Մեդիա

Այստեղ արվեստ կա


 

«Այստեղ արվեստ կա»

Սկզբնաղբյուրը՝ http://kayaranmag.am/post/871

- Տարին ընդհանրացնելու կարիք զգու՞մ եք:

Տե՛ս նախորդ տարվա ամփոփիչ հարցազրույցն այստեղ. https://www.gtergab.com/hy/news/prose/the-second-of-march/167/

- Իմ տարին դպրոց-համալսարանական ժամանակներից մնացել է ուսումնական տարին:)) Այդ դրոշմից՝ տասնհինգ տարի շարունակ դրվող և հասարակության կողմից երեխաների վրա դրվել շարունակվող, իսկ ուսուցիչ-դասախոսների վրա՝ մինչև իրենց կյանքի վերջ, չեմ կարողացել, չեմ ուզել խուսափել: Սեպտեմբերի վերջերին արածիս հանրագումարը կազմեցի: Եթե միայն հանկարծ մուսան շատ ուժեղ չեկավ՝ նոր տեքստ գրում եմ տարվա առաջին կեսին, հատկապես ամառները, աշնանը՝ խմբագրում:

- Այս տարի աշնանը մուսան չեկա՞վ:

- Մուսան որպեսզի գա՝ պիտի որոշես, որ ժամանակն է:)) Խմբագրելու մուսա էլ գոյություն ունի: Աշնանն այնքան բան ունեի խմբագրելու, որ, եթե մուսայի գալը համարենք զրոյից նոր բան գրել՝ ոչ, դա եղավ տարվա առաջին երեք քառորդում: Արածիս ցուցակը սեպտեմբերին կազմեցի. մի պատմվածք և մի վիպակ՝ սևագիր: Նաև մի գիրք՝ պատանեկան տարիների իմ պատմվածքներից: Թողել եմ, որ «պաղի»:

- Անավարտ գործ շա՞տ ունեք:

- 2018 թ. հեղափոխության պատճառով երկու գործ մնաց անավարտ, երկուսն էլ՝ մեծ, առնվազն՝ վիպակ: Չանդրադարձա դրանց այս տարի: Բայց չնայած հեղափոխությանը, անցյալ տարի աշնանը երկու պատմվածք հասցրեցի ավարտել:

- «Չնայած հեղափոխությա՞նը»:

- Մենք գիտենք ԽՍՀՄ փլուզումից. հեղափոխությունը գրողի աշխատանքը կասեցնելու հատկություն ունի: Հրանտը դադարեց գեղարվեստական գրել, Իսկանդերը՝ երկար ժամանակով, հետո փորձեց վերադառնալ: Շատերն, էդպես, կանգ առան, մուսան կորցրին: Քչերն էին, որ անկորուստ հաղթահարեցին ջրբաժանը: Սոլժենիցինի գեղարվեստական գրածի ուժն ու գաղափարը թուլացան: Ավելի քչերն էին, որ նոր որակի հասան, օրինակ՝ Ակսյոնովը:

Նորմալ է. հասարակական երկրաշարժը փոխում է արժեքային արմատը, մի վիճակի ադապտացված ստեղծագործողը կորցնում է հարմարեցված հիմքը, որից ելնելով մինչ այդ կերտում էր: Մեկը ԽՍՀՄ դեմ էր գրում (Սոլժենիցինը)՝ թշնամուն դեմից հանեցին, մյուսը՝ միահյուսել էր իր գիրը ԽՍՀՄ եղած լավին, և պարզվեց, որ այդ լավը ոչ մեկին պետք չէր, դեն նետեցին, փոխարինելով ազգային գաղափարախոսությամբ և պատերազմով (Հրանտը):

2018 թ. ապրիլի դեպքում, իհարկե, ավելի պատրաստված էինք, անցյալում պատահած այդ էֆեկտը գիտենք, այս հեղափոխությունն էլ, իհարկե, այդ աստիճան գլոբալ չէ, ինչ 1991-ը, բայց գոնե կարճատև դադար տալը տեղի ունեցավ իմ դեպքում: Համապարփակ տխրությունից, հոռետեսությունից, անելանելիությունից, որը պարուրում էր գրածս մինչ այդ, պետք էր դուրս գալ:

- Շա՞տ եք խմբագրում:

- Ինքս իմ հանդեպ պահանջկոտությունս կա. պիտի թողնեմ, գործը «պաղի», որ «ուրիշի» հայացքով կարողանամ նայել: Մայակովսկին ասում էր, որ եթե ժամանակ քիչ կա գրելու և հրապարակելու միջև՝ ճամփորդում է, որպեսզի օտար դիրքից իր գրածը տեսնի հրապարակելուց առաջ: Ես՝ չեմ ճամփորդում այլևս, կամ՝ դա ինձ չի օգնում: Ժամանակ է պետք, որ գրածս այլ կերպ տեսնեմ, օտարացած աչքով: Որքան շատ ժամանակ՝ այնքան լավ: Գրածներ ունեմ, ինչպես գիտես, որ քառասուն տարի է անցել, մինչև կարողացել եմ գնահատել և որոշել, արժի՞ հրապարակել, թե ոչ:

- Նկատի ունեք «Նվերը» պատմվածքը, որ IBBY մանկա-պատանեկան մրցույթում խրախուսական մրցանակ ստացավ.

http://hasker.am/2019/12/21/%d5%b6%d5%be%d5%a5%d6%80%d5%a8/

- Շատ հուզիչ էր: Մի քիչ, կարծես, քառասուն տարի ուշացած արդարությունը վերականգնվեր: Պատանի տարիքում այդ գրածներս երբ գրում էի՝ մտածում էի «երբևէ հրապարակել հնարավոր չի լինի», նույնիսկ որևէ ընթերցողի, բացի շատ մերձավոր հասակակիցներիցս, տալ չէի համարձակվում: Հետո եկավ ԽՍՀՄ փլուզումը, պատերազմը և, թվում էր, այդ գրածներիս ակտուալությունը մեկընդմիշտ կորավ: Հիմա, կարծես, այդ ժամանակաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը ետ է գալիս, և ոչ միայն անցյալի նկատմամբ կարոտախտի բնական պատճառով, այլև՝ որպես մշակութորեն արժեքավոր շրջանի: Այդ համատեքստում կարծես պատմվածքս էլ հնացած չէ, թեև բջջային հեռախոսների և համակարգիչների բացակայության ժամանակաշրջանի մասին է: Ավաղ, հնացած չէ, գուցե, քանի որ դեռահասների բարքերը շատ չեն փոխվել:

Գիտես, ասենք, եթե Կարեն Գևորգյանի « Հրաժեշտ եզրագծից անդին» արգելված ֆիլմը հանկարծ վերականգնվեր՝ երբ պատմվածքս ճանաչվեց մրցույթի հանձնաժողովի կողմից՝ մի քիչ այդպիսի զգացում ունեի, թեև իմ գրածը, իհարկե, փոքրամասշտաբ գործ է այդ ֆիլմի համեմատ:

Այդ դեպքն ինձ համար խորհրդանիշ է, որ ոչ միայն, ոչ թե միայն 2008-ից ի վեր խեղումն ենք շտկում, այլև՝ 1991-ից ի վեր, տո՛ 1920-ից, 1918-ից, 1917-ից, 1915-ից... Կյանքը վերադառնում է իր բնականոն հունը: Երբ հասարակությունը ժամանակ, ռեսուրս ունի իր իրական անցյալով զբաղվել՝ «ժամանակների կապը» վերականգնվում է:

- Ինչպե՞ս եք խմբագրում, փոխում ձեր գրածը:

- Երբ տեքստն իմ միջից դուրս է գալիս, նույնիսկ նախնական խմբագրումն անելուց հետո, չեմ կարող ասել, թե ես այն «տեսնում եմ»: Մեծ մասամբ չգիտեմ, ի՛նչ է ստացվել: Տեքստերիս հանդեպ այդ «արտաքին» հայացքը գրեթե չունեմ: Կարևոր է դրսի օգնական-ընթերցողը՝ մինչ հրապարակվելը: Օրինակ՝ դու և մի քանի այլ մարդ, որոնք ժամանակ են ունենում, ընթերցում են, կարծիք հայտնում: Շատ շնորհակալ եմ ձեզանից:

Հրանտն ասում էր, որ բառն իր դեպքում միանգամից է գալիս, այդ առումով, ասում էր, ինքը բախտավոր է իրեն համարում: Նրա տաղանդն ուրիշ էր: Նա գրում էր ձեռագիր, ես՝ համակարգչով: Բայց նույնիսկ բառի խնդիրը չէ. նախադասության, ոճի մուզիկայի, ռիթմի, ասելիքի, կոմպոզիցիայի, մոնտաժի: Իմ սեփական հայացքը դեպ տեքստս, իհարկե, փոխվում է գրելուց հետո: Եթե տպագրության պիտի պատրաստեմ՝ նոր ձևի «պատասխանատու» եմ դառնում, ասես՝ չէի էլ խմբագրել մինչ այդ. և՛ ոճի՝ տեքստի որակի, և՛ բովանդակության առումով, երբեմն էլ՝ ինքնացենզուրայի: Կրկին պիտի խմբագրեմ շա՜տ մանրազնին: Նույնիսկ եթե հրապարակման «օրգանի» կողմից սահմանափակումներ չկան:

- Այդ ի՞նչ սահմանափակումներ են:

- Սովորաբար՝ չափսի: Ասենք, շատ շնորհակալ և երջանիկ եմ, որ Սուսաննա Հարությունյանն ընդունում է գործերս իր «Կայարան» պարբերականում հրապարակելու համար: Իր գաղափարն էր՝ «Իմ մարմինը» գործս հրապարակել՝ էսսեական, ինքնակենսագրական գործ, որտեղ իմ մարմնի մասին պատմությանը զուգահեռ՝ կյանքից հետաքրքիր դրվագներ եմ պատմում, կամ՝ գոնե ինձ հետաքրքիր: Բայց երբ սկսեցի կտորներ առաջարկել՝ պարզվեց, որ շատ մեծ են: Ստիպված, պիտի հատված հանեի վիպական էսսեի միջից և, դրա վրա աշխատելով՝ դարձնեի այն քիչ թե շատ ավարտուն կտոր, պատմվածք:

- «Երեսունյոթ» պատմվածքը ավարտուն գործ է ընկալվում. http://kayaranmag.am/2019/11/20/%d5%a5%d6%80%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d5%b6%d5%b5%d5%b8%d5%a9/

 

- Այդպես սարքեցի: Դա, գիտե՞ս, ինչի է նման: Պատկերացրու՝ նկար է, վրան՝ չորսը ծաղիկ, երեքը՝ փոքր, մեկը՝ մեծ: Խմբագիրն ասում է. այս նկարը մեծ է, կտրի՛ր: Այդ փոքր ծաղիկներից մեկը նկարից կտրում ես, սակայն որպեսզի նոր, ավելի փոքր նկար դառնա՝ շուրջը պիտի հազար ու մի բան կրկին նկարես, իրեն էլ փոխես, մի քիչ մեծացնես, երբեմն՝ կակաչը դարձնես մեխակ:

Դա խմբագրական, վերաարտագրման մեծ ջանք է պահանջում: Բայց նաև ուրախացնում է ինձ: Չեմ դժգոհում, որ դա պիտի անեմ: Մի քիչ «անձև», «անսյուժե» էսսեդ դառնում է ավելի հավաք, ժանրային առումով՝ կուռ:

Գրելն, ընդհանրապես, շա՜տ փափուկ բան է, կավի պես ճկուն, մյուս կողմից՝ շա՛տ կոշտ: Կարելի է ամենն այլ բառերով, այլ պատկերներով շարադրել, քան շարադրված է, սակայն կա մի բան, որ եթե չկա կամ կորավ՝ գործը տուժեց: Ինչպես որ Հրանտն է ասում, դժգոհելով իր «Կանաչ դաշտը» պատմվածքից (Հայկ Համբարձումյանի՝ Հրանտի գործերի կտորներից կազմած գրքում կարդացի հենց այս օրերին – գիտես, Նոր տարվա նվերս էր այդ գիրքը՝ Անի Թովմասյանից):

Երբ գրել ես, մի կողմ դրել՝ վերընթերցելիս կարող ես լրիվ այլ շեշտադրումներ հայտնաբերել, քան նրանք, որոնք կարևոր էին թվում, երբ գրում էիր: Կարող ես այդ «նյութը» վերցնել և դրանից լրիվ «ուրիշ» պատմություն, սյուժե կառուցել: Կան սյուժեներ, որ տասնյակ տարիներ եմ մտմտացել, մոռացել, հետո՝ դուրս են եկել միջիցս: Կամ՝ մի տասնհինգ անգամ տարբեր ձևերով գրել եմ, գուցեև մոռացել, որ գրել եմ սևագրերումս, սակայն վերջնականը կա՛մ չկա, կա՛մ՝ եթե արդեն հրապարակել եմ վերջնական տարբերակ՝ վերջապես դա է:

Տարօրինակ է, գուցե, հնչում, բայց ես իմ պաշտելի հայոց լեզվի հետ գոտեմարտի մեջ եմ: Անընդհատ ուզում է «խաբած» լինել, ասել այն, ինչ չէի ուզում ասել կամ նկատի չունեի, կամ՝ սպրդել և ոչ ճշգրիտ ասել այն, ինչ նկատի ունեի, ոճական սխալ թույլ տալ: Ուզում է ինձ հաղթել: Այլ կերպ ասած՝ մտքերս են անճշգրիտ: Մինչև չշարադրեմ և լեզվի տիրույթի մեջ լեզվի կանոնների համաձայն չընդգրկեմ՝ ճշգրիտ չեն: Մեր այս հոյակապ հնադարյան լեզուն ունի այդ հատկությունը՝ իր ծորը, իր ասելիքը պարտադրել, իր օգտագործողից առաջ անցնել, իր ուզածով ծորալ: Հոյակապ հատկություն է, լեզվի պոեզիա, սակայն ստիպված եմ խնդրելով «սանձել», խնդրելով «կոտրել», խնդրելով փոխել և ճշգրտել, որ իր հնարավորություններն ու իմ ներսի ասելիքը, իմ ներսի ասելիքն ու այն, ինչ իրենով պիտի ասվի՝ իրար գան, մերվեն, չհակասեն իրար: Թե չէ՝ կծորա ու կծորա, ինքը՝ մի կողմ, ասելիքներս՝ մեկ այլ: Ինձ թվում է, այն, որ միտքը երբեմն ծանծաղ է մեր գրածներում՝ այդ ինքնահոսի, լեզվի՝ այդ մեզ տիրելու արդյունք էլ է:

- Ձեր ո՞ր տեքստն է ձեզ դուր գալիս:

- Չասեմ վերնագրով, ասեմ՝ տեսակով. այն տեքստը, որ մոռացել էի, որ գրել եմ, տարիներ են անցել նույնիսկ, հետո հանկարծ աչքովս ընկնում է՝ զգում եմ, որ ստացվել է: Իմը չէ արդեն, ես փոխվել եմ, իսկ տեքստը՝ կա և համոզիչ է: Կարդում եմ և մտածում. ինչը որ պետք է՝ ասել եմ: Ասում եմ. ա՛խ, էս ի՛նչ կտրուկ շրջադարձ է կատարում տեքստը, քիչ էր մնում սայթաքի, բայց՝ դիմացել է թամբի վրա, չի գահավիժել. կա՛:

Իսկ եթե իմ խմբագրած, վրան աշխատած տեքստի տարատեսակի մասին ասեմ՝ հաճախ համարում եմ հաջողված այն խմբագրումս, որից հետո հստակորեն տեսնում եմ, որ «գրեթե կարծես ինքս գրած չլինեմ», օտարացրել եմ ինձնից, իմ կարծիքներից, իմ՝ գրելու ժամանակ ունեցած նախնական վիճակից: Բառերն եմ փոխել խորապես, շարադասությունը, նույնիսկ՝ միտքը, գործի իմաստը: Ինչպես երեխադ, որը մեծացել է, և արդեն դիտում ես իր բնավորությունը, որի մեջ կա, իհարկե, քեզնից, ձեր ընտանիքից, տոհմից հետք, բայց նաև՝ լրիվ ինքնուրույն բաներ. այլևս քո կցորդը չէ, ինքնուրույն էություն է: Նույնիսկ զարմանում ես, իր արմատին նմանություն գտնելով, և հատկապես զարմանում ես՝ որ այս անկախ էությունը քեզ հետ կապված ինչ-որ արմատ ունի իր խորքերում թաքնված:

- Ի՞նչն եք համարում տեքստում ամենակարևորը:

Ես արձակ գեղարվեստական գիրը կապում եմ այլ ժանրի գրերի հետ՝ խոսակցական զրույցից սկսած, հրապարակային ճառով, փողոցային վահանակով, դատական որոշմամբ, բյուրոկրատական փաստաթղթով, գիտական հոդվածով, դպրոցի շարադրությամբ՝ մինչև, ասենք, փիլիսոփայական տրակտատ: Մեջը՝ «մաթեմատիկական» առնվազն մեկ բանաձև թաղված: Արվեստներից՝ կերպարվեստի, քանդակի, քաղաքաշինության կամ մուզիկայի հետ եմ կապում, ավելի քիչ՝ թատրոնի, կինոյի կամ պարարվեստի՝ մարդու մարմնի շարժմանն առնչվող արվեստների: Եթե մարդ գիրը կապում է փիլիսոփայական տրակտատի հետ՝ ի՞նչն է այնտեղ գլխավոր. միտքը: Այն մի հատկություն ունի. կարող է ասվել բազմաթիվ տարբեր ձևերով: Եթե իմ գրածում հստակ միտք չկա՝ թեկուզև շատ խորը, հեռու թաքնված, ենթագիտակցությունից դժվար «վերբեռնելի», - ապա այն իր արժեքի գագաթնակետին չի հասել:

Քանի որ միտքը կարելի է ասել տարբեր ձևերով՝ մինչև չասես այդ մի քանի ձևով՝ չես համոզվի, որ այն միտք է: Միտք է միայն այն, ինչը կարող է ասվել տարբեր ձևերով, ինչը որ թարգմանելի է: Եթե տեքստի որևէ մասը չի կարող ասվել մեկ այլ ձևով էլ, և մոտավորապես նույն ուժգնության իմաստ հաղորդել՝ թերի եմ համարում: Եթե մեկ այլ ձևով ասվելիս մեջը կմնա շատ քիչ բան, կամ կհնչի հնոտի, տրիվիալ՝ որքան էլ գեղարվեստորեն, վարպետորեն «փաթեթավորված» լինի բառերի մեջ՝ գեղարվեստը թերի եմ համարում:

Այդ է, որ կարևորում են Հրանտի գործերում. միտքը: Նրա ամեն գործում, պոեզիայով պարուրված, կա հստակ միտք:

Հետաքրքիր է ամեն գեղարվեստական արձակ գործ փորձել հասկանալ. ինչի՞ մասին է: Ի՞նչ միտք կա մեջը: Թեման՝ միտքը, այդպես փորձում եմ բանաձևել, թեկուզև մեկ ուրիշը մեկ այլ կերպ բանաձևի, կամ՝ ես, մեկ այլ ժամանակ: Նորմալ է: Օրինակ, Հրանտի մի շարք գործերում խնդիրը խիղճն է: Ասենք՝ «Պատիժը», կամ «Հացը»: «Բաց երկնքի տակ՝ հին լեռներ»-ը բարդ է, այստեղ միտքը սեփական արմատներին հավատարմությունն է, նույնիսկ եթե դա աբսուրդ է, ինչպես շան՝ կյանքի իմաստը կորցնելը, երբ տերդ չկա: Գեղեցիկ գործ է, հակասական. արմատներիդ հավատարմությունը պահպանողական է, Հրանտը հենց այդ հարցն է առաջ քաշում. ու՞ր գնալ, եթե նախկինդ՝ գեղեցիկը, կորչում է, իսկ առջևդ հեռանկար՝ կա՞ որ: Տերդ՝ չկա: Խորքում՝ հենց այդ հեռանկարի, «տիրոջ» բացակայության հարցն է առաջ քաշում, անգաղափար պրոգրեսի: Սովետի տիպական տարբերակն էր. պրոգրեսի կեղևի տակ՝ անցյալի անհատույց վատնում, մսխում: Դմիտրի Քյոսայանի «Ավդոյի ավտոն» տաղանդավոր ֆիլմում (որի միայն աղճատված տարբերակն է ցենզուրայի ճիրաններից խուսափել) հեղափոխական օրիորդ Նվարդը ստիպում է ծայրահեղ չքավոր բնակիչներին սամովարները դեն նետել հանուն նոր տեխնոլոգիաների. ամեն մեկը՝ այսօր անգին անտիկվարիատ: Մեր տանը մոմ կա, հանկարծ որ էլեկտրականությունը կտրեն՝ մանթրաշ չընկնենք: Նավթալամպերը ետ եկան «ցուրտի ու մութի» տարիներին: Սովետի առաջարկած տնտեսական մոդեռնիզացիան փլուզվեց, քիմիական արդյունաբերությունը գրեթե հանգավ, և մեր գյուղատնտեսական արտադրանքը վերակենդանացավ, հինը՝ որպես նորույթ:

«Իմ գայլը» գործն էլ այն մասին է, որ մեծահոգությունը պատահում է, կարելի է նրա վրա հույս դնել. ինչպես դու քո փոքրիկ քույրիկին ես խղճում և նրա հանդեպ ես հիվանդանալու աստիճան մեծահոգի՝ այդպես էլ քո՛ հանդեպ մեծահոգություն կպատահի: Մի՛ սպասիր և փնտրիր, սակայն՝ հասարակությունն, իր ամբողջության մեջ, առողջ բան է. մի՛ մոռացիր, որ մեծահոգությունը կա և գուցեև՝ գա. քո ամեն փոքրիկ մեծահոգության դիմաց մի մե՜ծ, անպատմելի՜ պատասխան մեծահոգություն կգտնվի. հույս կա:

Մեկ էլ՝ ծեսի հարցն է. հացը սուրբ ծես է հնուց: Հատկապես դժվար է, երբ սուրբ ծեսդ է խաթարվել: Ինչպես որ Հրանտի շատ գործերում՝ հնի ու նորի ընդհարումն է. գայլը. մեր գյուղի դժվար, անհաջող հացը չի կարելի չուտել, թեկուզև այնքան աղի է, որ բկիդ է կանգնելու: Ի՞նչ անել, դե՞ն նետել, անարգե՞լ տոհմիդ չարքաշ, տգեղ, հաճախ՝ անարդար աշխատանքը, այս աշխարհը ստեղծելուն նվիրված, աշխարհ, որ դու ժառանգել ես: Ուրեմն՝ էդ հացն ուտել զորող դյուցազուն է պետք գտնել, այդպիսին դառնալ: Հինը, ծեսը, սուրբն ուժի շնորհիվ աբսորբացնել կյանքի մեջ, ուրիշի մեծահոգության շնորհիվ:

Այդպես, ամեն գործ, նստած, մտածում եմ. ո՞րն է միտքը, ինչու՞ է գրվել, կարո՞ղ եմ արդյոք այլ բառերով միտքը վերաբացել: Եթե այո՝ ուրեմն միտք կար մեջը, ոչ՝ ափսոս: Կամ՝ ե՛ս ափսոս. չզորեցի:

Վերջերս դիտեցի Նորշտեյնի հետ զրույցը: Մարդը երկուսուկես ժամ շարունակ պատմում է, ինչպե՛ս է արվեստը ստեղծվում, հավաքվում-քանդվում և նորից հավաքվում. օրինակ, ինչու՛ մարդու աչքը պիտի դեմքի վրա շարժական լինի: Եթե Գոգոլը մարդու քիթը պոկած չլիներ, Նորշտեյնն այդքան հեշտությամբ չէր հասկանա, որ մարդու աչքը դեմքի վրա շարժվում է և նույնիսկ ինքն իր դեմքին նայում՝ իր դիրքից:

Ես դրա մի անալոգիա գրականության մեջ ասեմ. կարելի է գրել՝ «թափված տերևները խշշում էին ասֆալտին», կարելի է գրել՝ «Ասֆալտը մեծահոգորեն հանդուրժել էր, որ աշունը տերևներն իր վրա թափի»: Կարելի է գրել՝ «Թռչունները պար էին տալիս երկնքում», կարելի է գրել՝ «Երկինքը մեծահոգորեն իր մեջ էր ընդգրկել սև բծիկները»: Օլեշան է այդպիսի շրջադարձի վարպետ, Հրանտն էլ է հաճախ կիրառում: Շու՛ռ տուր իրականությունը: Եթե, իհարկե, իմաստ ունի:

Ինչպե՞ս որոշել, շա՞տ խմբագրել-փոփոխել, թե՞ քիչ: Գնալ խորք, որքան որ կանչու՞մ է, թե՞ չափն իմանալ, կանգ առնել: Գրել ինքնաբու՞խ, թե՞ խորապես վերահերկել, և եթե հերկում ես՝ ե՞րբ կանգ առնել: Ի վերջո, գրում ես ինքնարտահայտվելու՞ համար, թե՞ հանրային մշակույթ կերտելու: Ազատորեն էքսպերիմե՞նտ անել, թե՞ հետևել դասական օրինակներին: Ո՞րն է դեղատոմսը՝ ճիշտ համամասնություն գտնելու:

- «Խոհանոցային» հարցերը պարզաբանելը հատուկ արժեք է հաղորդում այս զրույցին: Ասացիք, որ շատ-շատ եք խմբագրում ձեր տեքստերը: Դա վերաբերվում է միայն արձակի՞ն, թե՞ նաև հրապարակագրությանը, այլ տեքստերին:

- Միայն արձակին: Գեղարվեստական արձակն այնքան բարդ է, որ ինքդ քո արածը չես տեսնում, ուրիշի, դրսի հայացք ձեռք բերելը դժվար է: Իհարկե, եթե դա պարտադրված խմբագրում է, ինչպես առաջներում էր, ինչպես Հրանտն է պատմում «Խումհար»-ում՝ կարճափեշ մի աղջիկ բեր սարերը սցենարումդ, որպեսզի հանդիսատեսը նայի աղջկան և լավ տրամադրությամբ դուրս գա ֆիլմից, - վանդալիզմ է և տաժանակիր, ստրկական աշխատանք, ես այդպիսի փոփոխություններ չեմ հանդուրժում: Ժամանակներն էլ են փոխվել, գրեթե չի էլ լինում այդպիսի դեպք: Բայց խմբագրական պրոֆեսիոնալիզմի կորուստը, այդ մոտեցման իսպառ բացակայությունը մեր իրականության մեջ՝ տխուր է: Գրախոսողներն էլ գրեթե չեն ստանձնում այդ դերը, որ հեղինակը գոնե հետո, իր հաջորդ գործն անելիս հաշվի առնի որոշակի բացեր:

- Գրախոսողների խորհուրդները լսու՞մ եք:

- Վերջերս ասացին, որ պերսոնաժներս չեն զարգանում, դեպքերի ընթացքը դրանց զարգացումը չի կանխորոշում: Իսկ «Համլետ»-ում պերսոնաժները զարգանու՞մ են: Համլետը սկզբից մինչև վերջ նույն տվայտվողն է: Այսինքն՝ սկզբից Համլետը պիտի լիներ երջանիկ, հետո, երբ հանդիպում է հոր ուրվականին՝ վրիժառու: Սկզբում՝ նայիվ, հետո՝ դավեր նյութող: Բայց այդպես չէ, այո՞: Նա նախապես անհանգիստ է, գիտի, որ մի բան այն չէ:

Ի՞նչն է զարգանում: Գործող անձանց և հանդիսատեսի՝ իմացածը, ավելի ու ավելի խոր հասկանալը, թե ի՛նչ է կատարվել և ի՛նչ է դա նշանակում: Նաև՝ Համլետի՝ հերոսի միտքն է զարգանում: Ուրեմն, այդ խորհուրդը՝ որ պերսոնաժները պիտի ինչ-որ կերպ զարգանան, փոխվեն, մի քիչ, երբեմն, երևի, անտեղի է: Պիտի փոխվի նրանց իմացածը, հասկացածը, մտածածը, և՝ ընթերցողի հասկացածը, թե ի՛նչ է կատարվում և ինչու՛:

Բայց, մեկ է, օգուտ է այդ խորհուրդը, քանի որ դրա ազդեցության տակ այս վերլուծությունն արի: Եվ գուցե, առիթ լինի, մեկ այլ գործում այս կիրառուկն էլ օգտագործեմ՝ դեպքերի հաջորդականության շարժիչի, մեխանիզմի միջոցով՝ պերսոնաժներին զարգացնեմ:

Գործը գրելուց հետո նույնիսկ եթե կոմպոզիցիան հեղափոխաբար փոխելու կարիք չկա՝ ասես թռչունն իր բունը, պարտիզպանն իր պարտեզը՝ սկսում եմ հարդարել. ստորակետից սկսած մինչև ցանկացած մանրամասն, բառեր եմ կրճատում, ավելացնում, ճշտում, նախադասություններ կրճատում-ավելացնում, ճեղքում-միավորում:

Բայց եթե գործս լրիվ թափով եմ գրել, իմ արձակով՝ շատ հաճախ նրա դրվագների, լեզվի, ոճի տարբեր մասերի միջև կապերը, ելևէջները, ասոցիացիաները, բառախաղերը, ալյուզիաները հեշտ վերծանելի չեն, կիսա-ենթագիտակցական են: Կարդում եմ խմբագրելու համար՝ տեսնում, որ այստեղ շատ կարևոր կապ կա. պետք է ընդգծել: Այստեղ՝ կարելի է և շատ չխորացնել, ինքնըստինքյան հասկանալի է: Այստեղ՝ թողնեմ ընթերցողի հայեցողությանը. նկատեց, հասկացավ՝ լավ, ոչ՝ իր գործն է:

- Որքա՞ն խորք եք սպասում ընթերցողից:

- Իմ չափ: Ամենախորը ընթերցողը չեմ, սակայն սովոր եմ փնտրել և գտնել թաքուն ասելիքը, կամ գոնե՝ ոչ մակերեսորեն ասվածը: Վերցնենք, ասենք, Մանդելշտամի՝ «Բանաստեղծություն անհայտ զինվորի մասին» գործը կամ Ցվետաևայինը՝ Ռիլկեի մահվանը նվիրված (երկուսն էլ՝ հեղինակների ո՛չ ամենաբարդերից): Հինգից մեկ հանելուկային դեպքում հաստատ գիտեմ, ի՛նչ էին ուզում ասած լինել, վերծանվում է, երկուսում՝ կարող եմ բավական հավաստի վարկած առաջադրել, էն երկու դեպքում էլ արդեն կարիք ունեմ ինձնից ավելի խորը գիտակի, մասնագետի:

Այժմ համարվում է, որ պիտի ընթերցողի «ետևից» գնաս, սիրաշահես, շուկային հարմարվես: Ծանծաղ գրես, հասկանալի, կոմպլիմենտ անես ընթերցողին, խաբես, իբր՝ դու իրենից ավելի քիչ խորաթափանց ես: Տրիվիալ դիպվածների մասին գրես: Եթե եղել են Ցվետաևա, Մանդելշտամ, Ֆոլքներ, Պրուստ, Շեքսպիր, Բրոդսկի և այլն՝ հաստատ կարիք չկա սիրաշահելու:

- Երբ տարին ամփոփում եք, միայն գեղարվեստակա՞ն տեքստերն եք հաշվի առնում, թե՞ նաև հրապարակագրությունը:

- 2018-ին արձակի երկու գիրք հրապարակեցի, որոշեցի, որ 2019-ին չեմ հրապարակելու, շունչ եմ քաշելու, թեև ունեմ նյութ առնվազն ևս մեկ արձակի ժողովածուի, նաև՝ նշածս պատանեկան գիրքը, նաև՝ «Մեծ Տիեզերափայլ» վեպս, որին ԿԳՄՍ-ն հոնորար հատկացրեց (շատ շնորհակալ եմ), նաև՝ մի երկու հրապարակագրային գրքի սևագիր: (Անտիպ վեպի քննարկումը հասանելի է այս հղումով. https://www.youtube.com/watch?v=wcBrqB7JhVc )

2018 թ. վերջին Ստրուգացկիների մասին ելույթներ ունեցա «Բուն թիվի»-ով. http://boon.am/category/%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d6%86%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%af-%d5%aa%d5%a1%d5%b6%d6%80%d5%ab-%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/,

Դրանք սղագրել եմ և կուզեմ գիրք դարձնել: Մի երկու այլ նման գործ էլ կա՝ աշխատվածության տարբեր աստիճանների, նաև մեր գրասենյակի՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գործունեությունից բխած, ասենք՝ գիտես. ուզում ենք «ԵՀՀ համալսարան» շարքի հրապարակումներ անել, այս տարի մի փոքրիկն արեցինք՝ քննադատական մտածողության մասին մի բրոշյուր. https://epfarmenia.am/hy/document/Logical-Fallacies-and-Misleading-Rhetorical-Tricks-Critical-Thinking

 

- Չե՞ք ափսոսում այս զրույցի վրա ժամանակ ծախսել, այդքան գործն առաջ տանելու փոխարեն:

- Ռեֆլեքսիան գործի կեսից ավելին է: Գուցե այն ամենից, ինչի մասին ասում եմ, մնա միայն այս զրույցը: Չեմ ափսոսի, ուրեմն՝ այսքանն էր դուրս գալու: Ռեֆլեքսիան այդպիսի հատկություն ունի. աբսորբացնում է իր մեջ անելիքները, տեսնում ես, որ այս բաները կարիք էլ չկար անելու, իսկ սրանք՝ մի ձևի արվեցին, ինքնաբերաբար, սրանք էլ՝ այսքանը պիտի արվեր, որքան արված է: Նոր տարի է, գուցե նոր պլաններ ստեղծվեն, հին գրերը կիսատ մնան, մեկը մյուսի մեջ մտնի: Նորացումը նաև հին պլաններից հրաժարվելն է, դրանք ձևափոխելը:

- Ի՞նչ եք գերադասում, «իրականությու՞նը» ներկայացնել, թե՞ «հորինել»:

- Մի քանի անգամ «հորինել եմ», այսինքն մադու ներքին կյանքը, անցյալը, տոհմը երևակայել՝ ծայրեիծայր հորինված, առանց որևէ նախատիպի: Այդ դեպքերում ունեմ անհանգստություն, որ կստացվի կարծրատիպային: Ասենք, երկրաշարժի օրերին Հայաստանում չեմ եղել, եթե գրում եմ երկրաշարժից տուժածի մասին, կարծրատիպերից ինչպե՞ս խուսափել: Գուցե «թխել» վերապրածների պատմությունների՞ց, Խեչոյանի, Սուսաննա Հարությունյանի պատմվածքների՞ց: Գրողը «թխող» երևույթ է, ինչպես Ֆոլքներն էր ասում՝ գրողն ուրիշների գրածների գողն է: Ասում էր նաև, որ ավանդական միֆերը, աստվածաշնչային կամ հունահռոմեական պատմությունները հիմք վերցնելը, «ժամանակակից» տարբերակով, վերափոխված ներկայացնելը պետք է, որպեսզի նորովի հաստատվի մարդկանց միջև եղած ընդհանուրի ատաղձը, դու գուցե ասեիր՝ «սոցիալական դաշինքը», հիմնային արժեքները, որ կրկին, ամեն անգամ նորից քննարկելու, բանակցելու կարիք չլինի:

Բայց այդ «գող» լինելը ճիշտ հասկանանք. ուրիշի լավ գրածը ճայթյուն է առաջացնում, և եթե նույն թեման պիտի գրես՝ այդ ճայթյունն օգնում է կարծրատիպից խուսափել, զուգահեռը գրել, քո՛ տարբերակը. ուղղակիորեն «թխել» չէ, իհարկե:

Կա գրող, որ պիտի ամենն ինքը փորձի, «հետազոտություն» անի, էսպես ասած, մինչև գրելը, եթե որևէ տեղ է նկարագրում՝ գնա հասնի այդ տեղը: Ես այդպես չեմ աշխատում, մանավանդ՝ բավական շատ «տեղերում» եմ եղել, ինձ թվում է՝ հերիք է:)) Հիշում եմ այդ «տեղին» մոտիկ, նման մի տեղ, որտեղ եղել եմ, Իսլանդիայի փոխարեն՝ Շվեդիան: Արա Նեդոլյանը «Տիեզերափայլի» տիեզերանավի անձնակազմի աշխատանքի մասին ասաց մոտավորապես՝ «ՀԿ-ի ու սթարթափի խառնուրդ»: Իրոք այդպես է. նորարարությամբ զբաղվող ամեն թիմ մյուսին ինչ-որ բանով նման է (համարյա Տոլստոյի ասածի պես՝ երջանիկ ընտանիքների մասին:)) Նաև՝ որ ավելորդ էկզոտիզմ, սենսացիոնիզմ չլինի, ճանաչելի լինի միջավայրը:

Ալեքսանդրա Սվիրիդովան Շալամովի մասին ասում է, որ նա ավարտեց տուրիստ-գրողի փուլն աշխարհիս երեսին: Այլևս «Դանթե» կամ «Օրփեոս» տիպի գրողը հերիք չէ. գնա դժոխք, ճամփորդի՝ ետ գա ու պատմի: Պետք է բուն դժոխքից վկայությունը, «տեղական» վկան: Մեր կյանքը, փառք աստծո, այլևս այլասերված դժոխք չէ, ինչպես Շալամովինն էր, սակայն, երբ դրսում դժոխք չէ, դժոխքը մեր ներսում է, չգիտես ինչու: Կամ՝ մեկ այլ բան, դժոխքից էլ շատ ավելի բարդ, որը «կյանք» բառից բացի՝ անուն չունի: Հուսերլը «կյանքաշխարհ» բառն է առաջարկել, չգիտեմ, սազում է, թե ոչ:

- Քսաներորդ դարից այն կողմ չե՞ք գնում:

- Դարերի խորքի պատմության մեջ չեմ ընկղմվել գրածներումս: Էկզոտիզազիայից և սենսացիոնիզմից եմ խորշում: Դրանցով լի է մեր պատմավիպասանությունը: Հրանտն էլ էր դրանից խորշում: Ինձ ավելի մոտ է Հրանտի մոտեցումը՝ հակաէկզոտիզացիան, պրեզենտիզմը մի քիչ, ակտուալիզացիան: Տղան վազում է սարերով և դաշտերով, բոբիկ ներբանները գետինն են թմբկահարում. պիտի Սահակին հասցնի լուրը, թե Մեսրոպը տառերը բերել է, հայտնագործել է, ստեղծել է, գալիս է: Իրար կողք նստած են, Մեսրոպը տառերն է ցույց տալիս, Սահակն ասում է «էս ի՞նչ տառ է», Մեսրոպը, թե՝ Ե-ն, Սահակն էլ թե՝ հա, լավն է, մազալու է, իրոք, Ե-ի նման է: Տղան Հրանտի գյուղի տղան էր, Սահակն ու Մեսրոպն էլ՝ գյուղի քահանան և ուսուցիչը: Հրանտն ասում էր՝ դարերի ընթացքում մեր գյուղական քաղաքակրթության մեջ բան չի փոխվել:

Այժմ, համարում եմ, փոխվել է, թեև անկախության գալով մեր գյուղը կարծես ետ շպրտվեր մի քանի դար ներքև, նույնիսկ՝ լավ իմաստով. կովերը, երբ կոլխոզը կործանվեց, չաղացան, մասնավոր, գեղեցիկ, խնամված, մաքուր դարձան: Սակայն այժմ կա բջջային կապ: Եթե ես գրեմ պատմության խորք՝ երևի, պիտի իմ գործող անձինք այդ պատմության խորքում արդեն ունենան բջջային կապ: Էն անեկդոտի պես: Կամ՝ իրենց դրանից զրկված զգան, տառապեն:

Հրանտի բունտն էկզոտիզացիայի և միֆոլոգիզացիայի դեմ (ինքը մոտավորապես դա էր «ստիլիզացիա» անվանում, չէ՞, կարծեմ) իր ասածում է. ի՞նչ էր Վարդան Մամիկոնյանի ձիու անունը: Ի՞նչ ձի էր դա. զամբի՞կ էր, հովատա՞կ: Ես էլ հենց այդ պատճառով, թե երկրաշարժ նշեմ, պիտի կա՛մ նշեմ-անցնեմ, կա՛մ, թե խորանալու կարիք կա՝ այնպե՛ս խորանամ, որ ընթերցողը զգա, որ չեմ հորինում:

Տասնչորս տարեկանում, երբ որոշեցի, որ արձակագիր եմ՝ ինքս ինձ նաև խոսք տվեցի, որ «իրական կյանքը չեմ մոռանալու», որովհետև շուրջս այնքա՜ն սուտ էր թվում եղած ժամանակակից հայ գրականությունը: Իմ՝ դեռահասիս, տանջանքները, տառապանքները՝ ոչ ոք չէր նկարագրում, թույլատրված չէին, և ո՛չ միայն խորհրդային ցենզուրայի կամ ազգայնական արժեհամակարգի կողմից, այլև՝ դիսկուրսի – Ֆուկոյի իմաստով: Կարճ ասած, «սեքս խորհրդային Հայաստանում չկար»: Հրանտի հերոսն ասում է՝ սեքս չկա, բայց թե որտեղից են մեր երեխաները... Այդ ժամանակ դեռ Հրանտ չէի կարդացել բայց: Խոսք տվեցի ինքս ինձ, որ իրականությունը չեմ խեղաթյուրելու: Դրա համար եմ իմ զգացածին առաջնայնություն տալիս: Իմ «քվալիա»-ներին, իմ ինտենցիոնալությանը: Կա վտանգ՝ հատկապես հանրայնորեն նշանակալի, հանրածանոթ խոշոր դեպքեր գրելիս՝ կարծրատիպացնել, «առիթային» գիր գրել, իբր՝ նոր «Ջինգլ բելզ»:

- «Առիթային» չե՞ք գրել/գրում:

- Եղել են դեպքեր, ասենք՝ ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ «Յաթաղան սինդրոմ»-ը: Խոշորագույն, հանրահայտ դեպքեր գրելիս կարևոր է դասագրքային «պատմական» պարբերություններ չճոռոմելը: Կա ոճ, կողքից հայացք, կողքից պատմվող, ինչպես որ մարդու հետ է դեպքը կատարվում՝ կարծիքով գունավորված արդեն նախապես, նաև՝ ինչու ոչ, հեգնական, բազմաշերտ:

Իմ սիրած դիրքն է. մի փոքրիկ տղա, աղջիկ կամ մեծահասակ աշխարհի անցուդարձի մեջ, նրանց կյանքում ո՛չ մի հանրահայտ դեպք չի պատահում, որտեղ որ իրենք կենտրոնական դիրքում լինեին, ինչը պատահում է, ինչն իրենք համարում են իրադարձություն՝ զուտ անձնական է: Նույնիսկ եթե համեմատաբար կենտրոնական դիրքում եղածի մասին գրեմ, որևէ պատմական անձի՝ էլի նա դասագրքային ճառեր չի ասելու, կամ՝ նրա առիթով չեն ասվելու: Հրանտն է, օրինակ, այդպիսի կերպար, և շա՜տ սխալ կլինի, եթե իմ գրած «Հրանտ»-ն ընթերցել պատրաստվողը դասագրքային ճառեր սպասի այդ գործիցս:

- Սակայն ֆանտաստիկա գրելիս չէ՞ որ չեք կարող այդ խոստումը պահպանել՝ անձնական փորձի մեջ ընկղմել իրադարձությունները: Չէ՞ որ հորինել է պետք:

- Աշխատում եմ այնպես գրել, որ կա՛մ լինի իրականության մեջ լրիվ ընկղմված (տիեզերանավի ղեկասենյակը՝ «ՀԿ կամ սթարթափ»), կա՛մ, եթե մտնում եմ պայմանականությունների աշխարհ՝ էլի այն փայտացած, սուտի չպիտի լինի: Ընթերցողի հետ խաղի մեջ եմ մտնում. սա, հասկացնում եմ, էքսպերիմենտ է: Վերցնում եմ փիլիսոփայական կամ գիտական անլուծելի հարց կամ հանելուկ, ֆանտաստիկ միջոցներով լուծում, տեղադրում իրական կյանքի մեջ, դիտարկում, քննարկում, ինչպե՛ս են միմյանց վրա ազդում: Ասենք՝ իրար միտք կարդալն ի՛նչ ազդեցություն կունենա մեր իրականության վրա, և հակառակը:

Կարեն Ա. Սիմոնյանի, իմ կարծիքով, լավագույն ֆանտաստիկ գործը՝ «Ներսես Մաժան դեղագործը», մայրս քննադատում էր, ասելով, որ զարգացած կապիտալիստական արտասահմանի, «Արևմուտքի» (մի քիչ, էսպես, նեխած՝ շքեղության, առատության, հարմարության, անկոնֆլիկտայնության, քաղքենիական պարկեշտության) մասին իր միֆոլոգիզացված պատկերացումները հեղինակը ներկայացրել է, որպես հեռու ապագայի աշխարհ: Ինձ թվում է, հենց դրանում էր այդ գործի առավելությունը. «Արևմուտքի» աշխարհը գրքերից, կինոներից գիտեինք՝ Անտոնիոնիի «Գիշերից» կամ Ֆելլինիի «Ջուլյետան և ոգիները» ֆիլմից, և այդ կիսածանոթ, բավական հավաստի աշխարհում կատարվում էր գեթ մեկ աննորմալություն, անհասկանալիություն. «մարդիկ մահանում էին կամ շարքից դուրս գալիս»: Համարում եմ, որ դա ավելի վատ գործ չէ, քան Ստրուգացկիների «Դարի գիշատիչ բաները»: Ափսոս, որ Կարեն Ա. Աիմոնյանը միայն այդ մեկ գործն այդ մակարդակի ստեղծեց, հասցրեց, իսկ Ստրուգացկիները՝ բազում այդպիսի, և շատ ավելի փայլուն գործեր էլ:

- Խորհրդային անցյալի հանդեպ ձեր հետաքրքրությունը հայտնի է: Այսօր փորձում ենք «Քսաներորդ դար» ակումբ գործարկել, «Փրկենք տպարանի շենքը» շարժմանն եք մասնակցում, վերջերս մասնակցեցիք 20-րդ դարի Երևանի մասին բանավոր պատմությունների ծրագրին, բռնության դրսևորումները հայաստանյան հասարակությունում ծրագիրն ենք անում...

- Եթե անմիջական անցյալդ չգիտես, եթե այն միֆականացված է, մշուշոտ, կռտած՝ ներկադ էլ լավ չես հասկանալու, չես կողմնորոշվելու, ապագայիդ համար ճիշտ որոշումներ չես կայացնելու: Մեր անցյալը, պորտալարը ժամանակին կտրել են միտումնավոր կերպով, հուշերից զրկել, ցեղասպանության, ստալինիզմի միջոցով: Հիմա թե ինքներս դա շարունակենք անել, թե անցյալի քանդին և միֆականացմանը մասնակցենք՝ մեղքը մեր վիզը: Հետաքրքիր է, որ անցյալն աղավաղում են հենց, այսպես կոչված, «ավանդապաշտները», իսկ ես՝ «պրոգրեսիստս», դրա իրական բարդության վերականգնման մարտիկ եմ...:))

Բանավոր պատմությունների ծրագիրը նշեցիր, էլի ԿԳՍՄ-ի կողմից ֆինանսավորված, որ «Հազարաշենի» հետ արեցինք: Փայլուն տեքստեր են ֆիքսվել: Մեկը մեկից՝ սյուժե: Մի դրվագ նշեմ, շատ է տպավորվել, Տիգրան Պասկևիչյանի հարցազրույցից. ասում է, իր պապը լավ ինժեներ էր, քսանականների վերջում գործարանում էր աշխատում թիմի հետ: Ստալինի՝ Տրոցկու հետ խզումը երբ եղավ, այդ պատրվակով Տրոցկու իբր-հետևորդներին սկսեցին հետապնդել, իրենց ողջ թիմին գործից հեռացրին սուտ պատրվակով, որպես տրոցկիստ: Տրոցկիստների դեմ պայքարի պլան պիտի կատարեին: Հետո տեսան, որ առանց այդ «ոսկե ձեռքերի» յոլա չեն գնում, ետ եկան, ասացին «մեղա եկեք՝ ձեզ կրկին գործի վերցնենք»: Տիգրանի պապիկի բոլոր գործընկերները մեղա եկան, ինքը՝ ոչ, համառ էր. ասաց «ես տրոցկիստ չեմ եղել և այդ պիտակն ինքնակամ չեմ վերցնի վրաս»: Մնացածին ետ՝ գործի ընդունեցին, փող էին ստանում, ապրում էին, Տիգրանի պապին տնեցիք, երևի, մեղադրում էին կամակորության համար:

Եկավ 1937-ը՝ բոլորին բռնեցին-աքսորեցին որպես նախկին տրոցկիստ, Տիգրանի պապիկին ձեռք չտվեցին:

Այդպիսի պատմությունների, գոհարների հավաքածու է Հրանուշ Խառատյանի կողմից շուտով հրապարակվելիք գիրքը:

- Այդպիսի նախագծերը ձեր գրելու չափ կարևոր համարու՞մ եք:

- Պատմությունը հետազոտելու, վերարտադրելու, պատմության հետ վարվելու ճիշտ ձևերի փնտրտուքս՝ արձակում թե հանրային նախագծերում, գիտես, աշխարհում տեղի ունեցող փնտրտուքին զուգահեռ է, և քեզ հետ միասին ենք այդ ճանապարհով անցել: Սկզբում՝ տարիներ առաջ, կազմակերպեցինք ժողովրդավարության արժեքի հետազոտությունը հայ գրականության մեջ: Այդ ժամանակ դեռ ճիշտ մեթոդը չէի գտել, զուտ բնազդով էի առաջնորդվում, այդ նախագիծը ստեղծելիս: Շատ կարևոր դուրս եկավ: Հետո եղավ հանդուրժողականության հետազոտումը հայ գրականության մեջ՝ Նիդերլանդների օժանդակությամբ, քեզ հետ միասին կազմակերպեցինք. https://www.goodreads.com/book/show/36547219

Այդ պահին արդեն սկսեցի ավելի ճիշտ կողմնորոշվել, մեթոդը հստակեցնել: 2019-ի սկզբին Գեղամ Բաղդասարյանի կազմակերպած մի գիրք լույս տեսավ՝ դարասկզբի հայոց պատմության հարցերը քննադատական մտածողության միջոցով դիտարկող: Այն գրախոսեցի.

https://www.gtergab.com/hy/news/essay/a-glance-from-the-past-into-the-future/165/

Եվ այդ պահից արդեն որոշակի մոտեցում ձևավորվեց. խնդիրները ճշգրիտ սահմանեցի: Պատմության հետազոտման բազում հնարավոր տարբերակներից ինձ դուր է գալիս այն մեկը, որն արժեքների փոփոխությունը, զարգացումը, առաջացումը, հանգելն է փնտրում պատմական իրողություններում և գործող անձանց արարքներում:

Երբ ասում եմ «բազում այլ ձևեր էլ կան»՝ նկատի չունեմ մեզանում ընդունված դասագրքայինը՝ «վերից», «իշխի» դիտանկյունից, հաճախ՝ կեղծ ազգայնական գաղափարախոսության կողմից խեղաթյուրված: Ինչպես այն դրվագը, բազմիցս պատմել եմ, երբ կարդում եմ մի ճանաչված պատմաբանի գործում, որ, իբր, Ուրարտուի սեպագիր արձանագրութունները բոլորը գրված են ուրարտերեն, որից նա հետևություն է անում, որ Ուրարտուի վերնախավն ուրարտացի էին, իսկ ռամիկ ժողովուրդը՝ հայ: Ճիշտ էն անեկդոտի պես, որ, ասում է, ընդերքը փորեցին, հաղորդալար չգտան, ուրեմն եզրակացրին, որ մեզանում բջջային հեռախոսակապն էր գործում արդեն մ.թ.ա:

Մեր պատմագիտության խոշոր մասն ամենաճգնաժամային վիճակում է արդեն տասնամյակներ: Կուզեի, որ այդ խոր աքցանից դուրս պրծներ:

- Իսկ մեր գրական ընթացքում նկատու՞մ եք հեղափոխության արտացոլքը:

- Կարծես թե գեղարվեստ գրելը շատացել է: Իսկ գուցե դա անկախորեն է տեղի ունենում, կամ՝ համացանցի զարգացման արդյունք է. իմանում, տեսնում եմ ավելին, նորանոր հրատարակչությունների անունների հանդիպում: Տեքստերի առումով՝ դժվարանում եմ ասել, երևի՝ 2018 թ. ապրիլից հետո գրված տեքստերից շատերն իրոք ազդվել են, որքան նայում եմ՝ ավելի ինքնավստահ է հեղինակի գրիչը՝ իր ասելիքում:

- Որո՞նք են ձեր նախասիրած հեղինակները:

- Սուսաննա Հարությունյանը թե նոր բան գրեց՝ միշտ ուշադիր սպասում եմ, որ ըմբոշխնեմ: Նրա «Եթե բացառենք գիշերը» վիպակը, օրինակ, առանձին քննարկելու նյութ է ինձ համար, առիթ չեմ գտել: Դավիթ Մուրադյանը մի պատմվածք հրատարակեց «Կայարան»-ում՝ «Կամերային համերգ», որ կընդգրկեի ցանկացած անթոլոգիայի մեջ, երիտասարդների հետ Սուսաննայի ու Դավթի այդ գործերի հիման վրա կքննարկեի, թե ինչպե՛ս գրել գրագետ գործ, կախարդանքն ինչպե՛ս է ծնվում: Սպասում եմ նոր գործերի՝ Արմեն Օհանյանից, Լուսինե Խառատյանից, Մեսրոպ Հարությունյանից. գիտեմ, գրում են: Վահրամ Մարտիրոսյանի և Վահագն Գրիգորյանի վերջին վեպերը սեղանիս են, պիտի կարդամ, Պաչյանինն էլ:

Լիքը գրեթե արձակ կամ իրոք արձակ երևակվում է Ֆեյսբուքի էջերում՝ հատվածներ. Անուշ Սարգսյանին հիշեցի այս պահին, Վարդան Խարազյանին՝ ԱՄՆ-ում, Հովիկ Չարխչյանի որոշ հատվածներ:

Թվարկածումս մեծ ներուժ եմ տեսնում, եթե իրենց այդ հատվածների ուժգնության ավարտուն գործեր ստեղծեին՝ շատ տպավորիչ կլիներ: Շատ են անունները: Ֆեյսբուքը դարձել է հաճախ հաջող արձակի կտորների հարուստ հանք: Արմեն Մարտիրոսյանի տեքստը վերջերս կարդացի, հայոց անկախությունը ճանաչելու՝ իր ուղեծիրը. տպավորիչ է: Արձակագիր չէ, բայց մի ճշգրիտ կերպար է ստեղծել, հակասական. իրեն՝ ջահել ժամանակ: Մեր արվեստագետները (նախ և առաջ Սահակ Պողոսյանը) կյանքի որոշ դրվագների մասին են ասում, որոշ վիզուալ պատահական համընկնումների, պատահական կյանք ֆիքսած լուսանկարների, ես էլ ֆեյսբուքյան այդպիսի գրառումների և բանավոր պատմություների որոշ դրվագների մասին ասեմ. «այստեղ արվեստ կա»:

- Ֆեյսբուքում գրականությու՞ն կա:

- Ֆեյսբուքը, իհարկե, «իստակում» եմ, զտում, սակայն՝ անտարակույս, այնտեղ էլ է հանդիպում, և հաճախ՝ անձնական կյանքի բազում անպաճույճ պատմություններում: Իսկ կորչում է՝ պաթոսի և քարոզի մեջ:

Ես ընկղմված եմ մեր գրական ընթացքի մեջ, այն՝ կա: Կտորներ եմ հավանում, ավարտուն գործեր՝ քիչ, մեկից՝ մի պատմվածք, մյուսը՝ ոչ, պատմվածք՝ ունի, վեպը՝ թերի է: Ինքնաթողություն են թույլ տալիս մեր գրողներն իրենք իրենց հաճախ: Բնավ նկատի չունեմ սյուժեն կամ պատկերավոր գրելու ձիրքը, այլ՝ իրագործման վարպետության, արհեստավարժության աստիճանը, պրոֆեսիոնալիզմը:

Ինչը չեմ հավանում... Սուտը, արևմուտքի թեմաներից, մոտեցումներից թխելը, կամ՝ երբ տեսնում եմ, որ հեղինակը ճիգ չի գործադրել՝ տեղյակ լինելու աշխարհի անցուդարձին, այլ հեղինակների կողմից արդեն արվածին: Գրելում, չէ որ, չնայած նախնական ազդակն ինքնաբուխ է լինում՝ սակայն ողջ համաշխարհային ժառանգությունը պահանջում է, որ տեղյակ լինես իրենից, նույնիսկ՝ իրեն շարունակես, թեկուզ՝ բնազդորեն, ոչ թե պարզապես, ինքնուսի պես, կարծես, թե առաջին անգամ ես այս կամ այն իրավիճակը գրում: Եվ այդ դեպքում ճիշտ հակառակն է ստացվում: Անկեղծությունն է կարևոր, կարծրատիպերից խուսափելը, գաղափարախոսություններն արձակի փոխարեն չհրամցնելը, նիհար աբստրակցիաներով չգրելը, խիզախությունը: Ինքնահավան չլինելը, որ՝ տեսեք, վեր կացա, գնացի, տեսա՝ գրեցի: Բայց նաև՝ խուլ չլինելը նորի հանդեպ, ուրիշի արածի հանդեպ կանխակալ չլինելը: Եվ՝ լացուկոծից, ավելորդ հուզականությունից խուսափելը: Չափը, ճաշակը: Այնքա՜ն ինքնատիրապետում է պահանջում արձակը և, երևի, ամեն արվեստ, այնպե՛ս անողոք է բացահայտում գավառականությունը, պոզան...

- Առիթայնությունն ու հրատապ լինելու հրամայականը սխալ ձևակերպումներից հաճախ չեն փրկում նույնիսկ մեր լավագույն հրապարակագիրներին:

- «Առիթն» ազդում է նաև գրողների վրա: Վահագն Գրիգորյանը, իհարկե, մնում է շատ խոշոր հեղինակ, բայց եթե ես իր տեղը լինեի՝ «Ժամանակի գետի» ցեղասպանության մասի ողջ պատմությունը կգրեի որևէ թուրքի կողմից, որը դրան չի հավատում և խեղաթյուրում է. այդպիսի՛ հերոս կստեղծեի: Երբ վեպի մեջտեղներն այդպիսի մի գործող անձ-թրքուհի հայտնաբերեցի՝ ուրախացա: Բայց, ավաղ, զուտ անցողիկ գործող անձ էր: Ուղղակիորեն, ճակատային գրվածը թուլացնում է վիպականության ազդեցիկությունը:

- Ասացիք, որ պիտի որոշեք, որ ժամանակն է՝ որպեսզի մուսան գա: Կամքի ուժո՞վ եք նրան կանչում:

- Միտքդ ազատ պիտի լինի, գործերիդ գոնե այն մասն ավարտած լինես՝ որ ինքդ քեզնից դժգոհ չլինես, որպեսզի մտքիդ ազատություն տաս՝ նոր սյուժեն գրել: Սյուժեների կմախքների՝ գաղափարների, թեմաների դրասանգներ ունեմ, գրի եմ առնում տարիներ շարունակ: Պատկերացնենք մի բռի, քյառթու տղամարդ՝ իր ընտանիքին վատ վերաբերվող, բայց իր իմացածով՝ իբր, այդպես էլ պիտի լինի. խորապես «ավանդապաշտ»: Գնում է ձուկ որսալու Սևանա լիճ, նստում նավակ, և այնպես է պատահում, որ անձրև է գալիս, ծիածան է կապում, նավակն անցնում է ծիածանի տակով: Մարդը վերադառնում է ափ, ինքն էլ դեռ անտեղյակ՝ որ կին է դարձել: Ինչ է կատարվում իր հետ... Նոր տարվա մասին էլ մի երկու այդպիսի գաղափար ունեմ. «առիթային» չեմ գրում, ինչպես ասացի, բայց՝ ահա, ծնվել են:

- Հապա, հապա...

- Մի կին Նոր տարվա ազդեցությամբ սկսում է, բարեմաղթանքներ շարելիս, իրենից էլ անկախ՝ մարդկանց ապագան ճշգրտորեն կանխագուշակել: «Շնորհավոր, Վարդուհի ջան, գալիք տոներդ, որդիդ՝ Սմբատը, բանակում հանգիստ ծառայի, սպայի հետ չկռվի, հինգշաբթի օրը խրամատում կրակ չվառի»: Կամ՝ «Սիրանուշ ջան, շնորհավոր, գալիք տարում հարսդ երկվորյակ է ունենալու»: Եվ ինչպե՛ս է այդ կնոջ որդին փորձում նրան «փրկել»՝ «բուժելով», փրկել այդ իր անհասկանալի շնորհից, բայց նաև՝ մարդկանց ճնշումից, որոնք կա՛մ համարում են, որ նա վհուկ է, կա՛մ ետևից ընկած՝ գուշակություն պահանջում: Փրկելու համար պետք է, որ Նոր տարի կինը չտեսնի: Իսկ Նոր տարին չէ որ երկարաձգվում է, տոնածառերն ավելի ու ավելի ուշ են հանում և շուտ դնում, ամենուր անվերջանալի ջինգլ բելզ է:

Մեկ այլ հնարավոր պատմվածք, էլի Նոր տարու մասին. մարդը որոշում է Նոր տարի չանել, քանի որ հոգնել է այդ ծեսից, իմաստ չունի այլևս, իր ծնողները չկան՝ որ ծեսի ավանդույթն իրենց տանը հիմնադրել էին: Մարդ, որն ատում է ցանկացած ծես: Ինչպե՛ս է տառապում, մտածում, փորձում հասկանալ, դա ի՞նչ ծես է, ինչի՞ է պետք այդ խժդժությունը: Մի պահ հասկանում է՝ դա միջոց է, որպեսզի մարդիկ կարճատև դադար առնեն, մտածեն, զգան Ժամանակի գալն ու գնալը: Բայց իրենք իրենց խլացնում են աղմուկով: Եվ հետո ի՛նչ է լինում ինքը, երբ Նոր տարին գալիս է: Թե՞ չի գալիս:

Շատ ունեմ գաղափարներ, տեսնես ո՛րը կգրեմ:

- Մի քանիսն էլ կասե՞ք:

- Մարդը վերջապես, տարիների տվայտանքներից հետո, բնակարան է առնում: Երբ պիտի տեղափոխվի՝ բնակարանն անհետացել է: Մեկ այլ դեպք. մի հրեշ կա, որը բնակարաններ է խժռում, մտցնում է բերանը, ծամում և դուրս թքում: Դեպրեսիայի մասին. ինչպե՛ս է մարդը համացանցից այնքան վարակվում, որ նորություններից չի կարողանում կտրվել, դադարում է որևէ այլ բան անել, բացի նորություններն ընթերցելուց, գժվում է, ի վերջո: Կամ. հերոսը համաձայնում է էքսպերիմենտի՝ որպեսզի նոր մեքենայով՝ լոգոֆիլով, իր ուղեղը, հիշողությունները սքան անեն: Պիտի աշխատի հիշել իր ամեն անցած օրն այն օրից, ինչ հիշում է: Իսկ չէ՛ որ շատ բան մոռացել է: Այդ ճիգից սկսում է հյուծվել, տառապել, դա այնպիսի էներգիա է պահանջում, որ մի օր հալչու՞մ է: Անհետանու՞մ: «Արևկիզիկ վաճառողը». հաշվի առնելով, որ Նորվեգիայի այն անարև քաղաքի հայելին կոտրվել է (Տրոմսյո), և դեպ արև տանող ճոպանուղին՝ լռվել, մարդը (երեխա՞ն) հատուկ ոսկեզօծ արևի մասնիկներ է վաճառում նրանց – արևկիզիկներ, Հայաստանից: Հաջող բիզնես է հորինել: Կամ. մի տարեց մարդ մի փոքրիկի կյանք է փրկել, բուժել, երբ սա նորածին էր: Փոքրիկը, երբ դեռ վեց տարեկան էր՝ հիշում էր, քանի որ ծնողները պատմել էին, իսկ այժմ՝ տասնվեց տարեկան է, փողոցում իր փրկչի կողքով անցնում է՝ չի հիշում, կյանք է, դադարել են իր ծնողները շփվել այդ մարդու հետ, կյանքը միմյանց հեռու է տարել. իսկ սա՝ հանկարծ ճանաչում է տղային:

Սրանք, այսպես, հեշտ ու կարճ, չմշակված սյուժեների օրինակներ են: Իսկ կան՝ շա՜տ ավելի մշակված, տարածուն:

- Չե՞ք ափսոսում, որ այսպես հրապարակում եք:

- Սյուժեի գողը գող չէ: Հետո՝ հազիվ թե ինձնից բացի որևէ մեկին պետք գան: Թե մեկ ուրիշն անի այս կամ սրանց նման գաղափարներ՝ կուրախանամ: Կա երկու սյուժե, որոնց ձևը չեմ գտնում արդեն երկա՜ր տարիներ: Առաջինը՝ պատանի տարիքում եմ մտածել, տասնհինգ տարեկանում. այլմոլորակային է, որը երկրագնդում տեսնում է միայն այն, ինչին մարդու «ձեռքը չի դիպել»: Տեսնում է մարդկանց՝ մերկ, առանց շորերի, շենքերը չի տեսնում, տեսնում է մարդիկ՝ չորրորդ հարկի բարձրության վրա օդի մեջ դեգերող... Բայց չի ստացվում ոչ մի կերպ, քանի որ որքան ավելի եմ մտածում՝ այնքան պարզ է դառնում. չկա աշխարհ, որին «մարդու ձեռքը չի դիպել»: Հայացքով դիպչելն էլ է դիպչել, մտքովն էլ: Գնում էի Շորժա, բարձրանում մոտակա փոքրիկ սարը, այնտեղ կար մի մեղվապահ, տակը, հեռվում՝ հանգստյան տունը, է՛լ ավելի հեռվում՝ գյուղը, Սևանի փայլփլուն մակերևույթը: Մարդ՝ մի քանի կիլոմետր շառավղով տարածքում՝ քիչ, համենայն դեպս՝ հաշվարկելի քանակի: Մարդկանցից եկող էներգիայի հարված՝ գրեթե չկա: Լավ էլ կարելի էր երևակայել, որ այդ սարը բարձրանալիս տեսել եմ տեղեր, որոնց մարդու ոտքը բացարձակապես չի դիպել մինչ այսօր: Ինչպե՞ս կտեսներ այդ սարն այլմոլորակայինը:

- Ինչպե՞ս:

- Պատասխանը չգտա, փնտրում եմ: Ծակոտկե՞ն: Գուցե կույր պիտի դուրս գա, կամ՝ կուրանա կամաց-կամաց, իր հասկանալուն զուգընթաց:

Մեկ այլ նման դեպք, որ ձևը չեմ գտել. ինֆորմացիայի ահագնացող քանակն աբսորբացնելու կարիքը. ի՞նչ մեքենա, հայտնագործություն կարելի է մտածել, որպեսզի մարդ կարողանա ավելի մեծ քանակով ինֆորմացիա աբսորբացնել, քան կարողանում է: «Աբսորբացնել» նշանակում է՝ ո՛չ թե պարզապես աչքի անցկացնել, մեկ ա՛յլ բան անել հետը: Ի՞նչ ես անում ինֆորմացիայի հետ, որը քեզ պետք է գալիս: Ա՛յ, դա՛ անել: Գիշերը քնել, սարքը միացնել՝ արթնանալ ևս մեկ լեզու տիրապետած: Ի՞նչ է նշանակում ևս մեկ լեզվի տիրապետել: Եվ այլն: Ինչպիսի՞ն պիտի լինի այդ սարքի ֆանտաստիկ մեխանիզմը, այդպես էլ չեմ կարողանում գտնել: Պիտի լինի համոզիչ: Գուցե հենց փնտրտուքի մասին պիտի գրեմ: Կամ՝ Լեմի պես. Լեմն իր չգրված գործերի վերաբերյալ հորինված գրախոսականներ էր գրում: Իրենից հետո ուրիշներն էլ են այդ կիրառուկը գործածել, Պելևինը՝ իր վերջին վեպում:


06:20 Դեկտեմբեր 27, 2021