Արձակ

Փիլիսոփան


Այժմյան   գիտության   և  կուլտուրայի  կենտրոնները  շատ  են:  Յուրաքանչյուր  քաղաք,  որն  ունի  100000 – ից  ավելի  բնակչություն, իր պարտքն է  համարում իրեն դասել գիտական ուղղությամբ  զարգացող  քաղաքների շարքը:  Ամեն  մի  երրորդ քաղաքացի արդեն ոչ թե «լավ ընտանիքից» է, այլ  «լավ ինստիտուտից»: Բայց որովհետեւ յուրաքանչյուրին թվում է, թե նա «երրորդ» քաղաքացի է` բոլորն էլ, ստացվում է,  «լավ ինստիտուտից» են: Ուրիշ բան էր առաջներում. եթե նույնիսկ միայն ռուսերեն գիտեիր բոլոր կուլտուրական գիտելիքներից` արդեն գիտուն էիր:

Այժմ պատկերացրեք, որ մի «ոչ երրորդ» քաղաքացի, այսինքն` ոչ «լավ ինստիտուտից», ընկնում է այդպիսի մի քաղաք: Եվ այստեղ հանդիպում է ընկերոջը, որի հետ 20 տարի է ինչ չեն տեսնվել (ես հաստատ չգիտեմ քանի տարի, գուցե քսանից մի քիչ ավելի): Հանդիպում են, գրկախառնվում եւ սկսում խոսակցությունը: Ամեն մի խոսակցություն, որն ուշացել է 20 տարի ու վերջ ի վերջո խոսվել է, մի քիչ անկապ կլինի: Հենց այդ պատճառով էլ, երեւի, ամենագլխավոր հարցերից մեկը` թե ո՞վ է ընկերը իր պաշտոնով, «ոչ երրորդ» քաղաքացու կողմից տրվեց խոսակցության վերջում: Ամենասովորական մի հարց, թերեւս, ու սովորական պատասխան.

- Փիլիսոփա եմ, փիլիսոփայության ֆակուլտետն եմ ավարտել:

Բայց, չգիտես ինչու, այս պատասխանը լսելով «ոչ երրորդ» քաղաքացին փռթկացրեց: Երեւի, եթե նա լիներ «երրորդ» քաղաքացի, նա ծիծաղելի բան չէր գտնի պատասխանի մեջ…                  

Սակայն նա մտածեց. – «Փիլիսոփա՞ է:  Լա՜վ  պաշտոն է... Ինչքան հիշում եմ,  Հերակլիտը, որն ասաց «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է»` չգիտեր, որ իրեն կդասեն փիլիսոփաների շարքը: Իսկ սա միայն ֆակուլտետ է ավարտել ու արդեն համոզված է, որ փիլիսոփա է»:

Իհարկե, իր այդ մտածածը նա չասաց ընկերոջը:  

1980

Սա իրական պատմություն է, գրվել է Կոստա անունով ազգությամբ հույն հեռուստառեժիսորի ու նրա «փիլիսոփա» ընկերոջ մասին. Կոստան ԽՍՀՄ/Հայաստան էր փախել, ծովը լողալով անցնելով, Հունաստանից, այնտեղի հեղաշրջումից հետո, քանի որ ինքը կոմունիստ էր: Այստեղ նա աքսորվել էր Սիբիր և տարիներ հետո վերադարձել: Նա Երևանի կոլորիտային կերպարներից մեկն էր, որի իմաստուն խոսքը հաճախ ասացվածք էր, պատմությունները՝ նովել:


00:12 Նոյեմբեր 04, 2015