«Անաստված կինո թատրոն» ժողովածուն
Ժողովածուն 1964 թ. ծնված հայ արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի երկրորդ գիրքն է: Առաջին պատմվածքը նա հրապարակել է 1980-ին, 16 տարեկան հասակում: Այնուհետև հեղինակը ստեղծագործել է զանազան ժանրերով, ապրել և աշխատել բազմաթիվ երկրներում: Իր արձակի առաջին ժողովածուն՝ «Հրապարակը նկուղը», լույս է տեսել 2012-ին: Այս գրքում տեղ էին գտել 1981-1992 թվականներին ստեղծված պատմվածքներ, ակնարկներ և նույնիսկ թարգմանություններ: 2018-ին հրատարակվեցին Տեր-Գաբրիելյանի երկու գրքերը՝ «Անաստված կինո թատրոն»-ը և «Հրանտ»-ը: «Հրանտը» հուշ-վեպ է Հրանտ Մաթևոսյանի մասին և հյուսված է վերջինիս՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ 1980-1990-ականներին ունեցած շփումների շուրջ: «Հրանտը» դիմակայություն է 1960-1980-ականների լճացման ժամանակաշրջանում Հայաստանի և նրա մշակույթի մթնոլորտին, և ներկայացված է երիտասարդ սկսնակ հեղինակի տեսանկյունից:
«Անաստված կինո թատրոն» ժողովածուն ներկայացնում է հեղինակի՝ 2012-2017 թթ. ստեղծած գործերը: Կարճ կամ ծավալուն արձակ գրվածքների հավաքածու է, որում նաև տեղ է գտել մեկ «գրավոր ֆիլմ» (ինչպես հեղինակն է բնորոշում)՝ «Անաստված» կինոթատրոնը», որն էլ հենց տվել է ժողովածուին իր վերնագիրը: Գործերից երկուսը` «գրավոր ֆիլմը» և «Յաթաղան սինդրոմ»-ը հասանելի են առցանց, նաև անգլերեն և ռուսերեն:
Գրվածքներից շատերը պարունակում են ֆենթըզիի կամ գիտական ֆանտաստիկայի տարրեր, թեև չի կարելի դրանք որոշակիորեն դասել այդ ժանրերից որևէ մեկում: Պատմվածքների թեմաներն են՝ 20-րդ դարի Հայաստանը, խորհրդային անցյալը, այսօրվա Հայաստանը: Որոշ գործեր ունեն «հուշապատումի» տարրեր, թեպետ սովորաբար՝ գեղարվեստականացված: Լեզուն հարուստ է և պատկերավոր: Որոշ ընթերցողներ գնահատում են երկխոսությունները, մինչդեռ մյուսներն առանձնացնում են տեսողական մանրամասների առկայությունը, ինչը ստեղծագործություններին կինեմատոգրաֆիկ որակ է հաղորդում:
Գործողությունը գրվածքներում զարգանում է արագ, սյուժեն հաճախ դինամիկ է, հերոսների հոգեբանությունն էվոլյուցիա է ապրում, ինչը հաճախ ներկայացվում է գիտակցության հոսք հիշեցնող լեզվով: Որպես իր ոճական ուսուցիչներ Տեր-Գաբրիելյանը վկայակոչում է Հրանտ Մաթևոսյանին և Ուիլյամ Ֆոլքներին, մասնավորապես՝ գիտակցության հոսքի ազդեցությունն իր արձակի վրա:
Գեղագիտության և արվեստի առաջատար մասնագետ Վարդան Ջալոյանը բնութագրում է Տեր-Գաբրիելյանի առաջին գիրքը որպես «վեր-ներկայության» («բացակա-ներկայության», вненаходимость) ձգտող: Սա Միխայիլ Բախտինի ստեղծած տերմինն է, որով Ջալոյանը կնքում է «խորհրդային վիճակի» ազդեցությանը դիմակայելու և ստեղծագործությունը գեղագիտական երևույթի վերածելու՝ հեղինակի ձգտումը: Ներկա լինել և միաժամանակ՝ բացակա, դիտարկել և չմասնակցել. չնայած նման պայմաններում ապրելու դժվարություններին ՝ ահա այն, ինչ են անում Տեր-Գաբրիելյանի հերոսները խորհրդային շրջանակներում, Ջալոյանի կարծիքով: Նրանք ձգտում են խորհրդային համակարգի արդարացմանը՝ իրենց կյանքը տանելի դարձնելու համար, օրինակներ և հետևելու մոդելներ են փնտրում, բացատրություն գտնելու համար, թե ինչպե՛ս կարելի է մարդ մնալ անմարդկային համակարգում: Շատ հավանական է, որ այս դիրքորոշումը նպաստել է Հրանտ Մաթևոսյանի նկատմամբ Տեր-Գաբրիելյանի հետաքրքրությանը:
«Գրավոր ֆիլմը»՝ «Անաստված» կինոթատրոնը», կարելի է բնութագրել որպես հեղինակի կողմից օրինակելի մոդելների և հիմնավորումների որոնում, որպես ուսումնասիրություն, թե ո՛վ և ինչպե՛ս էր պահպանում իր մարդկային էությունը ստալինյան դարաշրջանի անմարդկային պայմաններում, և դա անելու համար հեղինակն օգտագործել է սեփական ընտանիքի անդամների պատմությունները:
Նշանագիտության հայտնի մասնագետ Նունե Դիլանյանը «Անաստված կինոթատրոնի» իր վերլուծության մեջ նշում է, որ ընթերցողը պետք է «հետ ու առաջ անի», որպեսզի հետևի հեղինակի անցյալի և ներկայի համադրման բարդ ոճին և մի դրվագից մյուսին անցնող խորհրդանիշներին: Այսպիսի կառուցվածքի շնորհիվ ընթերցողն անընդհատ մնում է հեղինակի հետ, ճամփորդում նրա հետ կողք-կողքի ողջ տեքստի միջով: Ն. Դիլանյանն ընդգծում է «հետքի» դերը որպես Տեր-Գաբրիելյանի մոտեցման կարևոր բաղկացուցիչ և խորհրդանիշ, որը շարունակաբար ներկա է հեղինակի արձակում: Անշուշտ, ստալինյան անցյալի, 1930-1950-ականների Երևանի, նրա բնակիչների կողմից բռնաճնշումներին հարմարվելու կամ դրանց դիմակայելու ուղիների մասին անհետացող հիշողությունը վեր հանելն այսօրվա Հայաստանի համար հույժ կարևոր է:
Մեկ այլ գրվածքը՝ «Ինսպեկցիան ինչպես որ կա»-ն վերլուծելիս բանասեր, խմբագիր և լրագրող Անժելա Ավագյանը նշում է հեղինակի կարողությունը՝ ընթերցողին դեպի հերոսի ցավին հաղորդակցվելն առաջնորդել: Ընթերցողը հերոսի հետ միասին քայլում է կոռուպցիայի հետևանքով ավերված մայրաքաղաք Երևանում և որոնում է անցյալի գեղեցկության և փառքի հետքերը, որոնք արագորեն զոհ են գնում մարդկային ագահությանը և անգրագիտությանը: Գրախոսողը բնութագրում է պատումը որպես ողբերգություն, սրտաճմլիկ և հուզական: Նա գովում է գլխավոր հերոսի՝ Վարոսի կերպարը, որպես մտածող և խոհուն անձնավորության մարմնավորում, ամբողջությամբ լի՝ լքվածության զգացումով, խճճված՝ ավերակների և կորուստների մասին անվերջ մենախոսությունների մեջ:
2013 թ.-ին, երբ գլխավոր հայկական առցանց գրական հարթակը՝ «Գրանիշը», որոշեց վերահրապարակել «Ինսպեկցիան ինչպես որ կա» գործի առաջին տարբերակը, այն հայտնվեց «Պոեզիա» բաժնում: Թերևս, դա պայմանավորված էր նրա անսովոր ոճով՝ ստեղծագործության նախադասությունների մեծ մասն առանձին պարբերություններ են: Ա. Ավագյանը հանգամանորեն խոսում է նաև պատմվածքի այս առանձնահատկության մասին, փորձելով համադրել այն Չարենցի «Դանթեական առասպել » պոեմի հետ: Չարենցը գրել է պոեմը 1918 թ. Առաջին համաշխարհային պատերազմի և հայերի ցեղասպանության տպավորության տակ: Ավագյանի կարծիքով, «Ինսպեկցիան ինչպես որ կա» գործը «Դանթեական առասպել» չէ, իհարկե, սակայն գրեթե նույնքան ողբերգական է:
Տեր-Գաբրիելյանն ուղղակիորեն անդրադառնում է հայոց ցեղասպանությանը «Յաթաղան սինդրոմ»- ում, որի վերնագիրը կարծես սադրանք պարունակի, հատուկ շեշտելով հայերի հոգեբանության մեջ զմռսված կարծրատիպը: Դա ստիպում է ընթերցողին սկզբում զարմանալ, թե ինչու՞ է սովորաբար նրբազգաց հեղինակը որոշել պատմություն գրել կարգախոսի տոնայնությամբ: Վերնագիրը, անշուշտ, կոչված է գրավելու ընթերցողի ուշադրությունը: Իրականում, «Յաթաղան սինդրոմը», հրապարակագիր, լրագրող և Կովկասի հետազոտող Թոմ դե Վաալի բնութագրմամբ, գիտական ֆանտաստիկայի տարրեր պարունակելով, ներկայացնում է ցեղասպանության խնդրի «տարբերվող և արտասովոր» տեսանկյուն և «հոյակապ ընթերցանություն է»:
Ընթերցողներն ու վերլուծաբանները նշում են նաև Տեր-Գաբրիելյանի արձակի մեկ այլ հաճախ հանդիպող առանձնահատկություն. «այստեղ և հիմա»-ի հայտնի ու ճշգրիտ սոցիալ-քաղաքական դետալների համադրումը «համաժամանակյա» նշանակություն ունեցող խորհրդանշական գեղարվեստական պատումին: Արդյունքում ստեղծվում են գործեր, որոնք ունեն ավելի մեծ տարողություն, քան իրենց իսկ ծավալն է: Բանաստեղծ և ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը նշում է այս առանձնահատկությունը, երբ ենթադրում է, որ «Յաթաղան սինդրոմը» իր սկզբնական 15 էջանոց տարբերակից կարող է հեշտությամբ ծավալվել ամբողջական վեպի:
Դա կարելի է անվանել Տեր-Գաբրիելյանի ստեղծագործության հրապարակախոսական առանձնահատկություն: Մասնագետները նշում են, որ դա մեծ մասամբ արվում է վարպետորեն. ընթերցողը բնականորեն է ընկղմվում հրապարակախոսական արձակի հորձանուտի մեջ, ասես ամենօրյա լուրերի, և հանկարծ հայտնվում որոշակիորեն երևակայական պատումի աշխարհում: Նույնիսկ ակնհայտորեն մոգական ռեալիզմի մաքուր ժանրին պատկանող գործերը, ինչպիսին է, օրինակ, «Քամու պանրիկ-մածնապանրիկ»-ը, հստակ, տեսանելի առնչություն ունեն այսօրվա իրողություններին, ինչը տվյալ պատմվածքում արցախյան չթուլացող և «անվերջ» հակամարտությունն է:
Թեև պատմվածքը ուղղակիորեն չի անդրադառնում հակամարտությանը, հեղինակը, ներկայացնելով հակամարտության «գրպանիկներից» մեկում թաքնված աշխարհը, վեր է հանում առանց հակամարտության աշխարհի այլընտրանքային տեսակետը: Հեղինակը վերաորակավորում է պատմության ընթացքը և գրեթե երգիծական ոճով է նկարագրում հակառակորդ կողմերի էթնիկ և ազգային ինքնությունների «անհամատեղելիությունից» ծնված իրադրության որոշ մասերը: Կողմերը հեշտությամբ են ընդունում իրենց նկարագրող կարծրատիպերը, որոնք նախատեսված են սառեցնելու հակամարտությունը ատելության և թշնամանքի մթնոլորտում և «երկու կողմերի», թշնամական և ասես հավերժ անփոփոխ, բյուրեղացված կառուցվածքում:
Ժողովածուի մեկ այլ առանձնահատկությունն էլ թաքնված (և ոչ այնքան) հղումներն են այլ գրականությանը կամ, այլ կերպ ասած, միջտեքստային կապերը (intertextuality): Երբ ռադիոհաղորդման ընթացքում հեղինակին խնդրեցին միջտեքստայնության օրինակներ բերել, նա մատնանշեց ժողովածուի առաջին իսկ վերնագիրը և առաջին պատմվածքի առաջին տողը, ապա շարունակեց թվարկել նման կապերն այլ գրվածքներում: Իրոք, առաջին պատմվածքի վերնագիրն է «Համլետի հոր ուռագանը», այն ակնհայտ շեքսպիրյան ակնարկ է պարունակում: Անշուշտ պատմվածքում կա Համլետ, կա Համլետի հայր, կա «ուրվական» բառը «ուռագան»՝ պտտահողմ բառով փոխարինելու հստակ պատճառ: Մինչդեռ դեպքը վերաբերում է փոքրիկ տղայի կողմից մոր աբորտի ընկալմանը, և պատմվածքը գրված է ժամանակակից Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեմ:
Այն հարցին, թե ինչն է շարժում իր գրիչը և ստիպում իրեն ստեղծագործել՝ Տեր-Գաբրիելյանը երկու պատասխան ունի. հասուն և շքեղ հայոց լեզուն, որին ինքը սիրահարված է ծնված օրից, և մտածելու ու գործելու առանձնահատուկ մեթոդը՝ համակարգային մտագործունեության մեթոդաբանությունը, որն իր գործունեության հիմքն է հանդիսանում 1980-ականների վերջից:
«Արձակ գրելն ինքդ քեզ իշխանավորված, զորավորված զգալու լավագույն միջոցն է. այն վստահություն է ներշնչում, որ քո գործով նպաստում ես մշակույթի և աշխարհի զարգացմանը», - ասում է Տեր-Գաբրիելյանը: «Երբ գրում եմ, ավելի առողջ, մաքուր եմ դառնում: Բայց սա նաև շատ բարդ խնդիր է, հատկապես այսօր, երբ շատ տեքստեր, ողջ ստեղծագործական աշխարհը հասանելի է ինչպես հեղինակին, այնպես էլ ընթերցողին: Հատուկ ջանք է պահանջվում որոշելու, թե ինչը գրել և ինչը չգրել, չնայած հնարավոր է, որ այդ ջանքն էլ մի կեղծ օբյեկտ է, որը ձև է թափում, թե ինքը կա՝ մի սիմուլակր, որը խանգարում է հասկանալ, որ կարելի է գրել միայն այն, ինչը կանխորոշված է օրգանիզմովդ ու գեներովդ: Սակայն համակարգային մտագործունեության մեթոդաբանությունը թույլ է տալիս գտնել այնպիսի կիրառուկներ, որոնց գիտակցված օգտագործմանը քիչ եմ հանդիպել արձակում, օրինակ`խնդիրը դիտել տարբեր տեսանկյուններից, որոնք երբեմն հանդիպադրվում են նույնիսկ մեկ և նույն արտահայտությունում, դարձվածքում, հաճախ հակասական են, ժխտում կամ մերժում են միմյանց, սակայն կարող են նույնիսկ արտահայտված լինել մեկ ամբիվալենտ բառի սահմաններում: Եթե Բրոդսկին Պլատոնովի արձակը բնութագրում էր որպես ապացուցող, որ աբսուրդը՝ անհեթեթությունը, նույնիսկ մարդկային լեզվի քերականության մեջ է արդեն դրոշմված և ուրեմն անխուսափելի է, ես ընդունում եմ աբսուրդը ոչ թե որպես ողբերգություն կամ աշխարհի վերջ, այլ որպես կառուցողական պայման, որը կարող է հանգեցնել հայտնագործությունների: Ինձ համարում եմ մեկը, ով հաղթահարել է «պոստմոդեռն՝ ետարդիական վիճակը»: Շատ բեղուն չեմ, ինձ շրջապատող մի ամբողջ կյանքաշխարհ կա, որը լավ կլիներ դառնար արձակ, ձևավորվելով և մաքրվելով հայոց լեզվի հարստությամբ: Շնորհակալ կլինեմ աստծուն կամ ճակատագրին, եթե ինձ հնարավորություն տրվի ավելի շատ տեքստեր գրել, որոնք կարժանանան արձակի ժանրի նկատմամբ իմ սրբացնող վերաբերմունքն ինձ հետ կիսողների հավանությանը»:
Հեղինակի անձնական կայք. www.gtergab.com
Ֆեյսբուքյան էջ. gevorg.tergabrielyan
https://web.facebook.com/anastvackinotatron/
Գրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հղումներով.
Goodreads: https://www.goodreads.com/book/show/45153649
Kobobooks: https://www.kobo.com/ww/en/ebook/iwHV7sf8_zGtcGL8WzB4Zg
iBookstore: https://itunes.apple.com/us/book/id1458172162
Google Books: https://books.google.am/books?id=gGKPDwAAQBAJ&dq
Smashwords: https://www.smashwords.com/books/view/931106
Tolino: https://www.thalia.de/shop/home/artikeldetails/ID143013386.html
15:22 Ապրիլ 17, 2019