ինքը՝ չի բռնանում։ Գրին հետևում է, որքան որ հարկն է, պետքն եղած պահին կանգ է առնում։ Նոր գլուխ է սկսում։ Նոր գրող է դառնում։ Թող գրի նախորդ ընթացքից թերի թվա. հնարավոր է։ Վիպական մտածողության խնդիր է։ Գույների հաջորդականություն պիտի լինի։ Կարմիրից հետո՝ կանաչ։ Գուցեև իրար չսազեն։ Բայց գույնը պիտի փոխվի։ Դադարներ պիտի լինեն։ Թե չէ քսում են հա քսում. համատարած կարմիր։ Չես էլ կարող ասել, թե կյանքից չէ. կյանքից է։ Կյանքի արտաքին փաթեթն է։ Սփռված, տձև, անհավաք... Գրականություն չի դառնում։ Ուրեմն՝ խորհուրդը չի բացահայտել, կեցությունը չի բնորոշել, կյանքի թատրոնից պարզապես արտագրել է։ Հարկ էր քրքրել, խորքը գնալ, իրապես ճշմարիտը, խորհուրդը հայցել...

Սակայն չչափազանցնենք, ասաց։ Գրականությունը միշտ այնպիսին է, ինչպիսին պահանջում է իրականությունը։ Մեր ժամանակների պատմությունն ապագայի համար էլի պիտի գրականությունը պահի։ Կորուսյալ մշակույթներից, մեռյալ ազգերից հետո եթե մի բան մնում է՝ խոսքն է, երգը, արձանագրությունը... Ամեն ինչի հետքն ու հուշարձանը մշակույթն է։ Ամեն ինչ մշակույթի մեջ իր հետքը թողնում է։ Այն հետքը՝ որին արժանի էր։

Վասիլի Բելովի գրականությունն ինձ առանձնապես է սիրելի, որովհետև նրա միջնորդությամբ ես Տոլստոյին հասկանալ եմ ճգնում, Տոլստոյի հետ մեր կապը շոշափում եմ։ Մեզ դուրեկան են սյուժեն, կերպարները, մտքի ընթացքը, ոճը, նկարագրությունը... Սակայն կապը խզվել է, և մի կարևոր, մի հիմնական բանի անհաղորդ ենք մնում։ Ընդհանուր արմատը, բարոյական հենքը. մեր և Տոլստոյի արանքից դուրս է մղվել Աստվածաշունչը, և միմյանց օտարացել ենք։

Մեր և նրանց արանքում անցել են թուրքերը — հայկական Վերածննդի հետ մեր կապը կորցրել ենք այնքան հիմնավոր, որ արդեն համարյա մերը չէ, հազիվ ենք զգում, չենք հավատում, չենք հասկանում, թե ինչպես կարող էր ընդհանրապես դուրս պրծած եղած լինել և, մանավանդ, մերը եղած լինել։ Շարունակելու փոխարեն՝ սահմանափակ ուժերիս մի մեծ, զգալի մասը ստիպված ենք ծախսել վերականգնելու, մեկնաբանելու, լուսավորելու վրա։ Այդ չարաբաստիկ հարցը մեզանում ինչքան որ քննարկվել է, մեր արվեստն ու գրականությունն այդ հարցին ինչքան էլ անդրադարձել են, գոհացուցիչ ու սպառիչ պատասխան չեն տվել, և իրավ դժվարին հարց է։ Մեր գրականության մեջ զգացմունքի թագավորություն է՝ անեծք, հայհոյանք, ողբ ու լաց։ Ճշգրիտ ձևակերպված մտածմունք, ողբերգական իրողության իմաստավորում, թուրքի լեզվի ու հոգեբանության տիրապետում, ոչ թե անեծք, այլ արտահայտություն — այդ է անհրաժեշտը։ Թուրքի կերպար չկա, ստվարաթղթից կտրած կերպարանքն է, ու դեմքն էլ, չալմայով փաթաթած, չի երևում։ Գործն ուշացնում ենք, կիսատ ենք թողնում, չենք անում, անկապ ենք մնում, մեր գրականությանը, մեր տերերին չենք կապվում, անգործության ենք մատնվում և մոռացումի կմատնվենք, չենք հասցնում ու թողնում գնում ենք։ Անհանգստանալ վաղուցվանից անհրաժեշտ է, ժամանակն անցնում է, կապը, ներքին՝ արյան հիշողությունը, ջիղը կտրվելու է՝ մոռանանք ու չանենք, այլևս չզորենք, ու մնա չարված, կորչի...

Մեր մշակույթը և մեր բարոյական նկարագիրը կիսատ ճշմարտություններից զերծ պահելու համար հրապարակախոսություն է պահանջվում։ Արվեստը ծայրահեղություններից խուսափում է, սակայն ծայրահեղ ճշմարտությունից չի խուսափում. արդի գրականության մեջ հիմնական պակասն իմ կարծիքով հրապարակախոսության պակասն է։ Բարոյապես հստակ, ստույգ բանաձևերի, սահմանման չափ ճշգրիտ ձևակերպումների, մասնագիտական, տեսական մակարդակի հրապարակախոսության պիտի հասնենք։ Որ օտարազգին թարգմանել ուզենա և օտարազգու գրի կողքին մեր գիրը նսեմ չհնչի։ Կասկածը միշտ եղել է ու կա՝ արդյո՞ք մշակույթի նկատմամբ այդպիսի պարտադրողական վերաբերմունքը, նման ռացիոնալիստական մոտեցումը արդյունքի կարող են հասցնել. այնուամենայնիվ, ժամանակի հրամայական պահանջն այդ եմ համարում. անվախ հրապարակախոսություն։

Կտրվելն ու մոռանալը մշակույթի ոչնչացման լավագույն միջոցն է։ Պատկերացրու. պապը, որդին, թոռը։ Պապը գրողն է։ Հիմա. պապին ոչնչացնելու ամենալավ միջոցը — որդին թող թոռանն իր հոր մասին ոչինչ չպատմի։ Պապն իր պարտքը կատարելու համար երբևէ տուժել էր։ Հայրը պապի օրինակից վախեցել և իր պարտքը չի կատարել։ Թոռն իր պապին չի ճանաչում, հորն է ճանաչում, հոր օրինակով՝ որպես կյանքի օրենք ինքն իր համար սահմանել է. մարդը գործից պիտի վախենա և հեռու մնա, որ չտուժի։ Ախր հետո ծոռները կգան ու չեն էլ իմանա, թե գործն ինչումն էր կայանում, ասող, ուսուցանող, խրախուսող չեն գտնի, վախը հաղթահարելու հնարավորություն չեն ստանա, չեն էլ հասկանա, որ հաղթահարման ենթակա է։ Մարդ պիտի վախն ու երեսպաշտությունը հաղթելու իրավունք վաստակի, վերադարձնի, ընծայի։ Համոզված եմ. կգա ժամանակը, և մարդ կկորցնի մարդուն բեկելու, կռացնելու միտումը, բռնի ուժով ստիպելու, իր սեփականը կողքինի վզին փաթաթելու ցանկությունը, կսպառի վախն ու անվստահությունը, մարդ կհասնի կատարյալ ազատության և կստեղծի նոր, ազատ մշակույթ։ Այսօրվանից այդ ապագայում եթե մի բան մնալու է՝ մեր մշակույթն է։

Կյանքներս նպատակասլաց կերպով նվիրում ենք ակունքներիս հայտնաբերմանը, արմտիքիս խորացմանն ու ամրապնդմանը, սակայն հակասությունները չենք կարողանում հաղթահարել, տարակուսանքներից չենք խուսափում, չենք զորում մեր ապագան ապահովել։ Սիրում ենք և համատարած սերն ենք գովերգում՝ սակայն սիրո ուժը, կամ մասնագիտական վարպետությունը, կամ բարոյական հստակությունը բարդը չեն հեշտացնում, փրկության անխափան ուղի, բացարձակ բալասան չեն դառնում։ Ուխտել ենք բարոյականության և սիրո զորությանը նվիրվել, միմիայն այդ միջոցով իրենցից օգտվելու, իրենց հենվելու իրավունք հայցել. այդուհանդերձ նույն այդ հենարանն անվերջ փնտրում ենք և քանի փնտրում ենք՝ պռնկին կառչած ենք, թեև հայացքով ընդգրկել չենք կարող, բայց զգում ենք՝ կա՝ դեռևս անդունդ չենք գլորվում։ Հենց որ չփնտրեցինք՝ չի լինի։

Կնայեն ու չեն հասկանա, չհասկացող հայացքով կնայեն, կթարթեն ու աչքները կթեքեն. հետաքրքրությունը կկորչի։ Աշխատենք մեր ապագային տարակուսանքի առիթ քիչ տալ. աշխատենք կապը՝ մեր և նրանց միջև, չկտրել։ Մտահոգվենք. կճգնեն ու չեն զորի ու կտանջվեն, ինչպես մենք՝ մեր և մեր Անցյալի միջև կապի բանիմաց, հիմնավոր կտրվածությունից։

«Մակբեթի» հինգերորդ արարի այդ տողերի վրայով քանի անգամ անցել ու դրանք հատուկ ինձ համար գրված չեմ համարել — Ֆոլկներն այդ տողերից հինգ հատ զուտ պատմվածք ու մի հատ վեպ է հանել.

... Կյանքը մի քայլող ստվեր է միայն,
Մի խեղճ դերասան, որ բեմի վրա իր ժամին փքվում
Եվ բորբոքվում է, և այնուհետև ձայնը չի լսվում.
Մի հեքիաթ է նա, հիմարի պատմած,
Լցված շառաչով և կատաղությամբ, առանց իմաստի։

Ֆոլկներն իր Անցյալին ամուր կապված է, Շեքսպիրն իր ազգային, իր գիրը սնուցող գրողն է։ Նրանց միջև անցած չորսը դարի միջով մեկի հայացքն ուղիղ, շեշտակի գալիս, հառնում է մյուսին։ Ֆոլկների հերոսն Անցյալին հաղթել է փորձում, որոշում է այլևս Ժամանակի գերին չլինել, մենք գոնե համեմատաբար անկախ լինելու համար կապը վերականգնել ենք տենչում՝ իրենց պրոբլեմն ուրիշ է, իրենք կապի անխուսափելի ամրությունից են տանջվում, զգում են, որ կապը ստրկացնում է։ Ինքը որոշում է ընդմիշտ կտրել և այդպիսով անկախանալ, բայց դա ընդամենը էքսպերիմենտ է, նախապես անհաջողության մատնված ողբերգական ապստամբություն է. ժամացույցի ապակին խփում֊փշրում է, սլաքները պոկում է — իսկ ժամացույցը շարունակում է տկտկալ։ Ֆոլկների վեպն Անցյալի ու Ներկայի կապի անխուսափելիության մասին է։ Մարդն իր Անցյալին է հակված ոչ միայն որովհետև ուրիշ ելք չունի, այլև որովհետև դա բնական է։ Վերականգնել կապն Անցյալի հետ՝ նշանակում է վերականգնել կյանքի բնական ընթացքը։ Թե չէ պատմավեպեր ենք գրում և ուզում ենք պատմության մեջ այսօրվա իրականությունը հայտնագործել, փոխանակ այսօրվա իրականության մեջ պատմությունը հայտնագործենք։ Չպիտի կարծիք ստեղծվի, թե անզոր ենք և փախչում, նահանջում ենք։ Այսօրվա նեոֆաշիստների համեմատ Հիտլերն ո՞վ է որ. ընդամենը կոմիկական մի կերպար։

Ինչևէ. ինչպես միշտ, ինչպես երբեք՝ նորն է պետք, նոր մի հանճար՝ ազատ, անբռնազբոս քայլքով դահլիճ ներս գա և ասի. «Բարև՛, տղե՛րք, ո՞նց եք»։ Եվ այդ առօրյայում այդ պարզ բարևն այնքան պայթուցիկ հնչի, որ բոլոր մանր֊մունր շշուկները շանթահարվածի պես սսկվեն։ Հարցերին այնքան խորքից ու լրջից մոտենա, որ իր իրավունքները ստուգելու հարցը մտքներովն էլ չանցնի։ Արար աշխարհն ընդգրկող սիրո իր հատուկ զորությամբ, ընդհանուր ու մեկ և նույն կյանքում ապրողի իր իրավունքով, իրեն հատկացվածը հասկանալով և ամբողջականորեն, իր բարդությամբ հանդերձ հնարավորին չափ համակարգված ընդունելով, տեղավորելով, կյանքի այս կամ այն տարրն ընդունելու համար բացատրություն չպահանջելով, մի բանն ընդունելիս՝ մյուսը չհերքելով — հրապարակ ելնի... Եվ նրա գալստյան հետ վերանա, Չարենցի խոսքով ասած, գրականության «նիվելիրովկան», մենք էլ վերջապես չափանիշը վերագտնենք ու հնարավորություն ստանանք ձգտելու և չափվելու (քանի որ մեր գործի նկատմամբ համեմատական վերաբերմունքի բացակայությունը մեր խիղճը չտանջել չի կարող և գործին էլ ծանր է գալիս), մեր գրած յուրաքանչյուր բառի ու մտքի վրա զգանք ժամանակի անաչառ Խմբագրի հայացքն ու լուռ հետաքրքրությունը։

1984

 

>>> 

Այս հարցազրույցի ստեղծման պատմությունն էլ եմ մանրամասն նկարագրել ռուսերեն վիպակում։ Մեկ տարի, ութը տարբերակ, մի տասներկու զբոսանք Հրանտի հետ պահանջվեց, որ սա գրվի։ Թե ինչո՞ւ Ալվարդ Պետրոսյանն ասաց՝ Հրանտից հարցազրույց վերցրու, չգիտեմ։ Նաև՝ թե ինչու՝ ոչ իր գրականության մասին, այլ իր հասարակական հայացքների։ Ասաց. «Իր գրականության մասին շատ է խոսվել, իսկ, այ, իր հասարակական հայացքների՝ ոչ»։ Այն ժամանակ քաղաքական ասել չէր կարելի։ Հիմա, իմանալով, որ Ալվարդը դաշնակցության անդամ է՝ մտածում եմ. գուցե իմ միջոցով ուզում էր Հրանտի հայացքները շոշափե՞լ։ Գուցե ստուգատե՞ս էր։ Չէր էլ պատրաստվում հրապարակել, իրեն ուրի՞շ բան էր պետք։ Կամ՝ հաշվի առնելով Հրանտի արտառոց ազատ հայացքներն ու դրանց պատճառով երբեմն հալածանքի հասնող պախարակումները՝ իր հայրենասիրության աներկբա ապացո՞ւյց էր ակնկալում, Հրանտի «պաշտպանաթո՞ւղթ»։ Բայց այդ առաջադրանքով, որ ես չէի մերժելու, դժվար կացության մեջ դրեց ինձ էլ, Հրանտին էլ։ Բնականաբար, կոմունիստական կուսակցության ու սոցիալիզմի մասին հո չէինք խոսելու։ Դա ծեծված ու անհետաքրքիր թեմա էր ու այդտեղ թարմ ու նոր ասելիքն աղճատված էր լինելու ցենզուրայի իրադրությամբ՝ մեր մտքի ցենզուրայի, դեռ մինչև օֆիցիալը։ Բայց հիմա սա ասացի ու մտածեցի՝ որ դրա մասին խոսեինք՝ էլի Հրանտը հետաքրքիր ու արտառոց տեքստ կարտադրեր։ Իսկ մեր մտքի ցենզուրա ամեն դեպքում կար, համենայն դեպս՝ ինձ մոտ, այն էլ չգիտակցված. օրինակ՝ լճացման տարիներին ձևավորված երիտասարդիս իմ մտքով չէր էլ կարող անցնել՝ որ դեռ թուրքի թշնամի երբևէ կունենանք, կամ որ Ծովից ծովի հարցը հրամանատարների կոնկրետ ընտրության առարկա կլինի՝ հասնե՞նք Կասպից, թե՞ տոռմուզ տանք։ Ինքն ավելի փորձված էր, բնականաբար, ու ոչինչ չէր բացառում։ Միայն մոր ու ռուսի պատմությունը հերիք է, որ հիմա գոնե հասկանամ, ինչքան բան էր ինքը գիտակցում՝ որ իմ մտքովն էլ չէր անցնում. ես աշխատում էի զուտ՝ եթե նույնիսկ լրիվ չէի էլ հասկանում իր ասածները՝ գոնե մարդավարի, խղճով վերարտադրել, այն ճշտության աստիճան՝ ինչ ինձ հասու էր։ Իսկ ինքը զրույցն առաջնորդում էր ինձ համար աննկատ կերպով՝ գուցեև հատուկ տարավ ազգայինի կողմը, որն իր գրվածքներում այնօր դեռ քիչ կար, «Մեծամորից» բացի՝ հատուկ շեշտ չկար դրա վրա, գուցեև ինքն Ալվարդի ու հայոց ապագայի մասին արդեն ավելին գիտեր, քան իմ մտքով կարող էր անցնել, ասեին էլ՝ չէի հավատա։

Բայց քանի որ սոցիալիզմից չխոսեցինք՝ ուրեմն մնում էր ազգայինը, քրիստոնեականը, համաշխարհայինը և մշակութաբանականը։ Քիչ չէ։ Բայց, իհարկե, իր գրականությունից լրիվ կտրվել էլ չէինք կարողանալու։

Շատ ավելի բան քննարկեցինք, քան այստեղ ի վերջո արտացոլվեց, իհարկե։ Օրինակ՝ Սևակի մասին ասում էր՝ «մեզնից ամենապինդն էր, գլուխը ցավում էր՝ հանրակացարանում գլուխը սրբիչով փաթաթում էր ու աշխատում...»։ Եվ այն էր ասում՝ որ Սևակն էլ իր «Զանգակատնով» թուրքի կարտոնե սև սիլուետ լինելը, կերպարի բացակայությունը չհաղթահարեց։ Ես «Այրվող այգեստանների» պատմությունն այնօր չգիտեի, ու լավ է, որ չէի հարցնում՝ թե չէ իրավիճակն ավելի կբարդանար։ Բարի ուսուցչի պես՝ Հրանտն ինձ առաջնորդեց, ուսուցանեց այս հարցազրույցով մի ամբողջ տարի։ Ձևը պիտի գտնեի՝ որ իր անունից, բայց իր խոսքը չլիներ. հարցազրույց էր՝ բայց իր ուղղակի խոսքը չլիներ։ Դա էլ իր պայմանն էր։ Դա էլ մի ձևի հաղթահարեցի։ Հասկանալով, որ սա հաճախ Հրանտի խոսքն է՝ շատ էի ափսոսում, որ կորցրել եմ, քանի որ համոզված էի՝ որ «Սովետական գրականության» արխիվներում մնացած տարբերակը, եթե կա էլ, ոչ ոք չի փնտրի։ Ուրախացա, որ գտա նկուղում։ Վերնագիրը... Ավելի ճիշտ վերնագիր այդպես էլ չգտա, թողեցի այն տարօրինակ վերնագիրը՝ որ այնօր էի դրել։ Իմաստը դա էր իր ասածների այնօր՝ հայոց մշակույթը պիտի շարի, շարքի, հաջորդ փուլերի իր ունակությունը պահպանի։ Իր ասածներից զգալ կարելի է, որ այլ տարբերակներ, այլ պատմություն պատկերացնում էր։ Ես՝ ջահելս՝ ոչ։ Այսինքն անկախությունն իր համար երևի ավելի սպասելի էր, քան՝ իմ։ Ալվարդը պիտի որ իր տրամադրություններից գոհ մնացած լիներ, բայց չհրապարակեց, չգիտեմ, որովհետև էս տեքստը ցենզուրայով չէր անցնի՞, թե՞ մի այլ բան... Չգիտեմ, բայց օգտագործեց ինձ ու բացատրություն էլ չտվեց, ու չնայած ես գոհ էի Հրանտի հետ մի տարի շփվելուց՝ բայց նաև շատ հիասթափված ու վիրավորված՝ ամսագրից։ Սրանից հետո Հրանտը լիքը հարցազրույց տվեց ու վերջում փաստորեն միայն հարցազրույց էր տալիս ու էսսե֊հոդված գրում, «ֆիքշն» արձակ էլ չէր գրում։ Բայց երբ սա էինք զրուցում իր հետ՝ դեռ միայն մի այսպիսի նշանակալի հարցազրույց ուներ տված, այն էլ ռուսերեն՝ Ալլա Մարչենկոյին։ Խրտնում էր, ցրում իր ետևից հարցազրույց մուրողներին հաճախ։ Իսկ ինձ, ահա, մի տարի զբոսանքներ նվիրեց, մի ութը տարբերակ այս նյութի, որից մի երեքը երևի ազնվորեն կարդաց։ Այս զբոսանքներից հետո հանկարծ նրա «Անձրևած ամպերը» լույս տեսավ։ Շանթահարված կարդացի. ահա թե ինչով էր նա զբաղված՝ ինձ հետ զբոսնելու տարին։ Ինչևէ, այս ամենը մանրամասն նկարագրած է ռուսերեն վիպակում, դեռ մի բան էլ ավելին։ Բուն այս տեքստը կարող է ինքնին մի խոր վերլուծության ու մեկնաբանության առարկա դառնալ, բայց այդ էլ թողնենք ընթերցողին։ Երբ սա գտա նկուղում՝ այդ օրից առաջին գիշերվա իրավունքի պես մտածում էի՝ ում տամ սա հրապարակի, որ գա լրացնելու հրապարակված իր հարցազրույցների նշանակալի հատորը՝ բայց հարմար տեղ չգտա։ Ահա և հարմար տեղ վերջապես։ Պրեմիերա։


14:42 Մարտ 23, 2018