Արձակ

«Ինսպեկցիան ինչպես որ կա» պատմվածքը


Առաջին անգամ հրապարակվել է այստեղ. https://granish.org/inspecian-inchpes-vor-ka/

 

«Ինսպեկցիան ինչպես որ կա» գործի առաջին տարբերակը տե՛ս այստեղ:

 

12.10.2018

Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն»-ը սեղանիս գիրքն է վերջերս: Կարդում եմ դանդաղ, ամեն մի գործը կարդալուց հետո հատուկ դադար տալիս՝ կարդացածս հնարավորինս ամբողջական ընկալել-գնահատելու համար: Հիմա արդեն գրեթե ավարտում եմ ընթերցումս և կասեմ, որ գիրքը սովորական չէ: Արտասովոր է: Արձակ գործերի և էսսեների (թվում է՝ էսսեն չպիտի առանձնացվեր արձակ ասվածից, բայց նաև այս առանձնացումով է արտասովոր գիրքը, իսկ արձակ և էսսե առանձնացումն արված է և՛ գրքի համառոտագրում-մուտքի մեջ, և՛ բովանդակություն-ցանկում) վերնագրերի թվարկումն անգամ՝ «Համլետի հոր ուռագանը», «Ժիզնեննի», «Փողփողան առագաստներ», «Մարգարիտան և Քրիզանտեննան», «Յաթաղան սինդրոմ», «Ինսպեկցիան ինչպես որ կա», «Քամու պանրիկ-մածնապանրիկ», «Մաքրուհին-2017», «Անաստված կինոթատրոնը», «Բռանդենբուռգ», «Ինչու ետ եկա Հայաստան», «Ինչու է մարդն ապրում աշխարհում», «2014», «Դատողություններ «Էլեկտրական Երևանի» ետևից», կարդացող-վերծանողին խոստանում է ենթադրվող թեմաների, գեղարվեստական բովանդակության և գրողական լեզվի հետաքրքիր յուրահատկություն: Ընդ որում՝ ընթերցողն այստեղ չի գտնի որևէ բառ, արտահայտություն, որ մտածված չլինի, իսկ ավելի ուշադիր ընթերցողը անմիջապես գնահատում է գրողի լեզվական խոր իմացությունն ու հմտությունը, բայց նաև՝ բառաստեղծումների տրամաբանված յուրահատկությունը, երբեմն՝ խոսակցական լեզվի, երբեմն՝ սլենգի, երբեմն նույնիսկ ժարգոնի օգտագործման առինքնող համարձակությունը, որը միշտ նպատակային է, գիտակցված ու վաստակած:

Այս անգամ ուզում եմ ներկայացնել իմ մտորումները «Ինսպեկցիան ինչպես որ կա»[1] պատմվածքի վերաբերյալ՝ հույս ունենալով, որ հետագայում առիթ կունենամ անդրադառնալու նաև գրքում ընդգրկված այլ գործերի:

Կարդում եմ «Ինսպեկցիան ինչպես որ կա» գործը, ու շունչս կտրվում է: Շունչս կտրվում է ամեն ինչից: Կտրվում է՝ սկսվելով բնաբանից. «Ոչ ոքի իրավունք չի տրված հուսահատեցնել Հայաստանի քաղաքացուն: Նույնիսկ մեկ մարդու հուսահատությունը կամ հիասթափությունը արդեն նշանակում է պարտություն լայն իմաստով»: Փիառի անանուն մասնագետ՝ աներձագերի դարաշրջանից»:

Բնաբան, որ հիշեցնում է, որ հուսահատված է Հայաստանի քաղաքացին, որ հուշում է, որ հետագա շարադրանքը ենթադրում է այդ հուսահատության ու հիասթափության գրական արծարծում… Ընդ որում՝ այդ «արծարծման» առիթն էլ մեր ապրվող ծայրահեղ քավորսանիկական՝ աներձագերի դարաշրջանի փիառ մասնագետն է հուշում: Նույն այն դարաշրջանի, երբ, ասենք, քաղաքապետի աներձա՛գը պիտի լինի օրենսդիր, քանի որ հենց նա՛ է քաղաքապետի աներձագը…

Պատմվածքի այս հեգնախառն բնաբանից արդեն ընթերցողն ընկնում է «ինսպեկցիայի» ճիրանը՝ ժամանակի բոլոր դրսևորումներով, որոնք պարզապես ապրված են ամենօրյա կյանքով, բայց դիտարկված՝ նուրբ դիտողականությամբ ու անչափելի սրտացավությամբ: Այդքա՜ն խորապես ապրված: Երևանի ամեն մի քարը, թուփը, մարդիկ... խոհը, մտորումը, միտքը…

Ինքս երևանցի չեմ, թեև «Ինսպեկցիան…» ընդգրկող ժամանակի ընթացքում երևանաբնակ եմ եղել ու ականատեսն եմ պատմվածքում նկարագրված գրեթե բոլոր իրողությունների՝թեկուզև ավելի հաճախ հայեցող որպես, բայց հերոսի ապրած ցավը փոխանցվում է ինձ՝ ընթերցողիս, և ինքս էլ նույն ցավն եմ զգում: Եվ այս գործի մեծ գեղարվեստականության շնորհիվ այդ ցավը դառնում է ինձ հարազատ ցավ, ու ես՝ ընթերցողս, հաղորդվում եմ «Ինսպեկցիան ինչպես որ կա» պատումին, ինքս էլ դառնում հերոսի ցավի և՛ ականատես-վկան, և՛ կրողը:

***

Քառամաս այս պատումի ենթավերնագրերը յուրահատուկ խորհրդանիշ-սիմվոլներ են՝ «ինսպեկցիայի» նկատածն ու նկատառումները. ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ անել: «Գրքով աղջիկը», «Պապլա-պապլա-պապլա-վոկ», «Զապադլոյի բուժման դեղատոմսերից», «Գառլախության եզրի փահլևանները», «Ութսուն թե քսան տոկոս», «Լուսավոր ֆասադներ», «Պլյուսներն ու մինուսները», «Օպերա-1», «Կարապի լիճ-կինո «Պիոներ», «Օպերա-2. Մարիա», «Մտահորիզոնի գերեզմանը», «Մարտի երկուս» և այլ ենթավերնագրերի ներքո գրողի դիտարկումներն ու դատողություններն են, որոնցով, ինչպեսև նկարագրություններով, քողարկված դիտարկումներով ու դատողություններով հենց ամբողջանում է «Ինսպեկցիան…»: Եվ կարևոր է նշել, որ այս ամենը գրված է մտքի ու զգացմունքի գիտակցված համակցությամբ, «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»՝ հեղինակի մտածողության ենթատեքստային առկայությամբ: Հեղինակի՝ մինչև …ոսկրածուծը անկեղծությամբ:

***

Վանդակում է մարդը՝ բնակարան կոչված վանդակում: Պետք է դուրս պրծնել, գնալ… Բայց ի՞նչ է դուրսը: Ծուղակ: Այդ նույն «դրսի» բազմաթիվ մուտքուելքերով անգամ, անգամ փախուստի համար հարմար «առաջին հարկի չցանցապատ պատուհանով», «երկրորդ հարկի պատշգամբով»՝ «ծառի հաստ ճյուղը հարմար հասնող», «տանիքից՝ մետաղե հրշեջ սանդուղքով»՝ ծուղակ: Քանի որ «քաղաքային ուղղությունների կաշկանդը» նեղում է: Քանի որ՝ «կյանքի տարբերակների պակա՞ս» կա… Ահա, այսպես. «Ազատ շնչելով ազատ չոլերը դուրս գալ ու ինչպես ուզել էնպե՞ս գնալ: Իսկ երբ ճամփաներդ նախանշված են… Քաղաքը նախանշում է ճամփանե՞րը: Էնքան էլ չէ: Ճամփաները կարող ես ինչպես ուզես՝ կոմբինացնել: Եթե քաղաքն ազատություն է կաշկանդում՝ ուրեմն լեզուն էլ: Տառն ու բառը կոմբինացնելով խոսում ենք, բայց տառն ու բառը, հատկապես տառը, դե բառերն էլ մեծ մասամբ, վաղուց կանխորոշված են: Ազատության պակա՞ս: Տառերը երբ տրված են՝ ինչքան էլ դրանք կարելի լինի միավորել-զատել՝ դա քաղաքակրթության կաշկա՞նդն է: Որից սրտնեղելով՝ սիրտդ հանկարծ չո՞լ է տենչում: Կամ՝ ոռնա՞լ»: 

Մտորումների այս հեղեղից է կտրվում շունչս, մանավանդ որ ամեն մի մտորում շարադրանքի՝ կատարման մեջ էլ յուրահատուկ է՝ յուրաքանչյուրը գրված է առանձի՛ն նախադասությամբ և առանձի՛ն տողով սկսելով, որպեսզի ընթերցողն ունենա գրողի այդ պահի զգացողությունը՝ մտորումների նույնպիսի դադարներով, սկսի ապրել նրա հույզերը: Եվ ընթերցողը չի էլ իմանում՝ կարդալ որպես արձա՞կ, թե՞ չափածո՝ ազատ հանգերով (իհա՛րկե արձակ. ո՛չ «Դանթեական առասպել», թեև՝ էլի ողբերգական շնչով, բայց մե՛ր ժամանակի գործ, ո՛չ պոեզիա, ոչ էլ ողբերգություն... բայց մի գործ, որ նույնպիսի զգացմունք է առաջացնում ընթերցողի մեջ...):

Ահա այսպես՝ այսպիսի սկզբով է «Ինսպեկցիան ինչպես որ կա» պատմվածքը ընթերցողին ներքաշում «ինսպեկցիայի» հորձանուտը: Եվ ընթերցողն էլ շարադրանքին զուգընթաց ընկնում է հերոսի՝ ստույգ պատճառներով բորբոքված երևակայության նկարագրած, բայց իրական աշխարհը:

***

Որտեղի՞ց է «քաղաքային ուղղությունների կաշկանդը»: Թերևս նրանից, որ՝ «Կարդալ իմանային-չիմանային՝ միջնադարում գիտեին, որ Նարեկն արժեք է: Բարձի տակ էին դնում որ բուժի: Գաղթելիս հետները քարշ տալիս», իսկ հիմա ապրում ենք ժամանակներ, երբ՝ «Սիրունատես աղջիկը բութ հայացքով գրքին էր նայում… Գիրքն իր համար կար: Անկախ, առանձին, անկապ»:

Այս մտորումի առիթը Ընթերցողի արձանի կերպարն է: Արձանի: Ու սրան հաջորդում է Երևանի արձանների դիտարկումը՝ բովանդակորեն, արտահայտչականությամբ, որոնք ոչ միայն քաղաքի, նրա ժողովրդի պատմության այս կամ այն դրվագի վկայությունն են, քաղաքի ու քաղաքային միջավայրի խորհրդանիշն են, դրանք կերտող քանդակագործի մտքի ու մտահղացման արտահայտությունը, այլև այդ քաղաքում ապրող մարդու կյանքի արտացոլումը, նրա տրամադրության արտահայտությունը՝ նրա իսկ ընկալմամբ:

«Աղջկան շինած նույն քանդակագործը նաև վերջերս Վիլյամ Սարոյան էր դրել: Նիհար, բոյլուխ, քամու հարվածներից մի քիչ տառապող: Ու՞ր էր Սարոյանը: Գրողը, իր գիրը, գրածը»: «Անվերապահ հեքիաթային հերոսությունը Սասունցի Դավթում կար: Մեկ էլ՝ լեգիտիմ առաջնորդի հոգնածությունը՝ այտոսկրերի հասուն փափկության մեջ դրոշմված»: «Մի քիչ շփոթված հերոսությունը՝ թե էս ժողովուրդն էս ինչի փղերի տակ կոտորվեց իր փափկասուն տիկնայքով հանդերձ՝ կար Վարդան Մամիկոնյանի մեջ: Ավելի ջահել, իր ուժին ավելի քիչ վստահ՝ բայց կորովին վստահ հերոսությունը: Անգղի հայացքն ինչ ասես չարժեր: Շահումյանի մեջ կար ինտելիգենտ բանվորի հերոսությունը: Հանած Լենինի մեջ՝ սովետական ողջ էսթետիկայի իմաստությունը: Արտո Չաքմաքչյանի մոր քանդակում՝ էլի Ժամանակակից արվեստի թանգարանում, կար վիրավոր թշով մոր ամենինչությունը»: «Ալիքաձև Արամ Խաչատրյանի, առաջ «բաստուրմա» կոչվող Մյասնիկյանի, չափից դուրս սպիտակ Սարյանի մեջ՝ էլի գոնե մի բան, կարծես թե, կար: Սարոյանի մեջ՝ ի՞նչ կար»:

Գրողի մտահղացումը՝ ներկայացնել «ինսպեկցիան ինչպես որ կա», ենթադրում է ընդլայնել դիտարկումները, և ահա՝ արձանին վերաբերող վերջին հարցադրմանը հաջորդում է «Պապլա-պապլա-պապլա-վոկ»-ը: Նոր ենթավերնագիր՝ «Պապլավոկի» շրջակա արձանների նկարագրությամբ, որոնք, սակայն, կարծես ըմբոստանում են, որ հարևան են «Պապլավոկին»՝ «Զարմանալի է, որ «Պապլավոկի» մոտ էին դրել՝ այն բոլոր պատմություններից հետո»:

Ընդամենը մի նախադասությամբ գրողը արձանից սահուն անցնում է միջավայրին, և «ինսպեկցիան» ընդլայնվում է՝ ներառելով քաղաքացիական ու քաղաքական հարցաշար… «Կամ գուցե հենց դրա պատճառով էլ դրե՞լ էին»,- արդեն հարցնում է մեր հերոսը:- «Քանի որ՝ «Պապլավոկը» տեսնելիս կամ կողքով անցնելիս, կամ ուղղակի քաղաքով ապրելիս այն սպանության դեպքն, իհարկե, անհնար էր մոռանալ: Այն դեպքը, որի պատճառով «Պապլավոկ» գնալը տղերքի համար դարձավ զապադլո»:

Այստեղ, ահա, արծարծվում է արդեն մարդու կացության ու կեցության խնդիրը՝ «զապադլո»-ի և «գառլախության»:

«Պապլավոկը», իհարկե, քաղաքի առաջին և միակ «զապադլոն» չէ. տասնամյակների, նույնիսկ դարերի՝ ենթադրվող «զապադլոներին» է հետևում ժամանակակից «զապադլոների» շարանը… Մերօրյա: Երբ «Քաղաքը զապադլոյի բուն էր դարձել»: Բայց հերոսը «գուցեև այնօր արդեն, զապադլոյի այդ ծուղակից դուրս գալու տարբերակներ ենթագիտակցաբար որոնելով, հույս ուներ, որ այն կվերանա՝ երբ ծածկվի համընդհանուր մոռացության շղարշի տակ»: «Ծովի սպիտակ սավանի»:

Եվ չի՛ ուզում հիշել՝ «հատուկ չէր հիշում», «Ոչ հիշում էր ոչ մոռանում: Կարծես արյան մեջ որ թաթախվես ու հետո որ մոռանաս: Վրադ լավ լերդանա: Չես էլ զգում որ վրադ է: Արդեն էլ մաշկդ էլ չի զգում: Լերդը սկզբում շարժվելիս ճռճռում է, հետո հարմարվում, դառնում է քո մաս»:

Ահա այսպես՝ մարդը՝ մարդիկ, հարմարվում են «զապադլոներին», կուլ տալիս իրողությունները և իրենք էլ կուլ գնում իրողություններին…

Բայց չհիշելն ի՞նչ. ելքը մոռացությո՛ւնը չէ. «Մոռանալ չի կարելի, քանի որ թե մոռացար՝ կրկնվելու է»: «Քանի մոռանաս՝ էնքան կրկնվելու է»: «Պապլավոկը կրկնվելու է»:

Ելքը մոռանա՛լը չէ, «զապադլոն» բուժե՛լ է պետք. «Թող զապադլոն բուժվի»: «Երևանի ապագայի մասին էլ պետք է մտածել: Ինչպես են անարգված տեղերը կամաց-կամաց մաքրվելու անեծքից: Բանակի մասին էլ: Ինչպես են գառլախներին հետ բերելու», քանի որ՝ «Երևանի պարագայում գառլախությունը տարբեր զարգացումներ էր ունենում», և «Քաղաքը գառլախությունից բուժել էր պետք»:

Եվ գրողը, ահա, «զապադլոյի» ու «գառլախության» համապատկերում «վլասծի» լեգիտիմության հարցն է արծարծում. «վլասծին» չպետք է լեգիտիմացնել, Լոկկը չպետք է կուլ գնա Հոբբսին: «Վլասծին» հնարավորություն չպիտի տալ ասելու՝ «Դու ի՞նչ քրիստոնյա: Ես՝ ուրիշ հարց. Ես վլա՛սծն եմ: Ես՝ միշտ ուրիշ հարց»: «Նույն կերպ՝ Ղարաբաղի համար հայոց պայքարն էին նսեմացնում դրսից նայողները: Կողմերին հավասարեցնում»:

«Սկզբում Հոբբսը հաղթեց դրսու՞մ: Հետո Հոբբսը հաղթեց ներսու՞մ»,- տագնապած՝ հարցնում է հերոսը և մտորում, որ «Անցքը մնում է մոռացության ծովի սպիտակ անծայրածիր սավանի տակ ծածկված»:

Բայց ի՞նչ կարող է լինել: Մեր հերոսը «ընկերոջ հետ մի որևէ օլիգարխապատկան այդ գարեջրատան կողքով հասել էր Շախմատի տուն ու կողքը հայտնագործել շախմատի կերամիկե ֆիգուրների քանդակներ: Հաջող, տպավորիչ»: Եվ բոցավառվել էր՝ «հայ տաղանդը չի պակսում»:

Գուցե այսպես բուժվո՞ւմ են «զապադլոն» ու «գառլախությունը»: Դեռ որ՝ ոչ, քանի որ սրան հաջորդում է «Գառլախության եզրի փահլևանները»: Հաջորդում է քաղաքային միջավայրը աղճատող ճարտարապետությունը, որի մի «դրվագով» համալսարանին մերձակա «ծուղակ-անցումներ» են ձևավորվել, որոնցով երիտասարդները պիտի «իծաշարուկ մտնեին էդ նեղ գետնանցում:

Փոխանակ գլուխները բարձր՝ քայլեին ծառուղով ուր ուզեին», մեկ այլ «դրվագով» բանտարկվել է քաղաքային գետը՝ Գետառը, կամ քանդվել է քաղաքային այգու՝ ծառուղու կոնցեպցիան. «Այսինքն օֆիցիալ ծառուղին կաֆեն եկել ու նագլիով կտրել էր: Անիրավորեն»: «Ու ոչ մեկի վեջը չէր»,- նկատում է մեր հերոսը:

Հենց այդ «ոչ մեկի վեջը չլինելու» արդյունքն է անտրամաբանական քաղաքաշինությունը, երբ հեծանվուղի է գծված մայթերին…, բայց նույնիսկ դա դեռ վերջը չէ, քանի որ այդ նույն «հեծանվուղին» «աստիճաններով խելոք իջնում է» …գետնանցում, ուստի հեծանվո՛րդ, «եղի՛ր խոչընդոտասպորտսմեն»:

«Ինսպեկցիա…»-ի հերոսը շարունակում է դիտարկել քաղաքը. էլի արձաններ, լուսավոր ֆասադներ, որոնք երբեմն հույս են ներշնչում, «որ ամեն գառլախություն երբևէ մաքրվելու է ընդմիշտ քաղաքից»: Նաև, նորահայտ նստարաններ «ոսկեզօծ ոճի»՝ ի հակադրություն նախկինում եղած նստարանների, որոնք «նման էին փեշերը ծնկներին փաթաթած ու ետ նստած կնոջ, միշտ թվում էր, թե նստում ես որևէ կնոջ ծնկների, ու ես ինձ երեխա էի զգում»: Կամ՝ գրողների և այլ հանճարների արձաններ պապյե-մաշեից, որոնք. «ժողովուրդը հենց դրանց մատով կպնում էր՝ կոտրվում էին: Մեկի ձեռը, մյուսի մատը, մեկի ոտը: Հողի տակ շուռումուռ էին գալիս, իրենք իրենց այդպես տեսնելով անարգված»…

Շենք-շինությունների հարևանությամբ «սարսափելի կեղտ ու քանդ»… Եվ ինքն իրեն հարցնում է (իսկ էլ ու՞մ հարցնի). «Դժվա՞ր է սխալ, խանգարող բան չավելացնելն այս բազմաչարչար քաղաքի սապատին»:

Եվ ծառանում է սկզբունքային ու անխուսափելի հարցը՝ «իշխն ինչպես է որոշումներ կայացնում»: Գուցե իշխին «լեգիտիմության պակասն է դարձնում խուճապահար»:

Քաղաքաշինության առումով. անարդար քանդ. «Քանդ, աղբ, ճաղ, ցանց ու թփուտ», և՝ «Անարդար քանդի պատմությունը խարանի պես՝ ճակատագրին փորագրած»: «Կարծես, Արցախում հաղթած ժողովուրդը տանուլ էր տվել Երևանում»: «Կարծես, ինքն իրենից զզված, ուժասպառ ժողովուրդ: Որ տգեղությունն ու բանտն ուզում է ազգային փիլիսոփայություն դարձնել»:

Գուցե պետք է փախչե՞լ այս ամենից. «Գաղթեմ՝ թքած ունենամ, թե կողքի փողոցի շինարարությունն ում տունն է քանդում»: «Ապօրինություն ու անշնորհքություն աշխարհում լի: Մեղք, հանցանք»:

Ինչու՞ հերոսը այնպիսի տպավորություն ունի՝ «կարծես հենց այստե՛ղ, հենց հիմա՛, հենց այսօ՛ր են դրանք հարձակման ելել, ու հենց իրե՛ն, իր քաղա՛քն ու ա՛զգն են ցեպիտ տվել: Ինչու՞ է թվում, թե գրեթե բոլորն են այդպիսին դարձել: Զա՛նց առ, թեթև՛նայիր, մոռացի՛ր, մանկուրտացի՛ր, հորդորեց իրեն Վարոսն ու մտքի թելը ջնջխեց»:

Պատումի ընթերցողը անընդհատ հայտնվում է հերոսի կենսամիջավայրի հորձանուտում: Քանդը կարող է շարունակվել անվերջ՝ գալով սերունդների ժամանակից: Հանճարեղ Թամանյանի «արևային մի քաղաքի» հանճարեղ մտահղացման մի մասնիկը, ահա, Օպերան է: Շինությունը: Օպերան, որ կառուցվել է ոչ միայն գավառական փոշոտ քաղաքի մայրաքաղաքացման համար, այլև մերձակա խաղողի այգիների հաշվին: Որի ականատեսն է եղել մեր հերոսի նախորդ սերունդը՝ հայրն ու նրա ընկերները: Կառուցվել է նրա՛նց մանկության հիշողության իրական պատկերի աղճատումով: Թերևս այն ժամանակ նույնկերպ, ինչպես հիմա, աղճատվել է հերոսի հոր մանկության ընկերների մանկությունը: Եվ եթե Օպերան «էդքան հանճարեղ չլիներ՝ ափսոս կլինեին այդ գետակն ու վերևի խաղողի այգիները: Որտեղ ապրում էին Վարոսի հոր մանկության ընկերները»: Բայց ահա, աղճատվում է արդեն մեր հերոսի մանկությունը՝ մանկության հիշողությունը, ավա՜ղ, ո՛չ նույն հանճարեղությամբ:

Հիմա արդեն՝ Օպերայի բակ: «Դա իր մանկության՝ Օպերայի բակն էր»: Դեռևս Օպերա-1-ը, քանի որ հետո սրան հաջորդելու է Օպերա-2-ը… Մանկության բակը, որտեղ մեր հերոսն զգում է՝ «ինչպես են իր թևերը բացվում», արմունկը ցավում էր, և ցավն անցավ: Ապա՝ Կարապի լիճ և կինո «Պիոներ»… Բայց մի ամբողջ սերնդի աղավաղված կենսագրություն արդեն այստեղ, ներկայիս Հյուսիսային պողոտայում՝ նաև «համադասարանցիների տների գերեզմանոց», ապա՝ կրկնվող երազ՝ ճմռթած մանուշակի թաց, դժվար տանելի հոտով, նաև իր համար շալվար կարող դերձակ Լևոնի մասին հիշողությամբ հարազատ վայրերով, մայրիկի համար սպիտակ ծոպերով շալ գործող Մադինե խանըմով, «ամնեզիայի, մանկուրտիզմի, ծովի սպիտակ սավանի՝ համընդհանուր մոռացության շղարշով»… Ու էլի՝ այս պատկերն ամփոփող «ճմռթված մանուշակի թաց հոտ»…

Պատմվածքի՝բովանդակային և հուզական կուլմինացիոն հատվածներից է Օպերայի բակի «օկուպացիայի» նկարագրությունը: Ընդ որում՝ Օպերան՝ իբրև խորհրդանիշ, իհարկե, նաև քաղաքն է, երկիրը (վերջին դիտարկմանը թերևս արժե անդրադառնալ մեկ ուրիշ անգամ). «Վարոսը հիշեց ինչպես էին օկուպացրել Օպերայի բակը: Սկզբում՝ միտինգավորներն իրենց վրաններով: Դա ոչինչ, զուռնա էին նվագում, երգում-պարում-ուրախանում: Ճառեր ու հայհոյանքներ ասում: Հետո երբ նրանց գլուխները ջարդելով քշեցին՝ սկզբում զինվորները շրջապատեցին: Իսկ հետո միանգամից էդ ֆիռման սկսեց շինարարությունը: Անթափանց ցանկապատով շրջապատեցին: Վարոսը գալիս, ցանկապատին մոտենում, ծակ էր փորձում գտնել-տեսնել այնտեղ ինչ է կատարվում: Զինվոր-ոստիկան հասնում-քշում էին: Նայել չէր կարելի: Բեռլուսկոնյան էդ ֆիռման տակը քանդել էր: Բեռլուսկոնիան ցեպիտ էր տվել: Պրծում չկար: Մի քանի տարի Վարոսի աչքը ոնց որ հանած լինեին: Շանը որ տնից քշում են ու չեն սպանում՝ էդպես տան դեմը նստում վնգստում է: Ոռնում: Ուզում է հետ գա: Էնքան է ոռնում, մինչև թխկացնեն: Չի փախնում, հնազանդ սպասում է որ թխկացնեն: Վարոսը գիշերները գալիս էր զգուշությամբ Օպերայի բանտախցի շուրջը պտտվում, հոտոտում: Ներսից մետրոյի հոտ էր գալիս: Միլիցեքը վրա էին հասնում: Փախնում էր: Ի տարբերություն հավատարիմ շան»:

Բայց սա դեռ ավարտը չէ, քանի որ մեր հերոսին ավելի մեծ փորձություն է սպասում՝ անանձնական-անձնական ողբերգությունը, որ ապրում է հերոսը, ավելի է անձնականանում. «Մի օր տղայի ֆեյսբուքով (ֆեյսբուք արդեն, փառք աստծո, կար) տեսավոր Թումանյանի ու Սպենդիարյանի արձանները դրել են բեռնատարների վրա ու տարել: Լեղապատառ եղավ: Գոռաց: Կինը վազեց-մոտեցավ՝ ի՞նչ է եղել, ա՛յ տնաշեն: Հա, ի՞նչ մեծ բան: Էս մի հիմարության պատճառով պիտի էդքան հուզվե՞ս, գլուխն էլ քա՛րը, ինչ ուզում են անեն: Ու ձախ ձեռքը սահուն շարժումով տարավ դեպի կոմպյուտերի էկրանին սառած՝ բեռնատարներին բազմած Թումանյանն ու Սպենդիարյանը: Վարոսը կնոջ ու տղայի աչքի առաջ ուշքը կորցրեց: Տարան հիվանդանոց… »:  

Իսկ ի՜նչ տարբերություն այստեղ՝ հայոց վերջին մայրաքաղաք Երևանի սիրտը՝ Օպերան՝ Օպերա-2-ը, մե՛ր իշխի կողմից օկուպացնելու և Հայոց առաջին մայրաքաղաք Վանը օտարի կողմից օկուպացնելու միջև, եթե այնտեղ էլ «Վանա ծովի սպիտակ հանդարտ սավանն է» և քուրդ տղայիկի հարցը. «…Բա որ թաղում եք, էստեղ էլ ապրել եք, ինչու՞ ձեզնից ոչ մի գերեզման չկա»…: Չկա՛ տարբերություն, քանի որ մտահորիզո՛նն է գերեզմանված:

Դրամատիզմով հագեցած պահեր են հերոսի համար, որոնք հաղորդվում են ընթերցողին՝ նրան ներարկելով նույն ցավը, ինչ ապրում է հերոսը: Թեև «Մի օր անթափանց ցանկապատը մի քիչ ավելի թեթև դարձավ: Հերթապահող կարմիր բերետավորների քանակը քչացավ», «Օպերայի բակի թեև մուտքն ազատ է», սակայն Օպերան  պենտագոնացված է՝ «Պենտագոնացած Օպերա»:  «Մի երկու օր չէր ուզում ներս գնալ: Գալիս մուտքի մոտ կանգնում, մլավում, հոտոտում ու իր ճամփեն շարունակում էր: Խորթացել էր: Վերջը իրեն հաղթահարեց: Զգուշությամբ, ինչպես հիվանդը երբ հիվանդանոցից նոր է դուրս գրվում,  երերալով մտավ բակ: Մի քանի քայլ արեց: Հրապարակը կտրել նորից էին դրել: Այգու ափերից բաժանված էր մետաղյա մանր ճաղերով պատված փոսով: Օդափոխիչ էր երևի: Կարապի լճից հրապարակ մտնելու համար՝ ծառուղու ճամփեքը մինչև վերջ չէին գալիս: Բեռլուսկոնյան-աներձագային ալյանսի քաղաքաշինության ոճն էր: Արահետը կտրվում էր: Պիտի ոստնեիր: …Օպերայի բակ մտնելիս մի քիչ ճիգ գործադրելու կարիք, մի թեթև դժվարություն հաղթահարելու հանգամանք այդպիսով, որպես խորհրդանիշ, պահպանվել էր»:

Ապա շարունակվում է արդեն իրական-երևակայական պատկերը՝ «Ողջ քաղաքը, ողջ երկիրը մոռացել էր, որ էդտեղ Սպենդիարյանի գերեզման կա: Ամեն ինչ հիշում էին, իսկ դա մոռացել էին: Մակոնդոյան ամնեզիան պատել էր քաղաքին»: Սպենդիարյանի գերեզմանը մոռացվել էր քանդման ու շինարարության թոհուբոհի մեջ, և մեր հերոսը պատկերացնում է, թե ինչպես է «Սպենդիարյանի աճյունը ներքևից, ավտոկանգառի խորքերից նայելիս՝ օդում կախված ճոճվում…»: Անհող ու անհենարան…

Ահա և պատումի մյուս մեծ սիմվոլը՝ Մարտի երկուսը: Եվ այստեղ՝ համանուն ենթավերնագրով հատվածում, ընդգրկված է նաև Մարտի մեկը՝ Փակ շուկայի իրապատում մասով, հպանցիկ նկարագրությամբ՝ առանձնապես չհիշեցնելու միտումով, քանի որ, ցավոք, մարտիմեկյան դեպքերն այնքան են ներծծվել յուրաքանչյուրիս հիշողությունում, որ դրա հիշատակումն անգամ շատ ավելի մանրամասն է վերապատկերվում ամեն մեկիս մեջ, քան բառերով ու պատկերներով որևէ նկարագրություն:

Չնկարագրվող Մարտի մեկը նաև կարծես ջրբաժան է: Մի ժամանակ մեր հերոսը Փակ շուկա գալիս էր «հայրիկի հետ», իսկ հիմա կարող է և Փակ շուկան չլինել… Ջրբաժան: Ժամանակի, սերունդների, …քաղաքական կյանքի: Ապա հարցեր՝ հանուն հույսի, որ ոչ ոք իրավունք չունենա «հուսահատեցնել Հայաստանի քաղաքացուն», քանի որ, հիշում ենք դեռ բնաբանից՝ «Նույնիսկ մեկ մարդու հուսահատությունը կամ հիասթափությունը արդեն նշանակում է պարտություն լայն իմաստով»:

«Սրա վերջը չի՞ լինելու: Վերջը երբևէ մերը չի՞ լինելու: Վերջի մերը երբևէ չի՞ լինելու»: «Իշխն ամեն օր, բացի մեռելոցի օրերից՝ ժողովրդին սյուրպրիզ է մատուցելու: Մի քանդակ: Մի համերգ: Մի ապօրինի առանձնատուն: Մի ծուռտիկ շուշաբանդ: Մի քանդ: Մի սպա՞նդ: Ակտիվ իշխը վտանգավոր բան է»,- ահա այսպիսի հարցադրում-հաստատումներ է անում պատումի հերոսը: Քանի որ՝ իշխը «ազնիվ բուլտերյեր ոստիկան չէ, որ աչքդ փախցնես՝ թողնեն անցնես: Աչքդ փախցնես-չփախցնես՝ ետևիցդ հասնելու են, հպատակություն պահանջեն»:

Բայց քաղաքի ու միջավայրի խնդիրները իր ուղնուծուծով անցկացնող մեր հերոսը չի «հանձնվում», չի ուզում տեսնել իր սիմվոլներից մեկի՝ Օպերայի վերջը, որը շնչավորված-անձնավորված է և ուղեկիցն է հերոսի. «Ես տեսել եմ սկիզբն ու գուցե տեսնեմ վերջը, մտածեց Վարոսը: Հետո կրկին ասաց Օպերայի բազալտին շշուկով. «չթողնես որ տենց լինի»: «Ոչինչ, թող գոնե ժողովուրդը մի հատ տգեղ, կեղտոտ, հոտավետ բոմժ տեսնի: Սիրտը հովանա, կարոտն առնի: Մի Կարաբալա, մի Վարոս, քարվան կտրելու մի գիշեր: Սպիտակ ծով շալ: Ճմռած մանուշակի թաց հոտ: Կինոյի անհայտ վերնագիր»:

***

Ահա այսպես է ավարտվում «Ինսպեկցիան ինչպես որ կա» պատմվածքը՝ քաղաքային ու նաև քաղաքական կյանքի յուրահատուկ մանիֆեստը, գրողի ինքնատիպ կոնցեպցիան, որը կարդալիս և կարդալուց հետո էլ զգացողություն ես ունենում, որ դու մասնակիցն ես «ինսպեկցիայի» նկարագրությունների, դու նրա մի մասնիկն ես, նրա կրողը, ինքդ էլ հանդիպում ես բուլտերյեր շանը, «բուլտերյեր ոստիկանին», «գիշերները քաղաքով ազատ թրև եկող ինսպեկտոր շանը», տեսնում ես «սպիտակ ծով շալը», շնչում «ճմռած մանուշակի թաց հոտը», ընկնում Մարտի 1-ի՝ նույնիսկ չնկարագրվող թոհուբոհի մեջ, ուզում ես հիշել «Կինոյի անհայտ վերնագիրը»…

Ու հասկանում ես, թե ինչից է ծնվել «Ինսպեկցիան…»: Ակունքի՛ց, սիրու՛ց, Օպերայի …քարից, արձանից… Քաղաքի բաղադրիչների՛ց: Ու թեև պատմվածքում կան հարցադրումներ, հարցեր էլ՝գրված, բայց չկան եզրակացություններ: Հեղինակն ընթերցողին չի պարտադրում ոչինչ: Ուղղակի դու զգում ես՝ ինչ ու ինչպես… Զգում ես ուղեղով, ողնաշարով... ինչով որ կարող ես: Ու գիտես, որ՝  «Քաղաքն անընդհատ փոխվելու է: Ե՛վ աշխարհի ժամանակն է այդպիսին»: Բայց՝ «Բա մայրաքաղաքի կենտրոնը, առանցքը հաստատուն չլինի՞: Մնայուն, դարավոր, դարեդար»:

 

 Անժելա Ավագյան

 

[1]Հիմա, երբ կարդում եմ «Ինսպեկցիան ինչպես որ կա» պատմվածքը, Հայաստանում իրավիճա՛կ է փոխվել: Տեղի ունեցավ մի յուրահատուկ հեղափոխություն կամ, ինչպես հիմա ընդդիմադիրներն են ասում (փորձելով հնարավորինս նրբորեն նսեմացնել փոփոխության էությունը)՝ իշխանափոխություն,- ինչ էլ դնես անունը՝ իրավիճակը փոխվե՛լ է, և սա է շոշափելի արդյունքը,- և հիմա իրողություններին կարող ենք նաև այլ հայացքով նայել, բայց այս գործը գրված է 2012 թվականին, առաջին անգամ հրապարակվել է դեռ 2013թ. հունվարին էլեկտրոնային պարբերականներում (https://granish.org/gevorg-ter-gabrielyan-inspekcia/, https://www.aravot.am/2013/01/22/152286/ ), նաև տպագրության է հանձնվել նախքա՛ն ապրիլյան իրադարձությունները, և այս առումով ավելի է արժեքավորվում:

 


22:46 Ապրիլ 16, 2019